livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՀայ թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան, ԽՍՀՄ եւ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Համազգային թատրոնի ղեկավար, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, 84-ամյա ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆՆ անգամ իր մահով հայ ժողովրդին սովորեցրեց միասնական լինել, գնահատել ունեցածն ու վերաիմաստավորել անցյալը: Սուգն ամենքինն էր, ցավը` ազգինը...

Չէ՞ որ կյանքից հեռացավ, ինչպես իր թատրոնի սաներն են ասում` մեր պապին` իր անցած վերջին ուղին դեպի Կոմիտասի պանթեոն թողնելով` բազում արտասվող դերասանների, քաղաքական ու մշակութային գործիչների, որոնք վերջին ծափերով ճանապարհեցին մեծ հային:

Զարմանալիորեն, դեռեւս երկու տարի առաջ հեռատես ու իսկական մտավորական Սոս Սարգսյանը զրուցելով «Իրավունքի» հետ` տվել է մերօրյա շատ հարցերի պատասխաններ, անգամ անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին. «Դարերով մեր շուրջը քիչ բան է փոխվել, հատկապես հարեւանները, նրանք նույնն են, ինչ-որ եղել են` իրենց մտածելակերպով եւ ապրելակերպով: Ստացվել է այնպես, որ փոքրիկ քրիստոնյա երկիրը հայտնվել է այդ միջավայրում: Մենք պետք է հարմարվենք դրան: Փառք Աստծո, գոյություն ունի Ռուսաստանը, որի հետ 200 տարի միասին ենք ու անբաժան, ինչպես սիամական երկվորյակներ: Ռուսաստանում ինչ կատարվում է, վերաբերում է նաեւ մեզ: Մենք վաղուց մեր բախտը կապել ենք այդ ազգի, նրա մեծ մշակույթի հետ: Քանի տարի է ռուսներին ուզում են եվրոպացի դարձնել` չի հաջողվի, նույնիսկ Պետրոս Առաջինին դա չհաջողվեց, եւ պետք էլ չէ, որովհետեւ ռուսականությունը լրիվ ուրիշ մտածելակերպ է, ուրիշ փիլիսոփայություն, կամ ինչպես հիմա են ասում` ՙուրիշ մենթալիտետ՚: Այնուամենայնիվ, խորհուրդ կտամ մեր մտավորականությանը կապը չկորցնել ռուսական մշակույթի հետ: Ես կարծում եմ, որ եթե չլինի Հայաստանը, Արցախը, Ռուսաստանի համար շատ դժվար կլինի այս տարածաշրջանում»:

Անցում կատարելով քաղաքականությունից մշակույթ` ականավոր լոռեցին թատրոնի մասին նշել էր. «Թատրոնը, որը գոյություն ուներ Սովետական Միությունում եւ դրանից առաջ` համարում եմ այն համաշխարհային երեւույթ թատրոնի աշխարհում, այդպիսին այսօր չկա: Վերջերս ասել եմ, որ թատրոնի մասին գիտեմ ամեն ինչ, իսկ ինչ չգիտեմ, ինձ պետք չէ, որովհետեւ իմ թատրոնը ես գիտեմ սկզբից մինչեւ վերջ: Պետք է ամբողջ ուժով պահպանել ավանդական թատրոնը: Դերասանը չի կարող դառնալ մեծ դերասան, առանց իր թատերախմբի, իր մշտական խաղացանկի: Մեր ժամանակներում ինչ-որ շատ հեշտ է դարձել դերասան լինելը: Երբեմն դիտում եմ մեր հեռուստասերիալները, ինչ հեշտ ու պարզ է թվում, յուրաքանչյուրը կարող է խաղալ եւ բառեր ասել: Գտնում եմ, որ թատրոնի ուժը իր ավանդականության մեջ է, եւ կողմ եմ ավանդական, դասական թատրոնին, նույնն էլ սերմանում եմ իմ երեխաներին: Կարծում եմ` աշխարհում թատրոնի ճգնաժամ է, չկան մեծատաղանդ Քամյուներ, Բրեխտներ, Միլերներ»:

Մշտապես իր համեստությամբ առանձնացող վարպետն իր հեղինակած գրքի մասին, մեր հարցմանն ի պատասխան հավելել էր. «Էս ամենը լուրջ չընդունեք, ես Դեմերճյանը չեմ: Ուղղակի, ապրել եմ այնպիսի մարդկանց հետ, որ վիրավորական է, երբ նրանց քիչ են հիշում: Չէ՞ որ նրանք մեծ դեր են խաղացել: Օրինակ, Հրաչյա Ներսիսյանը, ինչպե՞ս կարող էի չգրել նրա մասին, ինչպե՞ս կարող էի չգրել Ֆրունզիկի մասին, որը ստիպում էր բոլորին ծիծաղել եւ գրեցի, ինչպես կարողացա: Իմ կարծիքով, վատ չեմ գրել: Մնացածը ինչ գրել եմ ինքնաբերաբար ստացվել է: Իհարկե, ես գրող չեմ, ուղղակի սիրտս թրի նման խփում է` ասելով` դե գրի այս խոսքը: Եվ գրում եմ, վերջում ստացվում է մի բան, որը ինձ դուր է գալիս, մնացածներին` չգիտեմ: Ես չէի կարող չգրել այդ մարդկանց մասին: Միշտ պարտքի զգացում եմ ունեցել այդ մեծ մարդկանց առաջ: Նրանց պետք է հիշել, իմանալ, դրանում է մեր ուժը»:

Եվ, իհարկե, վերջում ամեն մի խոսքը մի մեծ արժեք դարձած հայ թատրոնի ու կինոյի կաղնին մեզ ու բոլորիս վարակում է իր անսահման լավատեսությամբ. «Հավատացած եմ, որ կսկվի մեր հաջողությունների ու հաղթանակների շարքը: Ցանկանում եմ երկար ապրել, որ տեսնեմ այդ ամենը: Այս երկրում ինձ ամեն ինչ հետաքրքիր է, ես զգում եմ, որ այս ամենի մասն եմ կազմում: Ամեն վատի համար ինձ մեղավոր եմ զգում, իսկ հաղթանակների համար` անչափ ուրախանում: Արցախի մեծ հաղթանակը ինձ շատ մեծ ուժ է տալիս` ապրելու, հավատալու եւ հուսալու»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում