livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՎերջին շրջանում հայ թատրոնն ունեցավ մեծ կորուստներ: Ինչպես յուրաքանչյուր ժամանակաշրջան, հիմա եւս մշակութային հասարակությանը անհանգստացնում է` արդյոք կլինե՞ն այդ մեծություններին փոխարինողներ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ եւ դերասան ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ "Զարուհու" հետ զրույցում ափսոսանք հայտնեց կորուստների համար եւ հավելեց.
ՙ
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԵՂԸ ԱՆԿԱՐԵԼԻ Է ԳՐԱՎԵԼ,  ՈՉ ԷԼ` ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ՚

- Գնաց Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ազատ Գասպարյանը, մեր մեծ վարպետը` Սոս Սարգսյանը...

Մեր հերթն է` կարծես ինչ-որ տեղ փոխարինելու նրանց: Չնայած, մենք զուգահեռ էինք աշխատում իրար հետ: Հարցն այն չէ, թե ով ում տեղը կգրավի, Սոս Սարգսյանի տեղը անկարելի է գրավել, ոչ էլ` Ազատ Գասպարյանի: Մարտիրոս Սարյանի տեղը առ այսօր չի գրավված, որովհետեւ յուրաքանչյուր սերունդ բերում է իր Մարտիրոս Սարյանը: Բայց Սոսի, Խորենի, Ֆրունզի ժամանակ` սկսած վերեւներից մինչեւ պարզ ժողովուրդը մեծ հարգանք, վերաբերմունք, ակնածանք, գնահատական կար այդ արվեստագետների հանդեպ, ինչը նրանց հասցրեց այդ բարձունքներին: Կյանք է, բոլորս էլ գնալու ենք, բայց եթե այն ժամանակ դերասան կամ արտիստ խոսքը կարող էիր գրել ընտրյալների անվան կողքին, դրանք հատուկ մարդիկ էին` այլ աշխարհից, հիմա արտիստ դառնալը մոտավորապես սուրճ խմելու պես բան է դարձել: Ինձ սոցցանցով ընկերություն են առաջարկում` նշելով որպես իմ կոլեգա, նայում եմ ծանոթ չէ, գրում եմ որտե՞ղ եք աշխատում, ի՞նչ եք ավարտել, ասում է. "Չէ, ախպեր, չեմ ավարտել, բայց այսինչ սերիալում 4-րդ ախրանիկն եմ...": Գոնե առաջինը լինեիր... Ու այստեղ ամեն ինչ վերջանում է: Արժեզրկվեց դերասանի մասնագիտությունը: Ես տեսել եմ` ինչպես էին աշխատում մեծերը, դա ինչ նվիրում էր, ինչ խելագար մթնոլորտ, որը չէիր ուզում վերջանար: Այդ մարդիկ իրենց ժամանակ կարողանում էին ապրել արժանավայել իրենց կոչմանը: Ապահովված էին ամեն ինչով, որովհետեւ դերասանի ստատուսը բարձր էր: Այն, ինչ ստանում է դերասանն այսօր, աշխատավարձ էլ չի կարելի համարել: Դա ինչ-որ անհասկանալի գումար է, որը կարող ես "Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ" հաղորդման մեջ էլ հարցնել, թե ինչին կհերիքի, ու ոչ ոք ճիշտ չի պատասխանի:

"ԵԹԵ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴԵՐԱՍԱՆ ԴԱՌՆԱԼԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ,
ՀԻՄԱ ՀԱՅՀՈՅԱՆՔԻ ՆՄԱՆ ԲԱՆ Է ՍՏԱՑՎՈՒՄ"

altԴերասանը զբաղվում է էժան գործով: Իսկ եթե դու ինքնագիտակցում ես, որ դու էժան մասնագիտության տեր մարդ ես, ուրեմն` դու էլ ես էժան, սարսափելին դա է: Այսօրվա ամենաշնորհալի դերասանը ստիպված է իրեն աջ ու ձախ գցել, որովհետեւ փոքր երեխա ունի, կենցաղային հազար ու մի խնդիրներ կան, բա երիտասարդը մեքենա չունենա` ո±վ ունենա...
Գալիս են կյանքի պահանջները, եւ նա տեսնում է կողքինները ինչեր են վայելում, իսկ ինքը դա չունի, որովհետեւ ընդամենը դերասան է: Եթե նախկինում դերասան դառնալը երջանկություն էր, հիմա հայհոյանքի նման բան է ստացվում: Էլի մարդիկ գնում են,  ընդունվում, բայց ասում են` սա՞ էր իմ փեշակը... Ժողովրդի ընկալումն էլ է նույնը դարձել, ասում են . "Դե, արա, էսի դերասան ա": Ընդ որում կոշտ ռ-ով են արտասանում, սա է սարսափելին: Երբեմն ինքս ինձ ասում եմ` երանի 30-35 տարեկան լինեի, ընդհանրապես թատրոնի տեղն էլ կմոռանայի... Փառք տիրոջը, ինձ դեռ հրավիրում են Մոսկվայից... Ինչո՞ւ Մոսկվան կարողանում է իր դերասանին վճարել այնպիսի գումար, որ նա չամաչի դերասան լինելուց, իսկ ես պիտի նեղվեմ, որովհետեւ չեմ կարող մեքենայիս անիվները փոխել, կամ` մեքենա ունենալ: Այդ նվաստացումն ու ինքնագիտակցումը, որ դու ի վերջո զբաղված ես մի գործով, ուր մաշում ես հոգիդ, սիրտդ, ուղեղդ, բայց գնահատվում ես շատ ցածր, սարսափելի է: Մայրս պատմում էր, որ Հրաչյա Ներսիսյանը մտնում էր շուկա, շուկան կանգ էր առնում, մարդիկ կանգ էին առնում, միջանցք էին բացում ու ասում. անցե՛ք վարպետ, ու փորձվեր մսագործը կամ պտղավաճառը փող վերցներ, ինչպե՞ս թե, վարպետի համար է... Դա երջանկություն էր: Ես դեռ երեխա էի, մի երկու տեղ նկարվել էի, ու սկսել էին ճանաչել. տաքսու վարորդը ինձանից գումար չէր վերցնում, բա, դուք մեր... Ոչ թե նրա համար եմ ասում, որ ինձանից փող չվերցնեն, փառք տիրոջը, ես վճարունակ եմ, պարզապես մարդկանց վերաբերմունքն էր այդպես դերասանների հանդեպ, դա մեծարում էր համարվում: Այսօր ասում են` լավ է, էն սերիալի Անժելն է, կամ` Գեվոն ու վերջ:

"ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է"

- Պարոն Ստեփանյան, կարծես թե, մտնում ենք Մաքսային միություն, արդեն մեր դերասաններին էլ կսկսեն Ռուսաստանի նման լավ վարձատրել:
- Դե, Մաքսային միությունը ամենամեծ դերասանությունն է: Սկզբունքորեն երբեք չեմ պատասխանում քաղաքականությանը վերաբերող հարցերին, ոչ թե, որովհետեւ բան չեմ հասկանում, այլ ունեմ իմ վերաբերմունքը, որը սակայն իմ մասնագիտությունը չէ: Քաղաքականությունը դա մեծ, բարձր որակի պոռնկություն է, որովհետեւ, եթե դու նույնիսկ խորապես համոզված ես, որ դա սխալ է, բայց ինչ-ինչ շահեր պահանջում են, ու դու ստիպված ես դա անել: Չեմ մեղադրում, մեր հայ թագավորներից մեկը իր 13 տարեկան դստերը կնության տվեց զավթողներին, որպեսզի երկիրը պահի:

"ԵՐԲ ՆՐԱՆՑ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ՀԱՆՈՒՄ ԵՆՔ ՈՒ ԿԱՆԳՆԵՑՆՈՒՄ
ԿՈՄԱՅԳՈՒ ՄՈՏ..."

alt- Վերջին շրջանում ակտիվ քննարկվող գենդերների թեմայի մասին ի՞նչ կասեք: Եթե դարեր շարունակ գիտեինք, որ կինը կին է, տղամարդը տղամարդ, հիմա ստացվում է, որ ծնվում է, հետո ինքը կորոշի, թե ո՞ր սեռին է պատկանում:
- Այս թեմայի մասին էլ չեմ ուզում խոսել, որովհետեւ, եթե Աստված ինձ տղամարդ է ստեղծել, ես չեմ պատկերացնում, որ բացի կանանցից, ես այլ սեռը սիրեմ: Հիմա, եթե 18 հոմոսեքսուալ նստեն ու ինձ համոզեն, թե դա ինչ լավ բան է, միեւնույն է` այդ խոսքերը չեմ հասկանա, որովհետեւ դա ոչ միայն դաստիարակություն է, նախ եւ առաջ Աստծո ծնունդ է, բնություն: Դա այն է, ինչ իմ մեջ կա ի ծնե, ու ես կարող եմ գոնե մնալ անտարբեր ինչ-ինչ երեւույթների հանդեպ: Դե, հիմա մարդ է, դա է իր նախասիրությունը, ինչո՞ւ պիտի խառնվեմ ուրիշի անձնական կյանքին: Բայց դարձնել դա գենդերային քաղաքականություն եւ երեխաներին բացատրել, թե կմեծանաս, հետո կկտրես, կամ չգիտեմ ինչ կանես, որ սեռդ փոխես, դա ոչ թե սխալ է, այլ այս ասիմիլիացիա ասվածը սարսափելի երեւույթ է: Իմ երեխաներն այսօր Հայաստանում չեն, բայց այս երկրի մարդն են, ես դա եմ դաստիարակել: Իրենց հետ նման բաների մասին որ խոսեմ, նման հարցեր բարձրացնեմ, կասեն` պապա, հո չե՞ս գժվել: Երկուսն էլ շատ նորմալ կողմնորոշման տեր մարդիկ են ու, փառք տիրոջը, ամուսնացած են, ապրում են իրենց երջանիկ ընտանիքներով: Չեմ էլ կարծում, որ դա Եվրոպայինն է: Վարպետ Սոս Սարգսյանը մի օր շատ լավ բան ասաց. "Արա, այ ցավդ տանեմ, էս Գերմանիայում չգիտեմ քանի միլիոն թուրք կա, բայց գերմանացի չկա: Գիտես չէ՞ ինչի համար, որ դրանց վարչապետը տղամարդ սիրի, բա ի՞նչ էս ուզում լինի: Պարզ է` թուրքը իրենց կնոջը պիտի սիրի, իրենք էլ` իրար...՚: Երեւույթը եղել է եւ կլինի, բայց երբ մենք նրանց ընդհատակից հանում ենք ու կանգնեցնում Կոմայգու մոտ, իրավունքներ ենք տալիս, եվրոպական հնարած դեկլարացիաներ ենք ստորագրում, հիմա էլ գենդերային քաղաքականություն ենք մեջտեղ բերում... Մարդը, որ նախկինում ամաչում էր իր բնության կողմից ձեռք բերած թերություններից, հիմա դա դարձնում է դրոշ, թե նայեք, ես արվամոլ եմ, առաջադեմ եմ, եվրոպացի եմ: Մեր ժամանակ երկու հատ կար դրանցից` Գուրգենչիկը, Աշոտիկը: Ամբողջ քաղաքը գիտեր, ծիծաղում էր, ասում էինք` դե լավ է, ու ուրիշ բան մտքներովս չէր անցնում: Վատ է, որ դա դառնում է գաղափարախոսություն ու քաղաքականություն, որի մասին, կամա թե ակամա, երեխան սկսում է մտածել, որովհետեւ դա արդեն բժշկություն է, ու յուրաքանչյուրիս մեջ կան գեներ, որոնք, եթե ճիշտ ուղղությամբ են գնում, ճիշտ էլ մեծանում ես:


Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում