livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՉնայած, դեռեւս շարունակվում է "Շանթ" հեռուստաընկերությունն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի դատական գործընթացը, որի համար "Շանթ"-ն "Իրավունք"-ից պահանջում է 3 մլն դրամ, բայց, այնուամենայնիվ, հեռուստաընկերությունը շարունակում է հանրությանը "զարմացնել" իր դերասաններին ու աշխատակիցներին "քցելու" գործընթացով: Չնայած, այս անգամ դրան գումարվում է նաեւ սպառնալիքը: Երգչուհի, դերասանուհի ՔՐԻՍՏԻՆԱ ԵՂՈՅԱՆԻ` հեռուստաընեկրությունից հեռանալու մասին արդեն բոլոր լրատվամիջոցները որքան հնարավոր է խոսել ու անդրադարձել են, սակայն "Զարուհու" հետ զրույցում Քրիստինան խոսեց ոչ միայն միջադեպի, այլ հեռուստաընկերությունում` իր նկարահանման կարճ կենսագրության ընթացքում տեղի ունեցած ստրկական իրավիճակի մասին.

-"Շանթ"-ում "Դուետ" նախագծին մասնակցելու առաջարկը եղավ "Դուետ" նախագծի պրոդյուսերի կողմից: Մի խոսքով, նախագծում` որպես ինձ զույգ ներկայացրին երգիչ Սուրեն Առուստամյանին: Աշխատելը բարդ է եղել այն առումով, որ նա ամեն ինչ չի երգում, եւ չգիտեմ, թե այս նախագիծը որքանով էր իր տեղը: Իրեն հավանում եմ` որպես երգիչ, բայց, ամեն դեպքում, նա մի երգիչ է, որն իր ոճի մեջ լավն է, բայց իրեն պետք չէր ներկայացնել մի նախագծում, որտեղ պետք էր տարբեր ոճերում ներկայանալ: Ամեն համերգից հետո լինում էին տարաձայնություններ: Հարմարվելով` կոմպրոմիսի էի գնում, բայց եկավ մի պահ, որ ուղղակի անհնար էր: Երգն ուշ էինք ընտրում, ուշ պարապում, իմ տոնից դուրս էի երգում, նույնիսկ պրոֆեսիոնալ երգիչները չէին կարող իրենց տոնից դուրս երգել: Ես իրավունք ունեի վատ երգել, որովհետեւ նախագծում ներկայանում էի որպես չերգող, իրավունք ունեի չհամակերպվել երգչի տոնայնության հետ, որովհետեւ ես դերասան եմ, չնայած, որ համակերպվում էի: Այդ ամենն այնքան հասունացավ, որ ասացի` էլ չի կարող այսպես շարունակվել, որպես կազմակերպիչներ չեք կարողանում այնպես անել, որ մի անգամ գոնե ներկայանամ իմ ձայնով ու հնարավորություններով: Եվ ես կտրականապես ասացի, որ դուրս եմ գալիս նախագծից:

alt- Ասում են, նորմեր եք խախտել:
- Նման բան չի եղել, դա այնքան ծիծաղելի է: Իրենք բոլորն էլ գիտեին` ինչպիսի իրավիճակ էր տիրում, բայց ես էլ չէի կարող, իմ առողջությունն ամենից թանկ է ինձ համար:

- Նույնիսկ ասում են` ժամանակին չեք ներկայացել նկարանումներին...
- Դա միակ բանն է` ինչով կարող են իրենք արդարանալ, ես էլի չէի խոսի... Ինչ վերաբերում է այն տեսագրությանը, որ ներկայացվում է` իբրեւ չեմ կարողացել երգել, ապա ասեմ, որ դա մոնտաժված էր իրենց ուզած ձեւով: Այդ օրագրի էությունը այն է, որ նկարահանեն երգը պարապելու գործընթացը, մեր դեպքում դա չի նկարահանվել մի շաբաթ առաջ, որ իրենք նշում են, թե` ինչպես տեսնում եք մասնակիցները պարապում են, իսկ Քրիստինան` ոչ: Դա մի օր առաջ է նկարահանվել, մենք փորձում էինք, որ տեսնենք` գոնե այդ երգը ստացվո՞ւմ է, թե` ոչ: Եվ երբ ինձ նկարահանում էին, ես ասում էի լրագրողին, որ մի՛ նկարեք, դեռ չենք ընտրել... Նման բան երբեք չի եղել, որ ես անպարտաճանաչ վերաբերվեմ իմ գործին: Առհասարակ, ինձ համար այս գործն այնպիսին է, որ ես չեմ կարող անպարտաճանաչ լինել: Այս ամենն ինձ վրա հետք չթողեց, ես ուրախ եմ, որ հեռուստադիտողը ճիշտ ընկալեց, որ "Շանթն" ուզում էր ինձ սեւացնել, բայց իրենք ավելի սեւացան դրանով:

- Լավ, ինչո՞ւ էր սպառնում այդ պրոդյուսերը:

- Երբ ես ասացի, որ դուրս եմ գալիս նախագծից, հայտնվեց մի պրոդյուսեր, որին տեսնում եմ առաջին անգամ ու ինձ հարցրեց, թե ո՞րն է խնդիրը, որ ուզում եմ դուրս գալ: Երբ բացատրեցի, նա ասաց. "Ուղղակի իմացի մի բան, որ նախագիծը չես կարա թողես ու գնաս, որովհետեւ ովքեր այսքան ժամանակ մեր նկատմամբ նման քայլեր են արել, անպատասխան չեն մնացել, համապատասխան պահին իրենք ստացել են նույն բանը` մի բան էլ ավելի": Ես ուշադրություն չդարձրի անծանոթ պրոդյուսերի խոսքին, ու իջանք ներքեւ` երգն ընտրելու, արդեն մի օր էր մնացել մեզ: Իրոք, ուրիշ տարբերակ չունեի, էլի կհարմարվեի, երդվում եմ, բայց ժամանակ չկար, որ ես այդ երգը սովորեի: Երբ ես երգեցի, այդ պրոդյուսերին թվաց, որ վախեցել էի իրենից, որ իր նման տղամարդը երիտասարդ աղջկան սպառնացել էր ու կարծում էր, որ մի անգամ էլ սպառնա, ես կվախենամ ու կմնամ նախագծում, ու ասաց. "Լսի, մի խոսքով, ինչ ուզում ես արա, գնա մտածի` դու ինչքան բան ունես կորցնելու: Արի ասա` ինչ ենք անում, ոնց ենք անում, բայց եթե հանկարծ էլի մտածես, որ պտի պռավալ տաս պռոեկտը, ես քեզ էլ, քո կարիերան էլ նենց պռավալ կտամ": Այսպիսով` որոշեցի այլեւս չմասնակցել` իրենց էլ տեղեկացնելով, որ  եթե ձեզ թվում է, որ դուք ամեն մեկին կարող եք սպառնալ, այս ամենի տերը զգալով, սխալվում եք: Ապա ավելացրի, որ եթե դուք դեռ մտածում եք, որ այսքանից հետո պիտի այնքան անինքնասեր գտնվեմ, որ ձեզ հետ առհասարակ կապ ունենամ, սխալվում եք: Գիտակցում էի, որ այդ քայլն անեմ ՙՔաղաքում՚ սերիալից էլ եմ դուրս գալու: Իհարկե, ես հիմար չեմ, ո՞ւմ ձեռնտու չէ, որ շատ երեւա հեռուստատեսությունում, սերիալում ու նախագծում, բայց ես այդ ամենը գիտակցելով` գնացի այդ քայլին:

alt- Իսկ հեռուստաընկերության հետ պայմանագիր ունեի՞ք կնքած:
- Ոչ :

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ որպես դերասան` կոնֆլիկտ չեմ ստեղծել իրենց համար: Իրենց ասում էի` ես հրաժարվում եմ այդ պայմանագրից, որովհետեւ պայմաններն ինձ ձեռնտու չեն: Այդտեղ ծիծաղելի գումար է, ես աշխատեմ ու ծիծաղելի գումար ստանամ, որն ինձ չի բավականացնում` որպես դերասան:

- Իսկ ի՞նչ պայմաններ էին:
- Եթե կնքեի պայմանագիրը, պարտավոր էի շաբաթվա մեջ 5 օր ազատ գրաֆիկ տրամադրել, իրենց ցանկության դեպքում` նաեւ 7 օր: Իրավունք չունեի հրաժարվել սցենարի փոփոխություններից, իսկ եթե հանկարծ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ապա դրա համար ես պիտի վճարեի: Եղել է տեսարան, որ հրաժարվել եմ նկարահանվել, փաստորեն, եթե այդ պայմանագիրը կնքած լինեի, պիտի գումար վճարեի: Մեծ գումար էր այնտեղ նշված, որ ինչ-որ խախտման դեպքում պետք է 1 մլն դրամի չափով վճարեի: Իսկ այդ խախտումները որոշում էին իրենք, այսինքն` եթե ես անգամ 5 րոպե ուշանայի, դա խախտում էր, որովհետեւ այնտեղ հստակ նշված է, որ դերասանն իրավունք չունի նշված ժամից ուշանա, կամ 12 ժամ ինձ աշխատացնեին, իրենք դրա իրավունքն ունեին: Մի խոսքով, ես իրավունք չունեի կորպորատիվ որեւէ միջոցառման մասնակցել, որեւէ հարցազրույց տալ, որեւէ տեղ երգել...

- Իսկ այդքան զբաղվածությունը աշխատավարձի վրա ազդո՞ւմ էր:
- Ոչ, դա աշխատավարձ չէր, նույնիսկ ամաչում եմ դրա մասին խոսել, բայց դա օրվա կտվածքով չնչին գումար էր:

- Այդ կտրուկ փոփոխությունը ինչ-որ բարոյահոգեբանական առումով ազդե՞լ է Ձեզ վրա:
- Ես միանշանակ դա զգում էի, առողջությանս հետ խնդիրներ ունեի արդեն, նույնիսկ ամաչում էի այդ մասին ասել, իրոք, ինձ մոտ նյարդային վիճակ էր, որից ես չէի կարողանում անգամ իմ մտերիմների ու ծնողների հետ շփվել, դեպրեսիա էի տանում ու իրոք ունեի հոգեբանի կարիք:

- Այդ խնդիրները առաջացել էին իրենց պատճառո՞վ:
- Այո, այդ նյարդային վիճակը, որ ապրում էի նկարհանումներին, մի տեսարան դնում էին առավոտյան 11-ին, մյուսը` 3-ին, ես այդքան պիտի սպասեի իրենց մոտ: Գիտե՞ք ինչ պայմաններ էր, ցուրտ ու հսկայական տաղավարներում էին իրականացնում նկարահանումները, ու ջեռուցում չկար: Եվ քանի որ տան տեսարան էր, մենք չէինք կարող տաք հագնված լինել, կարճաթեւով սառչում էինք, բայց չէինք տրտնջում:

- Իսկ պայմանագրում չկա՞ր կետ, որ տարրական պայմաններով ապահովեին դերասաններին:
- Ոչ, իրենց պարտականությունը միայն այն էր, որ գործատուն պարտավոր է դերասանի համար հոգեկան ներդաշնակություն ստեղծել նկարահանման ընթացքում: Բայց ի՞նչ ներդաշնակության մասին է խոսքը, որ եթե գիշերվա ժամը 1-ին կամ 2-ին նկարահանումն ավարտում ես ու երիտասարդ աղջկան անգամ չես ճանապարհում տուն, էլ ինչի՞ մասին է խոսքը:

alt- Տաքսու գումար է՞լ չէին տալիս:
- Ոչ, ինչի մասին է խոսքը, նույնիսկ աշխատանքի ընթացքում չէին ապահովում ջրով, սննդով:

- Իսկ գումարները ժամանակին էի՞ք ստանում:
- 4 ամիս ուշացմամբ եմ գումար ստացել: Առաջինը նկարահանվել եմ հունիսի սկզբին, ստացել եմ` սեպտեմբերին:

- Ի՞նչ էին պատճառաբանում:
- Ամեն օր զանգահարում էի, ասում էին վաղը կլինի, մյուս օրը կլինի, հաջորդ օրը կլինի, ու արդեն ինքս էի վատ զգում զանգել ու խնդրել, որ աշխատածս գումարը ստանամ:

- Փաստորեն, շանտաժի միջոցով նրանք փորձել են Ձեզ պահել նախագծո՞ւմ:
- Այո, սպառնում էին` մտածելով, որ ես պիտի վախենամ իրենցից: Իրենք չեն բավարարվում այդ ամենով ու տեսանյութ են պատրաստում, որը սկզբից մինչեւ վերջ սուտ է, իսկ հոդվածի մասին ավելորդ է նույնիսկ խոսել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում