livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

gusan՛՛Զարուհու՛՛ զրուցակիցն է ՀՀ վաստակավոր գործիչ, ՙՀայկազունք՚ համույթի ղեկավար ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԸ, ով հեղինակն է հայրենասիրական` ՙՀայեր միացեք՚, ՙՀպարտ գնացեք՚, ՙԳետաշեն՚ եւ այլ արժեքավոր երգերի:

Արցախյան պատերազմի մասնակից գուսանը պատմում է, թե ինչպես են գրոհի, նույնիսկ հանգստի ժամանակ երգել իր երգերը:

-Եղել է, որ տղաները մարտի գնալուց առաջ ասել են` Գուսան, մի հատ ՙՀայեր միացեքը՚ սկսի, ես սկսում էի` իրենք հետս, եւ այդպես գնում էինք մարտի: Ազգային երգը պատերազմի դաշտում համեմատում են ծանր հրետանու հետ: Պատերազմի տարիներին` Արտաշատի, Արարատի տարածքի բոլոր կռվող ջոկատները մարտի գնալիս ՙՀայեր միացեք՚ երգով էին գնում: Երգը շատ ոգեւորում էր, պատահական չէ, որ ֆիդայական կռիվների ժամանակ լավագույն երգերը ստեղծվեցին հերոսների, կռվի մասին: Երգը մի սնող զարկերակ է` մարդուն ոգի տվող, մարտի, հաղթանակի տանող: Մեր Գողթան գուսանները դեռեւս հազարավոր տարիներ առաջ արքաներին պատերազմի հաղթական երգերով են ուղարկել, այսինքն` դա հնուց է գալիս եւ այսօր էլ իր դերն ունի: Պատերազմից անցել է 19 տարի, այսօր էլ այդ երգերի կարիքը կա: Աշնանը, երբ համերգների էինք Ռուսաստանում, Թաթարստանում` Կազանում, ներկա էին Կազանի նախարարները, ոգեշունչ համերգ էր, իմ հայրենասիրական երգերն էին  ՙՀայկազունք՚ խմբի կատարմամբ: Համերգից հետո Կազանի նախարարներից մեկը վեր կացավ ու ռուսերեն կենաց խմեց. ՙՉհասկանալով հայերեն ոչ մի բառ, տեսնում էի, որ ձեր համերգը կռիվ էր, պայքար, պատերազմ, հաղթանակ, գուցե` պարտություն, բայց ամբողջը պայքար էր: Երջանիկ ազգ եք, որ այսօր ունեք պայքար, հայրենասիրական, պայքարի, մարտական երգեր, իսկ որպեսզի ժողովուրդը ապրի, պետք է պարտվի, հաղթի, պայքարի, կռվի: Մեր մոտ արդեն վաղուց վերացել են այդ բաները՚: Ամեն ազգ պետք է պատրաստ լինի կռվի, պատրաստ լինի հոգով` իր ազգը, հողը պահելու: ՙՀպարտ գնացեք՚ երգը պատահական չէ, ՙՀողը արյունով են պահում, իմացեք՚: Այսինքն` պետք է միշտ պատրաստ լինենք արյան: Կտանք այդ պահանջվող չափի արյունը` հողը պահելու համար, ուրեմն, մեր հողի վրա կապրենք ուրախ, երջանիկ, հպարտ: Ինչպես տվեցինք արյուն, որը պահանջվում էր Արցախյան պատերազմում, եւ այսօր մենք, Արցախի  հայությունն էլ հպարտ է, որ իր հողի վրա հաղթական ապրում է: Չես տա պահանջվող արյունը, ինչպես ժամանակին խնայեցինք եւ կորցրինք հազարապատիկը, կորցնելով նաեւ մեր չքնաղ հայրենիքի մեծ մասը, դարձանք գաղթական, ստրուկ, ձուլվեցինք, կորցրինք ամեն ինչ:

-ՙՀայկազունք՚ համույթով հաճախ եք լինում Սփյուռքի հայ համայնքներում, ինչպիսի՞ն է հայրենասիրական, ազգային երգի դերը Սփյուռքի հայապահպանության հարցում:

- Եղել ենք Բեյրութում, Լիբանանում, Սիրիայում, 15 օր համերգներ ենք ունեցել Հալեպում, ցավոք, երեւի վերջին համերգային խումբն էր, որ Հալեպում համերգ է ունեցել: Հուսանք, որ Հալեպը նորից կկարգավորվի, եւ էլի կգնանք: Հրաշալի համայնք կար Սիրիայում եւ Լիբանանում, համերգը սկսում էինք, կարող էինք դադարեցնել` ամբողջ դահլիճը մեր երգերը երգում էր մեզանից լավ: Այնտեղ ազգային, հեղափոխական, հայրենասիրական երգերը շատ ընդունված են, սիրված, հենց դա է պահում իրենց: Լրիվ այլ իրավիճակ է Ռուսաստանի գաղթօջախներում, ազգայինն այնքան ընդունված չէ, այնտեղ ավելի շատ գնում են մեր ռաբիս երգիչները, սուտ աստղերը ՙչիկ՚ վերջավորությամբ, որոնք հնարավորություն ունեն գնալու: Երբ մենք համերգ էինք տալիս այդ դահլիճներում, զարմանում էին, որ Հայաստանում այսպիսի երգեր են երգում, իսկ իրենք տեղյակ չեն: Ո՞նց գնան, կազմակերպող է պետք, իրենք չեն կարողանում կանչել` ծախս է, խումբն էլ չի կարող նման համերգներ կազմակերպել: Անցյալ տարի այդ գործում մեծ դեր կատարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նրա անձնական ներդրումների շնորհիվ կարողացանք խմբով գոնե հինգ ռուսական քաղաքում համերգներ ունենալ: Միայն դրսի համայնքները չեն, որ դրա կարիքն ունեն, մեր շրջաններում, գյուղերում դրա կարիքը շատ ունեն: Մեր մշակույթի նախարարը ինչո՞վ է զբաղված այսքան ժամանակ: Մեզ նման խմբերին չի ուղարկում Սյունիք, Լոռի, ու այլ մարզեր: Այդ ժողովուրդը դրա կարոտն ունի: Տեղերում չկան նման խմբեր, գնում են այն մարդիկ, ովքեր կապեր ունեն, գնում են իրենց ոչ կենդանի կատարումներով կամ անարժեք երգերով դահլիճ են լցնում:

- Գուսանական, աշուղական երգերը երբեմն ձեւափոխում են, փորձելով ավելի ժամանակակից հնչեղություն տալ, ինչի արդյունքում հաճախ դրանք թուրքական հնչերանգ են ստանում:

- Մի քանի ամիս առաջ հեռուստացույցով տեսա, մեր վայ-աստղերից մեկը, բայց իրենից ոչինչ չներկայացնող, երգեց Շերամ, երբ ասացին, որ այսպես չէ Շերամի երգը, ասաց. ՙԵս երգը այսպես եմ զգում՚: Ու չես կարող չհայհոյել, ա°յ ընկեր, դու պետք է երգը կատարես այնպես, ինչպես Շերամն է զգացել, դու հո հորդ մասին չես երգում: Ուզում ես երգել այնպես, ինչպես զգում ես` ստեղծիր քեզ համար, երգիր, բայց հեղինակը ոգի է տվել, հիմա դու ի՞նչ իրավունք ունես քո ոճով երգել: Չի կարելի, սրբություններ կան... Մի ժամանակ վատ էի զգում, որ ՙՈվ սիրուն, սիրունը՚ աղավաղում էին: Ժողովրդական երգերը, Կոմիտասի երգերը ոնց որ գոհարներ լինեն, աղբյուրից դուրս եկած զուլալ ջրեր են, չի կարելի կպնել, եթե չես կարող կատարել ոնց որ պետքն է, ոնց որ կա, ավելի լավ է ձեռք չտաս:

- Վերջերս Հայրենիքը պահելու, արտագաղթի ճամփան թողնելու կոչ արեցիք:

- Որպես մտավորական, արվեստագետ ցավում եմ այս երկրի վիճակի համար: Մենք հազար տարի երկիր չենք ունեցել, հազիվ կառուցում ենք եւ ինձ վրա շատ է ազդում այդ արտագաղթը, ինչպե՞ս կարելի է թողնել գնալ հայրենիքը: Հայրենիքը հյուրանոց չէ, որ եթե ՙսպասարկումը՚ վատն է, իրերդ վերցնես ու տեղափոխվես ուրիշ հյուրանոց: Հայրենիքը մեր տունն է, եթե տանդ պատը ճաք է տվել, կամ տանիքը կաթում է, պետք է սարքես, ոչ թե երեխեքիդ վերցնես փնտրես ուրիշ տեղ: Հայրենիքը տուն է, պետք է սարքել, ու՞ր են գնում, հակառա°կը, պետք է մնան: Ինչ-որ բան սխալ է այսօր` ընտրություններից դժգոհ են, քվեարկությունից, երկրի վիճակից, կարկուտն է խփել, էս է արել, էն է արել` պիտի մնան պայքարեն դրա դեմ: Որ փախնենք, այս երկիրը ու՞մ ենք թողնելու, մի հսկա երկիր թողել ենք, հերիք չէ՞, մենք 20 տարի է մի փոքրիկ Արցախ չենք կարողանում բնակեցնել, վաղը հսկա հայրենիք ենք վերցնելու, վերցնելու ենք, միեւնույնն է: Աշխարհը այնքան արագ է փոփոխվում, մենք չգիտենք ինչ է լինելու վաղը, բայց ես համոզված եմ առաջիկայում` դա կլինի մի տարի, թե տասը տարի հետո, Թուրքիան բզկտվելու է, մասերի է բաժանվելու, մենք պիտի պատրաստ լինենք մեր հողերին տեր կանգնելու, ու՞ր ենք թողնում գնում: 10-20 տարի հետո այդ սերունդը արդեն հայ չի մնա, որովհետեւ մեր կրոնը թույլ է տալիս ամուսնանալ քրիստոնյա ցանկացած ազգի հետ: Արտագաղթը նոր բան չէ, հարյուրավոր տարիներ այդ ցավը կա մեր ժողովրդի մեջ: Ունեինք Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան: Արեւելյան Հայաստանի ամբողջ մտավորականությունը, արվեստագետները, ամբողջ փողը կուտակված էր Թիֆլիսում, այնտեղ ստեղծել էին ՙՎերնատուն՚, որով հիմա շատերը հպարտանում են: Բայց ես ցավ եմ զգում, ինչո՞ւ Արեւելյան Հայաստանի մտավոր կենտրոնը պիտի լիներ Թիֆլիսում, ինչո՞ւ Երեւանում, Գյումրիում, Սյունիքում չէին կարող ստեղծել, ի՞նչ գործ ունեին այնտեղ: Նույնը Արեւմտյան Հայաստանում, մի քանի միլիոն հայություն կար, բայց ամբողջ մտավոր, հոգեւոր կենտրոնը Պոլսում էր` թշնամու բնի մեջ: Փոխանակ կենտրոնը ստեղծեին Վանում, Կարինում, Էրզրումում, որ մտավորականը, արվեստագետը, փողատերը իր ազգի մեջ լիներ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում