livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

kannyԿինոռեժիսոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆՆ օրերս է վերադարձել Կաննի փառատոնի կինոշուկայից: "Իրավունքի" հետ զրույցի ընթացքում կինոռեժիսորը պատմեց կինոշուկայում ձեռք բերած հաջողությունների մասին:

-Այս անգամ Կաննում շատ քիչ եմ եղել հայկական տաղավարում, որովհետեւ ՙParallels Film production՚ անկախ ֆիլմարտադրող ընկերությունով տարել էի 3 նածագիծ SNS` ֆրանսիայի կինոկենտրոնի, հրավիրվածների ցանկում էի: Մեր տարածաշրջանից հրավիրել էին ինձ եւ վրացի ռեժիսորի: Նախ կինոռեժիսոր Մարինե Զաքարյանի ՙՓասիանի որսորդը՚ ֆիլմը, որը ՙՀայակ՚ մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ ՙԼավագույն դեբյուտ՚ մրցանակի, այնտեղ բաժանեցինք կարճամետրաժ ֆիլմերի փառատոներին: Այդ երեք նախագծերից մեկը Վիլիամ Սարոյանի ՙԿիսալուսնի ծովածոցը՚ Մարինե Զաքարյանի ռեժիսուրայով լիամետրաժ ֆիլմն է, որի նկարահանումները ավարտել ենք եւ ձայնի համար ֆինանսական խնդիր ունենք: Այն մոտ 30 եվրոյի խնդիր է, ես չեմ ուզում ձայնն անել Հայաստանում, մենք ձայնի լավ մասնագետներ ունենք, բայց, քանի որ իրենք մեծ կինոյում անընդհատ չեն աշխատում ու փորձ չունեն, դրա համար մեր ֆիլմերում ձայնը միշտ կաղում է:

Իսկ միջազգային շուկա մտնելու համար դա խանգարում է: Բանակցեցի 2-3 երկրներ ներկայացնող ընկերությունների հետ, եւ վերջնական համաձայնության եկանք իսպանական ընկերության հետ: Ամենակարեւորն այն էր, որ մենք վերջնականապես ստացանք Սարոյան էկրանավորելու իրավունքը:  Որպես ռեժիսոր` իմ երկրորդ`ՙԼուսավոր շրջան՚ ֆիլմն էինք տարել, որն արդեն  ֆրանսիացի համարատադրող կոսմոպոլիտ ֆիլմն է, որը պատրաստել է ֆիլմի ֆրանսերեն փաթեթը եւ ներկայացնելու է SNS-ին: Արդեն արտադրական գրաֆիկը պարզ է, կնկարահանենք Երեւանում 28 օր, 10 օր` Ֆրանսիայի հարավում` Մոնպելյեում, եւ 6 օր կնկարահանենք Իսպանիայում ` Բարսելոնայում: Հայաստանում նկարահանումները սկսելու ենք աշնանը: Երկրորդ ֆիլմս է` շատ պատասխանատու է, սրանով կերեւա` ես կմտնե±մ եվրոպական կինո, թե± պետք է շարունակեմ Հայաստանում արտադրել: Մեր 3-րդ նախագիծը Թուրքիայի հետ է`ՙԿորած թռչունները՚, որի ռեժիսորը Թուրքիայում բնակվող հայ Արեն Պերդեցին է, պրոդյուսերը թուրք է, բայց արմատներով հայ է: Հետաքրքիր պատմություն է, դեռ վաղ է այդ ֆիլմի մասին խոսելը, չենք ուզում այդ մասին խոսել, որպեսզի ֆիլմի զարգացմանը չխանգարենք: Մեր ընկերությունը հանդիսանում է հայկական արտադրողը, ես պատասխանատուն եմ այդ ֆիլմում հայկական շունչը պահելու համար: Գիտեմ, որ հետաքրքրություն կա Թուրքիայի կառավարության կողմից: Եթե Հայաստանն ու Թուրքիան կարողանան այդ ֆիլմն անել, հզոր բան կլինի: Հերոսները երեխաներ են, ամեն ինչ տեղի է ունենում երեխաների աչքերի առաջ:

- Այսինքն` ֆիլմի թեման ցեղասպանությո՞ւնն է:

- Իրական հայկական ընտանիքի պատմություն է, որը ներկայացվում է ընտանիքի երեխաների աչքերով: Կարծում եմ, որ եթե հաստատվեց Թուրքիայի մասնակցությունը` կառավարական իմաստով, անպայման Արենին կհրավիրեմ Հայաստան: Ֆիլմը որքան էլ լրիվ ստեղծագործական մոտեցում ունենա, որքան էլ որ երեխաների վերաբերմունքն է ու ազնիվ հայացք, միեւնույն է` քաղաքական սպեկուլյացիաները շատ են լինելու, դրա համար փորձում ենք զգույշ անել: Իհարկե, Արենի երազանքն է, որ այդ ֆիլմը հասցնենք նկարահանել մինչեւ 2015 թվականը:

- Փաստորեն, այս անգամ էլ Հայաստանը միայն մասնակցեց միայն Կաննի շուկայում, իսկ շա՞տ ունենք Փառատոնին հասնելու համար:

- Չորրորդ տարին է, որ գնում եմ Կանն: Օրինակ` մեր հայկական պատվիրակության մեծ մասը պարբերաբար փոխվում է, մոտ 80 տոկոսը մարդիկ են, որոնք առաջին անգամ են մասնակցում: Բայց առաջին տարին Կանն գալը, կարելի է ասել, առաջին տարվա համար կորած է, նա պիտի աշխատի նաեւ մյուս տարի: Այն փեթակի նման է, ու մինչ այդ մեղուների բզզոցի մեջ հասկանում ես` որ ճանապարհով գնաս, որ ուր հասնես, տասը օրդ անցնում է աննկատ: Լցված են հազարավոր մարդիկ, որտեղ բոլորն էլ կինոինդուստրիայի ներկայացուցիչներ են, ու ոչ ոք ժամանակ չունի քեզ համար: Արդեն երկրորդ տարին է` գնում եմ իմ հաշվին` որովհետեւ անկախ արտադրող եմ ու արդեն ներգրավված եմ ինչ-որ ցանցերի մեջ, որի շնորհիվ ես ստանում եմ ինֆորմացիաներ: Չգիտեմ, թե ինչ պիտի անես, որ առանց ինտեգրման հայտնվես Կաննում: Կարող ես, բայց, որպես կանոն, պիտի անես քաղաքական ֆիլմ: Կամ, ասենք` եթե Հայաստանում բարձր որակով նկարահանես հոմոսեքսուալության մասին ֆիլմ, միանգամից կմտնես Կանն, որովհետեւ իրենք կմտածեն, որ այս տարածաշրջանում սա ռիսկի է գնացել այս ֆիլմը նկարահանելու համար, այսինքն` սոցիալական հարցը քեզ հուզում է:  Օրինակ` իմ ՙԼուսավոր շրջանը՚ շատ սոցիալական ֆիլմ է` քաղցկեղով հիվանդ մի աղջկա մասին, որը չի կարողանում ֆինանսավորում գտնել իր բուժման համար: Բայց դա երբեք չի մտնի Կանն, որովհետեւ այդտեղ սկանդալային ոչ մի բան չկա: Այս տարի Կաննը լրիվ սկանդալների վրա էր հիմնված:

- Ի՞նչ կասեք Կաննում գլխավոր մրցանակի արժանացած լեզբուհիների մասին պատմող ֆիլմի մասին:

- Կարծում եմ, այդ ֆիլմի ռեժիսորը պետք է շնորհակալություն հայտնի Փարիզի միտինգներին, որովհետեւ Փարիզում միտինգներ են միասեռականության դեմ, Կանն էլ, երեւի` որոշեց մրցանակը այդ ֆիլմին տալ, որպես հակակշիռ դրան` ասելով, ի±նչ եք իրար խառնվել, հիմա այս մարդիկ էլ այսպես են: Բայց չի կարելի դա այդպես ասել, քանի որ կա լուրջ ժյուրի, որը նայում է ֆիլմերը:

- Այսինքն` համաձա՞յն եք, որ այդ ֆիլմին տրվեց մրցանակը:

- Համաձայն չեմ, քանի որ չեմ տեսել ֆիլմը: Ես Կաննում տեսել եմ Օզոնի ֆիլմը, որը շատ չսիրեցի, 17 տարեկան աղջիկ էր, որը զբաղվում էր պոռնկությամբ: Մայրը սկզբում իմանալով նեղվում է, քանի որ աղջկան ոչինչ պետք չէ, նա ապահովված է, իսկ այդ գումարները տանում է ու դնում պահարանի մի անկյունում, ուղղակի ուզում է զբաղվել ու զբաղվում է պոռնկությամբ: Խորթ հայրը մորն ասում է, որ դա նրա կյանքն է, ինչո±ւ ես խառնվում: Եվ տեսնում ես, որ ռեժիսորի վերաբերմունքն էլ է այդպես: Ես Օզոնից ուրիշ բան էի սպասում, դրա համար չեմ կիսում վերաբերմունքը: Հասկանում եմ, որ մեծ փառատոների մեջ, միգուցե, դա նրա համար է, որ իրենք մտածում են, թե աշխարհը պետք է դառնա ավելի տոլերանտ, հանդուրժող եւ այլն: Առհասարակ, երբ Կաննի ժյուրիի նախագահը Հոլիվուդից է, ուզում է իմ ամենասիրած ռեժիսորն էլ լինի, վատ եմ վերաբերվում, որովհետեւ իրենք` ամերիկացիները, աննորմալ շուկայի համար պայքարել գիտեն: Իրենք միշտ ուզում են ցույց տալ, որ ամբողջ աշխարհի կինոն վատն է, միակ կինո դա  Հոլիվուդյան կինոն է ու կարծես դիտմամբ ընտրեն ու ամենաախմախ կինոյին տան մրցանակ, որ ասեն` սա է ձեր կինոն: Իսկ մեր ֆիլմերը ինչ նուրբ են, մեր ֆիլմերում երբեք չեք տեսնի բացահայտ սցենաներ: Կարծում եմ, ամերիկյան ինքասիրությունը բավարարելու համար վերցրին ու այդ ֆիլմին տվեցին մրցանակը: Բայց էլի եմ ասում` պետք է տեսնել այդ ֆիլմը, նոր քննարկենք ու եզրակացության գանք: Իսկ ես դեռ չեմ տեսել այն: Հայաստանն այս տարի բավականին լավ դիրքերում էր, Վրաստանի կինոկենտրոնում փոփոխություններ են` նոր իշխանության հետ կապված, եւ վրացի կինեմատոգրաֆիստները շատ թույլ էին ներկայացված, դրա համար Կաննում կենտրոնացվածությունը հայերի վրա էր: Օրինակ` ընտրված 160 պրոդյուսերների մեջ 4 հայ կար, որը մեծ թիվ է, 1 վրացի, իսկ ադրբեջանցի ես վաղուց չեմ տեսել:

- Ստացվում է` Ադրբեջանն այդքան էլ լուրջ չի վերաբերվո՞ւմ:

- Ադրբեջանը շատ լավ տաղավար ունի հենց ծովի ափին` ինչպես Վրաստանը: Մենք նկուղային հարկում ունենք փոքրիկ տաղավար, բայց մեր ինտեգրման պրոցեսը արագ զարգանում է: Եթե մենք մտնենք լավ կինոյով նպաստավոր կլինի, իսկ սպեկուլյատիվ կինոյով չենք կարող մտնել: Ինձ թվում է Հայաստանից ոչ ոք չի սպասում լեզբիանկաների մասին ֆիլմ: Այսինքն` այն սոցիալական հրատապություն չի ներկայացնում:

- Կաննը մեզ ի՞նչ է տալիս:

- Փաստ է, որ համաշխարհային կինոյի ամենախոշոր հարթակը դա Կանն է: Այն ամենաաշխատանքային փառատոնն է: Այն, որ մենք 50 տարի Կաննում ոչինչ չենք ունեցել ՙԲարեւ, ես եմ՚ ֆիլմից հետո, խոսում է այն մասին, որ մենք 50 տարի համաշխարհային լսարանին հասկանալի կինո չենք ունեցել: Պետք է Կաննի հանդեպ լինենք շատ պրագմատիկ ու սթափ, որովհետեւ Կանն չի նշանակում, որ այնտեղ ամեն ինչը հալած յուղի պես է: Իմ կարծիքով Կաննը ամենաստուգատեսն է կինոյի ասպարեզում, եւ այնտեղ գտնվելը մեծ պատիվ է ցանկացած ռեժիսորի համար, եթե ֆիլմը Կաննի պաշտոնական ծրագրերում է  ընդգրկված: Իսկ շուկայում ցուցադրության ով ասես կարող է գնալ, օրինակ` որեւէ մեծահարուստ կարող է իր աղջկա հարսանիքը նկարել 4 տեսախցիկով եւ շուկայում ցուցադրություն կազմակերպել: Իսկ Կաննի  կողմից պաշտոնապես ընդունվելը մեծ պատիվ է: Մենք պետք է շարունակաբար մնանք Կաննում, համենայնդեպս, ես` որպես անկախ ֆիլմարտադրող, ամեն տարի կգտնեմ այդ 2000 եվրոն, որպեսզի գնամ Կանն եւ իմ նախագծերը ներկայացնեմ: Բոլոր անկախ արտադրողներին էլ նույն բանը խորհուրդ եմ տալիս: Դա ամենաճիշտ ճանապարհն է ֆիլմերը միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում