livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

aida2"Զարուհի" կանանց համար հանդեսն այս անգամ հյուրընկալվել էր երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Հոգատար մայրիկն ու սիրված երգչուհին հայուհուն բնորոշ իր պարտականությունն էր կատարում՝ փոքրիկ Սոնա-Լանային էր պարտեզից տուն բերում: Երգչուհու դուստրն արդեն չորս տարեկան է, եւ ինչպես մեր զրույցից պարզ դարձավ, նախորդ ամռանը նրանք մի շարք համերգներ են ունեցել արտերկրում եւ հասցրել են մեկնել հանգստի.

«Ամռան երեք ամիսներին էլ զբաղված եմ եղել: Ունեցել եմ մենահամերգ Սանկտ Պետերբուրգում, որից հետո մեկնեցի Միացյալ Նահանգներ: Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում դուստրս ինձ հետ էր: Ոգեւորությանս աստիճանը շատ բարձր էր,  քանի որ մինչ բալիկիս ծնվելը եղել  էի Միացյալ Նահանգներում: Այն ժամանակ դեռ պատրաստվում էի մայրանալ: Նյույորքյան մենահամերգիս խոստացա, որ մյուս անգամ արդեն իմ ապագա  բալիկի հետ ներկա կգտնվեմ եւ այդպես  էլ եղավ: Նյու Յորքում ունեցանք շատ հետաքրքիր համերգ՝ «Միլենիում» մեծ համերգասրահում, որտեղ ելույթ են ունեցել աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, համերգ ունեցա նաեւ Լաս Վեգասում: Այն պարահանդեսային համերգ էր, այնուհետեւ վերադարձա Հայաստան: Մի քանի ժամ հետո մեկնեցի Ավստրալիայի՝ Սիդնեյ քաղաք, որտեղ ունեցա երեք ժամանոց մենահամերգ: Այնքան բուռն էր այդ շրջանը, բայց, պետք է խոստովանեմ, որ հոգնածություն չզգացի: Երեք ամիս բուռն աշխատանքից հետո ընտանիքիս հետ մեկնեցի ծովափնյա հանգստի: 

- Բուռն համերգային շրջագայություններից հետո, այսօր ի՞նչ աշխատանքներով եք  պատրաստվում ուրախացնել Ձեր երկրպագուներին:

- Հիմա ինձ մոտ սկսվել է հետաքրքիր երգերի ընտրության շրջանը: Ճիշտն ասած, երգային առումով վերջին շրջանում դադար է ինձ մոտ: Վերջին ձայնասկավառակս թողարկել եմ 2010 թվականին: Երկու տարի է անցել, բայց այս ընթացքում ունեցել եմ շատ բուռն աշխատանքային գործունեություն: Եթե երգիչը, երգչուհին, կամ ընդհանրապես արվեստի ներկայացուցիչն անում է մնայուն աշխատանքներ, որով նա  ճանաչվում է, իրավունք չունի ուղղակի հիմնվի այն գաղափարին, որ ինքն արդեն ճանաչված է եւ աշխատանք անի, չանի միեւնույն է: Եթե այսօր ինձ մոտ երաժշտական դադար է, ուրեմն ես չեմ գտել այն ներկայանալի երգերը, որով կարող եմ հանդես գալ հանրությանը: Եթե գտնեմ ասելիքով երգ, բնականաբար, ձայնագրությունից հետո կհաջորդի ասելիքով ու հետաքրքիր տեսահոլովակ: Արդեն ունեմ հայրենասիրական թեմայով մեկ երգ, որն ինձ նվիրել են: 

aida1- Այսօր շատ քիչ կատարողներ կան, որոնք ձայնասկավառակ են թողարկում: Ձեր երկրպագուները սպասե՞ն Ձեզանից նոր ձայնասկավառակ:

- Հիմա մի քիչ ակտուալ չէ ձայնասկավառակ թողարկելը: Գաղտնիք չէ, թե ինչ մեծ գումարների հետ է կապված դա: Ներդնում ես աշխատանքդ ու չես կարողանում ինչ-որ բան ետ ստանալ, իսկ արդյունքում օգտվում են ուրիշները: Ես դա ճիշտ չեմ համարում: Առավել եւս, այսօր իմ պարագայում ծախսել հսկայական գումարներ այն դեպքում, երբ ունեմ փոքր բալիկ, ընտանիք, սխալ է: Իրավունք չունեմ ուղղակի կորցնել այն, ինչ վաստակում եմ: Եթե կգա ժամանակը, երբ հղկվի այդ դաշտը, որ կարողանանք լիարժեք մեր երգը ներկայացնել՝ չկորցնելով մեր ներդրած գումարները, ապա ձայնասկավառակ կթողարկենք: Ամբողջ աշխարհն է դրա վրա, եթե գումար ես դնում, պետք է դրա եկամուտը «քաղես», որ հետո այդ եկամուտից նորից «սերմես» աշխատանքեր:

- Կար ժամանակ, որ  հեռուստադիտողը երգչուհի Աիդա Սարգսյանին ամեն շաբաթ տեսնում էր հեռուստաէկրանից՝ ժյուրիի կարգավիճակում՝ «Հեռուստառեստորան» ծրագրում, ինչն այսօր, կարծես «նորաձեւ» է դարձել:

- Նախագծում մասնակցելու հրավերը եղել է հեռուստաընկերության կողմից: Հետաքրքիր էր ոչ թե այն, որ ոչ պրոֆեսիոնալներ էին մասնակցում, այլ ընդհանուր մթնոլորտը: Նախագծի մասնակիցները ճանաչված չէին, բայց մեծամասնությունն ուներ հիանալի ձայնային տվյալներ: Բազմաոճ, բազմաժանր երգիչ-երգչուհիներ էին որոնց, երբ քնից արթնացնես, ասես երգի՝ կերգեն ու չեն ասի վայ, ձայնս կտրված է: Ամեն օր նրանք կենդանի երգում են: Ես ուրախությամբ ընդունեցի նախագծին մասնակցելու առաջարկը, որ կարողանամ իմ խորհուրդը տալ այն ակումբային կամ ռեստորանային երգիչ-երգչուհիներին, որ չերգեն ուղղակի գումար աշխատելու համար: Համենայնդեպս, 15 տարի բեմում եմ եւ իրավունք ունեմ ասելու: Ժամանակ ունեի, տրամադրեցի ու մասնակցեցի նախագծին: Չնայած «ժյուրի» հասկացողությունն ինձ համար մի քիչ այլ է, որքան էլ փորձում էի չնեղացնել մասնակիցներին, բայց...

Aida- Ճանաչված ու սիրված երգչուհի Աիդա Սարգսյանը նաեւ հիանալի եւ հոգատար մայր է: Ինչպե՞ս եք այդ ամենը համատեղում:

- Փառք Աստծո, որ ունեմ հիասքանչ մայրիկ՝ ինձ համար առաջին օգնականը: Ե՛ւ մինչ բալիկիս ծնվելը, ե՛ւ ծնվելուց հետո էլ, չզգացի կտրուկ փոփոխություն: Ամենադժվար պահին միշտ մայրիկս կողքիս է եղել ու չեմ տրտնջացել, չեմ նեղվել  երբեք: Երեխայի խնամքի հետ կապված ամեն ինչ հասցրել եմ ու հասցնում եմ:

- Դո՞ւք եք պատրաստում Ձեր փոքրիկի համար կերակուր:

- Պատրաստում եմ, եթե դրա կարիքը կա: Բայց, տատիկի պատրաստածը, բնականաբար, իր համար ամենահամեղն է: Ինքս էլ համեղ պատրաստում եմ, բայց, եթե մայրիկս կա, ինքն այդ ամենը իր վրա է վերցրել ու ես ավելի հանգիստ եմ: Անհոգ, առանց մտածելու ես կարող եմ բալիկիս թողնել մայրիկիս մոտ: Գիտեմ, որ իրենք իրար սիրում են, մեծ հաճույքով միմյանց հետ շփվում են: Իմ բացակայություն էլ անգամ չեն զգում, երբ քաղաքից դուրս համերգների եմ լինում: Բայց, շատ համերգներին փոքրիկս ինձ հետ է լինում, որովհետեւ մեծ հաճույքով է ինձ հետ լինում, չի՛ տրտնջում, չի՛ նեղվում:

- Երբ մեկնեցիք Միացյալ Նահանգներ՝ Ձեր բալիկին ծննդաբերելու, ոմանք մտածեցին, որ այլեւս չեք վերադառնա:

- Այստեղ մնալով, երբեւիցե չեմ դժգոհել եւ չեմ դժգոհում: Կապ չունի, որ ես եթերով զուտ երգի նորություն չեմ ներկայացնում, բայց ես այնքան մեծ  համերգային ծրագիր ունեմ, որ խմբակային համերգների չեմ գնում, այլ գնում եմ մենահամերգի եւ լցնում դահլիճներ: Իմ համերգները երեք ժամից պակաս չեն տեւում: Չեմ դժգոհում այստեղ ստեղծագործել, թե՞ Միացյալ Նահանգներում, ցանկացած երկրում ունեմ իմ մեծ լսարանը ու Միացյալ Նահանգներում հաստատվելու մտադրություն չեմ ունեցել, գուցե, հետագայում ինչ-որ բան փոխվի, բայց այժմ նման մտադրություն չունեմ:

- Երգչուհի ու մայրիկ Աիդա Սարգսյանից սահուն անցում կատարենք գեղեցիկ ու խնամված կին Աիդային, որը հաճախ է ոճային փոփոխություններով ներկայանում:  Այսօր էլ շատ գեղեցիկ ու խնամված տեսք ունեք:

- Լինի մազի կտրվածք, գույն, սպորտային, թե դասական՝ միշտ աշխատում եմ հետաքրքիր երեւալ :

- Իսկ համագործակցո՞ւմ եք հայ դիզայներների հետ:

- Ոչ, չեմ համագործակցում, հագուստներիս մեծ մասը գնում եմ արտերկրից, այստեղի խանութներից եմ օգտվում: Լինում է, որ այստեղից էլ կարողանում եմ մի հետաքրքիր բլուզ, զգեստ կամ տաբատ գնել: Գիտեք ի՞նչն է հետաքրքիր, որ մի ժամանակ, երբ օգտվում էի խանութներից, լսում էի ռեպլիկներ, որոնցից բարդույթավորվում էի: Ասում էին՝ ամբողջ աշխարհը ման է գալիս, այստեղից է գնումներ անում: Մինչդեռ, երբ արտերկրում եմ լինում հազվադեպ է պատահում, որ տրամադրվեմ կամ խնդրեմ, որ ինձ ուղեկցեն գնումների: Ինձ համար ավելի հետաքրքիր է ելույթից հետո վայելել տվյալ երկրի պատմամշակութային վայրերը:

aida- Ձեզ պիտակամոլ համարո՞ւմ եք:

- Երեւի ընթերցողները նյարդայնան, որ ասեմ մեզ մոտ բրենդ չկա: Ուղղակի բրենդային անուններ են: Իրական բրենդ հասկացողություն չկա, որովհետեւ մտել եմ բրենդային համարվող խանութներ, հաստատ չեմ գնել այնտեղից մի որեւէ բան, որովհետեւ զգացել եմ, որ դա ուղղակի լավ պատճեն է ու չարժի այդքան վճարել: Ես ինքս ինձ չեմ խաբի: Մեզ մոտ կա այդ քաղքենի վիճակը: Այդպես եմ ասում, որովհետեւ շատ անգամ եմ նման բաների ականատեսը եղել: Բայց, միանշանակ, ճաշակով հագնվելու կողմնակից եմ:

- Ասում են, կնոջը սթրեսից հանելու լավագույն միջոցը կա՛մ խանութներ գնալն է, կա՛մ վարսավիրանոց: Իսկ դո՞ւք:

- Ես սիրում եմ ե՛ւ վարսավիրանոց, ե՛ւ խանութ գնալ: Կարող եմ ամբողջ օրն անցկացնել վարսավիրանոցում: Կամ մայրիկիս հետ շրջել խանութներով:

- Շա՞տ եք գումար ծախսում:

- Այո, եւ դրանից հաճույք եմ ստանում:

- Վերջին ամենամեծ գնումը որքա՞ն է կազմել:

- Մի քանի հագուստ եմ գնել, մոտ 1500 դոլար է կազմել:

Զրույցը՝

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԻ

Լուսանկարները՝ ԱՐԹՈՒՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում