altՕրերս երգահան ՆԱՐԵ ԲԱԼԱՅԱՆԻ ծննդյան օրը` հետմահու, ութ տարի անց, լույս տեսավ նրա առաջին ՙՆա Կա՚ ձայնասկավառակը, որի լույսընծայման նախաձեռնողը հաղորդավարուհի ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է: Նարե Բալայանը, միշտ էլ իր ընկերների համար կհիշվի իր անսահման կենսուրախ, բարի ու ժպտերես կերպարով ու կմնա ընդմիշտ ՆԱԿԱ:
Ինչպես Նարեի մտերիմ ընկերներից երգիչ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է նշում. «Կան լուսավոր մարդիկ, որոնց մասին մշտապես կարող ես պատմել եւ հիշել միմիայն լավն ու պարզը: Նարեն իմ այն ընկերներից է, ում մասին անպայման պետք է պատմեմ իմ երեխաներին եւ գալիք սերնդին...»:

Ս. Գրիգորյանը ներկայացրեց ձայնասկվառակի երգերը. «Ձայնասկավառակում տեղ է գտել 11 երգ, դրանցից 9-ը Նարե Բալայանի, 2-ը` իմ երգերն են` նվիրված Նարեի հիշատակին, «Այսուհետ» եւ «Հավետ» երգերը: 9-ը երգերի երաժշտության հեղինակը Նարեն է, խոսքերի հեղինակը` Անիտա Հախեվերդյանը»:
altԹե ինչո՞ւ ձայնասկավառակը լույս տեսավ միայն 8 տարի անց, Սերգեյը հույս հայտնեց, որ դրանք կարող էին դեռ երկար էլ լույս չտեսնել, եթե չլիներ Մանե Գրիգորյանը. «Մանեն ցանկացավ բոլորին անակնկալ մատուցել, հատկապես Նարեի մայրիկին եւ քրոջը: Ի սկզբանե երգերը չեն պատրաստվել PR-ի նպատակով, քանզի Նարեն ուներ երգեր, որոնք դեռ նրա կենդանության օրոք զբաղեցրել են հորիզոնականներ տարբեր մրցույթներում, այդ թվում նաեւ Հայաստանում` Լիանայի կատարմամբ «Թող» եւ «Ուրախ լողափ» երգը հայ աստղերի կատարմամբ` Քրիստինե Պեպելյան, Տիգրան Պետրոսյան, Զառա Բաբայան, Ֆելիքս Խաչատրյան... Այդ պատճառով երեւի ձայնասկավառակն ուշացավ: Բայց, ուրախ եմ եւ երջանիկ, որ վերջապես այդ երգերը ձայնագրվեցին եւ ավելի մեծ լսարան դուրս եկան, ինչի համար շնորհակալ եմ Մանեին»:
Սերգեյն այն քչերից է, որ կարող է պատմել, թե ինչպես են ստեղծվել Նարեի մի քանի երգերը. «Տեղյակ եմ, թե ինչպես են ծնվել նրա 2 երգերը... Պահի տակ, սենյակում, համակարգչի առաջ, որն անմիջապես երգվել է ակապելլա ու ձայնագրվել հեռախոսով:

Ի դեպ, հենց այդտեղից էլ հետագայում այդ երգերը նոտագրվեցին եւ գործիքավորվեցին: Չեմ կարող ասել, որ ամբողջ երգերը լսել էի, քանզի նա շատ համեստ մարդ էր, արտակարգ վոկալային տվյալներ եւ տեխնիկա ուներ, սակայն չէր երգում եւ ցույց չէր տալիս երգերը: Ամաչում էր շատ դեպքերում հում վիճակով երգը ցուցադրելուց»,- պատմեց Սերգեյն ու շեշտեց. «Երգերի թողարկման համար հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք Արթուր Գրիգորյանին եւ Նարեի մայրիկին` Մարինա Մկրտչյանին: Ա. Գրիգորյանը հատուկ ուշադրությամբ է ընտրել երգերի գործիքավորումներն ու կատարողներին: Քանի որ դեռ շատ երգեր կան, որոնց մի մասը նաեւ կիսատ է, դրա համար ժամանակ է պետք, որպեսզի նրանք լույս տեսնեն: Ամբողջը մեկ ամսում կամ նշված ժամանակահատվածում հնարավոր չէ անել, հաշվի առնելով, որ երգերը կյանք են առնում ոչ կոմերցիոն նպատակով: Սակայն երազում եմ, որ Նակայի բոլոր երգերը կյանքի կկոչվեն եւ նրա երգերով հիշատակի համերգ կկազմակերպվի: Սերունդը եւ հանդիսատեսը պետք է լսի այդ երգերը, դրա կարիքն այսօր շատ եմ զգում»:

Սակայն, որքան էլ որ իր եւ կոլեգաների ցանկությունը մեծ է, բայց ըստ Սերգեյի` հուշ-երեկոյի մասին խոսելը վաղ է. «Օրերից մի օր, կարծում եմ, դրա ժամանակն էլ կգա»:
Ս. Գրիգորյանի փոխանցմամբ` ձայնասկավառակը կոչվում է «Նա Կա» համանուն երգից, որը կատարում է Մարտին Միրզոյանը. «Այն խորհուրդ է կրում իր մեջ. բոլորիս զգացմունքը Նարեի հանդեպ` ե՛ւ երգի խոսքերն են, ե՛ւ այն, թե ինչպես էին իրեն անվանում մտերիմները` Նակա: Ձայնասկավառակը պաֆոսային շնորհանդես չի ունեցել, այլ իր ծննդյան օրը` իր հյուրերի եւ սիրողների համար, մեզ եւս մեկ նվեր է պարգեւել»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ