livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՀոկտեմբերի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հանրահայտ լատվիացի երգահան ՌԱՅՄՈՆԴ ՊԱՈՒԼՍԻ`«47 տարի անց» խորագիրը կրող համերգը: Վերջինս բեմահարթակից կատակեց, որ նվագախմբի երաժիշտների մեծամասնությունը ճերմակահեր են, բացառությամբ 3 բեք-վոկալիստուհիների, որոնք, ըստ Պաուլսի, իրենց ներկայությամբ «լուսավորում» են բեմը, սակայն աղջիկներից բացի Պաուլսն իր հետ նաեւ երկու երիտասարդ մենակատար էր Երեւան բերել` լատվիացի երիտասարդ երգիչների, որոնք արդեն հասցրել են մասնակցել մի քանի երաժշտական մրցույթների ու նույնիսկ մրցանակներ բերել հայրենիք, ինչպես նաեւ սիրվել հանդիսականի կողմից, սակայն կայանալու դեռ ճանապարհ հաստատ ունեն:

Մոտ երկու ժամ տեւած համերգի ընթացքում հնչեցին շատերի կողմից սիրված ու ճանաչված երգեր. ժամանակին այդ երգերը անթերի են կատարել Լայմա Վայկուլեն, Ալլա Պուգաչովան եւ այլ հայտնի աստղեր…

Ի դեպ, Պուգաչովայի մասին: «Լրագրողները մի ժամանակ ինձ հաճախ էին հարցնում, թե ինչով ավարտվեցին Ձեր հարաբերությունները Ալլա Պուգաչովայի հետ: Զրույցներից մեկում ասացի` Կիրկորովով...»,- համերգի ընթացքում պատմեց Պաուլսը:  

Նշենք, որ հայ էստրադայի ներկայացուցիչներն էլ անմասն չմնացին երեկոյից: Նրանք եկել էին ողջունելու սիրված երգահանին: Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը, Մհերը, Նառան կատարեցին հատվածներ նրա երգերից: Իսկ երեկոյի հանդիսավարը` Նազենի Հովհաննիսյանը, նույնիսկ սիրո տողեր ձոնեց Եվգենի Եվտուշենկոյից` նվիրելով այն մաեստրոյին: Երգահան ԷԴԳԱՐ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆՆ անձամբ բեմ դուրս եկավ` իր շնորհակալությունը հղելու: «Տարիներ առաջ, երբ բուժուվում էի Բեռլինի կլինիկաներից մեկում, ինձ զանգահարեց ընկերս եւ ասաց` քեզ հետ ցանկանում է խոսել Ռայմոնդ Պաուլսը: Ուրախությանս չափ ու սահման չկար: Այն ժամանակ նա ինձ ասաց` բավական է այդտեղ նստես, արագ Հայաստան վերադարձիր եւ երաժշտություն գրիր: Իր այդ խոսքերը, կարելի է ասել` կազդուրիչ էին... Առողջացա եւ վերադարձա Հայաստան` երաժշտություն գրելու»:

Հավելենք, որ երաժշտություն գրելու մասին Պաուլսը բեմից ասաց, թե վերջին շրջանում, եթե անգամ նոր երաժշտություն է գրած լինում, ընկերներից շատերը, միեւնույն է, խնդրում են իրեն նվագել 80-ականներին գրած երաժշտությունը:

Համերգից հետո սիրված երգահանը, թեպետ հոգնած էր, սիրով համաձայնեց պատասխանել «Զարուհու» մի քանի հարցերին:

«Շոյված եմ, որ արժանացա նման ջերմ ընդունելության: Հյուրասիրությունների մասին էլ չեմ ասում: Նման վերաբերմունքից հասկանում ես, որ ինչ-որ բան անցյալում արել ես, իսկ սա արածիդ գնահատականն է: Մարդիկ ջերմ ժպտում են ինձ, ինչը, բնականաբար, շատ հաճելի է: Ռիգայում ամեն ինչ այլ է. մարդիկ մոտենում են ինձ եւ խնդրում իրենց փողով օգնե»:

Հետաքրքրվեցինք երգահանից, թե ինչ հուշեր ունի իր առաջին երեւանյան այցելությունից. «Գիտե՞ք, միայն մի բան է տպավորվել. ջազիստ տղաները ինձ իրենց ուսերին դրեցին ու այդ վիճակով դուրս բերեցին համերգասրահից: Եթե չեմ սխալվում` մինչեւ հյուրանոց տարան»,- պատմեց Պաուլսը:

Դիտարկմանս, թե այս տարիների ընթացքում երբեւէ առաջարկ չի եղել Երեւան հյուրախաղերով գալու, Ռ. Պաուլսի պատասխանը հետեւյալն էր. «Գիտեք, այսօր շատ բան է փոխվել: Հեշտ չէ հյուրախաղեր կազմակերպելը: Հսկայական ծախսերի հետ է կապված: Պետք է հովանավորներ հայթայթել… Պատկերացրեք, ամեն համերգից հետո ստիպված եմ լինում հոգնած, ջարդված մոտ 15 րոպե ինչ-որ մեկին շնորհակալություններ հայտնել»:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում