livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԵրգչուհի ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ համար անցնող տարին լի է եղել ձեռքբերումներով, որոնց պտուղները երգչուհին կքաղի եկող տարվա ընթացքում, երբ կմատուցի այն իր հանդիսատեսին: «Զարուհու» հետ զրույցում, համենայնդեպս, այդպես փաստեց Լուսինեն ու շտապեց տոնական բարեմաղթանքներ հղել բոլորին:

-Տարին ինձ համար շատ լավն էր, անընդհատ աշխատել եմ: Ճիշտ է, ոչ մի բան դեռ չեմ հանձնել հանդիսատեսի դատին, բայց ընթացքում աշխատել եմ` հավաքել մոտ տասը երգ, որոնք եկող տարվա ընթացքում բոլորը հնարավորություն կունենան լսել ու տեսնել:
- Այդ բոլոր երգերը ձայնասկավառակի տեսքո՞վ կներկայացնեք:
- Ձայնասկավառակի տեսքով դեռ ոչ, բայց հնարավոր է, որ մյուս տարվա ընթացքում նաեւ ձայնասկավառակ թողարկեմ:

- Վերջերս այդքան էլ ձայնասկավառակներ չեն թողարկում:
- Ինձ համար ձայնասկավառակը կարեւոր է, երգիչը պիտի ունենա ձայնասկավառակ, կապ չունի տեսահոլովակ ունի՞, թե` ոչ:alt


- Տարին Ձեզ համար բարենպաստ եղավ նաեւ նրանով, որ ամուսնացաք:
- Այո, ամուսնացա, դա ինձ համար շատ կարեւոր բան է: Ամեն ինչից վեր է իմ ընտանիքը: Կարելի է ասել, այս տարվա ընթացքում իմ կայնքի ամենամեծ հաջողությունը եղավ ամուսնությունս:


- Հաջորդ տարվա հետ կապված ի՞նչ պլաններ ունեք:
- Շատ պլաններ կան, բայց դեռ չեմ ուզում փակագծերը բացել, որովհետեւ, երեւի թե, ոչ ոք չգիտի, որ ես ներկա պահին աշխատում եմ, ոչ թե պարզապես տանն եմ նստած: Կարծում եմ նորմալ է, որ մարդիկ չեն տեսնում տարվա ընթացքում արածս աշխատանքը: Չնայած, այս տարի թողարկեցի իմ ու Դիջեյ Սերժոյի գործը: Բացի դրանից, շատ գործեր արեցի Դեր Հովայի հետ... Մնացած փակագծերը չբացեմ, մի խոսքով, մյուս տարի բոլորը կլսեն ու կտեսնեն իմ ստեղծագործական նորությունները:


- Փաստորեն, այս տարի լուռ աշխատեցիք, իսկ մյուս տարի...
- Ինձ թվում է, որ կարեւոր բան է լուռ աշխատելը ու հետո նոր ներկայացնել հանրության դատին: Իսկ այն աշխատանքներս, որոնց վրա երկար ժամանակ աշխատել եմ, սիրել ու արդեն հարազատ են դարձել, հաճելի է ներկայացնել հանրությանը, այդ թվում` իմ երկրպագուներին:


alt- Այս տարվա ընթացքում հաճախ էին կրկնում, որ շոու-բիզնեսը «մեռել» է, համերգներ չեն կազմակերպվում...
- Ես չէի ասի այդպես: Եվ հետո նման խոսակցություններին չեմ հավատում. կարծում եմ, որ արտիստը պետք է ինչ-որ հետաքրքիր բան ներկայացնի, որ մարդիկ չմտածեն, թե շոու-բիզնեսը «մեռել» է: Օրինակ, ես կոնկրետ թե՛ ոճային, թե՛ այլ պարագաներում արդեն մտածված եմ ներկայանալու մյուս տարի ու կարծում եմ, որ մարդկանց հաճելի կլինի այդ փոփոխությունը: Փոփոխություն է  լինելու շոու-բիզնեսում:


- Ոճային փոփոխությո՞ւն էլ է սպասվում:
- Այո, ոճային փոփոխություն էլ է լինելու: Մարդիկ կարծում են, որ շոուբիզնեսը «մեռել» է, որովհետեւ բոլորն անկախ նրանից, թե ինչ ոճում է եղել, սկսում են երգել այն երգերը, որոնք ավելի շատ գումար կբերեն իրենց: Իսկ ինձ համար դա կարեւոր չէ. ես երգելու եմ այն երգերը, որոնք ինձ են առաջին հերթին հաճելի եւ հետո` նոր հանրությանը:


- Այդ դեպքում, չե՞ք կորցնի հանդիսատեսի որոշակի քանակ, որովհետեւ ասում են, հանդիսատեսին տալիս ենք այն, ինչ նա է պահանջում:
- Ոչ, Բիոնսեն կորցնում է իր հանդիսատեսին, կամ` Ռիհաննան, բնականաբար` ոչ: Այս համեմատությամբ ուզում եմ ասել, որ եթե ճաշակով գործ ես ներկայացնում մարդկանց, ապա յուրաքանչյուրն էլ կսիրի այն: Բնական է, կան շատ մարդիկ, որ չեն սիրի, դա նորմալ է, կա՛մ չեն գնահատում, կա՛մ քո ոճը չեն սիրում... Բայց, յուրաքանչյուր արտիստ ունի իր լսարանը, ու կարծում եմ, ես էլ իմ լսարանը կունենամ:


- Լուսինե, վերջերս «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծում պիտի հանդես գայիք, բայց այդպես էլ չտեսանք Ձեզ այդ նախագծի շրջանակներում:
- Պարզապես, այդ նախագծում չցանկացա շարունակել իմ մասնակցությունը: Չեմ ուզում մանրամասնել, պարզապես, արդեն ցանկություն չկար մասնակցելու:


- Սովորաբար, հայտնի մարդիկ նախընտրում են դրսում դիմավորել նոր տարին, Դուք ինչպե՞ս եք դիմավորելու:
- Հիմա դեռ չենք պլանավորել, եւ հետո ես այդ օրերին, ցավոք, տանը չեմ լինում, միշտ համերգների եմ լինում: Բայց փորձում եմ այս տարի գոնե այնպես անել, որ ընտանիքիս հետ անցկացնեմ: Չնայած, ինչպես հասկանում եմ, էլի չի ստացվում, կրկին ուրիշներին եմ ուրախացնելու այդ օրը: Իսկ ինչ վերաբերում է երկրից դուրս գալուն, ապա ասեմ, որ հնարավոր է, որովհետեւ ինձ թվում է` դա ինձ ու ամուսնուս անհրաժեշտ է, տարվա ընթացքում ես եւ ամուսինս, հատկապես ամուսինս շատ աշխատեց, դրա համար, կարծում եմ, մենք էլ պիտի գոնե մի փոքր հանգստանանք:


- Ինչպե՞ս եք առաջարկում, որ Նոր տարին դիմավորեն մեր համաքաղաքացիները:alt
- Ամենակարեւորը շատ ուրախ, որովհետեւ, այդպես է` երբ ուրախ ես անցկացնում, ամեն ինչ լավ է լինում: Ուզում եմ, որ մարդիկ միշտ ժպտան, չտխրեն, որովհետեւ կյանքը շատ կարճ է ու տխրելու ժամանակ դեռ կա: Ամենակարեւորը` լինեն կիրթ ու գնահատեն դիմացինի աշխատանքը, ոչ թե քննադատեն: Բոլորին առողջություն եմ ցանկանում, ուզում եմ բոլորին առողջ ու երջանիկ տեսնել: Շնորհակալ եմ իմ բոլոր երկրպագուներին, խոստանում եմ, որ տարվա ընթացքում չեմ հուսահատեցնի այն երկրպագուներիս, ովքեր սպասում են իմ աշխատանքներին: Պիտի ասեմ, որ շատերն են դրան սպասում, որովհետեւ անընդհատ ինձ հաղորդագրություններ են գրում, թե ե՞րբ ենք նորություններ տեսնելու ու լսելու: Շնորհակալ եմ, որ ինձանով հետաքրքրվում են, ես իրենց համար եմ աշխատում, ուրախ եմ, որ իրենք կան: Անպայման, այնպիսի գործեր կանեմ, որ ուրախացնեմ ու գոհացնեմ իրենց:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում