livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

njdehԳրեթե մեկ ամիս է, ինչ հայ հասարակության քննարկման թեման դարձել էր Հրաչ Քեշիշյանի նկարահանած ՙԳարեգին Նժդեհ՚ ֆիլմը, որը, դեռ էկրան չբարձրացած,  քննադատվում էր գրեթե բոլորի կողմից:

ՙՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒՐԻՇԻ ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ԼՑՆԵԼ՚

Իսկ արդյունքում եւս մեկ անգամ առիթից օգտվեց հարեւան թշնամին` Ադրբեջանը, ով, Նժդեհի կերպարը մարմնավորած ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ պատմելով.

ՙՍկզբում ասում էի, որ չի կարելի ուրիշի ջրաղացին ջուր լցնել: Այդ իմ խոսքից հետո` ընդամենը մի քանի ժամ անց, Բաքվի կայքերը լցվեցին ինֆորմացիայով, որ հայերը նկարում են ֆիլմ մարդկության դեմ մեծ հանցանք գործած Գարեգին Նժդեհի մասին եւ հերոսացնում նրան՚:
Երեկ ՙԱզդակ՚ ակումբում հյուրընկալված ՙԳարեգին Նժդեհ՚ ֆիլմի դերասանները միաբերան փաստում էին, որ ֆիլմը հասել է իր նպատակին:

Նժդեհի կերպարը մարմնավորած Արտաշես Ալեքսանյանի համար կարեւոր է եղել նաեւ այն, որ ՀՀ նախագահի կողմից աշխատանքը գնահատվել է գերազանց: Իսկ քննադատությունները դերասանը հումորով է ընդունում. ՙՀայկական սովորություն է քննադատել մյուսի աշխատանքը: Ստացվել է այն, ինչը որ մենք նպատակ ենք դրել: Ֆիլմի առաջին պաշտոնական թրիլլերը հեռուստատեսությամբ ցուցադրելուց հետո խանութ գնալիս բակում 8-12 տարեկան երեխաներ ձնագնդի էին խաղում, եւ, որքան ինձ լավ զգացի, երբ այդ երեխաները ձնագնդի էին խաղում ու գոռում. ՙՅա Գարեգին Նժդեհ՚, ու ձնագնդով խփում  իրար: Այդ ժամանակ հասկացա, որ մենք արել ենք մեր գործը: Եթե դեռ թրիլլերից երեխաներն իրենց պատկերացնում են Նժդեհի դերում եւ դա անում էին հերոսաբար, ուրեմն հասել ենք մեր նպատակին: Իրոք, Հրաչ Քեշիշյանին պետք է հերոսի կոչում տալ, որ ռիսկ արեց եւ գնաց այդ քայլին` չվախենալով ոչնչից՚:

ՙԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԶԱՄԲԻԶԱՐՈՒՄ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՑՈՒՅՑ-ԲՈՂՈՔԸ, ՈՐԸ ՉԵՄ ՏԵՍԵԼ՚

Ֆիլմում Հովհաննես Դեւեճյանի կերպարը մարմնավորած ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ անտարբեր չի անցնում քննադատությունների կողքով. ՙԽումբը բավականին լավ է աշխատել, ցավոք, դրա մասին չեն խոսում, կոնտեքստից վերցնում են մի նախադասություն, դարձնում զավեշտ: Քննադատում են այն, ինչը տեսնում են, եւ ես ինչպե՞ս կարող եմ քննադատել Զանզիբարում ձկնորսների ցույց-բողոքը, որը ո'չ տեսել եմ, ո'չ էլ լսել: Դա միայն այն զավեշտալի մթնոլորտն է, որ, ցավոք, տիրում է այսօր մեր երկրում: Ամեն ինչը ծաղրել, դրան կատակով վերաբերվել, դա արդեն տհաճ է դառնում: Ինչքա՞ն կարելի է մերը նվաստացնել: Մենք մեզ չենք հարգում ու ուրիշի բերանը լեզու ենք դնում: Խոսքն Արտաշեսի մասին չէ, վաղը Կոմիտասի մասին ֆիլմ նկարեն, կասեն` իր կյանքի վերջին տարիներն անցել են խենթանոցում, դրան էլ կծաղրեն՚: Վ. Ստեփանյանը փաստեց, որ, սկսած իր կերպարից, ֆիլմը իրեն շատ բան է տվել. ՙՇատ բան իմացա իմ կերպարի` Հովհաննես Դեւեճյանի մասին, որ ես այդչափ տեղյակ չէի, գիտեի, որ դաշնակցական է, բայց նաեւ իմացա, որ նա եղել է Նժդեհի կառավարությունում արդարադատության նախարար, եղել Նժդեհի ցեղակրոն տեսության միակ լուրջ գաղափարական հակառակորդը եւ արդարացրել նրան իր դեմոկրատական, այսպես կոչված, սկզբունքներով... Ինձ համար կարեւոր է, երբ նկարահանման հրապարակում բարիդրացիական մթնոլորտ է: Ոչ ոք ոչ մեկի վրա չէր բղավում: Հրաչը կիսաձայն իր ցուցումներն էր տալիս, օպերատոր Մկոն` իր հերթին՚:
Ա. Ալեքսանյանը, լրացնելով գործընկերոջը, հավելեց. ՙԲոլորը հավաքվել էին Նժդեհի գաղափարի շուրջ: Ես նման բան չէի տեսել, որ այդքան հայ հավաքվի մի գաղափարի շուրջ, ու բոլորն ուզենան լավ գործ անել: Երեւի բացառիկ դեպքերից է հայ ազգի պատմության մեջ, որ հայերը համախմբվել էին՚:
Վ. Ստեփանյանը, կոչ անելով մեծահարուստներին, ասաց. ՙԿարծում եմ, որ մեր մեծահարուստները, հովանավորները մեզանից առաջ պիտի գիտակցեն, որ նման երեւույթները ավելի քան անհրաժեշտ են: Տունդ կսարքես, 60 հատ մեքենա կառնես, մի հատ էլ ամառանոց կկառուցես, մի հատ էլ Իսպանիայում վիլլա կկառուցես, բայց եթե դու կարող ես այսօր օգնել քո երկրի համար մնայուն արժեքներ ստեղծելուն, ապա արա' դա՚:
Ա. Ալեքսանյանն էլ նկատեց. ՙՄեր ազգին այսօր անհրաժեշտ են Մանթաշովներ, այդ վիլլաները, մեքենաները թող ունենան, բայց մի հատ էլ թող կարդան Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը, տեսնեն, որ նույնիսկ նա հետը ոչ մի բան չտարավ՚:
Ֆիլմի առաջարկը ստանալիս Վ. Ստեփանյանը ոչ մի վայրկյան չի երկմտել. ՙԵրբ Հրաչը զանգահարեց ու ասաց, որ ֆիլմ է նկարահանվում Նժդեհի մասին, ես Ղրղզստանում էի, միանգամից համաձայնեցի: Վերադարձա Հայաստան, ասացի. ՙՀրաչ, չեմ էլ հարցնում` ինչ եք նկարում, բայց համաձայն եմ՚: Հսկայական բան է այդ ֆիլմը, մեր Մասիսը, մեր հողը, մեր սարը, այդ ամեն ինչը կա ֆիլմում, բայց բրազիլացին էլ այս ֆիլմը կտեսնի ու կհուզվի... Գարեգին Նժդեհի կարիքը միշտ կա, որովհետեւ միշտ կա հայրենիք: Ամեն ինչ դնենք մի կողմ, հայրենիքը պիտի լինի յուրաքանչյուրիս մեջ: Մեր տունը, մեր փողոցը, մեր մայրը, մեր քաղաքը... Եվ չպիտի ասվի դրա մասին, այլ պիտի այդպես ապրվի, ինչպես որ քո աչքը, գլուխը, ազգանունը, անունը, այնպես էլ պիտի դա լինի մեր մեջ: Ես չեմ պատկերացնում մի մարդու, որը ծաղրի է ենթարկում այս ամենը, թեկուզ նա Նժդեհ չի կարդացել, բայց գոնե 3-րդ մասով մի անգամ անցել է ու իմացել, որ հրապարակն իր անունով է՚:
Իսկ Ա. Ալեքսանյանն էլ թե. ՙՕրինակ, ֆիլմի դիմահարդար Նովիկովը հայերեն չգիտի, պրեմիերայի երկու օրն էլ եկավ կողքիս կանգնեց, հուզվեց, ասաց. ՙԼեզուն չեմ հասկանում, բայց դուք ապրե'ք, տղանե'ր՚: Պիտի ասեմ, որ, երբ նկարահանման առաջարկը եղավ, առաջին հերթին մեծ պատասխանատվություն զգացի` ներկայացնել ազգի հերոսի, նման զորավարի ու սպարապետի: Բայց մեծ ռիսկի եմ գնացել: Երկար մտածելուց հետո ասացի` մահը մերն է, մենք` մահինը, մարդու գործն է միշտ անմահ՚:

ՙՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԵՋ ԱՅԴ ՆԺԴԵՀՅԱՆ ԿՈԴԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ՚

Նժդեհի երիտասարդ տարիների կերպարը մարմնավորած դերասան ՇԱՆԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նույնպես մեծ պատրաստակամությամբ է համաձայնել. ՙԴա մի մեծ դաս էր ինձ համար: Հասկանալով դերի կարեւորությունը` մտածում էի զգայական դաշտն այնպես կառուցել, որ հանդիսատեսի մոտ ճիշտ արձագանքների արժանանա: Հավաքական թիմ էր, ու բոլորը գիտակցում էին, թե ինչ կարեւոր բան են անում առանց տրտունջի, բոլորը մեկը մյուսի թերությունը փորձում էին լրացնել: Ֆիլմն իր ասելիքով եւ գեղարվեստական որակով մարդկանց հուզեց: Հայ տղամարդու մեջ այդ նժդեհյան կոդը պետք է լինի: Շատ կարեւոր է, որ ինքնությունը պահպանելու խնդիրը հայերիս մեջ կա: Աստված մեզ այս ճակատագիրը տվեց: Մեծ դաստիարակչական բան կա այդ մարդու, մեծ հայի` Նժդեհի մեջ՚:
Շ. Հովհաննիսյանը, հպարտանալով իր սյունեցու արմատներով, փաստում է. ՙԶուր չէ, որ Նժդեհը հենվել է հենց այդ շրջանի մարդկանց վրա, որովհետեւ պատմությունից միշտ նրանք անկոտրում են եղել, կարողացել են թշնամուն իրենց խոսքն ասել: Նժդեհն էլ, հենվելով իր զինակիցների նվիրվածությանը, կարողացավ ստեղծել մի պետություն` Լեռնահայաստան` ապացուցվելով աշխարհին, որ կարող է փոքրաքանակ բանակ ունեցող ժողովուրդը իր ոգու ուժը բարձր պահել: Դրա շնորհիվ մենք այսօր ունենք ամբողջ Հայաստանը` Սյունիքով ու Արցախով՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴՐՎԱԳՆԵՐ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻՑ

ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
- Երբ գնացինք Եվրոպա նկարահանումների, շատ տարօրինակ բան կատարվեց: Գնացել էինք այնտեղ աշուն նկարելու, հասանք ու տեսանք, որ 30 սմ ձյուն էր եկել: Անձրեւախառն ձյունը նկարահանման խմբին փոշմանելու առիթ տվեց, թե էլ ինչի՞ եկանք ու հասանք այստեղ: Ասացի` ուզո՞ւմ եք վաղը արեւ լինի, եղանակը բացվի, ու աշուն ստանանք, ասացին` այո: Ես էլ թե` դե, ուրեմն կլինի: Առավոտյան լույսը բացվեց, մի հատ ամպ չկար, լրիվ ձյունը հալվեց, ու աշունը ստացանք: Գնացինք մյուս քաղաք, նկարահանումն ավարտեցինք, ամպերը փակվեցին, ու էլի ձյուն եկավ: Բոլորը մտածում էին` պիտի հաջորդ օրը էլի շարունակենք նկարահանումները: Ասացի` ուզո՞ւմ եք վաղն արեւ լինի, բոլորն էլի ասացին` այո, ու դերասաններից Հովակ Գալոյանը կատակելով ասաց. ՙՄտնում եմ հյուրանոց, տեսնեմ` Արտաշեսը, հայելու դեմ կանգնած, հեռախոսով խոսում  է, հարցրեցի` ո՞ւմ հետ ես խոսում, ասաց` Գարեգին Նժդեհի...՚: Տարօրինակ բան ասեմ. այդպես եղավ, առավոտյան գնացինք նկարահանման, արեւը բացվեց, նկարահանումն ավարտեցինք, էլի ամպերը եկան: Ուզում եմ ասել, որ Գարեգին Նժդեհը մեզ հետ էր ողջ նկարահանման ընթացքում:

ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ- Երբեք չեմ մոռանա, որ, երբ տարիներ առաջ ղեկավարում էի Նժդեհի հրապարակում գտնվող ՙՄետրո՚ թատրոնը, պաշտոնյաներից մեկն ասաց. ՙԱհա մեզ նայում է ինքը` Գարեգին Նժդեհը՚: Եվ ցույց տվեց Սուրեն Սպանդարյանի արձանը: Տգիտությունը համատարած է... Ես ու Արտաշեսը դատարկ արկղ էինք գտել նկարահանման տաղավարում ու թաքուն ծխում էինք, քանի որ այնտեղ չէին թողնում ծխել: Հենց դադար էր լինում, արագ-արագ ծխում էինք, որ ոչ ոք չտեսնի: Սարսափելի ցուրտ էր այդ տաղավարում, իրոք բերդի կյանք էինք ապրում ես ու Արտաշեսը: Զավեշտալին այն էր, որ կինս առաջին օրը ֆիլմը դիտելուց հետո ասաց. ՙՇատ լավ էր ֆիլմը, բայց բերդի շորերը քեզ չեն սազում՚: Թե ասա` ո՞ւմ է սազում:

ՇԱՆԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- Նկարահանման ընթացքում անընդհատ տեղափոխվելուց ձիերը չէինք կարող մեզ հետ տեղափոխել: Այն մեծ դժվարությունների հետ էր կապված, անընդհատ նոր ձիեր էին բերում, եւ պետք էր այդ ձիերին հարմարվել մեկ օրվա ընթացքում: Ամեն անգամ սպասում էինք, թե ինչ ձի մեզ կմատուցեն: Չգիտես ինչու, միշտ ամենավատ ձին հասնում էր Խորեն Լեւոնյանին: Կար դրվագ, որ զենքերն ինձ վրա գետի մեջ մտա ու պիտի խեղդվեի: Ցուրտ, լուսաբացին սառը քամի, ես խեղդվում էի, բոլորի մոտ դա ծիծաղ էր առաջացրել, բայց ես իսկապես խեղդվում էի: Օպերատորը չդադարեց նկարելը` փոխանակ օգնության հասներ: Կարոտում եմ այդ օրերը... Ֆիլմը սկսելուց մեկ ամիս առաջ ես աղջիկ ունեցա, եւ այդ հայրական քաղցրությունը փորձեցի վերապրել ֆիլմում, երբ Նժդեհը հայր դարձավ, այդ դրվագում, կարծես թե, ամեն ինչ համընկավ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում