livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

luiza4Հ.Ղափլանյանի անվան թատրոնի դերասանուհի ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ տեւական ժամանակ դադար էր հայտարարել: Դերասանուհին հանգստի, լիցքաթափվելու կարիք է ունեցել: «Զարուհու» հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ սերիալային կրքերից հեռու՝ ժամանակ է ունեցել զբաղվել աղջկա դաստիարակությամբ: Նա այս ընթացքում հասցրել է նաեւ ճամփորդության մեկնել:

 

- Չերեւալու կարիք ունեի՞ք: 

 - Պարզապես, ժամանակն էր, որ ես հանգստանամ, կուտակվեմ, հետաքրքիր գույներ ձեռք բերեմ: Մի քիչ ապրեմ իմ կյանքով ու նորից վերադառնամ: Շատերի կարծիքով դադար հայտարարելը անիմաստ բան է: Այսօր չկան այն որակի չափանիշներ, որին ես եմ ձգտում, պետք է ավելի շատ փողի մասին մտածել, պետք է աշխատել չկորցնել ձեռք բերած ճանաչումը… Բայց ես այլ կարծիք ունեմ: Դերասանին տեւական դադարը պարզապես անհրաժեշտ է:

- Ձեզ վշտացնում է, այն հանգամանքը, որ կողքից շարունակ խոսակցություններ, խորհուրդներ են տալիս մարդիկ, ինչու չէ` նաեւ քննադատում:

- Ե՛վ այո, ե՛ւ ոչ… Ոչ, քանի որ, ի վերջո, ես աշխատում եմ հասարակության համար, եւ նույն հասարակությունն է, որ ինձ դարձրել է ճանաչված: Այդ նույն հասարակությունն է, որ ինձ սիրել է: Եվ, բնականաբար, այդ հասարակության մեջ կա նաեւ այն զանգվածը, ով սիրում է խայթել, քննդատել` տեղին-անտեղին... Չեմ կարող անտեսել, անտարբերության մատնել այդ հասարակության կարծիքը: Իհարկե, ես շատ լավ կարողանում եմ տարանջատել, թե որտեղ է սուբյեկտիվ քննդատություն, իսկ որտեղ` օբյեկտիվ: 

luiza1- Հանրության կողմից Ձեր սերիալային հերոսուհիները, անշուշտ, սիրված են… Չե՞ք կարծում, որ դա պայամանավորված է նաեւ այն հանգամանքով, որ նրանք, այսպես ասած, դրական կանայք են…

- Ուժեղ բնավորություն ունեցող կանայք, ընդունելի չեն: Եթե ես թատրոնում կերտում ու հաճույքով եմ աշխատում բացասական կերպարների վրա, եւ թատերասեր հանրությունն ինձ չի դատապարտում դրա համար, ապա հեռուստատեսային լսարանը ունի իր համար ստեղծած կարծրատիպը: Այն միալար կերպարները, որոնք ես կերտել եմ սերիալներում իրարից շատ քիչ բանով են տարբերվում: Այդ կանայք չունեն հետաքրքիր բնավորություն, չունեն ներքին հակասություններ, ճակատագրական կնոջ հոգեկերտվածք: Իսկ ես մեծ ցանկություն ունեմ, որ մեր հասարակությունը պատրաստ լինի, եթե ոչ սիրելու, ապա, գոնե, հետեւելու, հավատալու նաեւ ոչ ստանդարտ ընդունված դժբախտ, խեղճուկրակ կանանց կերպարներին եւս:

- Եթե առաջարկեն խարակտերային կնոջ դեր, փաստորեն, կհամաձայնե՞ք:

- Իհարկե, մեծ սիրով: Ես դերասանուհի եմ... Դա ինձ համար էլ ավելի հետաքրքիր է: Առաջին հերթին հնարավորություն կա դուրս գալ կարծրատիպերից, ինչն արդեն ստանձնել եմ ու ձեռք եմ բերել: Կրկնվեմ, որ թատրոնում այդ պահանջը, քիչ թե շատ, կարողանում եմ բավարարել: Բայց բոլորս էլ գիտենք, որ թատերասեր հասարակությունը քանակով քիչ է: Այսօր ավելի շատ ճանաչում է բերում հեռուստատեսությունը` ե՛ւ պրոֆեսիոնալներին, ե՛ւ ոչ պրոֆեսիոնալներին:  - Գուցե, ճակատագրական կնոջ դերի մասին եք երազում: - Գիտես, այո, բայց գեղարվեստական ֆիլմի ձեւաչափում, որովհետեւ այստեղ ապահովված է քո կերպարի սկիզբը, կուլմինացիան եւ ավարտը, ինչը չկա սերիալում: Սերիալում նույն բացասական կերպարը հարաբերական է: Այսօր կան սերիալում կանանց կերպարներ, որոնք բացասական են, բայց չունեն իրենց ճանապարհը: Եվ դա դերասանուհու խնդիրը չէ: Դրա համար ձեր հարցին չեմ կարող հստակ պատասխանել, թե ինչ կերպար կցանկանայի խաղալ:  Պատրաստ եմ ամենատարբեր տեսակի կանանց խաղալ... Հանցագործություն կատարած կնոջ, դավաճան կնոջ` միմիայն արդարացված դրամատուրգիական կառուցվածքով բացասական կնոջ...

luiza2- Հանուն մասնագիտության զոհաբերությունների պատրա՞ստ եք:

  - Իհարկե` ոչ: Ես արդեն անցել եմ այդ տարիքից, որ հանուն մասնագիտության որեւէ զոհաբերությունների գնամ: Հանուն մասնագիտության, ինչ զոհաբել եմ, արդեն զոհաբերել եմ: Եվ դա արդեն անցյալում է: Եղել են զոհողություններ: Հայաստանը այնքան փոքր է իր մասշտաբով, որ զոհաբերություններն էլ չեն կարող գլոբալ մասշտաբների լինել, բայց եղել են: Թեպետ չեմ ունեցել այնպիսի ստեղծագործական ճանապարհ, այնպիսի առաջարկներ, այնպիսի հաղթահարելի բաներ, որոնք չհաղթահարեմ, ոչ: Եղել են փոքր եւ միջին զոհաբերություններ, որոնք եղել են ու գեղեցիկ ձեւով հաղթահարվել են: Եվ դրանք իմ ներքին կենսագրության փոքրիկ էջերն են: 

- Փոշմանե՞լ եք: 

- Ոչ, որովհետեւ ես դրանով եմ այսօր հարուստ: Հենց դրանով եմ ոտքերիս վրա պինդ կանգնում: Հենց դրանով եմ ես հասել այն դերասանական ձեռքբերումներին, որոնցով կարող եմ ապացուցել, որ ես ես եմ: Իհարկե, դեռ չկան այն կերպարները, որոնցով կարող եմ ասել` տեսեք, այսպիսինն էլ կարող եմ լինել… Ես այսօր սերիալներում անում եմ այն, ինչը կարող է անել յուրաքանչյուր պրոֆեսիոնալ արտիստուհի: Բայց չի եղել որեւէ բան, որ ես ասեմ, տեսեք ես դա կարողացա անել ու հոգու խորքում, ժպտալով արձանագրեմ, որ դա եղել է իմ զոհողությունների արդյունքում, որ ես ժամերով սոված, հոգնած, անձնական հիասթափություններ ապրելուց հետո հասել եմ այս կարողությանն ու հնարավորությանը: Երեւի թե, այդ օրը մի օր կգա, եւ ես առաջինը ձեզ բացառիկ հարցազրույցի կարգով կպատմեմ այդ մասին: Այսօր ես չեմ ուզում գնալ որեւէ զոհողությունների, որովհետեւ չեմ տեսնում հանունը… 

- Հաճա՞խ եք արտասվում…

- Օ՜, շա՜տ, շա՜տ: Իմ տեսակով շատ էմոցիոնալ մարդ եմ: Մայրս կես կատակ, կես լուրջ միշտ ասում է, որ իմ մի աչքի տակ արցունք է, մյուս աչքի տակ` ժպիտ: Ես կարող եմ արտասվել փողոցում` մուրացկանի անօգնական վիճակից, եթե, իրոք, զգում եմ, որ դա մուրացկան է, այլ` ոչ փոքր բիզնեսի մարդ, ֆիլմ նայելուց` հուզվել եւ, վերջապես, կարող եմ երջանկությունից հուզվել, երբ տեսնում եմ պատի վրա նկարող իմ փոքրիկին, ով նկատելով ինձ` վախենալով սկսում է մատիտները դեն շպրտել: 

- Դա համարո՞ւմ եք կանացի թուլություն:

- Ոչ, կանացի թուլությունները բոլորովին ուրիշ բաներ են:luiza3

- Ունե՞ք:

- Իհարկե, ունեմ, բայց թուլություններիս մասին ես չեմ ասի հանրությանը, որովհետեւ դրանք իմ թուլություններն են: Յուրաքանչյուր մարդ պետք է իր թուլությունների վրա աշխատի: Եթե ես չեմ կարող դրանք փոխել, գոնե դրանք չեմ տարածի:

- Ինչո՞վ էիք զբաղված է, երբ դադար էիք հայտարարել: 

- Պրակտիկորեն` ոչ մի բանով: Թատրոնում աշխատում էի նոր ներկայացումների վրա: Շարունակում էի խաղալ ընթացիկ ներկայացումներում: Հիմնականում զբաղվում էի փոքրիկիս դաստիարակությամբ:Հեռուստատեսային կյանքս թողեցի նաեւ նրա համար, որովհետեւ իմ աղջիկն իր կյանքի ամենակարեւոր քայլերից մեկն էր անում. դպրոց գնաց: Դա ինձ համար լուրջ շրջան էր: Ավելի կարեւոր էր ունեցածս ներուժը` մարդկային, մայրական, դնել, քան տարբեր սերիալներում նկարահանվել եւ մի քիչ փող աշխատել: Մի խոսքով, զբաղվում էի ընտանիքով… Երեխային տանում էի տարբեր խմբակներ: Հիմա անցել ենք ուրիշ շրջան, երբ փորձում եմ համատեղել ընտանիքն ու աշխատանքը:

- Նոր դերեր ունեցա՞ք թատրոնում:

 - Իհարկե, երկու նոր դեր ունեցա, հետաքրքիր աշխատանքներ էին ինձ համար: Մեկը՝ «Մամա միա» ներկայացումն էր, մյուսը՝  «Ա՜խ, Աննա, Աննա»-ն: Շատ համով-հոտով կերպարներ էին: Ճաշակի մեջ, ինչպես մեր թատրոնի յուրաքանչյուր ներկայացում: Հերթական դերեր չէին:  Ճամփորդեցի այս երկու տարվա ընթացքում: Եղա ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ էմիրություններում, Իսպանիայում, Թուրքիայում, ինչպես նաեւ իմ երազանքների քաղաքում` Պրահայում… Շատ-շատ սիրեցի Պրահան, ոգեշնչվեցի… Վերադարձից հետո ստացա առաջարկ` նոր հեռուստանախագծում նկարահանվելու եւ, ես համաձայնեցի: Սպասելիքներս առայժմ չեն արդարացվել, բայց վստահ եմ, որ դեռ կներկայանամ այնպես, ինչպես մտադրվել եմ ի սկզբանե` սերիալի նախաձեռնողների հետ: Դեռ իմ կերպարը շարունակում է մնալ նախորդ կերպարների պես, բայց սերիալն այնպիսի արտադրանք է, որտեղ հնարավոր է ամեն ինչ փոխվի: Վստահ եմ, որ կերպարը կունենա իր զարգացումները, որից ես հաճույք կստանամ:

- Հարցազարույցներից մեկում ասել էիք, որ Ձեզ չի հաջողվել գեղարվեստական ֆիլմում նկարահանվել, ի՞նչն է պատճառը:

- Չեմ կարող ասել դրա պատճառները, որովհետեւ չեմ փորձում փնտրել, որովհետեւ հույս ունեմ, որ մի օր կսկսեմ աշխատել, եւ այս ամենը կմնա անցյալում: Պարզապես, եղել են անհամաձայնություններ, որոնք, երեւի թե, օրինաչափ են: Միշտ չէ, որ առաջարկված դերը սրտովդ է լինում… Եթե սերիալում համաձայնում ես, քանի որ կոմերցիոն բնույթ է կրում, ապա գեղարվեստական ֆիլում պատկերն այլ է: Եթե չկա հետաքրքիր դեր, կա միջին գումար, ես հրաժարվում եմ: Չի եղել դեռ այն տարբերակը, որտեղ լինի շատ լավ դեր, որ ես աչք փակեմ գումարի վրա ու խաղամ հաճույքով: 

- Շատ լավ դեր կոչվածը ո՞րն է:

- Ես միանգամից զգում եմ, իմն է այս դերը, թե` ոչ, կունենա՞մ հաջողություն, թե` ոչ, կշահե՞մ, թե կտուժեմ... 

-Երբեմն դերասանները սխալվում են:

- Չեմ կարծում: Ներքին ձայնը միշտ ճիշտ է լինում:

luiza- Կապ ունի գլխավոր դեր կամ երկրորդ պլանի դեր խաղալը Ձեզ համար:

- Ոչ, չունի, որովհետեւ, եթե դու ներգրավված ես մի նախագծում, որը հաջողակ է լինելու, ու եթե երկրորդ պլանի դեր էլ խաղաս, կշահես: Այդքան էլ լավ բան չէ գլխավոր դեր խաղալը: Դա շատ սին, ռոմանտիկ եւ մի տեսակ սարքած, ամիբիցիոզ բան է: Դու կարող ես խաղալ փոքր դեր, բայց ունենալ մեծ հաջողություն: Բայց թույլ չեմ տա ինձ երրորդական, չորրորդական մի դեր խաղալ գործում, որտեղ հասկանամ, որ կարող եմ խաղալ առաջինը, իսկ  առաջին պլանի կերպարում ներկայացված է մի մարդ, ով քեզանից թույլ է: Բայց, եթե ես տեսնեմ, որ խաղընկերներս հզոր դերասաներ են, եւ ես ունենամ փոքր դեր, մեծ հաճույքով կխաղամ ու կշահեմ: 

- Ձեզ սկանդալային դերասանուհի համարո՞ւմ եք:

- Բացարձակ:

- Հեռու եք Ձեզ  պահում ինտրիգներից...

- Փորձում եմ, եւ ինձ դա հաջողվում է: Դրա համար շատ մեծ խելք չի պահանջվում: Պետք է լինել ազնիվ, չմտնել ինտրիգների մեջ: Տարիքի հետ եկող  ձեռբքերովի բնավորություն է: Հեռու եմ պահում ներքին խոհանոցային բամբասանքներից: Ինքս ինձ հավատարիմ եմ մնում, ասում եմ այն, ինչ մտածում եմ, իհարկե, չվիրավորելով դիմացինին: 

- Էլ ինչի՞ց եք Ձեզ հեռու պահում:

- Հեռու եմ պահում ինձ փարթիներից, երեւանյան ակումբային կյանքից: Դրա համար էլ ասում եմ, բնավ սկանդալային դերասանուհի չեմ համարում: 

- Ինչպիսին են Ձեր հարաբերությունները ամուսնու հետ: Նա հաճախ է Ձեզ հաճոյախոսում: 

- Շատ: Դրանք աշխարհի ամենաանկեղծ հաճոյախոսություններն են: Նա ինձ շատ-շատ է սիրում, թե որպես իր երեխայի մայր, թե որպես կին, թե ընկեր… Նա ինձ շատ լավ է ճանաչում, գիտի իմ լավ եւ վատ կողմերը: 

- Շատ չեք տեսնում իրար: Դժվա՞ր է բժշկի կին լինելը: 

- Ձեր այս հարցին այսպես պատասախնեմ: Երբ աղջիկս շատ փոքր էր, ուզում էի նա բժիշկ դառնա, մանկաբույժ՝ Գաբրիելա Գեորգեւան: Միշտ սիրել ու հարգել եմ այդ աշխարհի մարդկանց: Բայց տարիներ հետո հասկացա, որ դա շատ բարդ աշխատանք է, ծանրագույն մասնագիտություն, թող նա լինի, Գաբի՝ հաջողակ, բախտավոր անձնավորություն: 

 - Ձեզ առաջարկել էին զբաղվել քաղաքականությամբ, եւ դուք մերժեցիք: Փոշմանե՞լ եք: 

- Իհարկե` ոչ: Տա Աստված, որ փոշմանեմ, ես շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ քաղաքականությունն իմ տեղը չի: 

Զրույցը՝ ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում