livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

Շա­տե­րիս ման­կու­թյան հու­շե­րում իր ու­րույն տեղն է գրա­վում բա­րի ու լու­սա­վոր «Հե­քի­աթն է կան­չում» ման­կա­կան ծրա­գի­րը. ծնող­ներն ու երե­խա­նե­րը ան­համ­բե­րու­թյամբ էին սպա­սում, թե երբ կգա ժա­մը 20:00-ն, և կրկին եթե­րում կլի­նի Նո­նա մո­րա­քույ­րը (հա­ղոր­դա­վար, դե­րա­սա­նու­հի, խմբա­գիր, ռե­ժի­սոր Նո­նա Զո­տո­վան):

- 1982-2001թթ.-ին վարում էի «Հեքիաթն է կանչում» ծրագիրը, իսկ շնիկից ու փիսիկից հետո տեղափոխվեցի «Հեքիաթների դաշտ»: Այստեղ հայտնվեց «Աստղանուշիկ» նոր կերպարը:  Բարի ու գեղեցիկ հեքիաթներ էինք պատմում երեխաներին: Այդ ամենը արվում էր հաճույքով, որը փոխանցվում էր փոքրիկներին, նաև մեծերին, որովհետև ծնողներն էլ էին մեր հաղորդումները դիտում: Երբ ստեղծեցի «Հեքիաթների դաշտ» ծրագիրը, արդեն երեխաների ավելի լայն շրջանակ ընդգրկվեց, և նամակների թիվը բավականին մեծ էր: Հայաստանում  չկար այնպիսի մի վայր, որտեղից նամակներ չստանայի: Հիմա էլ մեկ-մեկ ընթերցում եմ այդ նամակները, որոնցում երեխաները սիրով պատասխանում էին իմ առաջադրած հարցերին, ինչպես նաև նամակներ էի ստանում, որտեղ գրում էին, թե ինչքան են ինձ սիրում: Մենք սովորեցնում էինք երեխաներին, թե ինչպես պետք է վերաբերվեն մեծերին ու փոքրերին, ինչպես պետք է իրենց պահեն շրջապատում: Դաստիարակչականը անպայման պետք է լիներ, բայց դա մատուցվում էր անսպասելի ենթատեքստով: Ովքեր դիտել են այդ ծրագրերը, իսկապես, նրանք բարի ու հիանալի մարդիկ են դարձել, և ես հպարտությամբ եմ ասում այդ մասին:


- Այդքան մեծ արձագանք գտած ծրագիրն ինչո՞ւ շարունակություն չունեցավ:

- 2001-ին «Հեքիաթների դաշտ» ծրագրի շրջանակներում  նկարահանեցինք «Աստծու տասը պատվիրանները», որը նվիրված էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Դրանից հետո արդեն ֆինանսները անհետացան, հօդս ցնդեցին: Ամեն ինչ ֆինանսի մեջ է մխրճվում, իսկ ես այն մարդկանցից չեմ, որ գնամ, ձեռքս պարզած, մարդկանցից խնդրեմ: Կա՝ կանեմ, չկա՝ չեմ անի: Հետագայում այլ առաջարկներ եղան, բայց ասում էին դուք Հանրային հեռուստաընկերության դեմքն եք: Դե, ասացի, եթե դեմքն եմ, թող դեմքն էլ մնամ, որովհետև, եթե մարդ սկսի փորփրել ինքն իր մեջ՝ ինչո՞ւ այդպես չստացվեց, ինչո՞ւ լինում է, չի լինում…  կարող է ցնորվել: Դրա համար ես ամեն ինչին հումորով եմ նայում: Շատ ժամանակ փողոցում ինձ մոտենում են մեծ մարդիկ ու ասում. «Ինչ լավ է, որ դուք վերադարձել եք»: Ես էլ պատասխանում եմ, որ ոչ մի տեղ չէի էլ գնացել:

- Այսօր հետևո՞ւմ եք մանկական հաղորդումներին և ի՞նչ կասեք դրանց մասին:

- Ես «Հայրենիք» հեռուստաալիքն էի մեկ-մեկ դիտում: Դա միակ ալիքն էր, որտեղ քիչ թե շատ ծրագրեր կային մանուկների համար: Այնտեղ ցուցադրված մուլտֆիլմերը մեր մանկության ժամանակ էլ են եղել, որոնք մեզ դաստիարակել են, հետո մեր երեխաներին են դաստիարակել: Մյուս հեռուստաալիքների մանկական ծրագրերը  աշխատում եմ չնայել, այսինքն՝ չկա էլ: Չեմ ուզում անուններ տալ, բայց այն մուլտերը, որոնք ցուցադրվում են, պիտանի չեն երեխային դաստիարակելու համար: Երեխան պետք է մեծանա բարի, գեղեցիկ, հետաքրքիր հերոսներին նայելով: Ամենակարևորը, պետք է հետաքրքիր կրկնօրինակում լինի (դուբլյաժ), որովհետև երեխան սկզբում ընկալում է ձայնը, հետո արդեն նկարը: Պետք է ամեն ինչը համադրված լինի, ամեն ինչը պետք է հաճույք պարգևի: Մենք չպետք է կապկաբար կրկնենք ռուսական հեռուստաալիքների ինչ-որ ծրագրեր, պետք է մերը ստեղծենք: Մարդ պետք է լավ երևակայություն ունենա և հետո իմանա՝ ում համար է անում: Մի՞թե արդեն չունենք այնպիսի հզոր միտք, որ մեր երեխաների համար ինչ-որ բան ստեղծենք: Օրինակ՝ ուզում եմ հիմա լինի ուղղակի «Հեքիաթն է կանչում», առանց մուլտֆիլմի, երեխաների համար պարզապես կարդամ մաքուր հեքիաթ, որը հիմա չկա: Չեմ ուզում ո՛չ գովերգել, ո՛չ փնովել. ունենք այն, ինչ ունենք:

- Արդյո՞ք այսօրվա հաղորդավարները կարողանում են ճիշտ փոխհարաբերությունների մեջ մտնել մանուկների հետ:

- Նախ պետք է երեխային սիրել, պետք չէ ինքնահավանությամբ տարվել: Շատերը իրենք իրենց են ցուցադրում, պետք է մոռանաս քո մասին: Ես երեխաների հետ, հատկապես մանկապարտեզի տարիքի, բազմաթիվ հաղորդումներ եմ վարել, և դա ստացվում էր ինքնիրեն, որովհետև երեխան չի սիրում, երբ նրան «սյուսի-պուսի-մուսի» ես անում: Երեխան՝ թեկուզ փոքրիկ, բայց կայացած մարդ է: Կարևոր է, որ երեխայի հետ խոսես ինչպես հավասարը հավասարի հետ, ոչ թե ինչ-որ ծամածռություններով փորձես հաճոյանալ: Մեկ-մեկ ըմբոստանում եմ հաղորդավարների պահվածքի և կեցվածքի դեմ: Երբ ես վարում էի «Հեքիաթն է կանչում» ծրագիրը, փորձում էի անել այնպես, որ իմ մատուցածը անպայման տարբերվի նրանից, ինչ որ կար:

- Շատ երեխաներ մանկական հաղորդումների փոխարեն նախընտրում են դիտել ժամանցային ծրագրեր ու սերիալներ:

- Ժողովուրդը նայում է այն, ինչ իրեն ցույց են տալիս: Եթե բարձրորակ և բարձրաճաշակ ֆիլմեր, հաղորդումներ ցույց տան, ինձ թվում է, ժողովուրդը դեմ չի լինի: Բայց քանի դեռ կան այդպիսի ծրագրեր, մայրիկները չեն կարող իրենց երեխաներին զերծ պահել այդ ամենից: Ես գիտեմ երեք տարեկան փոքրիկի, որը գիշեր-ցերեկ տանը խոսում է տեսած հեռուստասերիալի լեզվով, որն արդեն իր մեջ նստած է: Երեխաները այսօր այնքան են հմտացել, որ իրենք են միացնում հեռուստացույցը, համակարգիչը: Այսինքն՝ ծնողները այստեղ ունեն անելիք, որովհետև  երեխան վերցնում է հեռակառավարման վահանակը, և որ հաղորդումը իրեն գրավում է, այն էլ դիտում է: Ծնողը պետք է անընդհատ հետևի, հատկապես փոքրերին, մինչև կամաց-կամաց կհասկանան, որ դա չպետք է նայել, լավը չէ, օգուտ չի տա: Շատ եմ վախենում նրանից, որ այն, ինչ փողոցում է, փաստորեն, յուրաքանչյուրիս տանն էլ է:

- Ալլա մորաքույրը (Ալլա Վարդանյան) և Նաիրա մորաքույրը( Նաիրա Շահիրյան) այսօր նկարահանվում են սերիալներում: Հնարավոր է, որ մի օր էլ Նոնա մորաքրոջը տեսնենք սերիալներից որևէ մեկում:

- Մարդիկ երևի նկարվում են, որպեսզի իրենց դերասանական ունակությունը չկորցնեն: Երբ գործիքը երկար չես օգտագործում, այն ժանգոտվում, փչանում է: Կան մարդիկ, որ մտածում են միայն թե երևան, խաղան, բայց  ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում սցենարին: Այն հեռուստասերիալները, որոնք հիմա ցուցադրվում են, գուցե լավ է, որ կան, որովհետև կամաց-կամաց պետք է հասնենք այն բարձունքին, որը ունեն մեքսիկական, արգենտինական, ռուսական սերիալները: Չէ՞ որ սխալների վրա են սովորում: Այժմ թատրոնը դարձել է սերիալներին կից, եթե առաջ սերիալներն էին թատրոններին կից, հիմա ճիշտ հակառակն է: Այսօր խաղացանկը կազմում են այնպես, որ չխանգարեն սերիալում զբաղված  դերասանին: Գուցեև գումարային խնդիրներ են լուծում, սերիալներում նկարահանվելով, բայց ես, առայժմ, ինձ չեմ տեսնում այդ սերիալներում: Ինձ մոտ դա սկզբունքի հարց է: Չեմ ասում, որ մյուսները չեն առնչվել, բայց ես, որ առնչվել եմ հետաքրքիր ռեժիսորների, հետաքրքիր սցենարների ու գրական գործերի հետ, ուզում եմ, որ իմ ճաշակով լինի, ինձ հարազատ լինի, ոչ թե ուղղակի որևէ դեր խաղամ:

- Որքան գիտեմ, այժմ դասավանդում եք. ինչպիսի՞ն է Նոնա մորաքույրը լսարանում:

- Դասավանդում եմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետում: Ինչ-որ տեղ վախենում էի, սկզբում ինձ որպես դասախոս չէի տեսնում, բայց հետո ինքս ինձ ասացի. «Դու դերասան ես չէ՞, սա էլ է մի դեր»: Ինձ դուր է գալիս աշխատել ուսանողների հետ: Մատ թափ տալով, ահարկու ձայներով ու նայվածքով դու չես կարող հասնել այն ամենին, ինչ պետք է: Ես գիտեմ, որ նրանք ո՛չ կկարդան, ո՛չ էլ կսովորեն, բայց  այնպիսի պայմաններ եմ ստեղծում, որ նրանք ուզած-չուզած պետք է նկարահանեն այդ հատվածը, որը պարտադիր է: Միևնույն ժամանակ արդեն երրորդ տարին է՝ համալսարանում ամանորյա ներկայացումներ ենք պատրաստում ուսանողների հետ, որին մասնակցում եմ նաև ես: Այնպես որ այսքան տարի անց էլ Նոնա մորաքույրը չի մոռացել փոքրիկներին:

- Հավատարիմ մնալով Ձեր հաղորդումներին՝ ի՞նչ խորհուրդներ կտայիք կանանց և փոքրիկներին:

- Կանանց ես առաջին հերթին խորհուրդ կտայի, որպեսզի նրանք իրենք իրենց սիրեն: Եթե կինը ինքն իրեն չսիրի, ոչ մի բան չի ստացվի: Երեխաներին չեմ ուզում խրատներ տալ, բայց այժմյան փոքրիկները շատ են տարբերվում 10 կամ 20 տարի առաջվա փոքրիկներից: Կցանկանայի, որ նրանք հետաքրքիր գրքեր կարդան, որովհետև գիրքը հիմա մղվել է հետին պլան:  Համակարգիչը, ինտերնետը թող լինեն, բայց գիրքը իր նկարազարդումներով ու իր հոտով ամպայման պետք է լինի երեխաների կողքին: Դա նաև նրանց մայրիկներին է խորհուրդ, որ երեխաները հեռու չմնան գրքերից: Այսօր երեխաները չարությամբ են լցված շների և կատուների հանդեպ, բայց ի՞նչ են արել այդ խեղճ կենդանիները, նրանց պետք է կերակրել, խնամել, փայփայել: Ինչպե՞ս կարելի է կենդանիների նկատմամբ բարի չլինել: Հաճախ, երբ տեսնում եմ, թե ինչպես են վերաբերվում կենդանիներին, ինչպիսի չարությամբ են լցված մարդիկ միմյանց նկատմամբ, ասում եմ. «Այ, որ ժամանակին իմ հաղորդումները դիտեին, այդպես չէին վարվի»,- կատակում է Նոնա Զոտովան:


ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՊԱՏՄԵԼԻՍ ԿԱՐԾԵՍ ԹԵՎԵՐԻ ՎՐԱ ԹՌՉՈՒՄ ԷԻ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վաստակավոր դերասանուհի ԱԼԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ (Ալլա մորաքույր) ցավով ու կարոտով է հիշում «Բարի գիշեր» մանկական ծրագիրը. «Ես մեծ սիրով էի գնում այդ հաղորդումներին: Չհասկանալով, թե հասկանալով՝ շատ նվիրված էի հաղորդմանը: Այդ հեքիաթները պատմելիս ինձ թվում էր, որ դրանք պատմում եմ իմ երեխաներին, կարծես թևերի վրա թռչում էի: «Բարի գիշերը» ինձ համար առանձնահատուկ մի բան էր: Շատ եմ ափսոսում, որ ընդհատվեց ծրագիրը: Մի օր մեզ տնօրենը կանչեց և ասաց, թե հաղորդումը շարունակելու համար պետք է հովանավորներ գտնեք: Իսկ վերջնական խոսքն այս էր. «Ով ասաց, որ մեր երեխաները ժամը 20:00-ին են քնում, հիմա ժամանակը առաջ է քայլում»: Միշտ ասել եմ, որ շատ ծանր տարա այդ պատմությունը»: Այսօր էլ Ալլա Վարդանյանը ուրախանում է, երբ իրեն հիշում են որպես Ալլա մորաքույր. «Այն տարիներին, երբ ես հեքիաթ էի պատմում, չէի պատկերացնում, որ քանի տարի անց էլ դեռ ինձ կհիշեն, այսինքն՝ ես ինչ-որ մի հետք թողել եմ բոլորի սրտերում: Շնորհակալ եմ իմ հանդիսատեսից»: Իսկ այժմ կցանկանար հեքիաթ պատմել փոքրիկներին հարցին Ալլա մորաքույրը երկմտում է պատասխանել . «Մեկ-մեկ մտածում եմ, բայց հետո ինքս ինձ ասում եմ՝ արժե՞ արդյոք: Այս սերունդը կդիտի՞, թե՞ ոչ: Մեր հաղորդումը մի քիչ ուրիշ էր՝ անկեղծություն կար, խիղճ կար: Հույս ունեմ, որ էլի լավ, մանկական հաղորդումներ կծնվեն»:


ԱՅՍՕՐ ԵՐԵԽԱՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ, ՔԱՆ ԵՐԲԵՎԵ

Նաիրա մորաքույրը՝  Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի ՆԱԻՐԱ ՇԱՀԻՐՅԱՆԸ, որը տասը տարի վարել է «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդումը, գտնում է, որ դա արդեն անցած փուլ է: Վերջինս  ավելի շատ անհանգստացած է նրանով, թե ինչ է կատարվում այսօր. «90-ականների մութ ու ցուրտ ահավոր տարիներին, երբ երեխաները զրկված էին ամեն ինչից, փակեցին «Հեքիաթն է կանչում» ծրագիրը: Այն, ինչ կատարվեց «Հեքաթն է կանչում» ծրագրի հետ, նույնը տեղի ունեցավ հիմա: Մենք մեր երեխաներին զրկեցինք միակ մանկական հեռուստաալիքից, մինչդեռ Ադրբեջանում, Վրաստանում բացեցին մանկական հեռուստաալիքներ: Ռուսաստանը ունի երկու մանկական հեռուստաալիք, իսկ մենք փակեցինք մեր ինը տարեկան «Հայրենիքը»՝ շատ մարդկանց թողնելով գործազուրկ: Դրա համար էլ դեգրադացված սերունդ է մեծանում: Այսօր երեխան ավելի կարիք ունի այդ հեքիաթների, քան երբևիցե: Այժմ բոլոր երեխաները դիտում են կրիմինալ սերիալներ: Շատ եմ ցավում, որ այսօր «Հայրենիք» հեռուստաալիքը չկա: Դա միակ ալիքն էր, որ դիտում էին մեր երեխաները և նրանց ծնողները»: Այսօր Նաիրա մորաքույրը «Քաղաքավարության կանոններ» մանկական հաղորդման ռեժիսորն է, որը հինգ այլ մանկական հաղորդումների հետ «Հայրենիք» հեռուստաալիքից տեղափոխվեց «ԱՐ» հեռուստաալիք:

Փաստորեն, տարիներ շարունակ երեխաների և նրանց ծնողների լավագույն բարեկամներ դարձած երեք մորաքույրները այսօր էլ չեն մոռացել իրենց հանդիսատեսին և շարունակում են տարբեր ասպարեզներում ստեղծագործել փոքրիկների համար:


ԶՐՈՒՑԵՑ
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում