livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

tatron2Սունդուկյան թատրոնի 90-ամյակի շրջանակներում օրերս Մայր թատրոնը Գյումրիում ներկայացրեց Պերճ Զեյթունցյանի ՙ100 տարի անց՚ ստեղծագործությունը: Մեր զրույցը ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ հետ ծավալվեց ոչ միայն վերջին ներկայացման, այլ թատրոնի մասին ընդհանրապես.

-Ժամանակին Վահրամ Փափազյանն ասել է. ՙԵթե ուզում եք լավ հանդիսատես տեսնել, գնացեք Գյումրի՚: Եվ մենք համոզվեցինք դրանում, ապշեցինք հյուրընկալությամբ: ՙ100 տարի անց՚-ը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ եթե Ցեղասպանության հարցը իր լուծումը չստանա, շարունակվելու է եւս մի 100 տարի: Պերճ Զեյթունցյանը կարողացել է քաղաքակիրթ ճանապարհ ընտրել` դիմելով թուրքերին. ՙԴո՛ւք ինչ-որ եզրեր գտեք, լուծեք ձեր պրոբլեմը. հիմա դա արդեն ձեզ համար ավելի բարդ, դժվար պրոբլեմ է, քան հայերի համար՚: Եվ եթե հարցը լուծվի այնպես, ինչպես մտածում էր Հրանտ Դինքը, թատրոնի դերասաններս, գլխավոր ռեժիսորը եւս մի փոքրիկ ներդրում կունենանք: Ազգային պրոբլեմներին անդրադառնալը շատ կարեւոր է, եւ թատրոնն էլ պիտի ինչ-որ բան առաջարկի: Այնպես, ինչպես, ասենք, Մոլիերը իր դրամատուրգիայով կարողանում էր թագավորին ետ բերել սխալ ճանապարհից, այնպես էլ այսօր Պ. Զեյթունցյանը կարողանում է իր գրչով մի փոքրիկ հարց լուծել:

- Ըստ Ձեզ` թատրոնը ապագա ունի:

- Թատրոնը եկամուտ բերող հիմնարկ չէ, սպառող է, եւ հարուստ պետությունը կարող է թատրոն ունենալ, ու մեր բախտը բերել է, որ կոմունիստները մեծ տեղ էին տալիս արվեստին, թատրոնին: Սանդղակը ռուսական թատրոնն էր, ու մեր վարպետները` Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը, կարողանում էին այդ բարձունքը հաղթահարել: Հիմա համաշխարհային սանդղակ գոյություն ունի, եւ դրան պիտի ձգտենք: Սունդուկյան թատրոնը Լոնդոնի ՙԳլոբուս՚ թատրոնում ներկայացրեց ՙՋոն արքա՚, մեծ հաջողություն ունեցանք, մի քանի հայտնի թերթեր բարձր գնահատական տվեցին, իսկ հանդիսատեսը Գյումրիի հանդիսատեսից ավելի լավ էր ընդունում: Հիմա հրավերներ ունենք երկու-երեք երկրից:

- Բազմաթիվ դերեր եք խաղացել, որն է ավելի հարազատ:

- Ես կնշեի Անտոնիո Բուերո Վալիեխոյի ՙԳոյա՚-ում Գոյայի դերը, որտեղ, թող անհամեստ չհնչի, շատ բարձր պրոֆեսիոնալիզմ կա, այն դերասանական թատրոնի դեր է: Այդ դերակատարումն ինձ համար շատ թանկ է, շատ կարեւոր իր ասելիքով. պիտի մեր հանճարների հետ այնպես չվարվենք, ինչպես վարվեցին Գոյայի հետ, ում ծեծեցին, երկրից վռնդեցին: Նման մարդու կարող ենք կորցնել այս վտանգավոր ժամանակաշրջանում, պիտի զգույշ լինենք:

- Կա՞դեր, որ կցանկանայիք, բայց դեռ չեք խաղացել:

- Որքան տարիք ես առնում, այնքան ագահ ես դառնում, եւ համաշխարհային դրամատուրգիայում այնպիսի դերեր կան, որ ուզում ես խաղալ: Կարող եմ առնվազն մի տասը նշել: Հարյուրից ավելի դերեր եմ խաղացել Սունդուկյան թատրոնում, կինոյում, հեռուստասերիալներում, հեռուստաթատրոններում, ընդ որում, ե՛ւ դրամատիկ ժանրում, ե՛ւ հումորային: Դերասաններ կան, ում մոտ դա ստացվում է, դերասաններ կան` չի ստացվում: Ասենք, Մհեր Մկրտչյանը երազում էր, բայց այդպես էլ Օթելլո չխաղաց... Իսկ, օրինակ, Խորեն Աբրահամյանը ե՛ւ Քաջ Նազար էր խաղում, ե՛ւ Օթելլո:

- Ո՞ւմ հետ եք բեմի վրա հաճույքով խաղում:

- Կան շատ պրոֆեսիոնալ դերասաններ, ում հետ բեմում քեզ լավ ես զգում, ովքեր չեն խանգարում, օգնում են: Նման դերասաններից է Տիգրան Ներսիսյանը, Ալլա Վարդանյանը նույնպես շատ լավ խաղընկեր է, հասկանում է մի բառից: Այնպես չէ, որ բեմի վրա դերասանն անընդհատ պիտի խոսի: Վարդան Աճեմյանն ասում է` պիտի կարողանալ լսել: Եթե նա խոսում է, իսկ քո աչքերում դատարկություն է, միայն մտածում ես` հետո ինչ պիտի ասեմ, ուրեմն` վերջացավ: Դու պիտի հասկացնես, որ չգիտես այդ տեքստը, ա՛յ, հենց հիմա պիտի լսես ու պատասխանես...

- Հեռուստասերիալները հաճախակի են քննադատվում...

- Մի անգամ մեր տնօրենին ասացի` բախտդ բերել է, որ այդ սերիալները կան, թե չէ  40-50 հազար դրամով չէին աշխատելու: Չառարկեց: ԱՄՆ-ում լուրջ դերասանները սերիալում չե՞ն խաղում, չէ՞որ դա գումար աշխատելու միջոց է: Պարզապես պիտի բարեխղճորեն դերդ խաղաս, սցենարն էլ նորմալ լինի: Ա՛յ, դրա մասին խոսենք: Սերիալները ինչո՞ւ փակեն. չէ՞որ դա աշխատատեղ է: Հասկացանք, որ հեռուստատեսությունը բիզնես է, բայց չէ՞որ այնտեղ մարդիկ կան, որ բիզնեսի հետ ուզում են արվեստը մի քիչ համակցել, եւ եթե ստացվում է, շատ նորմալ է: Մեր ժողովուրդը շատ շուտ ամեն ինչից ձանձրանում է. սերիալից, կինոյից, արձանից... Առնո Բաբաջանյանի հանճարեղ արձանի մասին ինչ ասես` ասացին: Կամ` Վարդան Մամիկոնյանի արձանին ասում են` ՙշաքարաքլոր է՚, մինչդեռ դա աշխարհի ամենահզոր արձաններից է:

- Որոշ դերասաններ չեն կարողանում դուրս գալ իրենց մարմնավորած կերպարի կաղապարից...

- Թատերական արվեստում լավ բառ կա` պրոտոտիպ: Դա պիտի գտնել, դերի, կերպարի տեսակը պիտի գտնել: Մհեր Մկրտչյանը սովորեցնում էր` եթե կարողանաս դերի պլաստիկան գտնել. ինչպես է ման գալիս, ինչպես է նստում, ուտում, դա գործի կեսն է: Եթե ընդամենը մի պլաստիկա ես գտել եւ դրանով ուզում ես մի քանի դեր մատուցել, ժողովուրդը խելոք է, միանգամից կասի` չեղավ, այս նույն բանն է անում... ՙՈրոգայթում՚ երկու տարի խզված ձայնով էի խաղում, մարդկային մի էություն էի գտել` պրոտոտիպը, որը դարձավ հետաքրքիր տեսակ: Մեկ այլ դեպքում մի ուրիշ տեսակ է պետք գտնել, պիտի այդ մարդուն հնարես, տեսնես նրա էությունը, հոգու խորքը: Դերասանը տարիք չունի, ամեն դեր ստանալիս պիտի սկսի սկզբից, հենց որ այդպես չվարվեց, կործանումը պատրաստ է: Ամեն անգամ պատրաստ եղիր տապալմանդ, եւ, եթե այդքան լրջությամբ մոտենաս, երբեք չես տապալվի:

- Ո՞ր ռեժիսորի հետ եք հաճույքով աշխատել:

- Չկա այնպիսի ռեժիսոր, որ Սունդուկյան թատրոնում բեմադրություն արած լինի, եւ ես խաղացած չլինեմ: Մի անգամ Կարեն Ջանիբեկյանն ասաց` ուրեմն մի բան կարողանում ես անել, որ ով գալիս է, դեր է առաջարկում, ապրե՛ս: Ես գիտեմ` ինչը կարող եմ խաղալ, ինչը` ոչ: Որ հանկարծ իմ ուսուցչին` Մհեր Մկրտչյանին, ասեիր` Մհեր Մուշեղիչ, դու պիտի Համլետ խաղաս, կվրդովվեր` ա՛յ տղա, մի րոպե, հո հիմար չե՞ս, ես այդ ո՞նց պիտի խաղամ, սպասի մի րոպե, յա՛, ես չեմ կարող դա խաղալ, հլա համբերիր: Այսինքն` նա կմտածեր հենց սկզբից: Առաջինն իմ մեջ հարց է առաջանում` կարող եմ, թե՞ոչ, եւ շատ են եղել դեպքեր, երբ հրաժարվել եմ: Այնքան մեծանում ես, դերին մոտենում ես դանդաղ, երկար, ես Գոյայի դերը խաղալու համար երեք տարի նախապատրաստվում էի հոգու խորքում... Դա մի ծանրաձող է, որին պիտի շատ զգույշ մոտենաս, որ կարողանաս բարձրացնել:

- Սիրո՞ւմ եք իմպրովիզացիա անել:

- Մի անգամ Չարլի Չապլինին հարցնում են` Դուք իմպրովիզ սիրո՞ւմ եք: Ասում է` այո՛, շատ եմ սիրում` հարյուր անգամ փորձած: Եթե ես պրոֆեսիոնալ եմ, դա իմպրովիզ չէ, ես դա գիտեմ:

- Կոչումներին ինչպես եք վերաբերվում: Զգում եք, որ, ասենք, Ձեր կողքին Ժողովրդական արտիստ է խաղում:

- ՀՀ վաստակավոր արտիստ եմ եւ հուզվեցի, երբ 7-8 տարի առաջ ստացա այդ կոչումը. չէի կարողանում խոսել, այսինքն` շատ կարեւոր է, երբ գնահատվում է քո տանջանքը: Ասենք, մեկի վաստակավորը կարող է մյուսի ժողովրդականից բարձր լինել, ոչի՛նչ, թող նա էլ էդ ժողովրդականը լինի: Էդպես խիստ որ նայեք, կստացվի, որ Խորիկից ու Ֆրունզից այն կողմ ժողովրդական պիտի չտանք: Այդպես չի. ամեն մի արժանին էլ իր բաժին ժողովրդականն ունի: Մհեր Մկրտչյանի ժողովրդականը եւ, ասենք, Կապանի թատրոնի ինչ-որ դերասանի ժողովրդականը նույն ժողովրդակա՞նն է...

Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում