livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ադմինիստրատոր ՍՈՒՍԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ շուրջ 12 տարի աշխատել է թատրոնի պատերի ներսում եւ շատ է սիրում թատրոնն ու բեմը: Հատկապես, երբ բեմն իրեն հիշեցնում է իր նախկին մասնագիտությունը, եւ ժամանակ առ ժամանակ կուլիսներից հետեւում է դերասանների աշխատանքին:

- 12 տարի առաջ ընդունվեցի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 4 տարի անց թատրոնի վերանորոգման պատճառով աշխատանքս համատեղեցի Պարոնյան թատրոնում` զուգահեռ աշխատելով երկու թատրոններում: Այդ ընթացքում Պարոնյան թատրոնից առաջարկ եղավ մնալ թատրոնում եւ աշխատել որպես գլխավոր ադմինիստրատոր: Մինչ օրս աշխատում եմ միայն Պարոնյանի անվան թատրոնում` որպես գլխավոր ադմինիստրատոր:

- Տիկին Սուսաննա, որքանո՞վ է հեշտ եւ միեւնույն ժամանակ դժվար ադմինիստրատիվ աշխատանքը կնոջ համար:

- Ադմինիստրատորի աշխատանքը մյուսների աշխատանքից մի քիչ տարբերվում է նրանով, որ նրանք առնչվում են միայն դերասանների հետ: Իսկ իմ աշխատանքի ընթացքում ես շփվում եմ նաեւ դերասանների հետ, եւ ամենակարեւորը` իմ աշխատանքի բուն նպատակն է շփվել հանդիսատեսի հետ: Պիտի խոստովանեմ, որ այն շատ դժվար աշխատանք է, որովհետեւ պետք է կարողանաս սիրալիր ընդունել ու ճանապարհել նրանց: Թատրոնի ընդունված կարգախոսով` հանդիսատեսը միշտ ճիշտ է: Ճիշտ է, այն բարդ աշխատանք է, որովհետեւ ամեն օր տարբեր տեսակի ու բնավորությունների տեր հանդիսատեսի հետ ես շփվում: Դե պատկերացրեք, թե ինչքան հավասարակշռված ու կայուն բնավորություն պետք է ունենա ադմինիստրատորը, որ կարողանա հարմարվել տարբեր տեսակի ու բնավորության տեր մարդկանց հետ, որպեսզի ոչ մեկին չնեղացնի, որ իրենք էլ գան, հաճույք ստանան թատրոնից ու հեռանան դրական լիցքերով: Մեր թատրոնը տարբերվում է նրանով, որ մեզ մոտ մեկը մյուսի հանդեպ կա լավ վերաբերմունք, իսկ դա, իմ կարծիքով, գալիս է թատրոնի ղեկավարներից: Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի մասին խոսելիս նրա անուն-ազգանունն արդեն ամեն ինչ ասում է: Բացի նրանից, որ գեղարվեստական ղեկավար է, թատրոնում բոլորիս մոտ այնպիսի տպավորություն է, որ կարծես նա թատրոնի պապիկն է: Ինչպես են պապիկները թոռներին թեւերի տակ առնում, որ ոչ ոք հանկարծ չվնասի, որ ոչ ոք ավելորդ բան չանի թոռնիկներին, նույն վերաբերմունքն ունի Երվանդ Ղազանչյանն իր կոլեկտիվի հանդեպ: Եվ չմոռանամ նշել նաեւ մեր թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանին, որի մասին խոսելիս չի կարելի չզարմանալ, թե ուրիշ մասնագիտության տեր երիտասարդ անձնավորությունը աշխատելով որպես թատրոնի տնօրեն` այդքան շատ բան կարող է հասկանալ թատրոնից եւ հարցեր կարգավորել: Ես մեր թատրոնը շատ եմ սիրում, հաճույքով գալիս եմ թատրոն` աշխատանքի:

- Այսինքն` այն զուտ աշխատանք չէ՞ Ձեզ համար:

- Ոչ, որովհետեւ ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, իմ եղբայրները եղել են պրոֆեսիոնալ պարողներ: Նրանցից մեկը Հայաստանի վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանն է: Ինքս ավարտել եմ Պարարվեստի ուսումնարանը, ապա աշխատել իմ մասնագիտությամբ, սակայն կարճ ժամանակ անց` ոտքս վնասելուց հետո, հեռացա բեմից: Բայց այնքան շատ էի կարոտել բեմը, որ երբ ընդունվեցի թատրոնում աշխատանքի, ինձ թվաց` ինչ-որ կորցրած մի բան եմ գտել: Փոքրուց բեմում եմ եղել, դրա համար թատրոնը, բեմը շատ եմ սիրում: Անգամ ներկայացման փորձերի ժամանակ կուլիսներում կանգնում եմ ու նայում, որովհետեւ այդ ամենն ինձ շատ հարազատ է: Շատ էի ուզում աշխատել մի տեղ, որ բեմ, կուլիս լինի, եւ կարելի է ասել` այսօր այդ բացը լրացնում եմ թատրոնում:

- Իսկ եթե մի օր նյարդայնանա՞ք ադմինիստրատիվ աշխատանքից ու քմահաճ հանդիսատեսից:

- Հանդիսատեսի հետ աշխատելն իրոք շատ նյարդային աշխատանք է, որովհետեւ կարող է ամեն ինչ անես հանդիսատեսի համար, թեկուզ առանց ինչ-որ վրիպումի, միեւնույն է` պատճառ գտնող մարդը կգտնի թերություն: Բայց մենք աշխատում ենք թեկուզ դժգոհ հանդիսատեսին սիրալիր ճանապարհել:

- Ադմինիստրատիվ աշխատանքը, կարելի է ասել, տղամարդու աշխատանք է, Դուք կին լինելով` չե՞ք դժվարանում:

- Պատկերացրեք` եղել է, որ բարդ պահեր ենք ունեցել հանդիսատեսի ընդունելության հետ կապված, երբ լեփ-լեցուն դահլիճներ ենք ունեցել, կամ եղել են մարդիկ, որոնք ցանկացել են առանց տոմս գնելու ներս մտնել, բայց մեր տնօրենը միշտ իմ կողքին է եւ օգնում է դժվարին պահերին, դրա համար այդ դժվարությունները ես դեռ չեմ զգացել:

- Իսկ ինչպիսի՞ ղեկավար եք Ձեր սպասարկող անձնակազմի համար:

- Ունեմ 11 հոգուց բաղկացած սպասարկող կազմ, որտեղ բոլորը կանայք են: Բայց պիտի ասեմ, որ առողջ մթնոլորտ է տիրում մեր կազմում: Բոլորը սիրով են գալիս աշխատանքի: Ինքս ժամերն եմ հաշվում, թե երբ պիտի նրանք գան աշխատանքի:

- Ե՞րբ է սկսվում եւ ավարտվում Ձեր աշխատանքային օրը:

- Ամեն օր ժամը 11-ին գալիս եմ թատրոն եւ, մինչեւ վերջին մարդը չհեռանա թատրոնից, մինչեւ մեր պահակային ծառայությունը չգա եւ դռները չընդունի, թատրոնից դուրս չեմ գալիս: Իսկ եթե միջոցառում չենք ունենում, արդեն ժամը 5-ին ավարտում եմ աշխատանքս եւ գնում տուն: Ծանրաբեռնված աշխատանքային օրերին զգում եմ, որ կարոտել եմ թոռնիկներիս, բայց խնդրում եմ աղջիկներիս նրանց բերեն թատրոն, որ գոնե աշխատանքի վայրում նրանց տեսնեմ: Եթե ես ցանկանամ բացակայել թատրոնից, փառք Աստծո, այնպիսի տնօրեն ունենք, որ չի արգելի օրվա մեջ երկու ժամ բացակայել: Բայց այնքան եմ կապվել իմ աշխատանքին, որ ինձ թվում է, թե մի քանի ժամով թատրոնից բացակայելիս աշխատանքիս մեջ վրիպում կունենամ:

- Տիկին Սուսաննա, մի փոքր կներկայացնե՞ք Ձեր ընտանիքը:

- Երկու աղջիկ ունեմ, որոնցից ոչ մեկը չցանկացավ պարի գիծը շարունակել: Մեծ աղջկաս արտաքինը նպաստում էր պարուհի դառնալուն, բայց ավարտեց մանկավարժական համալսարանի ֆիզմաթ բաժինը, լրիվ ուրիշ ուղղությամբ գնաց, քանի որ շատ լավ էր սովորում դպրոցում` ոսկե մեդալակիր էր: Ճիշտն ասած, ես էլ էի դեմ, որ աղջիկս պարուհի դառնա, որովհետեւ հասկացա, որ այն մեծ ապագա չէ կնոջ համար, շուտ ես թողնում բեմը, իսկ աշխատանք անպայման պետք է ունենաս: Փոքր աղջիկս ավարտել է բժշկական ինստիտւտը, ամուսնությունից հետո խնդիրներ առաջացան, որից հետո չշարունակեց աշխատել: Նրանք երկուսն էլ ունեն ընտանիք, երեխաներ, զբաղվում են իրենց ընտանեկան գործերով, լավ մայր ու կին են:

- Որքան գիտեմ, արվեստի ճյուղը այսօր շարունակում է Ձեր թոռնիկը, սակայն, երգի ասպարեզում:

- Անցյալ տարի թոռնիկս մեկնեց ԱՄՆ` համերգների, վերադարձավ մեծ գովասանագրերով ու շնորհակալագրերով: Երգում է, հիմա նաեւ դուդուկ է նվագում Նորայր Դավթյանի առաջին դուդուկահար Արմեն Գեւորգյանի մոտ:

- Դատելով Պարոնյանի անվան թատրոնի հանդիսատեսի քանակից, ինչպես վերջերս են սիրում կրկնել, իրականում թատրոնը մեռնո՞ւմ է:

- Կան ներկայացումներ, որ խաղում ենք լեփ-լեցուն դահլիճներով, իսկ այն ներկայացումները, որոնք արդեն խաղում ենք մի քանի տարի, հանդիսատեսի քանակը մի փոքր նվազել է: Պարոնյանի անվան թատրոնը հետաքրքիր եւ բազմազան հանդիսատես ունի: Մեր թատրոն գալիս է բազմաշերտ հասարակություն, որն ուզում է լուրջ բաներ նայել, կամ արդեն պատրաստ գալիս են կոմեդիայի թատրոն, որ անպայման շատ ծիծաղեն: Զանգահարում են ու ասում` ո՞ր ներկայացումը կառաջարկեք, որ գանք` շատ ծիծաղենք: Երեւի ժողովուրդն արդեն հոգսաշատ է դարձել, դրա համար ձգտում են կոմեդիայի ժանրի ներկայացման: Կան ներկայացումներ, որ նույն մարդը մի քանի անգամ է գալիս դիտելու:

- Օրինակ` դրանք ո՞ր ներկայացումներն են:

- «Ինձնից պրծում չկա» ներկայացումը, որն արդեն 5-6 տարի է` խաղում ենք: Մարդիկ այնքան սիրով են գալիս դիտելու այդ ներկայացումը, նույնիսկ դուրս գալուց էլ շնորհակալություն են հայտնում, որ ունենք այդպիսի ներկայացում: «Պարոն Բաբիկը եւ ուրիշները» ներկայացումը, որը այսօրվա կյանքն է ներկայացնում, իրենց հարազատ բան կա այդ ներկայացումների մեջ: Խաղում ենք «Մեր տան տերերը», որտեղ գլխավոր դերում խաղում է Սվետլանա Գրիգորյանը, որի անուն-ազգանունն արդեն բավական է, որ այդ ներկայացումը հանդիսատես ունենա: Վերջերս Հակոբ Ղազանչյանը մեր թատրոնում բեմադրեց Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» ներկայացումը: Հրավիրում եմ բոլորին, որ ինքներդ տեսնեք այդ լիրիկական ներկայացումը, որտեղ կան տեսարաններ, որոնք մարդիկ նայում են ու փշաքաղվում: Գյումրիի համն ու հոտը, նիստն ու կացը, մեծերին հիշելը եւ մեծարելը ընդգրկված է ներկայացման մեջ:

Զրույցը ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Լուսանկարները
ՄԱՐԻԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում