livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altՓոքր թատրոնում այսօր դերասանուհի ՄԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ իր «Քուչակն ու Մարին» մոնոներկայացմամբ հանդիսատեսին կրկին պարուրեց Նահապետ Քուչակի սիրո հայրեններով:

Թվում է, թե այսօր անդրադառնալ Ն.Քուչակին բավական բարդ է եւ հանդիսատեսին ոչ հասանելի, բայց արի ու տես, որ Մ.Գրիգորյանին հաջողվեց գրեթե լեփ-լեցուն դահլիճում Քուչակ պրոպագանդել ու արժանանալ հոտնկայս ծափերի: Ներկայացումից հետո, «Զարուհին» զրուցեց դերասանուհու հետ, ով նաեւ իր բեմադրության կոմպոզիցիայի հեղինակն է:

- Ինչո՞ւ հենց Նահապետ Քուչակ:

- Որովհետեւ Նահապետ Քուչակը նախ ինձ համար շատ հարազատ հեղինակ է: Եթե շատերի համար մոռացված է, ինձ համար երբեւէ չի մոռացվել ու արդեն 20 տարի է: Դեռեւս ուսանողական տարիներին էլ եմ անդրադարձել Քուչակին եւ միշտ ցանկություն եմ ունեցել նորից անդրադառնալ: Բայց երեւի թե այդքան հասուն չեմ եղել այս կերպարի համար, որովհետեւ դերասանը որոշակի իրավիճակների համար պետք է ապրումներ, էտապներ ապրի, կյանքի վայրիվերումներ, անկոււմներ եւ վերելքներ ունենա, որովհետեւ դա հարստացնում է քո ներաշխարհը ու դու անկեղծ ես խաղում: Արդեն ապրված իրավիճակներ ես խաղում, այդ ժամանակ անբնականություն չի դիտվում եւ դու ինքդ պետք է պատրաստ լինես դրան ձեռնամուխ լինել: Ու ես հասկացա, որ պատրաստ եմ դրան:

- Նահապետ Քուչակի հայրենններն անգամ դպրոցում է դժվար ընկալվում, առավել եւս սիրվում: Կա՞ր altմտավախություն, որ այս ներկայացումը, պարզապես, հանդիսատեսը չի ընդունի:

- Անշուշտ կար, որովհետեւ ինքս էլ այդ 450 հայրեններից ընտրելով 50-ը` հաճախ անդրադառնում էի գրքի վերջում կցված բառարանին, որտեղ բացատրվում էր այս կամ այն բառերը: Բայց ես խորամանկեցի, ընտրեցի ամենաշատ մեր լեզվին հասկանալի հայրենները, որպեսզի ստիպված չլինեմ բառեր փոխել , քանի որ դրանցում թուրքերեն, պարսկերեն բառերն այնքան շատ են: Ասեմ, որ, այնուամենայնիվ, մի երկու բառ փոխել եմ, երբ զգացի, որ այստեղ կարող է այդ մի բառը հանդիսատեսի համար հասկանալի չլինի: Իսկ մնացածը փորձել եմ էմոցիայի եւ ասմունքի միջոցով հասցնել հանդիսատեսին: Ինքներս էլ շատ ժամանակ օտարալեզու արտասահմանյան ֆիլմ ենք դիտում ու, կարծես, հասկանում ենք, թե ինչ է ասում այդ դերասանը, որովհետեւ էմոցիան արդեն իր ասելիքը տեղ է հասցնում: Այս դեպքում մեզ համար առավել եւս հայերենը, թեկուզ միջին հայերենը պետք է նման խնդիր չառաջացներ: Խրթին բառերի բացատրությունն էլ հասկանալու համար կողքի օժանդակ բառն է օգնում, թե ինչ է ուզում ասել հեղինակը:

- Այսօր բոլորը կոմերցիայի հետեւից են ընկել, իսկ Դուք մոռացված կամ անտեսված արժեքներ եք վերհանում: Ինչո՞վ է պայմանավորված:

- Կան երգեր, որոնք գրվել են Քուչակի հայրենների հիման վրա, Արսեն Համբարյանն էլ ունի գրած երգեր: Բայց ինքս փորձեցի գտնել մի լուծում, որը մարդկանց ավելի մոտիկ կլիներ, հասու կլիներ, որ ոչ մի խնդիր չկա, սա բարդ բան չէ, կարելի է հասկանալ, սիրել: Մանավանդ, որ Նահապետ Քուչակն իսկապես գնահատված արժեք է եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ դրսում: Հենց միայն այն հանգամանքն է պետք հաշվի առնել,  որ Չարենցը նույնացրել է հոգեւոր եւ աշխարհիկ երկու մեծությունների ու ասել. «Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա»: Ինձ համար այս մոնոներկայացումը, կարծես, առաքելություն լինի:

- Ամեն դեպքում, ինչպե՞ս հաջողվեց մեր օրերում մարդկանց սրտերը գրավել Նահապետ Քուչակի հայրեններով:

- Հատկապես առաջին ներկայացումներին, երբ հանդիսատես գրեթե չէի ունենում, չեք պատկերացնի ինչ ցավալի էր: Ես որոշեցի, որ էլ չեմ անելու ու ասում էի` վերջ այս ազգին նման բաներ պետք չէ … Բայց հետո, երբ հասկանում ես արածդ գործի նշանակությունն ու կարեւորությունը, մի կողմ ես թողնում ամոթը եւ սկսում մարդկանց «խեղդելով» ասել` գիտեք , եկեք, նայեք, լավ բան եմ արել: Ես ձեր համար, դուք ո՞ւմ համար: Իսկապես, եկեք, նայեք, լավ բան եմ արել: Ու ,կարծես թե, ստացվեց: Սա ինձ պետք է ոչ թե իմ PR-ի համար, այլ Քուչակի, ես արդեն 45 տարեկան կին եմ եւ երբեւիցե խնդիր չեմ ունեցել նկատվելու, երեւալու մամուլի էջերում, չկա նման բան: Ինձ պետք է, որ այս մեծ արժեքը գնահատեն:

alt- Մարի, ներկայացման ժամանակ նկատեցինք, որ Ձեր ձեռքերին դաջվածքներ էիք նկարել, սա է՞լ էր կոմպոզիցիայի բաղկացուցիչ մաս:

- Ինքս նկարող-դերսանուհի եմ, ուղղակի, գեղեցիկ, էսթետիկ ինչ-որ բան արեցի: Ինձ մի քիչ մեղադրեցին, թե հայերը նման բան չեն արել: Բայց երբ Փարաջանովը ժանյակ էր պահում իր ֆիլմում, այդ ժամանակ էլ այդպիսի ժանյակներ չկային: Երբ արվեստը սինթեզվում է, ինչ-որ բաներ փոխվում են: Ես փաստագրական ֆիլմ չեն նկարահանում, որ ասեմ` սա եղել է, սա չի եղել, սա չի կարելի կամ մտնեմ արխիվներ, որ հասկանամ` արե՞լ են նման բան, թե՞ չեն արել: Սա, ուղղակի, ինձ համար զուտ էսթետիկական նշանակություն է ունեցել: Գյուրջիեւի նշանն եմ օգտագործել, նաեւ ներկայացման ժամանակ օգտագործել եմ Գյուրջիեւի երաժշտությունից երկուսը: Ինքս էլ շատ չեմ հասկանում սա ինչ սիմվոլ է, բայց սիրում եմ:

- «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումը հաջորդ «Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնում մասնակցություն կունենա՞:

- Երբեւիցե չեմ արել մոնոներկայացում եւ սա առաջինն էր: Թատերական փառատոններից «Հայֆեստին» եմ մասնակցել մի 5-6 տարի առաջ: Այնպես որ, եթե ժամանակին տեղեկանամ, անպայման կմասնակցեմ:

- Հանդիսատեսն ու հեռուստադիտողը Ձեզ առավել շատ ճանաչում է հումորային մանրապատումներից: Իսկ Ձեզ ո՞րն է հարազատ` հումորայի՞ն, թե՞ դրամատիկ կերպարը:

- Ինձ միշտ էլ համարել եմ ավելի խորքային դրամատիկ դերասանուհի, թեեւ ասում եմ` ավելի դժվար է կոմեդիա խաղալը: Ու այդպես էլ կա, պետք է ունենաս հումորի զգացում, որպեսզ կարողանաս խաղալ եւ, փառք Աստծո, դրանից ծովից ծով ունեմ (ծիծաղում է Ա.Գ.-ն-Հ.Ս.): Բայց երբ իմ մասնակցությամբ հումորային ծրագրերն են մատնանշում, միշտ  ասում եմ, որ այդ չէ իմը, այլ սա է իմը: Նա ինձ համար տուն պահելու միջոց է, իսկ սա ես եմ:

- Նահապետ Քուչակին ո՞ր հեղինակը կհաջորդի, ունե՞ք նոր ծրագրեր:

- Ծրագրում եմ երկու զուգահեռ տանել, բայց դրա համար էլ է պետք ժամանակ: Իհարկե, 20 տարի չի պահանջվի, բայց երեւի մեկ տարի պետք է, որպեսզի ուսումնասիրեմ եւ հասկանամ: Որպես գաղտնիք ասեմ, որ այդ երկու զուգահեռը կլինի ժամանակակից եւ իրարից շատ հակասական Եղիշե Չարենցի եւ Վահան Տերյանի միջեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում