livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

doriansՕրերս Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ընտրվեց այն երգը, որով ՙԴորիանս՚ խմբի մեներգիչ ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ Հայաստանը կներկայացնի մայիսի 14-ից 18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք ՙԵվրատեսիլ-2013՚-ում: Առաջարկված 70 երգերից`Իսպանիա, Շվեդիա Կանադա, Ռուսաստան, Հայաստան, ընտրվել էին չորսը, որոնք համապատասխանում էին ՙԴորիանս՚ խմբի ոճին եւ խմբի մեներգիչ Գոռի ձայնային տվյալներին: Հեռուստադիտողի քվեարկության եւ ժյուրիի ընտրության արդյունքում Հայաստանը Շվեդիայում հանդես է գալու ՙLonely Planet՚ երգով:

Խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտության հեղինակը`հանրահայտ ՙBlack Sabbath՚ ռոք խմբի կիթառահար Թոմի Այոմին: Ինչպես միշտ, այս տարի եւս քննադատության թիրախ դարձավ ընտրված երգը: Երգի ընտրությունից հետո կրկին սկսեցին կրքեր բորբոքվել հանրության կողմից, նրանց մի մասի կարծիքով` այն չի համապատասխանում Գոռի ոճին ու ձայնային տվյալներին: Իսկ մի մասի կարծիքով էլ`անցյալ տարվա նրանց երգն ավելի լավն էր, քան այս տարվանը: Այնուամենայնիվ, ընտրությունն արդեն կատարված է ու ենթակա չէ փոփոխման: Համենայնդեպս, ՙԶարուհու՚ հետ հեռախոսազրույցի ընթացքում այդպես փաստեց ՙԴորիանս՚ խմբի մենեջեր ԱՐԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ: Խմբի մենեջերի հավաստմամբ, իրենք ժամանակ չեն կորցնում ուշադրություն դարձնել անիմաստ խոսակցություններին եւ կենտրոնացած են Շվեդիայի Մալմյո քաղաքում պատշաճ կերպով ներկայանալու աշխատանքների ուղղությամբ:

- Որքան մարդ կա, այնքան` կարծիք: Բնականաբար, որոշ մարդկանց երգը դուր կգա, որոշներին`ոչ: Որոշ մարդիկ` նույն ՙԴորիանսի՚ ֆանատներից, կարող են կարծել, որ այս երգը այդքան էլ ՙԴորիանսի՚ ոճին չի համապատասխանում: Այդ բոլոր կարծիքներին շատ նորմալ ենք վերաբերում: Կարեւոր է նաեւ նշել, որ երգի ընտրությունը խումբը չի կատարել, այսինքն`եղել է 4 երգ, խումբն իսկապես բարեխղճորեն բոլոր 4 երգերը պատրաստել է, որովհետեւ այդպիսին էին պայմանները: Այդ քվեարկության եւ ժյուրիի որոշմամբ ընտրվել է ՙLonely Planet՚ երգը: Այսինքն`այնպես չի եղել, որ մենք մեր քմահաճույքով որեւէ երգ ենք ընտրել: Բայց, եթե Ձեզ իմ անձնական եւ խմբի կարծիքն է հետաքրքրում, ապա մենք կարծում ենք, որ երգը շատ լավն է եւ համապատասխանում է ՙԴորիանս՚ խմբի ոճին: Ավելացնեմ նաեւ, որ այս շաբաթվա ընթացքում մենք եւ երգի համահեղինակ Թոմի Այոմին աշխատելու ենք երգի վրա: Այսինքն`որոշ նրբերանգներ երգում փոխվելու են, քանի որ դա եւս թույլատրված է ՙԵվրատեսիլի՚ կանոններով: Երգի վերջնական տարբերակը, որը մարտի վերջին արդեն ներկայացվելու է ՙԵվրատեսիլ՚-ի ղեկավարությանը, շատ ավելի գրավիչ կլինի, քան այն, որը բոլորս լսեցինք շաբաթ օրը` Հ1-ի եթերում:

- Ասում են, թե անցյալ տարվա երգն ավելի լավն էր, քան այս տարվանը: Իսկ ՙԴորիանս՚ խմբի եւ Գոռի համար անցյալ տարվա երգն էր հոգեհարազատ, թե՞ այս տարվանը:

- Գիտեք, նախ եկեք հստակեցնենք, որ նախորդ տարվա երգով Հայաստանը չի մասնակցել ՙԵվրատեսիլին՚:

- Պարզ է, բայց պատրաստվել էին, չէ՞:

- Այդ ամենը ենթադրությունների ոլորտում էր, այսինքն` որ եթե գնար ՙԴորիանսը՚, ապա կգնար այդ երգով: Բայց եկեք ենթադրություններով չառաջնորդվենք: Այսօր կա հստակ որոշում, որ այս տարի ՙԴորիանսը՚ պիտի ներկայացնի Հայաստանը ՙԵվրատեսիլում՚ ՙLonely Planet՚ երգով: Կա ընտրված երգ, նորից եմ ասում` դա ճաշակի հարց է, եւ կան մարդիկ, որ կարող է նախորդ տարվա երգը ավելի հավանեն: Ինքս շատ դրական կարծիքներ եմ լսել այս ընտրված երգի մասին: Այնպես որ` արվեստում եւ երաժշտության մեջ միշտ էլ այդ կարծիքների տարբերությունը լինելու է: Մենք հանգիստ ենք դրան վերաբերում: Ունենք երգ, որը համահեղինակել է համաշխարհային ռոք երաժշտության լեգենդներից մեկը`ՙBlack Sabbath՚ ռոք խմբի կիթառահար Թոմի Այոմին, ինչն իսկապես մեծ պատիվ է ՙԴորիանս՚ խմբի համար: Թոմի Այոմին իսկապես շատ է հավանում ՙԴորիանս՚ խմբին: Նրա մենեջերի հետ ամենօրյա կապի մեջ ենք, նա եւս հետաքրքված է, որ ՙԴորիանսը՚ շատ լավ հանդես գա ՙԵվրատեսիլում՚, եւ զուտ երգի առաջխաղացման առումով եւս ջանքեր կգործադրի: Այնպես որ` այս աժիոտաժը միշտ էլ կա եւ կլինի: Սակայն խումբը կենտրոնանում է ընտրված երգի վրա, եւ հիմա իրենք խնդիր են դրել իրենց առաջ` երգը շատ լավ կատարել կիսաեզրափակչում, դուրս գալ եզրափակիչ եւ այնտեղ եւս լավ կատարել: Այնպես որ` կա ընտրված երգ, ուստի բոլոր վեճերը արդեն դառնում են ոչ էական: Եթե մենք վիճենք, բանավիճենք, երգը դրանից չի փոխվելու: Հիմա, ինչպես նշեցի, ամբողջ թիմը կենտրոնացած է երգն ավելի ազդեցիկ եւ գրավիչ դարձնելու վրա: Մոտակա տասն օրվա ընթացքում կավարտենք երգի վերջնական տարբերակը: Արդեն սկսել ենք մտածել հոլովակի հնարավոր սցենարային տարբերակների վրա, որովհետեւ, եթե չեմ սխալվում, մարտի 26-ին Հանրային հեռուստաընկերության կողմից ամբողջ փաթեթը պետք է ներկայացվի ՙԵվրատեսիլին՚: Մարտ ամսվա ընթացքում պետք է, ըստ ժամանակացույցի, ՙԵվրատեսիլի՚ բոլոր պարտադիր պայմանները կատարենք:

- Շաբաթ օրը` երգի ընտրական փուլի ժամանակ Ձեր խմբի կիթառահարներից մեկը հանդես էր եկել մի վերնաշապիկով, որի վրա կասկածելի խաչ էր պատկերված, ինչը կասկածի առիթ է տվել հասարակության մոտ: Ի՞նչ է նշանակում եւ ինչ իմաստ ունի այդ խաչը:

- Դա տարօրինակ խաչ չէ, այլ ՙԴորիանս՚ խմբի ոճային կոմպոնենտներից մեկն է, եւ առաջին անգամ չէ, որ նա հանդես է գալիս այդ շապիկով: Եթե ուշադիր լինեն, մարդիկ կարող են տեսնել, որ ՙԴորիանսի՚ գրեթե բոլոր համերգներին նա այդ շապիկով է լինում: Եվ այդտեղ, կարծում եմ, որեւէ թաքնված իմաստ փնտրել պետք չէ, որովհետեւ այն պարզապես չկա:

- Գուցե դա նրանից է, որ Գոռի անվան շուրջ պտտվում էր այն խոսակցությունը, թե նա էլ է աղանդավորական շարժման, մասնավորապես`ՙԿյանքի խոսք՚-ի մեջ:

- Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ խոսակցություններ են պտտվում Գոռի շուրջ: Ես մարդկանց ենթադրությունները չեմ կարող ասել, թե ինչի վրա են հենվում: Նորից եմ ասում, որ այդ շապիկի խաչի մեջ թաքնված իմաստ փնտրել պետք չէ, որովհետեւ այն գոյություն չունի: Ավել բան չեմ կարող ասել: Մարդիկ ավելի ճիշտ կանեն, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն բուն երգին եւ խմբին, ոչ թե փորձեն մութ սենյակում սեւ կատու որոնել:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում