livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

maya4Երգչուհի Մայա Մարգարյանի ու ռեժիսոր Տիգրան Դավիթյանի ամուսնությունից թեպետ անցել է երկու տարի, բայց, միեւնույն է, այն շարունակում է մնալ հանրության հետաքրքրության եւ բամբասանքի լավագույն թեմաներից մեկը: Սա նաեւ պայմանավորված էր նրանով, որ ամուսնական զույգը զերծ մնաց պարզաբանումներից, ինչպես նաեւ իրենց անձնականը հանրային քննարկման առարկա դարձնելու էժանագին PR-ից: Իսկ այսօր աստղային զույգի սիրո պտուղը` փոքրիկ Ալեքն արդեն 7 ամսական է, ու թեպետ նրանք գտնվում են հայրենիքից հեռու, բայց երջանիկ են:

«ՄԱՅԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ` ՍԿՍԱԾ ՄԵՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆԻՑ, ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է»

Երկարատեւ լռությունից հետո «Զարուհին» զրուցեց նորաստեղծ ընտանիքի հետ, եւ որպես ավանդական հայկական ընտանիք, նախ խոսեց տան տղամարդը` ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԴԱՎԻԹՅԱՆԸ:

- Ի վերջո, ողջ հայ հանրությունն ուզում է իմանալ, թե Դուք եւ Մայան կվերադառնա՞ք հայրենիք, թե` ոչ:

- Իհարկե, կվերադառնանք… Ինչի՞ մասին է խոսքը: Այ, թե երբ, դա դեռ չեմ կարող ասել… Ուղղակի մի քիչ հոգնել ենք, «ռեաբիլիտացիայի» կարիք ունենք:

- Ռուսաստան, ԱՄՆ… նույնիսկ այլ տարբեր վարկածներ են պտտվում: Իրականում որտե՞ղ է բնակվում նորաստեղծ ընտանիքը:maya1

- Այդ մեկն էլ մի իմացեք… Եվրոպա, ավելի կոնկրետ պետք չէ…

- Աշխատա՞նքն է պատճառը, թե՞ շարունակում եք վայելել ընտանեկան երջանկությունը, որ դեռ չեք վերադառնում:

- Ամեն մեկից մի քիչ: Արդեն ասացի, որ հանգստանալու կարիք էինք զգում: Հանգստանալու` Հայաստանից, առհասարակ… մարդկանցից, աշխատաոճից, քաղաքից, անընդհատ ծանոթ դեմքերից: Ճանապարհորդությունը սկսվեց մեղրամսի տեսքով, ահագին շրջագայություններից հետո որոշեցինք, որ կարելի է եւ մնալ: Դեռ մեզ լավ ենք զգում: Երկուսս էլ աշխատում ենք մեր մասնագիտություններով: Հենց կարոտենք, կվերադառնանք:

- Եկեք վերջ դնենք ամիսներ շարունակ քննարկվող թեմային. իրականում ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք Մայայի ընտանիքի հետ:

- Շատ սպասված հարց էր: Մայայի ընտանիքը` սկսած մեր ամուսնության օրվանից, իմ ընտանիքն է: Կնոջս ընտանիքի բոլոր անդամների հետ երբեք բացի լավ, համերաշխ, բարի հարաբերություններից, ուրիշ ոչ մի տեսակի հարաբերություններ չենք ունեցել: Բոլորին էլ շատ սիրում եմ, բոլորի հետ էլ կապ եմ պահպանում: Իսկ հիմար ու անհիմն բամբասանքներ միշտ էլ կարող են լինել: Առանց դրա հնարավոր չէ:

- Ձեր ամուսնությունից հետո բազմաթիվ էին չար բամբասանքները, ինչպե՞ս հաղթահարեց դրանք Մայա եւ Տիգրան ամուսնական զույգը:

- Բամբասանքը շատ կարեւոր բան է: Ինչպես արդեն ասացի, առանց բամբասանքի, աշխարհը միապաղաղությունից կխելագարվի: Բամբասանքի կարիք ունեն բոլորը` սկսած երկրների ղեկավարներից, վերջացրած շարքային քաղաքացիներով: Ուղղակի մի նրբություն կա: Ինչպես եւ ցանկացած տեղեկատվության աղբյուր (իսկ բամբասանքը բոլոր ժամանակների ամենակայուն եւ ուժեղ ԶԼՄ-ն է հանդիսանում), բամբասանքն էլ պետք է լինի որակյալ, թե չէ երկար կյանք չի ունենա: Մենք ամեն տեսակի բամբասանք հաղթահարում ենք շատ հեշտ` թեթեւ նյարդայնացած, բայց ժպիտով: Իսկ նյարդայնանում ենք, որովհետեւ այդ բամբասանքները տարածողները այնքան մանր ու իրենցից ոչ մի բան չներկայացնող մարդիկ են, որ առհասարակ մեր անունները տալու իրավունք էլ չունեն: Չնայած` մի կողմից իրենց էլ կարելի է հասկանալ: Խեղճերը սեփական կյանք չունեն երեւի, դրա համար էլ ուրիշների հետեւից են ընկնում: Ինչեւիցե, մենք փորձում ենք բամբասանքներին մեծ նշանակություն չտալ եւ թեթեւ նայել կյանքին:

- Արդյո՞ք տարբերվում է ուժեղ բնավորությամբ երգչուհի, պարուհի Մայա Մարգարյանը կին եւ մայր Մայայից:

- Ինձ համար մի քիչ դժվար կլինի օբյեկտիվորեն դատել: Եկեք ես ձեզ նկարագրեմ կին եւ մայր Մայա Մարգարյանին, իսկ դուք արդեն կասեք` տարբերվում է, թե` ոչ: Կին եւ առավել եւս մայր Մայան աշխարհի ամենանուրբ, հոգատար, կամեցող եւ բարի էակն է: Շատ ուժեղ եւ շատ փխրուն` միաժամանակ: Շատ ժամանակ ինքս եմ զարմանում, թե ինչքան ուժ, եռանդ ու դրական էներգիա կա նրա մեջ: Ես, իրոք, երջանիկ եմ, երբ նա իմ կողքին է, իսկ երեխայի ծնվելուց հետո կրկնակի…

- Դեմ կլինե՞ք, եթե Մայան որոշի վերադառնալ բեմ:

- Իսկ ո՞վ ասաց, որ Մայան լքել է բեմը: Սա ընդամենը փոքրիկ ընդմիջում էր` կապված երեխայի ծնվելու հետ: Իսկ ինչ վերաբերում է իմ դեմ լինելուն, ուղղակիորեն, անհնար է: Մենք երկուսս էլ արվեստի մարդիկ ենք: Ես հոյակապ հասկանում եմ, որ ինչքան ես եմ սիրում իմ նկարահանման հրապարակը, այնքան Մայան է սիրում իր բեմը: Այնպես որ, առաջին հերթին իրավունք չունեմ դեմ լինել եւ հետո` ինչի՞ համար դեմ լինեմ: Դա իմ կնոջ սիրած աշխատանքն է, եւ ես ուրախանում եմ` տեսնելով նրան բեմում:

- Ի դեպ, ասում են` Ձեր փոքրիկն ավելի շատ Մայային է նման, չե՞ք խանդում:

- Սկզբից էր Մայային նման: Հիմա բավականին փոխվել է: Կարծես թե սկսում է քիչ-քիչ ինձ նմանվել: Իսկ խանդի մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետեւ ես անգամ ուրախ կլինեմ, եթե Մայային ավելի նման լինի, քան` ինձ:

- Հետաքրքիր է, կիսո՞ւմ եք տնային գործերն ու փոքրիկի խնամքը Մայայի հետ, թե՞ միայն «ընտանեկան ռեժիսորական լուծումներով» եք զբաղվում:

- Շատ կուզենայի միայն «ռեժիսորական լուծումներով» սահմանափակվեր ամեն ինչ, բայց` ոչ: Իհարկե, կիսում ենք: Ինքս շատ մեծ բավականություն եւ հաճույք եմ ստանում` զբաղվելով տղայիս խնամքով` զբոսնել, խաղալ, պարզապես ժամանակ անցկացնել նրա կողքին: Այնպես որ, կարելի է ասել, որ երեխայով զբաղվելը մեր ընտանիքում բաժանված է երկու հավասար մասի:

- Հայրիկ լինելու հանգամանքը փոխե՞ց Ձեր կյանքը, թե՞ «Հրեշտակների դպրոցից» հետո (Տ.Դավթյանը հեռուստասերիալի ռեժիսորն էր -Հ.Ս.), երեխաների հետ գիտեիք, ինչպես է պետք վարվել:

maya2- Շատ անգամ եմ կրկնել կյանքում, որ երջանկություն եմ ապրում: Բայց պատկերացնել անգամ չէի կարող, թե ինչպիսին է լինում իրական երջանկությունը եւ հայր դառնալուց հետո եմ միայն հասկացել: Իսկ «Հրեշտակների դպրոցի» եւ, առհասարակ, երեխաների հետ շփման մասին, կարող եմ ասել ընդամենը մի բան` թեկուզ ամբողջ կյանքում աշխատես եւ շփվես երեխաների հետ, միեւնույն է, քո սեփական երեխան բոլոր մնացածի մասին մոռանալ է տալիս: Վստահ եմ` բոլորի մոտ է այդպես:

- Համոզված եմ, որ այսօր եւս հետեւում եք, գոնե Հանրային հեռուստատեսության սերիալներին` որպես ռեժիսոր, ի՞նչ կարծիք ունեք` զարգացո՞ւմ ենք ապրում, թե` անկում:

- Անկեղծ ասած, հայկական հեռուստատեսություն շատ վաղուց չեմ դիտել: Այսպես ավելի հանգիստ է: Իսկ ինչ վերաբերում է զարգացմանը, ինձ թվում է, որ վերելք, ամեն դեպքում, չի կարող չլինել, քանի որ աշխարհից շատ հետ մնալ էլ չեն կարող: Շատ ուրախանում եմ ընկերներիս նոր աշխատանքներով: Ցավոք, հիմնականում դրանք երաժշտական հոլովակներ եւ գովազդներ են: Շատ կուզենամ, իրոք, որակով գեղարվեստական ֆիլմ, կամ, ինչու ոչ, հայկական սերիալ դիտել: Վերջերս շատ ուրախացա, երբ իմացա, որ իմ շատ սիրելի Ռուբեն Ջաղինյանին նշանակել են Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ: Մի խոսքով, առաջընթաց, իմ կարծիքով, կա:

- Իսկ այդտեղ Ձեր մասնագիտությամբ աշխատանք գտե՞լ եք:

- Այո, իհարկե: Ես ուրիշ բան անել ուղղակի չեմ կարող: Եվ հետո իմ մասնագիտւթյունն այնքան եմ սիրում, որ երբեւիցե չեմ համաձայնի ուրիշ գործով զբաղվել: Համագործակցում եմ տարբեր ստուդիաների հետ, աշխատում եմ հիմնականում ինքս կառավարել իմ աշխատանքը: Երեւանյան սերիալային տեմպից հետո, երբ աշխատում ես շաբաթվա մեջ «ութ» օր, այստեղի ռեժիմը շատ հաճելի է: Եվ հետո, ամեն դեպքում, որակային ահռելի տարբերություն կա` թե՛ աշխատանքային գործընթացի մեջ, ե՛ւ թե տվածդ արտադրանքի:

«ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՇՈԿ ԱՊՐԵՑԻՆ ՄԵՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

Իսկ «Տեա Ջազ» պարային համույթի ղեկավար, երգչուհի ՄԱՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցն, իհարկե, սկսվեց ամենակարևորից:

- Ի՞նչ փոխվեց Մայա Մարգարյանի կյանքում փոքրիկի ծնունդից հետո:

- Ասեմ, որ որդուս ծնունդը ամբողջովին վերաիմաստավորեց իմ կյանքը, դարձրեց ինձ ավելի պատասխանատու եւ «մայր» հասկացողությանը արդեն վերաբերում եմ մի այլ կերպ` խորը զգալով եւ հասկանալով: Եվ, իհարկե, արդեն հպարտությամբ կարող եմ ասել` «մեր ընտանիքը»:

- Ո՞ւմ անունով եք կոչել փոքրիկին:

- Անունը շատ երկար էինք մտածում, ի վերջո, մայրս առաջարկեց Ալեք անունը:

maya- Համակերպվե՞լ եք ընտանիքի մայր լինելու «պաշտոնին», թե՞ երգչուհի լինելն առավել քիչ ջանքեր էր պահանջում:

- Ինչ ճիշտն է, ես չէի պատկերացնում, թե ինչ աստիճանի դժվար կլինի սկզբից, բայց հիմա արդեն ամեն ինչ գիտեմ եւ ստանում եմ մեծ բավականություն փոքրիկիս մեծացնելով:

- Բացի փոքրիկի կողքին լինելուց, էլ ինչո՞վ է այսօր զբաղվում սիրված երգչուհին:

- Հիմա միայն երեխայով, մեծ հաճույք եմ ստանում` տեսնելով, թե ինչպես է նա մեծանում` սովորում նստել, խոսել, խաղալ: Դեռ ժամանակս չի ներում անցնել այլ գործի:

- Լքեցիք երգարվեստն ու պարարվեստը հանուն սիրելիի՞, թե՞ ստեղծագործական դադարը ժամանակավոր բնույթ է կրում:

- Իհարկե, ժամանակավոր դադար է, ես չեմ լքել բեմը, դա հնարավոր չէ... Ուղղակի մի փոքր կյանքս է փոխվել, տղաս եւ ամուսինս ինձ ոգեշնչում են, կարծում եմ` ավելի թարմ ուժերով ներկայանալու ժամանակը շուտով կգա:

- Մտադի՞ր եք վերադառնալ հայրենիք:

- Մեր Հայրենիքը մենք շատ ենք սիրում, բացի դրանից, մեր հարազատներն են գտնվում Հայաստանում, շատ կարոտում ենք… Բայց, երկուսս էլ արվեստի ոլորտից ենք, եւ մեզ հարկավոր էր օդափոխություն, նոր միջավայր:

- Դուք գրեթե չեք խոսել Ձեր ամուսնությունից, որը բավական օրիգինալ էր: Կպատմե՞ք այդ մասին:

- Մենք բավական արագ հասկացանք, որ սիրում ենք իրար: Ես մեկնել էի Ֆրանսիա` մասնակցելու «Լավագույններից լավագույնը» խաղերին, իսկ այդ ժամանակ արդեն 7 ամիս էր, ինչ հանդիպում էինք: 13 օր իրար չէինք տեսել, եւ Տիգրանն ինձ հեռախոսով ամուսնության առաջարկություն արեց, ես էլ ընդունեցի:

- Ձեր  անսպասելի ամուսնությունը բամբասանքի ու խոսակցությունների առարկա դարձավ, մինչդեռ Դուք այդ շրջանում գրեթե չխոսեցիք Ձեր անձնականից:

- Այն, ինչ վերաբերում է անձնական կյանքին, ես միշտ դեմ եմ եղել դրա մասին խոսել: Բայց որոշ մարդիկ այնքան շոկ ապրեցին մեր ամուսնությունից, որ նույնիսկ չունենալով ինֆորմացիա` նկարագրում էին այն վառ երեւակայությամբ ու իրենց ենթադրություններն անում, դա մեզ նույնիսկ զվարճացրեց:

- Ինչպիսի՞նն է Ձեր կողակիցը:

- Տիգրանը շատ լավ ամուսին է եւ հայր: Նրա հետ երբեք չես ձանձրանա, հոգատար է եւ ինձ շատ է օգնում: Մենք, իսկապես, կարճ ժամանակում դարձանք իրար շատ հարազատ: Ես ինձ երջանիկ եմ զգում նրա կողքին, ինքն էլ` իմ կողքին:

maya3- Ի դեպ, Ձեր մայրն այս տարի արժանացել է «Տարվա լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգին: Հասցրե՞լ եք շնորհավորել նրան եւ ինչպիսի՞ դերերում կցանկայիք տեսնել Ձեր մայրիկին:

- Մայրիկիս հետ ամեն օր խոսում ենք. ես այն ամենից, ինչ կատարվում է նրա հետ, տեղյակ եմ, անսահման ուրախ եմ նրա համար: Նա այն դերասանուհիներից է, որ յուրաքանչյուր կերպար կարող է փայլուն կատարել:

- Քանի որ խոսեցինք ընտանիքից, հարազատներից, նրանցից հեռու լինելն ինչպե՞ս եք հաղթահարում:

- Skype-ի օգնությամբ:

- Ի՞նչն եք կամ ո՞ւմ եք ամենից շատ կարոտում:

- Մայրիկիս եւ «Տեա-Ջազ»-ը:

- Իսկ Ձեր «Տեա ջազ» պարային համույթն այսօր ի՞նչ ճակատագրի է արժանացել:

- Գրեթե բոլորը ընտանիքներ են կազմել եւ ապրում են իրենց կյանքով, բայց… լինելու է նոր «Տեա Ջազ», որովհետեւ առանց դրա իմ կյանքը չեմ պատկերացնում:

- Կարծես, հայաստանյան շոու-բիզնեսը խորը ճգնաժամի մեջ է: Համամի՞տ եք այս մտքի հետ:

- Դա ճգնաժամ չէ, այլ մասսայական անճաշակություն է, որն արդեն քանի տարի էկրաններից անդադար թելադրվում է «անտեսանելի» ուժերի կողմից: Այն, ինչից, որ ես եմ ուզում փախչել, որպեսզի չդառնամ նրանցից մեկը: Նույնիսկ ամենատաղանդավոր արտիստը կորցնում է իր բանականությունը, միտքը, ասելիքը, եւ, վերջապես, սկսում է ստեղծագործել` ըստ այդ անճաշակության պահանջարկի:

- Ի՞նչն է պակասում մերօրյա շոուբիզնեսյան կամ էստրադայի ներկայացուցիչներին:

- Ճաշակ, շուկա, լավ հանգիստ եւ «անդարդ» կյանք, որպեսզի երգելիս նրանց դեմքերից չերեւա կենցաղի դրոշմը:

- Ձեզ այսօր էլ սպասում է երկրպագուների մեծ բանակ, ի՞նչ կցանկանայիք փոխանցել նրանց:

- Ցանկանում եմ համբերություն: Ես նույնիսկ հեռվից կաշխատեմ նրանց ուրախացնել նոր ձայնագրություններով եւ տեսահոլովակներով: Իսկ ընդհանրապես ցանկանում եմ բոլորին լինել երջանիկ:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում