livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

Ամառային արձակուրդները ավարտվեցին, եւ այժմ նոր ուժերով շատերը կգնան աշխատանքի կամ իրենց ուսումնական հաստատություններ: Իհարկե, հենց սեպտեմբերի սկզբին, հանդիպելով գործընկերներին, դասընկերներին կամ կուրսընկերներին, առաջին հարցը միմյանց պետք է լինի, թե որտեղ են հանգստացել: Եվ հայերիս բնորոշ տրամաբանությամբ կսկսեն պարծենալ, թե յուրաքանչյուրը երեւանյան տապից որքան հեռու է անցկացրել իր հանգիստը: Ոմանք իրենց հանգիստը վայելեցին ծովափնյա էկզոտիկ հանգստյան գոտիներում, մյուսները` երազելով ծովափի մասին, հանգստանում էին գյուղում՝ հարազատների մոտ, իսկ վերջինները ողջ ամառ «նախանձից պայթում էին»՝ լսելով ծանոթ-անծանոթների` հանգստյան գոտիներում անցկացրած անմոռանալի օրերի մասին ու համակերպվում սեփական բազմոցի վրա` հեռուստացույցի առջեւ, հանգստանալու «դառը բախտի հետ»: Այս երեք տարբեր խմբին միավորում է մեկ բան. բոլորին է հետաքրքիր, թե որտեղ հանգստացան մեր հայտնի դեմքերը, որոնց նախընտրած հանգստի մասին ներկայացնում ենք ստորեւ:

astx3Երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ՄՐՈ) նախընտրում է հանգստանալ հայաստանյան հանգստյան գոտիներում. «Եթե գումար ունեցա, կգնամ Աղվերան: Այնտեղ շատ լավ տեղ կա: Անցած տարի ընտանիքիս հետ մեկ շաբաթով գնացի: Աղվերանը շատ գեղեցիկ է, եւ երեխաներս էլ լավ էին զգում իրենց: Հնարավորության դեպքում ընտանիքիս հետ այնտեղ կգնամ»:

Իսկ այս տարի երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հանգստացավ ոչ թե Սեւանում՝ իր սեփական փոքրիկ տնակում, այլեւ ծովափնյա երկրում. «Անպայման պետք է հասցնեմ հանգստանալ, որովհետեւ առաջինը մտածում եմ առողջության մասին: Դեռ չեմ որոշել` որտեղ, որովհետեւ փոքրիկիս հետ պետք է մեկնեմ եւ այնպիսի վայր պետք է ընտրեմ, որ իմ դստրիկի համար էլ հետաքրքիր լինի»:

Շոումեն ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ, որը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապրում է Մոսկվայում,astx4 նույնիսկ հասցրել է լինել մի քանի վայրերում. «Այս տարվա ընթացքում արդեն երկու անգամ գնացել եմ հանգստանալու: Երկուսն էլ Եվրոպա` Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, պատրաստվում եմ գնալ Սոչի կամ Ղրիմ, աշնանը` Թայլանդ: Հիմնականում նախընտրում եմ    ճանապարհորդային հանգիստ: Հանգստանում եմ կամ ընտանիքիս, կամ ընկերներիս հետ, իսկ այս տարի  ի ուրախություն ինձ, ամռանը Մոսկվայում լավ հով էր»:

Դերասանուհի ԵԼԵՆԱ ԲՈՐԻՍԵՆԿՈՆ գտնում է, որ ամենակարեւորը ներքին երջանկությունն է, առանց որի` ոչ մի հանգիստ չի կայանա. «Հիմա փորձում եմ շատ ժամանակ հատկացնել իմ անձնական կյանքին եւ այդ պատճառով հաճախ բացակայում եմ երկրից, astx5իսկ դա ինձ համար լիարժեք հանգիստ է: Ինչ վերաբերում է, թե ինչպիսի հանգիստ եմ նախընտրում, ասեմ, որ կարող եմ հանգստանալ նույնիսկ տանը՝ լավ երաժշտություն լսելով, հարազատ մարդկանց հետ շփվելով: Սիրում եմ գնալ Սաղմոսավանք, կանգնել անդունդի եզրին եւ գոռաաաա՜լ… Այդպիսով լիցքաթափվում եւ հանգստանում եմ, նաեւ հանգստանում եմ ղեկին՝ վաղ առավոտյան կամ անձրեւի տակ ավտոմեքենա վարելով. դա, իրոք, հրաշալի է: Քաղաքից դուրս հանգիստը ինձ համար լիարժեք է, եթե կա հարմարավետություն: Առանց հարմարավետության` այդ հանգիստը ունակ եմ վայելել ընդամենը մեկ օր, իհարկե, լավ տրամադրվելու դեպքում մեկ օրը կարող է դառնալ մի քանի օր: Եվ, բնականաբար, հարմարավետությամբ կամ առանց հարմարավետության ամենակարեւոր նախապայմանը այն է, թե ում հետ ես գնում հանգստանալու: Օրինակ՝ ես նախընտրում եմ  ճանապարհորդել իմ ամենամտերիմ ու հարազատ մարդկանց հետ»: Չցանկանալով խոսել հայաստանյան հանգստյան գոտիների  անտրամաբանական բարձր գների մասին, վերջում դերասանուհին ավելացրեց. «Այս տարի համադասարանցիներով նշում էինք դպրոցն ավարտելու 20 ամյակը եւ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Անգլիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից… մի խոսքով` տարբեր երկրներից հավաքվել էինք, վերջին երեկոն շատ հիշարժան էր, հուզիչ ու անմոռանալի: Այդ օրը համադասարանցիներիցս մեկը առաջարկեց, որ յուրաքանչյուրս պատմենք, թե ինչպես ենք պատկերացնում մեզ 20 տարի անց: Հետաքրքիրն այն էր, որ գրեթե բոլորը պատկերացնում էին իրենց ծովի ափին՝ կյանքի վերջին տարիները վայելելիս: Սրանով ուզում եմ ասել, որ յուրաքանչյուրիս մեջ ծովի կարոտն է խոսում, գենետիկորեն եկող ծովից ծով Հայաստանի կարոտը: Օրինակ՝ ռուսները հորոսկոպի նշանով ջրհոս են, վրացիները՝ առյուծ, իսկ հայերն ապրում են այծեղջյուրի համաստեղության տակ, բայց մենք ինքներս ձուկ ենք, մեզ օդի պես ջուր է պետք, չէ՞ որ Կիլիկիայի պես պետություն ենք ունեցել: Ապրելով սարեր-ձորերի մեջ` ամենքս պատուհանից այն կողմ ջրի նշույլ է ուզում տեսնել, թեկուզ լողավազանի տեսքով: Իսկ այժմ պետք է բավարարվենք Սեւանով, որը մեր միակ «ծովն» է:

«Արմենոիդս» խմբի ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ, ամռանը հանգստանալու փոխարեն, աշխատում էր.astx1 «Այս ամառ չստացվեց հանգստանալ, որովհետեւ մեծ միջոցառումների շարք իրականացրինք օգոստոսին, սակայն մեկ միջոցառում էլ Շվեյցարիայում պետք է լինի: Կարծում եմ` 2-3 օր կունենանք, որպեսզի երկու արմենոիդսներով բարձրանանք շվեյցարական Ալպեր»: Ամեն դեպքում Էդգարը չի ընկճվում եւ գտնում է միջոց` վերականգնելու իր ուժերը. «Փոքր հնարավորություններով էլ կազմակերպում եմ իմ հանգիստը ամառանոցում: Իսկ ամռան տապին պարտադիր հաճախում եմ լողավազան»:

astx2IQ հանդեսի գլխավոր խմբագիր, հաղորդավարուհի ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ամուսնու եւ դստեր՝ Եվայի հետ, այս ամառ հանգստացավ Շրի Լանկայում. «Նախընտրում եմ միայն ծովափնյա հանգիստ: Եթե մեծ հնարավորություններ ունենայի, կմեկնեի աշխարհով մեկ շրջագայության, որպեսզի լողայի աշխարհի բոլոր ծովերում եւ օվկիանոսներում: Հայաստանյան հանգստյան գոտիների մասին կասեմ, որ աբսուրդի թատրոնի լավագույն օրինակ են՝ «մարդակեր» գներ ու ցածր որակ: Մայրաքաղաքի շոգից փրկվում եմ լողավազաններում»: Իսկ արձակուրդների հետ կապված` Գ. Հայրապետյանը հիշեց ոչ թե հետաքրքիր, այլ տխուր մի դեպք. «Երբ այս տարի ձմռանը հանգստանում էինք Եգիպտոսում, այնտեղ հենց մեր հյուրանոցի լողափի հատվածում տեղի ունեցավ շնաձկների տխրահռչակ հարձակումը: Երջանիկ պատահականությամբ` մենք այդ օրը լողավազանում էինք լողում: Երբ հաջորդ առավոտյան եկանք լողափ, տեսանք, որ ողջ լողափի երկայնքով Կարմիր ծովը փակված է կարմիր ժապավենով: Այդ տեսարանն այնքան տարօրինակ էր, տխուր եւ միեւնույն ժամանակ զավեշտալի, որ չդիմացա ու լուսանկարեցի կիսամերկ մարդկանց՝ շփոթված կանգնած ժապավենով փակված ծովի մոտ»:                                                                      

Երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ մեր հարցերին astxպատասխանեց շատ անկեղծ. «Եթե ունենայի մեծ հնարավորություն, կհանգստանայի Հայաստանում, եթե շատ փոքր՝ Կանայան կղզիներում: Այժմ պատրաստվում եմ ընտանիքով հանգստանալ  Ֆրանսիայում: Ընդհանրապես նախընտրում եմ ծովափնյա հանգիստ»: Հայաստանյան հանգստյան գոտիների մասին Արթուր Իսպիրյանը նշեց. «Սպասարկումը գնահատում եմ զրո, գները շատ բարձր են, անհետաքրքիր է ու ավելորդ ցուցամոլություն կա»:               

Իսկ եթե դուք այդպես էլ չհասցրիք ողջ ամռանը հանգստանալ, հոգ չէ. չէ՞ որ առջեւում շաբաթ-կիրակի է եւ ցանկության դեպքում անգամ մեկ օրում մատչելի գնով կարող եք ինքներդ ձեր հանգիստը կազմակերպել, նույնիսկ տանը` լավ ընկերական կամ բարեկամական շրջապատով: Կարեւորը լինի տրամադրություն եւ առօրյա հոգսերից հեռու հաճելի զրույց:

Պատրաստեց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում