livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՙ100-ամյակին 100 արձան՚ ծրագրի հեղինակ ՍՈՒՐԵՆ ԲԱԼՈՒՄՅԱՆԸ  մտադիր էր 2015 թվականին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, պատրաստել ազգի հերոսների եւ նշանավոր մարդկանց 100 մոմե արձաններ: Ըստ հեղինակի` նպատակը մեկն է, թեկուզ 100 տարի անց սերունդներն իմանան, թե ով ենք եղել. ՙՈւնեցել եք Սերգեյ Մերգելյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց... մտադիր էի նրանց պատկերել ՙկենդանի՚ մոմե արձաններով, որ սերունդների մոտ նրանք ոչ միայն գրականությունը քրքրելով տպավորվեն, այլ` ուղղակի մոմե արձաններով: Եվ երեխան էլ, երբ թանգարանում տեսնի կերպարը, միանգամից կտպավորվի, թե ով է Նժդեհը՚:

Սակայն, երբ տարիներ առաջ հեղինակը սկսեց Գարեգին Նժդեհի մոմե արձանով, այն լավ չընդունվելուց հետո մնաց միայնակ: Մինչ օրս արձանը չունի իր համար նախատեսված վերջնական հանգրվան ու սկսած ՙծնված՚ օրվանից ապրում է թափառականի կյանքով:

ՙՆժդեհից հետո շատ կերպարային առաջարկներ եղան, բայց որ առաջին արձանը` Նժդեհը, լավ չընդունվեց, ընդհատեցինք՚:

Արձանը պատրաստ լինելուց հետո տեղադրվել է Ժամանակակից արվեստի թանգարանում, այն ժամանակ թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանի նախաձեռնությամբ: Բայց մի քանի ամիս անց, երբ Ս. Սարուխանյանն անցնում է թոշակի, իրեն հաջորդած տնօրեն Հովիկ Հովեյանը` նախկին ՀՀ մշակույթի նախարարը, որոշում է արձանից ազատվել, եւ ինչպես մոմե արձանի հեղինակն է փաստում` դուրս շպրտել թանգարանից, կամ, լավագույն դեպքում` նկուղ. ՙԿարելի էր մի անկյուն գոնե հատկացնել, այս մարդը մի ամբողջ երկիր պահեց: Եթե Զանգեզուրը չպահեր, այսօր Հայաստանը չէր լինի: Լավ, նա մի փոքր տեղի արժանի չէ՞ր:  Ի վերջո, արժանացավ նկուղին` զուգարանի կողքը, խոնավ... Ես այդտեղից եմ փրկել արձանը: Դրանից հետո` մի քանի օր անց ծանոթացա ՙՄայր Հայաստան՚ զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանի հետ, եւ արձանը մինչեւ այսօր` արդեն 4 տարի է գտնվում է իր տնօրինած թանգարանում: Ինչ հնարավոր էր արվեց արձանը տեսքի ու կարգի բերելու համար՚,- պատմում է Ս. Բալումյանն ու փաստում, որ ՙՄայր Հայաստան՚ թանգարանում հոգատար են արձանի նկատմամբ:

ՙԼավ, հասկացանք` իրական կյանքում Նժդեհը չընդունվեց, այն ժամանակ թշնամիներ էին Կոմունիստների հետ, երեւի, նրան բերդում այդպես չեն տանջել, ինչպես այս մոմե իր կերպարում: Լավ, մի երեխա կարող է բեղը քաշի կամ կպնի, դա հասականալի է, բայց երբ թանգարանի տնօրենն է այդպես վերաբերվում մեր հերոսի հետ... Ինչպե՞ս կարող է մի մարդ իր ազգային հերոսին վերցնել ու շպրտել նկուղ ու ասել` թող գա տանի: Արձանի արժեքը դեռ մի կողմ, բա ո՞ւր մնաց այդ հարգանքը, երբ ասել էր, թե փողոց եմ շպրտում, թող գա տանի: Ուղղակի զորավարի նկատմամբ նման արհամարհանքն է զարմանալի: Նժդեհի անունով փողոց, դպրոց ենք անվանում, իր անունից աֆորիզմներ ենք մեջբերում եւ հանկարծ վերցնում դուրս ենք շպրտում: Կոմունիստների ժամանակ, եթե Լենինի արձանի կողքին փռշտայիր, դպրոցից կհանեին: Հարգանք էր պետք ցուցաբերել ազգային արժեքների նկատմամբ: Եթե այսօր հանրապետություն ունենք, ապա դրա մեջ մեծ բաժին ուներ նաեւ Նժդեհը: Ուղղակի արժանի չէր նման վերաբերմունքի, նա Վլադիմիրի բերդում չէր` իր երկրում էր՚:

Արձանը ԺԱԹ-ում գտնվելու ընթացքում հասցրել է մի քանի վնասվածքներ ձեռք բերել: Սկզբում կոտրվել է արձանի մոմե մատը, վնասվել ոտքը. ՙՀիմա արձանի վիճակը վատ է: Սա իմ անձնական հարցը չէ, ազգային ընդհանուր հարց է, ամեն մարդու սիրտը պիտի ցավի սրա համար: Իսկ ի՞նչ է, իրենց դո՞ւր է գալիս, որ իրենց զորավարը` Նժդեհը, գլուխը կախ կանգնած է հայրենիքում: Նա միշտ հպարտ է կանգնել, գլուխը բարձր: Նույնիսկ մի անգամ Նժդեհի թոռը, թե ծոռը եկել է թանգարան ու տեսնելով արձանը` ասել է, որ սա իմ պապը չէ, այս ի՞նչ վիճակ է: Երբ գնացի տեսա` ասացի` որտեղի՞ց իր  պապը լինի, ինչ տարբերություն` մեկ ամիս լինի բերդում, թե զուգարանի կողքին` խոնավ նկուղում կանգնած՚:

Արձանի հեղինակին մտահոգում է այն, որ նա ոչ մի երաշխիք չունի, եթե Աստված մի արասցե այս թանգարանի բարի տնօրենին էլ հեռացնեն աշխատանքից, մեկ ուրիշը չի գա ու այդտեղից վռնդի Նժդեհի մոմե արձանը:

ՙԱյս արձանը վերջնական իր տեղը պիտի՞ ունենա, թե` ոչ՚,- ասաց Բալումյանն ու հիշեց մի զավեշտալի դեպք. ՙԵրբ առաջին օրը արձանը տեղափոխեցինք ՙՄայր Հայաստան՚ թանգարան, գիշերը պահակը գալիս է հերթափոխի ու տեսնում մարդ է կանգնած, մտածում է գող է մտել թանգարան ու մահակ է վերցնում գալիս, որ խփի: Հետո տեսնում է ո՛չ շարժվում է, ո՛չ էլ` խոսում, ձեռք է տալիս` հասկանում, որ արձան է՚,- պատմեց հեղինակն ու մտահոգված ասաց. ՙՉգիտեմ, թե այս հարցով ում դիմեմ, որ վերջնական լուծում ստանա: Առաջնայինն այս հարցն է, հնարավոր է մի օր ոտքը կամ գլուխը կոտրվի ու արդեն վերջ, արձանը դեն նետելու բան է: Քաղաքապետարանից խոստացել էին մի լուծում տալ, բայց կա՛մ մտահան են արել, կա՛մ էլ ավելի բարդ հարցեր կան՚:

Իսկ Մշակույթի նախարարություն չի պատաստվում դիմել. ՙԻնչո՞ւ նախարարությունը չգիտի՞, որ ում է նշանակել տնօրեն, երեւի Նժդեհի փոխարեն Ալիեւի արձանը լիներ, Հովիկ Հովեյանը այդպես եռանդով դուրս չշպրտեր, ինչպես վարվեց Նժդեհի դեպքում՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում