filipԵրգիչ ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ երբեք իր մասին մոռացնել չի տալիս: ՙԵվրատեսիլում՚ Ադրբեջանի մասնակցին սատարելուց ու հերթական անգամ հայերի մոտ ազգի դավաճանի պիտակը թարմացնելուց հետո Ֆիլիպը, կարծես թե, սկսել է կրկին քավել իր մեղքերը:

Նոր ալիք մրցույթի շրջանակներում, նա բազմիցս բարձր գնահատականների է արժանացրել մեր մասնակիցներին, իսկ Վլադիմիր Արզումանյանի կատարման ժամանակ Ֆիլիպը ժյուրիի անդամներին հորդորեց` ամենաբարձր գնահատականներին արժանացնել հայ մասնակցին, այլապես ինքը ժյուրիի անդամներին կընդունի որպես իր անձնական թշնամիների:

Բոլորովին էլ պատահական չէ, որ վերջերս ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի` Մոսկվայում կայացած բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ, երբ Մամեդյարովը փորձել է համոզել Լավրովին եւ ռուս լրագրողներին, որ Ադրբեջանն իսկապես 10 բալ է տվել ՙԵվրատեսիլ-2013՚-ին Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովային, սակայն անհասկանալի դետեկտիվ պատմության արդյունքում այդ 10 բալը չի հասել հասցեագրված անձին: Իսկ Սերգեյ Լավրովն էլ հավելել է, որ ՙԻրենց մասնակցի միավորները ՙԵվրատեսիլում՚ գողանալու վիրավորական գործողությունները, մեղմ ասած, այդքան էլ ուրախացնող հանգամանք չէ, եւ խոստացել է, որ այդ վիրավորական ակցիան անպատասխան չի թողնի՚:

Գուցե, Լավրովը այդ պատասխան հակահարվածն անում է հենց Ֆիլիպի միջոցով, որովհետեւ չմոռանանք, որ հենց Ֆիլիպն էր սատարում Ադրբեջանի այս տարվա մասնակցին, այլ ոչ թե, ասենք, Ռուսաստանի ներկայացուցչին:

Ինչեւէ, պարզից էլ պարզ է, որ Ֆ.Կիրկորովի բոլոր դիմակները բացահայտված են, ու երբ վերջինիս այս կամ այն թշնամի երկրից ստացված գումարները վերջանում են, նա հիշում է իր ազգության մասին, կամ էլ հարազատ Ռուսաստանն է հիշեցնում նրա ով լինելը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ