livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

HovՕրերս Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ ներկայացավ Հ. Ղազանչյանի բեմադրությամբ` Պ. Զյուսկինդի ՙԿոնտրաբաս՚ մոնոներկայացմամբ: Նշենք, որ լոսանջելեսաբնակ դերասանը նշեց իր 45 եւ ստեղծագործական կյանքի 30-ամյակները:

-Տեւական ընդմիջումից հետո կրկին երեւանյան բեմում էիք: Ինչպիսի զգացողություններ ունեցաք:

- Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա կիսվելու, շփվելու իմ հայ հանդիսատեսի հետ: Հանդիսատեսի, որի շնորհիվ ես կայացել եմ, կայանում եմ որպես դերասան: Տեւական բացակայությունից հետո կար կարոտի զգացողություն: Չեմ կարող ասել, որ լարվում էի, ճիշտ հակառակը` ավելի հանգիստ էի: Զգում էի ներկայանալու այդ հաճելի պատասխանատվությունը:

- Որքան ժամանակ չէիք խաղացել ՙԿոնտրաբաս՚ մոնոներկայացումը:

- Երեւի մի երեք ամիս: Ի դեպ, սա 50-րդ ներկայացումն էր:

- Մարդիկ, ովքեր տեսել էին ՙԿոնտրաբասը՚ Ձեր մատուցմամբ, փաստում էին, որ միանգամայն այլ ներկայացում տեսան. դերասանի այլ վերապրումներով ու զգացողություններով:

- Կարծում եմ` տարիքն իրենն ասում է` լավ առումով: Տարիքի հետ, բնականաբար, պետք է հասունանան նաեւ դերերդ. փոխվում են արտահայտչամիջոցները, ինքնարտահայտման միջոցները, կատարման տեսակը: Այս ամենը, իհարկե, լավ առումով, իր ազդեցությունը կամ ներգործությունն ունենում է ստեղծագործական կենսագրությանդ վրա: Եվ դու հանկարծ որպես կատարող զգում ես, որ բոլորովին այլ կերպ ես հաղորդակցվում հանդիսատեսի հետ: Վստահ եմ` դա կհաստատի նաեւ բեմադրող ռեժիսորը, որ ներկայացումը չեմ չարչրկել ու տարել սխալ, աջ ու ձախ ուղղություններով:

- Բեմից ասացիք, որ ՙԿոնտրաբասը՚ Ձեր այցետոմսն է, ինչու:

- Մոնոներկայացումը թատրոնի այն տեսակն է, երբ դերասանը հնարավորություն ունի ամբողջությամբ ներկայանալու: Եթե բեմադրիչը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ներկայացնելու քո դերասան տեսակը, ցուցադրելու քո ամբողջ կարողությունը, ապա ներկայացումը դառնում է քո այցետոմսը: Դու վստահ կարողանում ես քո խաղով ասել, թե ինչ կարող ես առհասարակ անել բեմում: Հոգաչափ շնորհակալ եմ Հակոբ Ղազանչյանից` իմ լավ ընկերոջից, ինձ այսպիսի նվեր մատուցելու համար:

- Դերասաններ կան, ովքեր ասում են, թե մոնոներկայացումը մենամարտ է, Դո՞ւք էլ այդ կարծիքին եք:

- Չեմ կարծում... Առհասարակ մենամարտ է, բայց ոչ հանդիսատեսի հետ: Հանդիսատեսը քո թիկունքում է: Եվ հետո, չեմ պատկերացնում մենամարտ հանդիսատեսի հետ ասվածը, քանի որ երբեք չեմ ունեցել ինձ հակասող հանդիսատես:

- Ո՞րն է հանդիսատես-դերասան Ձեր երկխոսության գաղտնիքը:

- Սեր, սեր, սեր… Հանդիսատեսը գալիս է թատրոն եւ ուզում է, որ բեմում գտնվող մարդը սիրի իրեն եւ պատասխանատու լինի իր, ճաշակի, այն աշխատանքի առաջ, որը նա փորձում է հրամցնել բեմից: Միշտ ասել եմ ու էլի կասեմ. դերասանը չպետք է զարմացնի հանդիսատեսին, դերասանը պետք է հիացնի:

- Ջերմությամբ խոսեցիք հայ հանդիսատեսի մասին, ինչ տարբերություն կա օտար եւ հայ հանդիսատեսների միջեւ:

- Մարդը ամբողջ աշխարհում մարդ է, կամ էլ մարդ չէ: Բոլորը նույնն են, բոլորս նույնն ենք: Բոլորս Աստծո ստեղծած արարածներ ենք: Լեզուն է տարբերվում, մշակութային որոշ սովորույթներ, քմահաճույքներ, սկզբունքներն են տարբերվում:

- Ի դեպ, այդ ինչ թատրոնի մասին էր խոսքը, որի մասին ասացիք բեմից:

- Խոսքը ՙՇանթ՚ թատրոնի մասին է: ԱՄՆ-ում բացվել է հայկական թատերաշենք, որի բացումը նշանավորվեց ՙԻմ սեւ սիրտը եւ սպիտակ հրեշտակը՚ ներկայացմամբ:

- Դուք վերոնշյալ ներկայացման գլխավոր դերակատա՞րն էիք:

- Այո, բեմադրիչն էր Սուրեն Ներսիսյանը: Այն խաղացանկային թատրոն չէ եւ չունի հաստիքով դերասաններ: Թատրոնն աշխատում է ամերիկյան սկզբունքով: Այսինքն` այնտեղ վճարում են շենքի համար եւ ներկայացումներ խաղում:

- Երբ մեկնեցիք ԱՄՆ, ստիպված եղաք որոշ հարցեր զրոյի՞ց սկսել, թե՞…

- Զրոյից սկսելու դեպքում շատ ավելի ուշ կհասնեի այն ամենին, ինչին արդեն որոշակի առումով հասել եմ: Դժվար կլիներ ինձ համար զրոյից սկսելը, օրինակ` եթե գնայի ու մի նոր մասնագիտություն սովորեի: Չնայած, չեմ հասկանում, թե ինչ գործ պետք է լիներ, որ զրոյից սկսեի, քանի որ իմ կյանքում արդեն համատեղելի են գեղանկարչությունը, զգեստների նկարչությունը, երգեցողությունը, թատրոնը, կինոն: Այս ամենը հավատացեք, քիչ չէ, երբ դրանք բոլորն ունեն իրենց համապատասխան դիպլոմները: Եվ, այնպես չէ, որ նրանցից որեւէ մեկի մեջ դիլետանտ եմ: Փառք Աստծո, կարիք չեղավ զրոյից սկսելու: ԱՄՆ-ում կա այսպիսի սկզբունք. նայում են քո անցած ճանապարհը, կենսագրությունդ, ֆիլմերդ, ներկայացումներդ, դերակատարումներդ, որոնք կարճ տեսաերիզների տեսքով նախապես ներկայացնում ես: Եվ, մարդիկ հասկանում են, որ դու ունես փորձ, իսկ մնացած հարցերը տեխնիկական բնույթի են. լեզվի մշակում, արտահայտչամիջոցներ:

- Քանի տարի է` ԱՄՆ-ում եք: Որքան գիտեմ` հասցրել եք կինոֆիլմերում նկարահանվել:

- Երեք տարի է, ինչ գտնվում եմ այնտեղ: Կինոյում ունեմ մի քանի լուրջ աշխատանք: Եվ, ամենակարեւորը, ինչպես ասում է իմ գործակալը` ընթացքը նորմալ է: Հիմնականում այնտեղ ավելի շատ աշխատում եմ որպես երգիչ, ամերիկյան մշակույթի երգեր եմ կատարում. հիմնականում սիրո երգեր, հայտնի գործեր:

- Իսկ Ձեր կինը ինչո՞վ է զբաղվում:

- Մարին հրավերներ է ստանում որպես ֆոտոմոդել, գիտեք, թե նա ինչ գեղեցիկ ու չքնաղ է... Նա, երբեմն, կոսմետիկ պարագաների գովազդի հետ կապված հոլովակներում է նկարահանվում: Կան կուտյուրjեներ, որոնց հետաքրքիր է Մարին: Բայց, նրա հիմնական աշխատանքը ինձ եւ երեք հրաշքներիս խնամելն է: Ի դեպ, աղջիկներս արդեն ուսանող են, սովորում են տեղի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում` Լիան եւ Էլլան, իսկ Գոռը`ավագ դպրոցում:

- Երբ կրկին Երեւան կգաք:

- Հասնեմ տեղ, հետո կասեմ...

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆa

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում