derasan1Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ տեւական ժամանակ դադար էր հայտարարել: Այն պայմանավորված էր նրա բալիկի՝ Աիդայի, լույս աշխարհ գալու հետ: «Զարուհու» հետ զրույցում դերասանուհին խոսեց իր հին ու նոր դերերի, ընտանիքի եւ դերասան ամուսնու մասին:

 

-Նախ սկսենք նրանից, թե ի՞նչ նորություններ ունի այս շրջանում դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը: Ինչո՞վ կհետաքրքրի իր հանդիսականին:

- Թատրոնում նոր գործի վրա ենք աշխատում: Դա Նիլ Սայմոնի «Ճաշի հրավեր» պիեսն է, որտեղ ստացել եմ բավական հետաքրքիր դեր: Երեք կանանցից մեկն եմ: Ի դեպ, երեքն էլ շատ հետաքրքիր ու գունեղ կերպարներ են: Շարունակում եմ նաեւ խաղալ իմ ունեցած դերերը:

- Վերջերս նաեւ սերիալում նկարվելու հրավեր ստացաք:

- Այո, «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Երեք կյանք» սերիալն է: Դա ինձ համար նորություն էր: Ես երբեք չէի նկարվել սերիալներում, ավելի ճիշտ, շատ վաղուց եմ ունեցել սերիալում նկարվելու փորձը, մոտ 5-6 տարի առաջ էր: Հիմա այլ կերպ եմ վերաբերում այդ աշխատանքին: Համամիտ չեմ այն կարծիքին, որ սերիալը զուտ փող աշխատելու միջոց է:

- Ուզում եք ասել, որ ազնիվ եք աշխատում:

- Սերիալում եւս աշխատում եմ՝ որպես պրոֆեսիոնալ դերասանուհի: Կոպիտ ասած, գլուխ պահել չկա:

derasan0- Փաստորեն, դադար կար, չէիք նկարվում, հրավերներ չունեիք, թե...

- Ոչ, հրավերներ ունեի, պարզապես, մերժում էի, քանի որ գտնում էի, որ պատրաստ չեմ սերիալում նկարվելու համար: Դրա հետ մեկտեղ շատ էր զբաղվածությունս թատրոնում: Իսկ հիմա արդեն կարող եմ ինչ-որ չափով համատեղել: Թատրոնն աճող օրգանիզմ է. գալիս են նոր դերասան-դերասանուհիներ, ու քո աշխատանքը թեթեւանում է: Հիմա հատուկ դերերով ենք աշխատում, իսկ այն ժամանակ համարյա բոլոր ներկայացումներում զբաղված էինք:  

- Ի դեպ, ի՞նչ կարծիք ունեք նոր դերասանների մասին:

- Չեմ կարող ասել, որ նրանց հանդեպ բացասական եմ տրամադրված: Նրանց մեջ կան լավ կադրեր: Պետք է ասեմ, որ նրանք նոր, թարմ շունչ բերեցին թատրոն: Ու քանի որ տեւական ժամանակ թատրոնում չէի, բալիկս էր լույս ախարհ եկել, առայժմ նրանց հետ չեմ աշխատել: Նոր ներկայացման մեջ, ի դեպ, ունեմ նոր խաղընկերներ, որոնց հետ աշխատանքը, հուսամ, կլինի հետաքրքիր:

- Իսկ ի՞նչ թերություններ ունեն ձեր թատրոնի նորեկները:

- Երբ մենք եկանք թատրոն, տասը տարի առաջ էր: Մենք ամեն օր մեզ վրա աշխատում էինք: Ես չեմ կարող ասել, որ գլուխս բարձր,  ինստիտուտն ավարտելուց հետո եկա թատրոն ու իդեալական դերասանուհի էի: Մինչ օրս էլ աշխատելու տեղ ունեմ, գիշերները չքնելու, հերթական կերպարի մասին մտածելու, ինչը թերեւս չեմ տեսնում նոր սերնդի դերասանների մոտ: Ես, իհարկե, որոշակի դժվարություններ ունեի նաեւ ռուսերենի հետ կապված: Ինձ համար այն օտար լեզու էր: Չնայած, որքան էլ մենք ուզենանք, միեւնույնն է չենք կարող խոսել կատարյալ ռուսերենով այնպես, ինչպես կխոսի ռուս դերասանը:

- Ի դեպ, Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտում Դուք ավարտել եք ռուսական բաժինը, քանի որ Ձեզ չեն ընդունել հայկական, այդպե՞ս է:

- Ի սկզբանե, ես դիմել էի հայկական բաժին, քանի որ համոզված էի, որ ինձ համար դժվար կլինի ընթացքում ռուսերենով սովորելը, բայց ինչ-ինչ պատճառներով հայտնվեցի ռուսական բաժնում՝ Ալեքսանդր Գրիգորյանի կուրսում: Նա իմ մեջ տեսավ այն, ինչը չտեսան հայկական բաժնի կուրսղեկերը: Եվ ես, անկեղծ ասած, շատ ուրախ եմ դրա համար: Իհարկե, ուսման ընթացքը շատ դժվար էր, քանի որ ստիպված էի ամեն ինչ զրոյից սկսել:

- Զղջո՞ւմ եք, որ ճակատագիրն այդպես դասավորվեց:

- Լինում են չէ՞ դեպքեր, որ մտածում ես՝ իսկ եթե նորից ծնվեի... Եթե նորից ծնվեի, ապա դերասան կդառնայի, թատերական ինստիտուտ դիմելուց էլ՝ ռուսական բաժինը կընտրեի: Ինձ հետաքրքիր է եղել ռուսական բաժնում սովորելը: Երբեք չեմ փոշմանել:  

- Երբ կայացման փուլում որեւէ բան չէր ստացվում, արցունքներ եղե՞լ են:

- Իհարկե, եղել են ու մինչեւ հիմա էլ լինում են... Եվ այդ արցունքները, ոչ թե իմ մեջ որեւէ բան են կոտրել, այլ հակառակը՝ օգնել են, որ ապացուցեմ ինքս ինձ, որ կարող եմ ավելին անել: Գաղտնիք բացեմ, գործընկերներիցս որեւէ մեկը երբեք չի տեսել ինձ թաց աչքերով:   

- Ո՞ւժ են տալիս արցունքները:

- Թատրոնի նեղ խոհանոցում ես ինձ համարում եմ ուժեղ դերասանուհի:

derasan3- Իսկ բեմադրիչների հետ հաշտ ու խաղա՞ղ եք աշխատում, թե պատահում է ընդհարվում եք:

- Եղել են բեմադրիչներ, որոնց հետ, այսպես ասած, իրար չենք հասկացել, բայց երբեք բանը չի հասել գոռալուն:

- Իսկ ինչպիսին են դերասան ամուսնուդ՝ Իշխան Ղարիբյանի հետ հարաբերությունները:

- Չկա ընտանիք, որտեղ չլինեն թեթեւ ընդհարումներ: Մեզ համար անհետաքրքիր կլիներ այդ խաղաղությունը: Պատահում են ե՛ւ վեճեր, ե՛ւ գոռգոռոցներ, բայց դրանք ավելի շատ գործի վերաբերյալ են: Ասենք, կերպարների առումով, նա է ինչ-որ բան ասում, ու ես համաձայն չեմ եւ՝ հակառակը: Իսկ կենցաղային վեճեր չեն լինում:

- Ասացիք, որ աշխատանքային դադարը պայմանավորված էր Ձեր դստրիկի՝ Աիդայի լույս աշխարհ գալով: Ի՞նչ փոխվեց Թեհմինե Խաչատրյանի մեջ: Ինչպիսի՞ն է Ձեր կյանքի նոր փուլը:

- Այսօր երկու կարեւոր մաս ունեմ կյանքում՝ ընտանիքս եւ թատրոնը: Մինչեւ բալիկիս ծնվելը միայն թատրոնն էր: Ես ինձ շատ-շատ էի նվիրել թատրոնին: Մինչեւ հիմա էլ նվիրված եմ, հարցը այդ չէ: Բայց, երբ տանը քեզ սպասող բալիկ ունես, քո ուշքն ու միտքն արդեն տունն է, դու շարունակ մտածում ես՝ տեսնես ի՞նչ արեց, ո՞նց արեց եւ... Շատ ժամանակ էլ ստիպված ես լինում երեխայիդ հիվանդ թողնել տանը ու գալ փորձի կամ ներկայացման: Խանգարող հանգամանք է թատրոնի համար, եւ արդյունքում, հաղթում է մայրը, այլ ոչ՝ դերասանուհին:

- Գուցե, հենց դա է պատճառը, որ շատ դերասաններ միայնակ են մնում:

- Մեր ժողովրդական դերասանուհիներից մեկը մի օր ասաց ինձ, որ, եթե դերասանուհին իր ամբողջ կյանքում ցանկանում է շարունակ աճել, նա չպիտի ունենա ընտանիք եւ միայն նվիրվի թատրոնին: Թատրոնը շատ ժամանակ է խլում, էգոիստ է... Իսկ երբ նժարի վրա ես դնում թատրոնը երեխան, ընտանիքը, բնական է, որ նախապատվությունը տալիս ես ընտանիքին, որովհետեւ դա ամենակարեւոր բանն է:

- Այսինքն՝ կանացի երջանկությունը:

- Բայց կատարյալ երջանիկ լինելու համար պետք է լրացնես քո սիրելի գործով:  Եթե ես ամբողջ օրը միայն երեխայով զբաղվեի, հնարավոր է, ինչ-որ բան իմ կյանքում կպակասեր: Յուրաքանչյուր կին երջանիկ է, երբ ունի սիրած աշխատանք, սիրող ամուսին ու երեխա:

- Քանի որ որոշ ժամանակ թատրոնում չէիք, Ձեր դերերին նոր դերասաններ էին նշանակել, ցավո՞տ տարաք այդ փաստը:

- Իհարկե՝ ոչ թատրոնի գեղղեկավարի խնդիրն է այնպես անել, որ ներկայացումները «պրովալ» չգնան: Այդպես էլ պետք է լիներ:

- Ունե՞ք մի դեր, որը ձեզ հաջողություն է բերել:

- Իհարկե՝ ունեմ: Դա Չեխովի «Երեք քույր» ներկայացումից Մաշան է: Այս թատրոնում մի քանի տարի աշխատելուց հետո ստացա այդ դերը: Կարող եմ ասել, որ իմ լավագույն աշխատանքներից մեկն է: Ցավոք սրտի, այդ ներկայացումը հիմա ինչ-ինչ պատճառներով չի բեմադրվում: Բայց ես կանգ չեմ առնում ու ասում, որ նա էր միակ իմ լավ դերը: Իհարկե՝ ոչ, ամենալավ դերը առջեւում է: Ամեն անգամ՝ նոր դեր ստանալուց, ինքս ինձ ասում եմ, որ սա պետք է լինի իմ ամենալավ դերն այս թատրոնում: Ուղղակի, Մաշան ինձ համար ավելի մոտ էր, հարազատ էր... Եվ ես նրան շատ էի սիրում: Հուսամ, որ մի օր նորից բախտ կվիճակվի, ու ես կխաղամ:

- Ի՞նչն էր այդպես Ձեզ նույնացնում Մաշայի հետ:

- Այն ժամանակ դերասանուհի Թեհմինե Խաչատրյանն ու Մաշան նույնն էին, շատ նման էին իրենց ապրումներով, սիրո զգացողություններով եւ...  Գուցե, այդ էր դերիս հաջողության գաղտնիքը:

- Անկեղծ խոստովանեք, կյանքում խաղալը հարմա՞ր բան է:

- Ոչ, երբեք: Երբ ես խաղում եմ թատրոնի բեմում, ներկայացումից հետո այնքան դատարկված եմ զգում, այնքան հոգնած, որ կյանքում ուժերս չի ներում խաղալու: Իսկ եթե ես ապրեի կյանքում այնպես, ինչպես իմ բեմական կերպարներն են ապրում, ապա տասը տարուց ավելի չէի ձգի: Ինձ համար անհասկանալի է, երբ ասում են, որ դերասանը կյանքում խաղում է: Անձամբ ես երբեք կերպարներիցս որեւէ մեկին չեմ օգտագործել՝ որպես դիմակ:

- Հարմար տարբերակ է այդ դիմակը, այնպես չէ՞:

- Գուցե... Կան դեպքեր, որ քեզ անհրաժեշտ է այդ դիմակը, բայց պետք չէ այն ամեն օր կրել: Դա արդեն անտանելի կլինի:

- Դուք ունե՞ք դերասան ընկերուհիներ, թե դերասանուհին ընկերուհի չի ունենում:

- Ունենում է: Իմ ամենամոտ ընկերուհիներից մեկը՝ դերասանուհի Անաիդա Գաբրիելյանն է, ում արդեն տասը տարուց ավել ճանաչում եմ: Մենք սովորել ենք նույն կուրսում: Երեք աղջիկ էինք, ի դեպ, ես, Անաիդան եւ Յուլյա Ֆինկը: Երեքս էլ եկանք թատրոն ինստիտուտն ավարտելուց հետո: Այսօր Յուլյան ինչ-ինչ պատճառներով թատրոնում չի աշխատում: Մեր մեջ երբեւէ մրցակցություն չի եղել: Հակառակը՝ միշտ օգնել ենք իրար, խորհուրդներ տվել:

- Դե՞մ եք մրցակցությանը:

- Ես ընդունում եմ առողջ մրցակցություն թատրոնում, որովհետեւ դա անհրաժեշտ է: Ես ունեցել եմ դուբլյորով դերեր եւ դա երբեւէ ցավոտ չեմ տարել, նույնիսկ այն դեպքում, երբ դուբլյորը ավելի փորձառու է: Միեւնույնն է, ամեն դերասան իր գույնով է ներկայանում բեմում:   

derasan2- Հայ դերասանուհիներից շատերը բեմում բարդույթավորված են, Դո՞ւք էլ եք այդպիսին:

- Բարդույթավորված դերասանուհի ինձ չեմ համարում, քանի որ ունեցել եմ ներկայացում, որտեղ համարյա կիսամերկ էի: Նման տեսարաններից չեմ հրաժարվում, եթե գեղեցիկ են արվում, կերպարից ելնելով, այլ ոչ թե բեմադրիչն է այդպես ցանկանում: Կան ներկայացումներ, որտեղ կան համբուրվելու տեսարաններ:

- Հայ իրականության մեջ հաճախ ասում են, եթե դերասանուհի է, ապա սիրուհի, համամի՞տ եք այս խոսքերի հետ:

- Կարող է լինել այս կերպ. եթե գործավարուհի, ապա սիրուհի, վաճառողուհի, ապա սիրուհի... Պարզապես դերասանուհու մասնագիտությունն աչքի ընկնող մասնագիտություն է: Դերասանուհիները հնուց ի վեր ուշադրության կենտրոնում են եղել, տղամարդիկ միշտ իրենց ոտքերի առջեւ են եղել: Նրանց ծաղիկներ են նվիրել: Գուցե, դրա հետ են կապում: Ասել, որ միայն դերասանուհիներն են սիրուհիներ, սխալ է:

- Խոհանոցային գործերում, ինչպիսի՞ն եք:

- Շատ եմ սիրում խոհանոց, բայց ժամանակի սղության պատճառով շատ չեմ լինում այնտեղ: Միայն իմ բալիկի ուտելիքն եմ պատրաստում: Ես նրան անգամ հյութեր չեմ տալիս խանութից գնած: Ամեն ինչ իմ ձեռքով եմ պատրաստում: Իսկ ամուսնուս համար, եթե ժամանակ է լինում, երբեմն պատրաստում որեւէ համեղ բան: Սիրում եմ տորթեր եւ խմորեղեն պատրաստել: Ես ունեմ սկեսուր, որն այդ հարցերում ինձ շատ է օգնում: Նա հիանալի անձնավորություն է՝ օգնում է ինձ մեծացնել բալիկիս: Տան անդամների համար մեր տատիկն է պատրաստում, եւ պետք է ասեմ, որ՝ շատ համեղ:

- Դերասանները երազում են մրցանակ ստանալու մասին, իսկ Դո՞ւք:    

- Չեմ երազել, չեմ երազում: Ինձ համար շատ ավելի կարեւոր էր, որ թատրոնում մինչեւ իմ բալիկի լույս աշխարհ գալը, մեր գեղարվեստական ղեկավարը որոշել էր ներկայցնել ինձ «Արտավազդ» մրցնակաբաշխությանը՝ որպես «Տարվա լավագույն դերասանուհի»: ԻՆձ համար այդ որոշումը տարվա կտրվածքով ավելի հաղթական էր, քան մրցանակ ստանալ- չստանալը: Իհակե, որ գործ ես անում, շատ հաճելի է ստանալ մրցանակ: Քեզ գնահատված ես զգում:

Զրույցը՝ ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ