livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԵրգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ այն քչերից է, ով իր ուրույն ոճն ունենալով, ու ինչպես ինքն է ասում` գլուխը կախ իր աշխատանքն անելով` առաջ է գնում` ուշադրություն չդարձնելով ասպարեզ ներխուժած նույնօրինակ "աստղիկներին" ու իրենց ստեղծած գործերին: Իսկ թե ինչո՞ւ վերջին շրջանում երգչուհին այդքան չի երեւում ասպարեզում, "Իրավունքը" փորձեց պարզել հենց Աիդայից.


- Նախ, հեռուստատեսությամբ չերեւալս պայմանավորված է նրանով, որ հետաքրքիր երաժշտական ծրագրեր չկան, իսկ հիմնականում հրավիրում են ինչ-որ հաղորդման հյուր, իսկ դա կարող է  մեկ-երկու անգամ հետաքրքիր լինել, բայց ես երգչուհի եմ, կնախընտրում եմ երաժշտական հաղորդմալ` ներկայանամ հետաքրքիր մի երգով: Դրա համար շատ դեպքերում մերժում եմ: Բայց հաճախ եմ մասնակցում "Երգ երգոց" հաղորդմանը:

Իսկ համերգներ, եթե լինում են, մասնակցում եմ, հաճախ եմ մեկնում հյուրախաղերի: Փետրվարի 27-ին համերգ ունեմ Պյատիգորսկ քաղաքում, պատրաստվում եմ մարտ ամսին ԱՄՆ մեկնել, հրավերի եմ սպասում Բրազիլիայից: Ասպարեզում այդքան չերեւալս գուցե նրանից է, որ նոր տեսահոլովակ չունեմ: Իսկ հին տեսահոլովակներս էլ, չգիտես ինչու, հատուկենտ հեռուստատեսություններ են ցուցադրում, ուղղակի չեմ հետաքրքրվել, թե դրա պատճառը որն է:
- Այսօր հաճախ համերգներ չեն կազմակերպվում...alt
- Այո, այսօր սակավացել են համերգները, չգիտես, թե ինչով է դա պայմանավորված: Ինչ-որ թիմային գործունեություն են ծավալում, ամեն մեկն ասենք` մեկ-երկու երգչի հետ է աշխատում ու  անընդհատ նույն մարդկանց հետ են համագործակցում: Իմ ակտիվ ու պասիվ գործունեության ընթացքում էլ, երբ անգամ նոր էի սկսել երգելը, նման բանի չեմ հանդիպել, որ ինչ-որ խումբ-խումբ բաժանված լինեին: Իսկ այսօր... Սա էլ չգիտեմ, թե ինչով է պայմանավորված: Մեզանից պահանջում էին բնական ձայնով երգել, պահանջում էին ինչ-որ ճանապարհներ անցնել, եւ անցանք, փառք Աստծո, բարդություններ էլ ունեցանք, հեշտ էլ եղավ, բայց որ գնալով պետք է ավելի ամրապնդվեր, ու որակի վրա հիմք դրվեր, լրիվ ամեն ինչ այլ ուղղությամբ գնաց: Այսօր կարելի է ասել` չեն նայում, թե տվյալ երգչուհին երգել գիտի՞, թե՞ ոչ: Խայտառակ ելույթներ եմ լսում բավականին "լայքեր" ստացած երգիչ-երգչուհիների կողմից: Ինչեւէ, եթե այդ կարգավիճակում են, ուրեմն` թող կարողանան իրենց իսկ սեփական երգերը գոնե մեկ անգամ բնական ձայնով երգել:
- Աիդա, իսկ կգնա՞ք ռիսկի, որ մենահամերգ տաք Համալիրում:
- 2007 թվականին Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգ ունեցա: Այնպես չէր, որ ինձ ուղղակի պետք էր անուն հանել ու մենահամերգ ունենալ: Բայց կարող է ադմինիստրատիվ կողմն ապացուցել, որ ես չեմ զբաղվել այդ հարցերով, տոմսարկղից են իմ երկրպագուները գնել տոմս, եւ պիտի ասեմ, որ դահլիճը լեցուն էր: Իսկ Համալիրում այսօր ով ցանկանում է` հովանավորներհավաքելով համերգ է դնում: Արդեն 4-5 տարի է տեսահոլովակ չեմ նկարահանում, բայց ունեմ իմ լսարանը: Այսօրվա նոր անուն հանած երգիչ-երգչուհիները, եթե մի տարի չաշխատեն` կմոռացվեն: Ես շնորհակալ եմ իմ երկրպագուներին, որ արդեն քանի տարի է չունեմ նոր աշխատանք, բայց ինձ չեն մոռացել, հրավիրում են մենահամերգների: Ի դեպ, ունեմ բավականին մեծ արխիվ, որոնք փաստում են իմ արած աշխատանքները, իմ լեցուն դահլիճները: Մտադիր եմ այդ արխիվի հիման վրա փոքրիկ վավերագրական մի ֆիլմ պատրաստել:
alt- Այսօր շոու-բիզնեսը համալրվել է երիտասարդ կադրերով, շատերը կրկնօրինակում են միմյանց, բայց Դուք Ձեր կոլորիտով ուրույն եք` որպես երգչուհի: Ո՞րն է դրա գաղտնիքը:
- Գուցե, դա առաջին հերթին իմ տեմբրից է, երբեւէ չեմ գոռացել երգելուց: Իսկ այսօր, չգիտես ինչու, երիտասարդները սխալ ուղղվածության վրա են. իրենց թվում է` ինչքան շատ գոռան, այնքան` ավելի լավ: Երգով պիտի խոսես ու հասցնես տեղ: Հատուկենտ լսում ես ինչ-որ հետաքրքիր ձայներ, բայց միայն ստանդարտի մեջ: Ինձ մոտ, երեւի թե այդ բազմաժանրությունն ի վերուստ է տրված: Ես էստրադային ստուդիան ընդունվեցի, ավարտեցի ջազային բաժինը: Ուսանողական տարիներին երգում էի ե'ւ սոուլ, ե'ւ ջազ: Արթուր Գրիգորյանն ինձ համարում էր բլյուզային երգչուհի: Զուգահեռ` ինձ մոտ շատ լավ ստացվում էին Սասնո ազգագրական երգերը: Մի անգամ Հրանտ Թոխատյանի կինն ասաց. "Աիդա, բոլորին կարողացել եմ նմանակել, քոնը` չի ստացվել": Եվ հետո, երեւի, ես ճիշտ թիմի հետ համագործակցեցի` Հրանտ Մովսիսյանի, ում հետ հիմա էլ նոր երգերի վրա ենք աշխատում: Նա մնայուն աշխատանքներ է անում: Այսօր տեսնում ես իրար նման տեսահոլովակներ, երգեր են անում, մեկի մոտ ստացվում է` ասում են` վայ, գնանք այս կամ այն երգչի երգի նման երգ պատվիրենք: Արդյունքում նույն երգն է, մի քանի նոտա փոփոխված, ու այդպես գնում է լճացում: Այսօր բոլորը, չգիտես ինչու, կոմպոզիտորներ են դարձել, բայց նրանց ստեղծածն էլ, զգում ես, որ շատ վաղուց երգված է:
- Ձեր սերնդակից երգիչ-երգչուհիներին հաճախ տեսնում ենք տարբեր նախագծերում` որպես ժյուրիի անդամ, կամ նրանցից շատերը դասավանդում են...
- Փակագծերը չեմ ուզում դեռ բացել, պլաններում դպրոց հիմնելու ծրագիր ունեմ, բայց դեռ վաղ է դրա մասին խոսել: Իսկ ժյուրիalt հասկացողությունը, էլի եմ ասում, թիմային բաներ են տեղի ունենում, մեկը մեկին հրամցնելով, իսկ ես հաստատ երբեւիցե ոչ արել եմ, ոչ էլ` կանեմ նման բան: Ես իմ ոտքերի վրա ամուր կկանգնեմ, կգնահատեն` կգնահատեն, եթե ոչ` գնահատողները շատ են:
- Վերջին շրջանում շատ երգչուհիներ մայրանալուց հետո փորձում են տարբերակներ գտնել ու լքել երկիրը: Բայց Դուք այն երգչուհիներից եք, որ մնացիք, չնայած` ունեիք գնալու տարբերակներ:
- Ես գնալու կամ մնալու խնդիր բացարձակ չունեմ, ինձ մոտ այն կարգավիճակը չէ, որ ասեմ` այսինչ երկիրը առիթի դեպքում բաց չթողնեմ: Փառք Աստծո, ինչքան էլ, որ քիչ եմ երեւում, մի քանի համերգն ինձ բավականացնում է: Հետո այստեղ ունեմ կիսատ բիզնես, Սեւանի իմ լողափը, որն արդեն հետագայում ընթացք կտամ: Համենայնդեպս, դեռ մտքեր չկան ինչ-որ տեղ գնալ կամ մնալ: Եթե կարող եմ ազատ գնալ-գալ, իմ գործունեությունը ծավալել ե'ւ այստեղ, ե'ւ դրսում, էլ ինչ կարիք կա: Իսկ ինչ վերաբերում է բալիկիս, նա` առավել եւս, քանի որ ԱՄՆ-ի քաղաքացի է եւ ունի հայաստանյան անձնագիր, այնպես որ, իր ապագայի համար էլ խնդիր չկա:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում