livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

operaՄարտի 24-27-ը Իսպանիայում տեղի ունեցած միջազգային մրցույթ-փառատոնում կրկին հաղթականորեն ծածանվեց հայոց եռագույնը: Մեր երկիրը ներկայացնող դասական մեներգիչ, տենոր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգիչ ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ Հայաստան վերադարձավ Գրան Պրիով: ՙԶարուհու՚ հետ զրույցում մեներգիչը նշեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, Իսպանիայի մուտքի արտոնագիր ստանալու համար իրեն հաջողվել է Իտալիայի բեմից հնչեցնել 3 ստեղծագործություն՝ Էդգար Հովհաննիսյանի ՙԷրեբունի- Երեւան՚, Կյարայի՝ ՙLa spagnola՚, Բիկսիոյի՝ ՙParlami d’amore, mariu՚:

ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻՑ ՈՉԻՆՉ ՎԵՐՑՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ՚

- Անցյալ տարի Բաթումիում տեղի ունեցած ՙՖոլկ՚ մրցույթում շուրջ 50 երկրների ներկայացուցիչների շարքում արժանացաք Գրան Պրիի, որին հաջորդեց մյուս հաղթանակը՝ Բուլղարիայի Բուրգաս, Նեսեբար քաղաքներում ՙWorld Folk 2012՚ մրցույթի ֆոլկլորային երգ անվանակարգում աշխարհի չեմպիոնի կոչումը: Հիմա էլ Իսպանիայի միզազգային մրցույթ-փառատոնից կրկին Գրան Պրիով վերադարձաք Հայաստան: Որն է Ձեր հաջողությունների գրավականը:

- Ձգտում, նպատակասլացություն, ամուր հիմք՝ առաջընթացդ արձանագրելու, որոնք, իհարկե, ի կատար են ածվում Աստծո կամքով: Այս մրցույթին մասնակցությունս տվեց իր պտուղները՝ հրավեր եմ ստացել իսպանացի ՙFIESTA FLAMENGA՚ խմբի հետ ելույթ ունենալու համար:

- Հնարավո՞ր է հանդես գաք այլ ոճում, քանի որ դասական արվեստով, ցավոք, այսօր Հայաստանում մեծ եկամուտ ունենալ հնարավոր չէ:

- Իսկապես, մեր երկրում այս ոլորտում գումար աշխատել, շահույթ ունենալ այնքան էլ հեշտ չէ, բայց հուսանք, կգա այն լուսաբացը, երբ այս խնդիրը կգտնի իր լուծումը, եւ  կարիք չի լինի, որ մեր երգիչները փնտրեն այլ բեմեր:

- Ի՞նչ  է պակասում այսօր երիտասարդ դասական երգչին:

- Եթե ունի պոտենցիալ, ամենակարեւորը` ֆինանսական ապահովվածություն, որը կօգնի արվեստագետին` շրջագայելու, ներկայացնելու իր երկրի մշակույթը, երաժշտական պատմությունն ու երկրի տաղանդներին: Առիթից օգտվելով` շնորհակալությունս հայտնեմ այն մարդկանց, որոնց աջակցությամբ ես կարողացա մասնակցել Իսպանիայի մրցույթին:

- Աշխատում եք նաեւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, ինչքանո՞վ է թատերական բեմն ու բեմականությունը օգնում երգեցողությանը:

- Դերասանի վարպետությունն ու երաժշտությունը փոխկապակցված են, ամեն մի ժեստը կարող է արտաբերածդ նոտային այլ երանգ ու շունչ հաղորդել:

- Այլ երկրների արվեստից հայերին ինչ է պակասում:

- Հայաստանի մշակույթին այլազգիներից ոչինչ վերցնել պետք չէ, մենք բացառություն ենք մեր մշակույթով: ՙԻտալիաներն՚ իսկապես կարող են զարմանալ հայի արվեստով, ու ասեմ, որ զարմանում են: Ինքս էլ միջազգային, ՙօտար՚ բեմերից միշտ փորձում եմ հնարավորինս հայկական կոլորիտով երգեր կատարել՝ աշխարհին մեր Հայաստանն առավել պատկերավոր ու ճանաչելի դարձնելու համար:

ՙՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ՚

Կարենի պրոդյուսեր, Երեւանի պետական կոնսերվատորիայի հայ երգեցողության բաժնի դոցենտ, Հայաստանի ՙՖոլկ՚ բարեգործական հիմնադրամի նախագահ ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆԸ, խոսելով համագործակցության մասին, նշեց.

- Մեկ տարվա համագործակցության ընթացքում արդեն հասցրել ենք հաջողություններ արձանագրել, որի գաղտնիքն, ըստ իս, Կարենի սկբունքայնությունը, նպատակասլացությունն ու իր ճանապարհին նախեւառաջ մշակութային առաջընթացին կարեւորություն տալն է: Ջիվան Գասպարյանին, Շառլ Ազնավուրին եւս ժամանակին ոչ ոք չգիտեր, մինչեւ նրանք չսկսեցին աշխարհին ներկայանալու առաջին փորձեր անել, սեփական փնտրտուքներով ուղի հարթել: Եվ, ի վերջո, անձանց միջոցով նաեւ երկիրն է ճանաչելի դառնում: Աստված տա, Կարենը կարողանա հասնել այնքան հաջողությունների, որ իր անվամբ եւս եռագույնը սկսի ՙխոսել՚: Իսկ դրա մեկնարկն արդեն տրված է:

- Դասական ոլորտում արդյո՞ք առաջընթացի ուղին ավելի դժվար չէ:

- Դժվար է, իհարկե, բայց այս ճանապարհին մենք արդեն հիմք ունենք. մեր պանծալի անունները` Գոհար Գասպարյանն ու Արամ Խաչատրյանը, արդեն փառավորված են: Հիմա միայն պետք է ձգտել նրանց կողքին ՙերեւալ՚, որովհետ մենք երբեք չենք դադարում ոչ մի իտալացուց, ռուսից ու եվրոպացուց պակաս լինել:

- Ձեր եւ Կարենի համատեղ աշխատանքում կարծես համերգային շրջագայություններն են գերակշռում, իսկ տեսահոլովակների դե՞րը:

- Լավ կլիներ, իհարկե, որ դասականն ու ֆոլկը եւս տեսահոլովակով ներկայանային, բայց շատ ծախսեր են պահանջվում: Ուղղակի պետք է պրոպագանդել մեր մաքուր մշակույթը, որն էլ անում ենք Կոնսերվատորիայից սկսած, բայց հետո, երբ ուսանողը դուրս է գալիս Կոնսերվատորիայից, նրա ուղին անվերահսկելի է դառնում: Ուղի, որը շեղվում է դասականից, քանի որ այն վարձատրում, եկամուտ է բերում կատարողին: Իսկ նման փառատոններն ու մրցույթները, եվրոպացու գնահատականները կայացնում են երաժշտին:

- Այդ գնահատականները ինչո՞ւ չկան Հայաստանում, որտե՞ղ է բացթողումը:

- Հեռուստատեսությունում, երաժշտական նորմալ ծրագրերի բացակայությունում: Իմ կարծիքով հայկական հեռուստաընկերություններից սխալ երաժշտություն է հնչում. այսինք՝ ոչ հայերեն, ոչ մաքուր, ոչ ազգային:

- Այլազգիների մշակույթից ի՞նչ է պետք հային:

- Եթե խոսենք ֆոլկի մասին՝ որպես ժողովրդական մշակույթի, ուրեմն՝ ոչինչ, քանի որ իրավունք էլ չունենք օտարինը խառնելու մեր ազգային ժողովրդական երգեցողությանը, ինչպես այսօր ցավոք արվում է շատ հեռուստաընկերություններով, ձայնագրություններով: Ընդհակառակը, հայից են միշտ վերցրել. այսօր Թուրքիան Սայաթ-Նովա ու Շերամ է ներկայացնում, շատ թուրք երաժիշտներ գիտեմ, որոնք ուղղակի իրենց ականջի լսափողը Հայաստանի երաժիշտների ձայնի վրա են պահում, որ ինչ-որ բան թռցնեն: Դա մեր բացթողումն է. օր առաջ է պետք մտահոգվել, մենք պետք է տեր կանգնենք մեր ազգային մշակույթին:

- Առաջիկայում ինչ ծրագրեր կան Կարենի հետ:

- Մայիսի 17-19-ին Կարենը կմեկնի Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղ կմասնակցի ՙMore fest՚ 15-րդ միջազգային երգի մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով 3 ստեղծագործություն: Ձայնագրություններն արդեն ուղարկել ենք եւ 1-ին փուլն, ըստ այդ ձայնագրությունների, անցել է՝ ստանալով մասնակցության հրավեր:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում