livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

sona2010-ին Յուրմալայի «Նովայա վալնա» մրցույթում հաղթող երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ, մեկ տարի անց վերլուծելով մրցույթը, կարծում է, որ դրանից հետո շատ ձեռքբերումներ է ունեցել: Երգչուհին կարեւոր ձեռքբերումներից մեկը համարում է հենց իր հաղթանակը:

- Այդ ընթացքում եղան շատ առաջարկներ, նկարահանեցի նոր տեսահոլովակներ, ձայնագրեցի նոր երգեր, եւ կարելի է ասել` ինձ համար սկսվեց ավելի բուռն աշխատանքային շրջան: Չնայած մինչ այդ էլ էի բուռն աշխատում, ինչի վառ ապացույցը «Երկու աստղ» նախագիծն էր, որի ընթացքում հաղթեցի երկու անգամ. առաջինը` Աշոտ Լյուդվիգովիչի, երկրորդը` Մարկ Սաղաթելյանի հետ: Այսօր էլի կան առաջարկներ տարբեր նախագծերից, իսկ առաջիկայում նախատեսվում է իմ մեծ մենահամերգը Երեւանում: Իսկ ընդհանրապես Յուրմալան ինձ տվեց ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք երկրներում ավելի մեծ ճանաչում: Մրցույթն ինձ տվեց լավ ընկերներ, շփվեցի իսկական արվեստագետների հետ, որոնք բոլորն էլ ինձ համար բացահայտում էին: Էկրանից նրանք ուրիշ են, իսկ երբ անձնապես ես շփվում, հասկանում ես, որ, իրոք, աստղային կյանքով են ապրում, բայց համեստ անձնավորություններ են: Շատ սիրեցի Ռայմոնդ Պաուլսին, Վալերի Լեոնտեւին, Լեոնիդ Ագուտինին, նրա կնոջը` Անժելիկա Վառումին:

- Սոնա, ասացիր, որ ռուսական աստղերը ապրում են իսկական աստղային կյանքով, իսկ դու աստղային կյանքով ապրո՞ւմ ես:

- Իրենք աստղային կյանքով են ապրում, որովհետեւ իրենց պայմաններն են ճիշտ, ունեն հզոր երկիր: Ես իմ երկրից էլ եմ գոհ, բայց այնտեղ իսկապես գնահատում են իրենց արտիստներին, չնայած ամեն երկրում էլ կան բարդություններ, միայն մեր երկրում չէ: Ռուսական շոու-բիզնեսի հետ մեր աստղային կյանքը համեմատելը հարաբերական է: Օրինակ, ինձ համարում եմ աստղային կյանքով ապրող, որովհետեւ ունեմ հզոր ձայն: Բայց, ելնելով մի քանի հանգամանքներից, չեմ կարող ինձ աստղային կյանքով ապրող համարել: Եթե բնակվեի արտասահմանում, գուցե լիարժեք ապրեի աստղային կյանքով:

- Սոցիալական պայմաննե՞րն են պատճառը:sona4

- Նաեւ պայմանները, հատկապես այն, որ մեզ մոտ քիչ են ուշադրություն դարձնում տաղանդավոր մարդկանց, չէ՞ որ տաղանդավոր մարդկանց պետք չէ փնտրել դրսում, մենք էլ ունենք տաղանդավոր մարդիկ: Պետք է միշտ լավագույններին գնահատենք, ոչ թե հաղթելու, մրցանակ բերելու դեպքում միայն գնահատենք: Ի՞նչ է, դրանից առաջ նա լավը չի՞ եղել: Լավը մնում է լավ, երբեք չի կարող վատը լավ լինել: Իսկ Մոսկվայում կարողանում են իրենց ամենավատին էլ իր չափով գնահատել, իսկ մենք` ոչ: Մենք սիրում ենք ընդօրինակել ու գնահատել դրսի արվեստը:

- Իսկ դու քեզ գնահատված համարո՞ւմ ես:

- Ցավալի է, մեզ մոտ ոչ թե լավերին, այլ միջակներին են գնահատում: Նույնիսկ մրցանակաբաշխության ժամանակ ասում էին, թե ես, իբրեւ, դահլիճից  բարկացած դուրս եմ եկել: Բայց իրականում դուրս եմ եկել ծիծաղը դեմքիս, որովհետեւ բոլորն էլ իմ կոլեգաներն են: Ես կոնկրետ չեմ ասել` թող ինձ տային «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակը, որովհետեւ գիտեմ, որ երգչուհի եմ: Ինձ պետք չեն «արձաններ», ես տանն ունեմ շատ մեծ «արձաններ» ու պատվոգրեր, որոնք նույնիսկ տանը չեն տեղավորվում: Դրանցով չի որոշվում` դու լա՞վ երգչուհի ես, թե՞ ոչ: Ծիծաղելին այն էր, որ ես սպասում էի, թե պետք է ուշադրության արժանանայի: Բայց, վերջիվերջո, ազգն ու հանդիսատեսն է  գնահատողը, չես կարող հանդիսատեսին խաբել, չես կարող ֆոնոգրամայի տակ երգել, քանի որ դահլիճում հաստատ 2-3 հասկացող կգտնվեն: Մարդկանց չի կարելի ծաղրել, նրանք տոմս են գնել, որ քո կենդանի կատարումը լսեն: Իսկ ընդհանրապես խոսակցություններին բանի տեղ չեմ դնում: Եթե կոչվում է ազգային մրցանակաբաշխություն, պետք է ազգը որոշի լավագույններին: Երբ 2-3 հոգի են որոշում, դա արդեն ինձ համար կարեւոր չէ:

- Ինչպիսի՞ն է Սոնա Շահգելդյանը տանը:

- Սիրում եմ լինել խոհանոցում, համեղ կերակուրներ պատրաստել մայրիկիս հետ: Ես շատ տնարար աղջիկ եմ, տարբեր ուտեստներ եմ սիրում պատրաստել: Պարտադրաբար չեմ պատրաստում` այն ժամանակ, երբ մարդիկ են գալիս, ուտում ու գնում: Այսինքն` սիրով եմ դա անում: Խոհանոցում սիրում եմ իմպրովիզներ անել, ինչը բավականին լավ եւ համեղ է ստացվում:

- Սիրո՞ւմ ես հաճախակի գնումների գնալ, թե՞ խնայող ես:

-sona7 Իմ գումարները կա՛մ վատնում եմ բարեգործություն անելով, կա՛մ էլ կենցաղային գնումներ կատարելով: Ի դեպ սիրում եմ, որ կենցաղային ամեն ինչը լինի ճաշակով: Եթե գնումների ընթացքում տեսնեմ ինչ-որ սիմվոլիկ, հետաքրքիր ու չկրկնվող իր, ապա անպայման գնում եմ:

- Հաճախ ես լինում արտերկրում, ամեն անգամ տուն վերադառնալիս հետդ ի՞նչ ես բերում:

- Չգիտեմ ինչու, միշտ բերում եմ սառնարանի վրա փակցվող աքսեսուարներ եւ տվյալ երկիրը բնորոշող հուշանվերներ:

- Ի՞նչ հոբբի ունի Սոնա Շահգելդյանը:

- Տիկնիկներ եմ սիրում հավաքել: Ժամանակին նաեւ ֆուտբոլն է եղել ինձ համար հոբբի, քանի որ քեռիս ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է:

- Իսկ մորեղբորդ հետ խաղո՞ւմ ես ֆուտբոլ:

- Այո եւ միշտ հարձակվող եմ լինում: Ի դեպ, պարն էլ է իմ հոբբիներից: Նաեւ դերասանական ինչ-որ բան կա իմ մեջ, որը միայն մտերմիկ շրջապատում գիտեն. երբ հավաքվում ենք, սկսում եմ նմանակել ծանոթ մարդկանց: Եվ եթե չլինեի երգչուհի, ապա հաստատ դերասանուհի կդառնայի: Բոլորին հայտնի է, որ շատ եմ սիրում կենդանիներ: Երբ մի փոքրիկ բիզնես ունենամ, հաստատ  կզբաղվեմ կենդանիներով:

- Հետեւո՞ւմ ես նորաձեւությանը:

- Ինձ համար «բրենդն» այնքան էլ կարեւոր չէ, բայց եթե շատ ճաշակով, գեղեցիկ ու իմ ոճին համապատասխան հագուստ եմ տեսնում, անպայման գնում եմ:

- Հայաստանյա՞ն խանութներից:sona2

- Հիմնականում հագուստներս դրսից եմ գնում: Սիրում եմ նաեւ այստեղից գնումներ կատարել, բայց եթե հարմար բան չեմ գտնում, իմ մտահղացումներով կիսվում եմ դիզայների հետ եւ ստանում իմ  ուզած հագուստը: Օրինակ, վերջին տեսահոլովակիս ոճն էլ եմ ամբողջովին ինքս որոշել: Եթե ես կարող եմ իմ ոճը ստեղծել, ինչո՞ւ վստահեմ ուրիշին, որը ինձ կարող է տգեղացնել ու դարձնել կրկնվող կերպար: Ի դեպ, բեմ դուրս գալիս ամեն անգամ պիտի տարբեր զգեստներով լինեմ, չեմ կարող անընդհատ նույն զգեստով ներկայանալ. չեմ կարող նույն հագուստով գալ համերգի, հետո նույն հագուստով գնալ եթերի, հետո էլ` ուրիշ մի վայր:

Երբ Յուրմալայում հանդես եկա իմ ստեղծած ոճով` «կոմբինիզոնով», այն դեռ Հայաստանում նորաձեւ չէր: Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է կրի իրեն համապատասխան հագուստ: Պետք չէ մեկին կամ մյուսին ընդօրինակել, պետք է ունենաս քո ոճը:

- Սոնա, յուրաքանչյուր երգիչ-երգչուհի խոստովանում է, որ ամեն անգամ բեմ բարձրանալիս հուզվում է: Քեզ մոտ լինո՞ւմ է այդ հուզմունքը կամ, ասենք, խաչակնքո՞ւմ ես:

- Մրցույթի ժամանակ էլ կամ ընդհանրապես` համերգների ժամանակ բեմ դուրս գալիս պատասխանատվություն եմ զգում: Հուզվելն ուրիշ բան է, վախենալն` ուրիշ: Հնարավոր է, որ մի քիչ հուզվեմ, քանի որ պատասխանատվության առջեւ եմ կանգնում: Այդ ժամանակ խաչակնքում եմ, ինձ մոտ միշտ խաչ է լինում: Հուզվելը բնական է, բայց այնպես չի լինում, որ հուզվեմ ու «ֆալշ» երգեմ, կամ պատճառաբանեմ, թե միկրոֆոնն ընկավ, երաժշտությունն էլ ցածր էր: Նման բան չկա թեկուզ միջազգային շոու-բիզնեսում: «Ֆալշ» երգողը «ֆալշ» կերգի, իսկ լավ երգողը ակապելլա էլ կերգի, նույնիսկ եթե քնից հանես: Բայց եթե երգում ես լրիվ ուրիշ տոնայնությամբ կամ գոռում ես, դա ի՞նչ կապ ունի տեխնիկայի հետ:

- sona8Եթե առաջարկ լինի աշխատել եւ ապրել արտերկրում, կհամաձայնե՞ս:

- Ինչո՞ւ ոչ, եթե լավ առաջարկ լինի, կարելի է: Հո չե՞մ դոփելու տեղում ու նստեմ, կամ մի հատ տեսահոլովակ նկարահանեմ ու մի «արձան» ստանամ, ասեմ` լավագույն երգչուհի եմ:

- Առաջիկայում ի՞նչ մրցույթների ես ուզում մասնակցել:

- Մտադիր էի մասնակցել «Սլավյանսկի բազար» մրցույթին: Չնայած, ասում են, որ «Նովայա վալնայից» հետո ինչո՞ւ ես ուզում այդ մրցույթին մասնակցել: Բայց դա էլ է ինձ համար լավ մրցույթ: Այդ մրցույթը սիրում եմ, որովհետեւ «Նովայա վալնայի» նման հզոր բեմ եւ սիմֆոնիկ նվագախումբ ունի: Կցանկանայի, օրինակ, Ֆրանսիայում կամ Իտալիայում սիմֆոնիկ նվագախմբի հետ որեւէ դասական ուղղվածությամբ մրցույթի մասնակցել: Վերջին տեսահոլովակս դրա վառ ապացույցն էր, որը դասական սիմֆոնիկ ստեղծագործություն էր` միքսված էստրադայի հետ: Չեմ սիրում մի ոճ ընտրել ու նստել տեղում:

- Այսօր 6/8 տակտը, ինչպես ասում են, գումար է բերում, շատերը ընտրում են այդ ոճը, իսկ դու` դասական: Չե՞ս ուզում գումար աշխատել:

- Կա նաեւ ճաշակով 6/8, ես ոչ ոքի չեմ մեղադրում ու չեմ փնովում: Ուղղակի կան «տափակ» երգեր, որոնք ընդհանրապես արժեք չեն ներկայացնում: Իսկապես 6/8-ը գումար է բերում, ոչ ոք թող չհերքի դա: Իհարկե, խնջույքներին ու հարսանիքներին դա էլ է պետք, որին ես էլ եմ մասնակցում իմ երգերով:

- «Եվրատեսիլ»-ին Հայաստանը կներկայացնե՞ս Ադրբեջանում:

- Մի քիչ դժվար հարց է: «Եվրատեսիլը» պարզապես մրցույթ է, կլինի Ադրբեջանում, թե որեւէ այլ երկրում` կարեւորը մասնակցությունն է: Եվ հետո, այս sona6տարի ռիսկի գործոնն ավելի շատ է: Պետք է ճիշտ որոշում կայացնենք երգչի ընտրության հարցում: Պատասխանատու պահ է, պետք է ամեն ինչ համախմբված անել: Մասնակցության դեպքում երբ մեր եռագույնը ծածանենք Ադրբեջանում, դա էլ արդեն բավական է,  ինքներս կհպարտանանք դրանով: Այդ մրցույթն իրականում քաղաքականություն է, նույնիսկ հնարավոր է, որ մասնակցենք ու հաղթենք: Ով էլ գնա, համենայնդեպս, հաջողություն եմ մաղթում: «Եվրատեսիլը» քաղաքական շոու է, բայց եթե գնամ, շատ լուրջ կպատրաստվեմ: Սա անկանխատեսելի մրցույթ է, ու աշխարհում ոչ մի երկիր գլուխ չի կոտրում «Եվրատեսիլի» համար: Ուղղակի բոլորն էլ գնում են, ուրախ-զվարթ երգում ու վերադառնում: Իսկ մերոնք տառապում են «Եվրատեսիլ»-ով: Եթե ես չգնամ էլ, չեմ տառապի, գնալու դեպքում էլ ուրախ կլինեմ:

- Ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում:

- Նորություններս շատ են, շուտով կբացվի իմ պաշտոնական վեբկայքը, ինչպես նշեցի` աշնանը սպասվում է իմ մեծ մենահամերգը Երեւանում: Համերգային շրջագայություններով կլինեմ նաեւ Հայաստանի մարզերում, իսկ բարեգործական համերգներին, անկախ զբաղվածությունից, կմասնակցեմ: Կլինեն նաեւ նոր տեսահոլովակ ու տարբեր գեղեցիկ երգեր, որոնք դեռ ընթացքի մեջ են:


Զրուցեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում