livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altԱրդեն երկու օր է էլեկտրոնային մամուլի ուշադրության կենտրոնում «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանում ստեղծված նոր սկանդալն է: Ըստ պտտվող լուրերի` երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի եւ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի միջեւ սեւ կատու է անցել այն բանից հետո, երբ վերոնշյալ հեռուստանախագծից Հայկոն, ով ժյուրիի չորս անդամներից մեկն է, նախագծից դուրս է թողել Ս. Գրիգորյանի աղջկան` Նարեին: Որից հետո, իբրեւ, Ս. Գրիգորյանը, այսպես ասած, պատիվ է պահանջել Հայկոյից: Չնայած, արդեն Ս. Գրիգորյանը այդ լուրերը անհիմն ու սուտ է համարել` ասելով. «Նարեի նախագծից դուրս մնալու օրը` երեկոյան Հայկոն մեր տանն էր, եւ մենք շատ ուրախ ու ընկերական մթնոլորտում ժամանակ անցկացրինք, այնպես որ, բավ է սին լուրեր տարածեք»:
«Զարուհի» այս թեմայի շուրջ զրուցեց «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից, Երգի պետական թատրոնի երգչուհի ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

 

- Նարե, շատերն են Ձեզ կայացած երգչուհի համարում, ինչո՞ւ որոշեցիք մրցել սկսնակների հետ:

- Բազմիցս այս հարցը շոշափվել է թե՛ իմ ու թե՛ իմ սիրելի Անահիտ Շահբազյանի համար: Ինչպես արդեն նշվել է, այս նախագիծը մյուս նախագծերի նման ունի որոշակի ձեւաչափ: Այդ ձեւաչափի համաձայն` այս մրցույթին կարող են մասնակցել ինչպես սկսնակները, այնպես էլ` որոշ չափով արդեն կայացած երգիչները: Թեպետ, ինքս ինձ այդպես կայացած չեմ համարում այս ոլորտում: Ես դեռ աշխատելու ու սովորելու շատ բան ունեմ: Դա է պատճառը, որ ամեն ինչ սկսեցի իմ շատ սիրելի Երգի պետական թատրոնից:

alt- Նախագծում մասնակցում էիք երգչուհի Անահիտ Շահբազյանի հետ, ում հետ, ի դեպ, մտերիմ ընկերուհիներ եք, չէի՞ք կարծում, որ ընկերությունը կարող է վերածվել մրցակցության:
- Անահիտի հետ մտերիմ ընկերուհիներ ենք, եւ ոչ մի մրցույթ չի կարող խոչընդոտ լինել մեր հարաբերություններում: Ընդհակառակը, ես  եւ ընանիքիս բոլոր անդամները ցանկանում ենք տեսնել նրան եզրափակչում եւ, ինչու չէ, տեսնել որպես հաղթող այդ նախագծում, որովհետեւ նա համապատասխան բոլոր տվյալներն ունի հաղթելու համար: Ես կլինեմ հպարտ` իմ ընկերուհու հաղթանակով:

- Ասում են, որ նախագծի սկզբում ժյուրիի անդամները տեղյակ են եղել Ձեր մասնակցության մասին, ուստի` դրա համար էլ, ժյուրիի չորս անդամներն էլ Ձեր ելույթի ժամանակ շրջվեցին:
- Թույլ տվեք չհամաձայնել ասեկոսեների հետ, ժյուրիի բոլոր չորս անդամներ տեղյակ չեն եղել իմ մասնակցության մասին, այնպես, ինչպես Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, երբ ընդունվեցի թատրոնին կից դպրոց-ստուդիա: Ես եւ ընտանիքիս անդամները դեմ ենք ծանոթով առաջ գնալու սկզբունքին:

- Ի վերջո, Ձեր հայրը` երգիչ Սամվել Գրիգորյանը, հաշվեհարդար տեսե՞լ ու պատիվ պահանջե՞լ է Հայկոյից` Ձեզ նախագծից դուրս թողնելու համար:
- Երբ առաջին անգամ համացանցից տեղեկացանք այդ տխուր զավեշտալի պատմության մասին, շատ ծիծաղեցինք, որովհետեւ նման բան չէր կարող լինել: Հայրս եւ Հայկոն վաղեմի ընկերներ են եւ շարունակում են մնալ լավ ընկերներ: Եվ իմ դուրս մնալը այս նախագծից երբեւէ չէր կարող պատճառ հանդիսանալ հորս եւ Հայկոյի հարաբերությունների սրացմանը: Ասեմ ավելին` ես եւ Հայկոյի որդին` Արմանչիկը, որոշել ենք` երբ նա մեծանա, հանդես գանք զուգերգով:
alt- Եվ հետո, ինչո՞ւ է Գրիգորյանների ընտանիքը ոմանց կոկորդին կանգնել:

- Խնդրում եմ, այս հարցը ուղղել այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն կոկորդի հետ:

- Մինչ այս նախագիծը քչերը գիտեին, որ Դուք Սամվել Գրիգորյանի դուստրն եք, ի վերջո, Ձեր սկզբո՞ւնքն էր, որ կայանայիք ինքնուրույն, որ ասեին` ոչ թե Սամվել Գրիգորյանի աղջիկն է, այլ` Նարե Գրիգորյանը:

- Իմ սկզբունքն է լինել ինքնուրույն` բոլոր հարցերում: Հայրս նույնպես համակարծիք է ինձ հետ: Իսկ եթե լինեն դժվարություններ, գիտեմ, որ հայրս կանգնած է թիկունքիս:

alt- Այս մրցույթը եւ նման բամբասանքները Ձեզ կկոտրե՞ն, թե՞ կկոփեն ու առաջիկայում այլմրցույթների էլ կմասնակցեք:

- Ես 21 տարեկան եմ եւ այս տարիքում հասցրել եմ որոշ չափով կոփվել: Այդ բամբասանքները սկսել եմ հումորի վերածել ու իրականում դրանք ինձ ավելի շատ օգնում են, քան կոտրում: Դրանք ինձ ուժ են տալիս շարունակել այն, ինչ սկսել եմ:

- Նարե, իսկ Արթուր Գրիգորյանը իր խորհուրդներով որեւէ դերակատարում ունեցե՞լ է նախագծում` Ձեր մասնակցության մեջ:
- Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը ինձ միշտ է օգնել ցանկացած հարցում, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ, եւ անգամ, եթե ես էլ չաշխատեմ թատրոնում, միեւնույն է նրա խոսքերն ու խորհուրդներն ինձ համար գանձ են եւ միշտ կարեւոր են լինելու իմ հետագա գործունեության համար:
- Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք:

- Առհասարակ պլանավորել չեմ սիրում, ինչ լինելու է` լինելու է Աստծո կամքով միայն եւ ճիշտ ժամանակին:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում