livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

artfest1Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ՀՀ Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 13-19-ը կազմակերպում է «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «մեկ տանիքի ներքո» խորագրով: Կայանալիք «ԱՐՏ-ՖԵՍՏ»-ի մասին «Զարուհին» զրուցեց փառատոնի նախագահ ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ, ով շուրջ 3 տարի հանդիսացել է «Թատրոն X» թատերական փառատոնի գլխավոր պրոդյուսերը, իսկ այս տարի հիմնել է «ԱՐՏ-ՖԵՍՏ»-ը:

- «Թատրոն X»-ն արդեն կայացած փառատոն է, որին բարի երթ եմ մաղթում: Երեք տարի եղել եմ փառատոնի գլխավոր պրոդյուսերը եւ իմ անելիքն արել եմ ամենաբարձր մակարդակով: Ովքեր մասնակից են եղել, գիտեն այդ մասին: Բայց, այս տարի որոշել եմ արդեն այլ փառատոն ոտքի կանգնեցնել:

- Իսկ ինչո՞ւ «ԱՐՏ-ՖԵՍՏ»:

- «ԱՐՏ-ՖԵՍՏ», այսինքն՝ արվեստի փառատոն: Այն իր տեսակով եւ ձեւաչափով բացառիկ է, ընդգրկում է արվեստի վեց ոլորտ միաժամանակ՝ թատերական արվեստ, կինոարվեստ եւ կերպարվեստն իր ճյուղավորումներով՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա եւ քանդակագործություն: Ուրախ եմ, որ «ԱՐՏ-ՖԵՍՏ»-ը լինելով որպես այդպիսին՝ առաջինը այս տարի ընդգրկեց գոնե ինձ համար աննախադեպ հայտերի քանակ: Առաջին փուլում դրանք 170-ից ավել էին, որոնցից մնացին մոտ 130-ը: Առաջին նախապատրաստական փուլում ընդգրկում էինք բոլոր հայտերը, բայց եզրափակիչ փուլ անցան այն հայտերը, որոնք տարիքային սահմանափակման առումով համապատասխանում էին: Այն երիտասարդական բնույթի փառատոն է, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն, երիտասարդ են համարվում 18-35 տարեկան անձինք: Մենք երկու տարի իջեցրեցինք շեմը եւ ընդունեցինք 16-35 տարեկան անձանց 170-ից ավելի հայտեր: Բոլորին կտրվեն մասնակցության դիպլոմներ, բայց, նրանցից կցուցադրվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները: Դրանցից էլ կորոշվեն, այսպես ասած, մրցանակակիրները: Որպեսզի փառատոնը սպորտային միջոցառման չվերածվի, 1-ին, 2-րդ, կամ 3-րդ տեղերի փոխարեն կլինեն ոսկե, արծաթե եւ բրոնզե մրցանակներ:

- Ինչպե՞ս են ընտրվել մասնակցության հայտերը:

- Սա հանրապետական բնույթի փառատոն է, բնականաբար, մասնակցում են ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից: Ինչպես նաեւ մասնակցում են երեւանյան բոլոր հիմնական այն բուհերը, որոնք ունեն մշակութային բաժիններ, այդ թվում նաեւ մարզերի պետական բուհերի մասնաճյուղերը, որոնք շատ ակտիվ դրսեւորեցին իրենց:

artfest- Իսկ Երեւանի պետական թատրոնների՞ց:

- Հայտեր ուղարկել ենք բոլոր թատրոններին ու թատերախմբերին: Գիտեք, կան ներկայացումներ, որտեղ հարկ կլինի տարեց դերակատարի, նման հայտերը չենք ընդունել: Քանի որ երիտասարդական փառատոն է, որոշել ենք առաջնորդվել այդ սկզբունքով:
- Որտե՞ղ կընթանան ցուցադրությունները:
- Ներկայացումները լինելու են Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում եւ ուսումնական թատրոնի դահլիճում՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում: Ֆիլմերը երկու օր անընդմեջ ցուցադրվելու են Նարեկացի արվեստի կենտրոնում, իսկ կերպարվեստի ցուցադրությունները երկու օր անընդմեջ կցուցադրվեն Սարյանի արձանի շրջակա տարածքում: Կլինեն 20-ից ավելի ներկայացում, 20-ից ավելի ֆիլմ եւ 100-ից ավելի կերպարվեստի ցուցադրություն: Մուտքը բոլորի համար լինելու է բացառապես ազատ, որպեսզի հնարավորինս հասանելի լինի բոլորին: 
- Ֆիլմերը վերջին տարիներին նկարահանածներն ե՞ն:

- Ընտրել ենք վերջին երեք տարիներին նկարահանած կարճամետրաժ ֆիլմերը, առաջին անգամ է, փորձում ենք մաքսիմալ զգուշավոր մոտենալ հարցին:Այս տարի լիամետրաժ ֆիլմեր չենք ընդունել, որպեսզի ծավալային առումով հեշտ լինի հա՛մ հանդիսատեսի, հա՛մ էլ մասնագիտական հանձնախմբի համար:
- Հայտերի մեծ մասը որտեղի՞ց եք ստացել:

- Ինձ համար ուրախալի է, որ հիմնական հայտերի մեծ թիվը ստանում ենք մարզերից: Փառատոնի գերակա նպատակը մայրաքաղաք-մարզեր ստեղծագործական անջրպետի վերացումն է, ամեն ինչ անում ենք, որպեսզի մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ երիտասարդական, ստեղծագործական կյանքն ակտիվանա: Ծրագիրը նաեւ հետապնդում է երկրորդ պլան. այն ցուցադրությունները, որոնք կհամարվեն լավագույնները նպատակ ունենք ցուցադրելու նաեւ մարզերում: Իսկ մարզերում ճանաչված լավագույնները կբերենք մայրաքաղաք: Հետագայում հնարավոր է, որ դառնա համահայկական փառատոն, որովհետեւ, եթե այսօր ուզում ենք մայրաքաղաք եւ մարզեր կապը ամրացնել ստեղծագործ երիտասարդների միջեւ, բնականաբար, այդ մասշտաբները ընդլայնելու կարիք կլինի եւ, ինչու ոչ, սփյուռքի հայ երիտասարդները ուրախ կլինեն մասնակցել:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում