livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

nara2Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի ՆԱՌԱ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ երբեւէ չի երազել «զուռնա-դհոլի», «տաշի-տուշիների» ուղեկցությամբ ավանդական հարսանիքի մասին: 2012թ. դեկտեմբերի 12-ին Նառա եւ Դավիթ զույգը օրինականցրել են իրենց հարաբերությունները: «Զարուհու» հետ զրույցում դերասանուհին անկեղծացավ, որ հարսանեկան ճոխ արարողության փոխարեն, նախընտրել են մեկնել երկրից դուրս` վայելելու մեղրամիսը:

- Ինչպե՞ս սկսվեց Նառա Թումասյանի հեռուստահաղորդավարուհու կարիերան:

- 2000թ., երբ սկսվեց «Պլյուս-մինուս» ծրագիրը «ՀայTV» հեռուստալիքով: Այդպես մուտքն գործեցի հեռուստատեսություն:

- Հայ ընտանիքներում, սովորաբար, դեմ են, որ աղջիկը բռնի դերասանի ուղին: Դա քեզ ծանո՞թ բան է:

- Ոչ, ծանոթ չէ, երբ ես իմ մտքերով կիսվեցի տանը, հիշում եմ, որ զարմանք կար, բայց ասացին, փորձի, Նառ ջան: Ես էլ փորձեցի ու ստացվեց: Ընդունվեցի Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ, իսկ հետո իմացա, որ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին կից դերասանական ստուդիա է բացվել, գնացի եւ ընդունվեցի: Երկու տարի անց արդեն սկսեցի աշխատել թատրոնում:

- Ինչպիսի՞ դերեր են քեզ դուր գալիս: Եվ ի՞նչ կարգի դերեր են քեզ վստահում:

- Բոլոր ժանրերի դերեր էլ սիրում եմ: Կարեւորը՝ կերպարը ասելիք ու կյանք ունենա: Շատ դերեր են վստահել ինձ, բայց կառանձնացնեմ միայն մեկը՝ Նատաշան Ա. Չեխովի «Երեք քույրեր»-ից: 

- Թատերագետները երբեւէ քննդատե՞լ են քեզ: Եթե այո, ինչպե՞ս ընդունեցիր այդ փաստը:

- Ես  շատ քիչ տեղեկություն ունեմ, մի քանի բան կարդացել եմ, նորմալ է, դա նրանց աշխատանքն է, ու ես ծանր չեմ տանում: Երբեմն քննդատությունը օգնում է:

- Տեւական ժամանակ սադրիչ հարցեր էիր տալիս «Պլյուս-մինուս», «Քնելուց առաջ» հեռուստանախագծերի շրջանակներում: Քեզ դո՞ւր էր գալիս սկանդալային աղջնակի կերպարը:

- Երբ հիշում եմ «Պլյուս-մինուս», «Քնելուց առաջ» հաղորդումները միշտ ժպիտ են առաջանում դեմքիս: Ինչ վերաբերում է սկանդալային աղջկա կերպարին, իհարկե, դուր էր գալիս: Այդ կերպարը իսկապես իմն էր, ու ես այդ աշխատանքը հաճույքով էի անում, բայց, եթե անկեղծ լինեմ, ես ինձ չեմ համարել սկանդալային, ուղղակի այդպես արտահայտվել են հաճախ ու ինձ մնաց ընդունել դա:

- Լուրեր էին պտտվում, որ «Քնելուց առաջ» հաղորդման պրոդյուսերի հետ քո ջուրը մեկ առվով չգնաց: Ճի՞շտ է:

- Իհարկե՝ ոչ: «Քնելուց առաջ»-ի թիմը միշտ համերաշխ է եղել, յուրաքանչյուրը կատարում էր իր աշխատանքը, եւ ոչ մի խնդիր չէր առաջանում:

- Այսօր «Հ2» հեռուստատեսությամբ վարում ես առավոտյան ծրագիրը, հեշտ ընտելացա՞ր հաղորդման ձեւաչափին:

- Չեմ կարող ասել, որ հեշտ, նախ ընդմիջումը մեծ էր, ես նկարահանվում էի սերիալներում ու վերադառնալը դժվար էր, մանավանդ այդ ձեւաչափով: Հիմա, իհարկե, ամեն ինչ լավ է ու դժվարություններ չկան:

-Զավեշտալի դեպքեր գրանցվե՞լ են ուղիղ եթերում:

-Զավեշտալի դեպքեր շատ կան ու հիմա դժվար է հիշել որեւէ մեկը: Ուղիղ եթերում մի փոքր անուշադրություն, եւ զավեշտը պատրաստ է: Մի անգամ մեզ ինչ-որ բան զվարճացրեց: Պատկերացրեք՝ երկար չէինք կարող լրջանալ, ստիպված տեսահոլովակ ներկայացրեցինք, որ եթերում չլինենք:

-Առավոտյան, քանի որ վաղ ես արթնանում, գիտեմ, որ սուրճ շատ ես սիրում, այն անկողնում ես վայելո՞ւմ:

-Այո, շատ վաղ եմ արթնանում, բայց հազիվ եմ հասցնում ինձ կարգի բերել, առաջին սուրճն էլ խմում եմ եթերում, իսկ անկողնում չեմ սիրում խմել սուրճ ու ընդհանրապես չեմ պատկերացնում՝ ի՞նչ կարելի է խմել անկողնում: Ինձ մոտ տպավորություն կստեղծվի, թե վատառողջ եմ:

nara1-Իսկ շպարվել, հագնվել երկա՞ր է տեւում, թե՞ արագաշարժ ես:

-Ես  շատ հաճախ զարմանում եմ ինձ վրա: Մեկ-մեկ ես պատրաստ եմ լինում 15 րոպեում, բայց պատահում է նաեւ, որ պահանջվում է 2 ժամ:

-Որքա՞ն հաճախ ես վարսավիրանոց գնում ու փոխում ոճդ, սանրվածքդ:

-Ես վաղուց չեմ փոխել սանրվածքս, դա մի քիչ դժվար է իմ դեպքում: Ես տարբեր կերպարներով եմ բեմ բարձրանում ու երկար մազերով դու կարող ես ստանալ ամեն ինչ կամ ուղղակի թաքցնել կեղծամի տակ, իսկ վարսավիրանոց գնում եմ, երբ որեւէ առիթ կա, թեպետ ինքս կարողանում եմ մազերս կարգի բերել:

-Մի շրջան բացասական կերպարով սերիալում հայտնվեցիր, սակայն շուտ հեռացար, ի՞նչն էր պատճառը:

-Այդ բացասական կերպարը ի սկզբանե պիտի ունենար 3 ամսվա կյանք, պատճառը հենց դա էր: Անմիջապես սերիալից հետո եղավ «Բարի լույս, Հայաստան» ծրագրի առաջարկը:

-Կյանքում էլ ունա՞կ ես երեխայի վրա ձեռք բարձրացնել: Սերիալային հերոսուհուդ պես:

-Ոչ, ունակ չեմ: Նույնիսկ սերիալում դա ինձ  դժվարությամբ էր հաջողվում: Ստիպված էինք մի քանի դուբլով դա նկարել, համոզիչ չէր ստացվում: Հիշում եմ՝ երեխան միշտ ուժ էր տալիս ինձ` ասելով. «Նա՜ռ, չի ցավում, խփի»:

-2012-ին ընտանեկան կարգավիճակի փոփոխություն գրանցվեց: Շնորհավորում եմ: Հանրությունից, կարծես, գաղտնի պահեցիր: Ո՞վ է ամուսինդ:

-Ոչ, գաղտնի չեմ պահել, երբ հարցրել են, պատասխանել եմ: Ամուսինս դերասան Դավիթ Առաքելյանն է, մենք ծանոթ էին դեռ ուսանողական տարիներից, երկար ժամանակ չէինք հանդիպել, քանի որ նա  երկար ժամանակ ԱՄՆ-ում էր բնակվում: Երբ վերադարձավ սկսեցինք շփվել, հանդիպեցինք եւ...

-Ինչո՞ւ հրաժարվեցիք ավանդական «տաշի-տուշիից» ու «զուռնա-դհոլից»: Քո կա՞մքն էր դա, թե՞…

-Տաշի-տուշին երբեք մտքովս չի անցել, առավել եւս, դհոլն ու զուռնան: Մենք երկար մտածեցինք, թե ի՞նչպես եւ ի՞նչ անենք: Այն որ, մեծ հարսանիք չէինք ուզում՝ հաստատ էր՝ փոխարենը լավ տարբերակ գտանք՝ երկրից դուրս գնալու: Հիմա սպասում ենք մեր ազատ օրերին:

-Քանի որ ամուսինդ այսօր թատրոնում չի աշխատում, դե՞մ չէ, որ դու խաղում ես:

-Ոչ, դեռ դեմ չէ: Հույս ունեմ, որ դեմ չի լինի: Ես շատ եմ սիրում այն ամենը, ինչով զբաղվում եմ, ու նա այդ մասին գիտի:

-Խանդի զգացողություն կա՞ ձեր ընտանիքում:

-Երբեմն լինում է, բայց շատ հաճախ մեզ մոտ դա կատակի տեսքով է լինում, իսկ եթե լուրջ՝ կարծում եմ, եթե կա վստահություն, խանդի տեսարանները բացակայում են:

-Իսկ դերաբաշխում կատարե՞լ եք, ասենք, ո՞վ է թափում աղբը կամ կոմունալ վարձավճարները մուծում:

-Ոչ, դերաբաշխում չի եղել, թողնում ենք մեր հարմարությանը: Ի՞նչ տարբերություն՝ ո՞վ ի՞նչ պիտի անի: Կարեւորը, աղբից ազատվենք ու ժամանակին մարենք կոմունալ վարձավճարները:

-Կանայք սիրում են գնումներ անել, իսկ դո՞ւ:

-Օ՜, ես էլ բացառություն չեմ, թեպետ դժվար եմ ընտրություն կատրում:

-Քո հանդերձապահարանում ի՞նչն է ամենից շատը գերիշխում:

-Հիմա շատ ակտուալ արտահայտություն կա փոքր սեւ շորիկ, այ հենց այդ շորիկները գերիշխում են: Մեծ հաճույքով գնում եմ տարբեր կոշիկներ:

nara-Հարսանեկան նվերներ, կռահում եմ՝ ստացել ես: Ո՞րն էր ամենաթանկ նվերը: Ո՞ւմ կողմից էր այն մատուցված:

-Հարսանեկան նվերներ, իհարկե, եղել են, բայց առանձնացնել հիմա որեւէ մեկը սխալ կլինի, բոլորն էլ շատ թանկ են ինձ համար:

-Ի դեպ, ամուսինդ համադամասեր է (գուրման), ի՞նչ ճաշատեսակով ես գերում նրա սիրտը:

-Գուրման բառի հայերեն տարբերակը բացահայտությունն էր: Այդ հարցում բախտս բերել է, յուրահատուկ պահանջներ չունի, սիրում է համով ուտել: Ես էլ կարողանում եմ ինձ գովել... Ասում են՝ համեղ եմ պատրաստվում:

 -Տղամարդու մեջ ի՞նչը տանել չես կարող, բնավորության ո՞ր գիծը:

-Ես  չեմ սիրում, երբ տղամարդը թափթփված է, ցրված, երբ փորձում է քեզ ինչ-որ բան ասել ու հեռվից է գալիս: Եթե շարունակեմ, շատ կլինի: Այսօր այսքանը:

-Քա՞նի երեխա եք ցանկանում ունենալ:

-Մեկ աղջիկ եւ մեկ տղա: Վստահ եմ՝ Դավիթը դեմ չի լինի:

-Թատերական, ո՞ր մրցանակն ես ցանկանում ունենալ:

-Եթե անկեղծ՝ ոչ մեկը: Երբ նոր կերպարի վրա ես աշխատում, չես մտածում մրցանակ ստանալու մասին: Մրցանակները այդ ժամանակ կարեւոր չեն: Եթե լինեն՝ ավելի լավ, բայց աշխատել հանուն մրցանակի՝ անիմաստ է…

-Քո կանացի թուլությունները:

-Ես չունեմ թուլություններ:

Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում