altՏարիներ առաջ Հայաստանը «համարվում»էր մրցանակների երկիր եւ մշակույթի գրեթե բոլոր ճյուղերը ոչ թե մեկ այլ մի քանի մրցույթներ ու մրցանակաբաշխություններ էին անցկացնում, իսկ վերջում, բնականաբար, մրցանակակիրները` գոհ, իսկ մնացածները դժգոհ հեռանում դահլիճից: Հիմնականում դա տեղի էր ունենում Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպած «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ:

Վերջին անգամ անցկացված «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ից նույնպես քիչ չէր «նեղացածների» քանակը: Այս տարի մրցանակաբաշխությունը դեռեւս չի կայացել, շատերը դա կապում են անցյալ տարվա անվանակարգերում ընդգրկված, բայց այդպես էլ մրցանակի բերկրանքը չտեսած «նեղացածների», իսկ մի մասն էլ` Հանրային հեռուստաընկերության ղեկավարության փոփոխության հետ:


«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ» ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԿԱՅԱՆԱ»

Սակայն «Զարուհու» հետ զրույցում Հանրային հեռուստատեսության երաժշտական եւ զվարճալի ծրագրերի պրոդյուսեր եւ «Թաթա պրոդաքշնի» գլխավոր պրոդյուսեր ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ հավաստիացրեց.
- Այո, լինելու է, ուղղակի հիմա հեռուստատեսության նոր եթերաշրջանի հետ կապված` զբաղվածություն ունենք, ինչի համար էլ ձգձգվում է: «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն» անպայման կայանալու է: Իսկ նախագիծը կա եւ կյանքի կկոչվի ավելի լուրջ եւ ավելի հեղինակավոր կերպով: Ներկայում մշակվում է ճիշտ ձեւաչափը: Ուղղակի պետք է ավելի լավ կազմակերպել: Շուտով կլինի մրցանակաբաշխությունը:
- Այսինքն` այս տարի սպասե՞նք մրցանակաբաշխությանը:
- Այս տարի` ոչ, բայց հնարավոր է` հաջորդ տարվա սկզբում լինի: Շուտով հստակ կհայտարարենք այդ մասին:


Գ. Նազարյանից պարզեցինք, որ շուտով Թաթա Սիմոնյանը հանդես կգա նոր երգով. «Նոր երգ է թողարկվելու, նոր ձայնասկավառակի աշխատանքներն է ընթանում: Մի քանի օրից կթողարկվի ՙՔայլ ձիով՚ ֆիլմի երգը Թաթայի կատարմամբ, որն անվանվել է ՙՉի կարելի՚, շատ լավ երգ է»:


«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԿԱՅԱՆԱ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ»

altԵրկարատեւ դադարից հետո անցյալ տարվա անցկացրած «Միսս Հայաստան» մրցույթի ու «Միսս Հայաստան» տիտղոսակրի մասին ժպիտով հիշում եւ խոսում են մինչեւ այսօր: Ուստի, դրանից հետո կազմակերպիչները որոշել են այլ կերպ մոտենալ հարցին: Այս տարի չի կայանա գեղեցկության մրցույթը, բայց «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻՑ «Իրավունքը» փորձեց պարզել պատճառները:
- Այս տարի չի լինելու մրցույթը, բայց, հավանաբար, այս տարի կանցկացնենք «Միսս Երեւան»մրցույթը:
- Այսինքն` մրցույթը անվանափոխվելո՞ւ է:
- Ոչ, մենք «Միսս Երեւան» 2004-ին էլ ենք անցկացրել: Ծրագիր ունենք, որ մարզերում էլ անցկացնենք մրցույթ «Միսս Երեւան»,«Միսս Տավուշ»... հետո նոր անցնենք «Միսս Հայաստան» մրցույթին, քանի որ այդպես խորքային կերպով կլինի աղջիկների ներգրավումը մրցույթին: Ավելի լավ կլինի, որ բոլոր մարզերը մասնակցեն, այդպես ավելի մեծ թափ կունենա մրցույթը:
- Փաստորեն, այս տարի մրցույթը չի լինի, բայց հաջորդ տարի...
- Մյուս տարի անպայման կլինի, սկզբում կսկսենք մարզային մրցույթները, մինչեւ մյուս տարվա ապրիլ-մայիս ամիսները: Ուղղակի ուզում ենք մոտեցումները փոխել, որպեսզի ավելի բարձր մակարդակով անցնի, որպեսզի մարզերը ներգրավված լինեն, եւ մի քիչ էլ բարի մթնոլորտ առաջանա մրցույթի շուրջը:


«ԱՅՎԱԶՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է»

altՆոյեմբերին Երեւանում հավանաբար կանցկացվի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նվիրված «Այվազյանական  թատերական փառատոնը», որն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին, երբ գրողի մահից հետո Այվազյանի տիկնոջ ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆ-ԱՅՎԱԶՅԱՆԻ ջանքերով ստեղծվեց միջոցառումների ցանկ, որն իր մեջ ներառում էր ոչ միայն փառատոն, այլեւ գրողի ստեղծագործությունների ընթերցումները` նպատակ ունենալով ոչ միայն քարոզել նրա ստեղծագործությունները, այլեւ ձեւավորել որոշակի դաշտ այդ ստեղծագործությունների համար: Ինչպես նախորդ անգամ, այս տարի եւս փառատոնը կտեւի մոտ մեկ շաբաթ, բացումից անմիջապես հետո ամբողջ յոթ օրերի ընթացքում տարբեր թատերական խմբեր կցուցադրեն Այվազյանի ստեղծագործությունները: Խոսելով Այվազյանի եւ նրա ստեղծագործություններից` Գրետա Վերդյան-Այվազյանն ընդգծեց, որ Աղասի Այվազյանը ոչ միայն իրեն է պատկանում, այլեւ ողջ հայ ժողովրդին: Նրա ստեղծագործությունները` նույնպես, բայց, ցավոք, այսօր իսկ իրենք փաստի առաջ են կանգնած, քանի որ դեռեւս անհայտ է, թե որտեղ կանցկացվի փառատոնը: Միայն հայտնի է, որ փառատոնի բացումը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Նախատեսված է եղել փառատոնը անցկացնել գարնանը, սակայն միջոցներ եւ աջակցություն չունենալու պատճառով հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր, որից հետո կրկին նույն խնդիրները... եւ կրկին հետաձգվում է, այս անգամ մինչեւ նոյեմբերի 11-ը:
Գ. Վերդյանի խոսքերով նախորդ փառատոնին պետական աջակցությունը այդքան մեծ չի եղել, անցկացվել է այն կառույցների օգնությամբ, որոնց նա ինքն է դիմել: Այս տարի արդեն տիկին Գրետան դիմել է մի քանի պաշտոնական կառույցների եւ հույս ունի, որ աջակցություն կլինի` փառատոնը պատշաճ ձեւով անցկացնելու համար:
Այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը գումար է տրամադրել ոչ թե  փառատոնը անցկացնելու, այլ մի թատրոնի` Աղասի Այվազյանի ստեղծագործությունը բեմադրելու համար:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ