livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019
nana

Երգչուհի ՆԱՆԱՆ թե՛ արտերկրում, թե՛ հայրենիքում մշտապես սպասված լինելով հայ հանդիսատեսի համար` հաճախ է հայտնվում տարատեսակ բամբասանքների կիզակետում: Երգչուհին, լուրջ վիրահատությունից ամիսներ անց, անկեղծ զրույց ունեցավ «Զարուհու» հետ` իր ստեղծագործական ու անձնական կյանքի մասին մի շարք բացահայտումներ անելով:

- Նանա, Դուք մասնագիտությամբ իրավաբան եք, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք երգարվեստի ուղին:

- Ինքս երաժշտական ընտանիքից եմ, մայրս շատ լավ է երգում, իսկ մայրական կողմից պապիկս նվագում է փողային գործիքներ, նաեւ` դհոլ: Իսկ ես ավարտել եմ Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցը: Այնպես որ երաժշտությունը արյանս մեջ է: Ճիշտ է, մասնագիտությամբ իրավաբան-իրավագետ եմ, բայց երբեք այն ինձ պետք չի եղել ու չեմ օգտագործել: Հետո, երբ որոշեցի երգել, գնացի Կոնսերվատորիա եւ երկու տարի անհատական պարապեցի Արմանուշ Լեւոնովնայի (Հակոբյան) ղեկավարությամբ ու մինչեւ օրս շատ ջերմ կապերի մեջ եմ նրա հետ:

- Փաստորեն, ի տարբերություն շատերի, ընտրելով երգարվեստի քարքարոտ ուղին` Դուք ծնողների հետ խնդիր չեք ունեցել:

- Մայրս չէր ուզում, որ ես երգեմ, որովհետեւ մտածում էր չեմ կարող հասնել այն աստիճանի, ինչի մասին երազում էի: Բայց հասա, որովհետեւ համոզված էի, որ երազանքս կիրականացնեմ: Ընկերներս իմ մականունը դրել են «ընկեր Բախտիկյան», որովհետեւ ամեն ինչում իմ բախտը բերում է: Կյանքում ինչ ցանկացել եմ, ունեցել եմ: Եվ այդ ամենը ինքս եմ ստեղծել` ոչ թե նվիրել են: Երդվում եմ ամենայն սրբությամբ, որ ինձ համար ոչ ոք ոչինչ չի արել ու իմ աշխատանքով եմ ստեղծել այն, ինչ ունեմ: Տարբեր բամբասանքներ է իմ մասին տարածված, թե սրա շնորհիվ, նրա շնորհիվ… բայց, ոչ, ուղղակի իմ բախտը, իրոք, բերել է, որ հենց առաջին երգով, որը «Իմ անուշ մայրիկ»-ն էր, սկսեցի գումար վաստակել: Այս երգը դարձավ իմ այցետոմսը եւ ես սկսեցի մենահամերգներ ունենալ ամբողջ Հայաստանով, ապա նաեւ Հայաստանից դուրս:

- Համերգներ կազմակերպելն էլ բավական թանկ հաճույք է:

- Երբեք գումարի խնդիր չեմ ունեցել, որ ինչ-որ տարբեր մարդկանց դիմեմ: Անգամ Համալիրում երկու օր կայացած համերգս իմ գրպանից եմ վճարել, դա կարող է փաստել նաեւ «Ժպիտ» ակումբի տնօրեն Գարիկ Իսրայելյանը, ով ինձ օգնում էր: Իմ տեսահոլովակները, ձայնասկավառակները նույնպես իմ գումարով են կյանքի կոչվում, երբեք ինձ ոչ ոք չի հովանավորել, երբեք մեծահարուստ սիրեկաններ չեմ ունեցել:

nana1- Քանի որ խոսեցիք մեծահարուստ սիրեկաններ ու հովանավոր չունենալու մասին, հետաքրքիր է, ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք միշտ հայտնվում եք հենց նման բամբասանքների կիզակետում:

- Երեւի ինձ շատ են սիրում: Ռուսական ասացվածք կա, որը ընկերուհուս եմ հաճախ ասում. «Եթե քո մասին խոսում են, ուրեմն` դու հետաքրքիր ես, իսկ եթե քո մասին չեն խոսում, ուրեմն դու ոչ մեկին պետք չես»: Ուստի, եթե խոսում են, լավ է, ուրեմն` ես ուշադրության կենտրոնում եմ, որովհետեւ շատ անգամ, երբ ինձ մոտ խոսում են մեկի մասին, ում չեմ ճանաչում, չեմ էլ ուզում խոսել, քանի որ հետքրքիր չէ: Եթե մի մարդ հետաքրքիր չէ, մենք ժամանակ չենք կորցնի տվյալ մարդու վրա, որովհետեւ ժամանակը մեր կյանքի ամենաթանկ բանն է:

- Բայց, այնուամենայնիվ, տարատեսակ բամբասանքներ լսելով` Ձեր անձնականի մասին չեք բարձրաձայնում, ի վերջո, Նանան ո՞ւմ հետ է ապրում ու քանի անգամ է ամուսնացել:

- Ոչ մի անգամ չեմ ամուսնացել: Հարսանիք, ամուսնություն չի եղել, մի անգամ նշանված եմ եղել եւ վերջ: Դա եղել է 2005 թվականին, իսկ նշանս հետ տալուց հետո երկար ժամանակ իմ կողքին ոչ ոք չի եղել: Որոշ ժամանակ անց մի տղայի հետ եմ սկսել ընկերություն անել, ում հետ մինչ օրս ընկերություն ենք անում: Առաջ Աստված` շուտով կամուսնանանք, իսկ թե երբ կլինի, դեռ չեմ կարող ասել:

- Ձեր կողքին լինելու համար շա՞տ բան է պահանջվում տղամարդուց:

- Չեմ սիրում, երբ ինձ դավաճանում կամ խաբում են: Ինձ համար կարեւոր է վստահությունը, էական չէ ո՛չ արտաքինը, ո՛չ գումարը: Կարեւոր է մաքուր ընկերությունը, որպեսզի քեզ հարմարավետ զգաս նրա կողքին:

- Երգչուհի Նանան տարբերվո՞ւմ է տնային տնտեսուհի Նանայից:

- Ես շատ լավ տնային տնտեսուհի եմ: Սիրում եմ ուտեստներ պատրաստել, տիրապետում եմ տարբեր խոհանոցների գաղտնիքներին: Ճիշտ է, տանը աշխատող ունեմ, բայց ինքս սիրում եմ լինել խոհանոցում: Աստված անի, երբ բալիկ կունենամ, մեծ սիրով այնպիսի երեխա կդաստիարակեմ, որ շատերը նույնիսկ ինձ այդպիսին չեն պատկերացնի:

- Նշեցիք, որ երբեւէ գումարի հետ կապված խնդիր չեք ունեցել, իսկ ինչո՞վ էր պայմանավորված արտասահմանում բնակվելու որոշումը:

- Մոսկվան ինձ համար արտասահման չէ: Ի դեպ, մի դեպք պատմեմ. վերջերս ինձ Մոսկվայում վիրահատել էին, վիրահատությունից հետո իմ թղթերի մեջ գրել էին` Հայաստան, քաղաք Մոսկվա: Ես դա նույնիսկ լուսանկարել էի ու իմ բոլոր ռուս ընկեր-ընկերուհիներին ասացի, այնպես որ, դուք եք կնքել «Հայաստան, քաղաք Մոսկվա», ուրեմն` այլեւս հայերին չնեղացնեք Մոսկվայում (ծիծաղում է- Հ.Ս): Ինչ վերաբերում է այլ երկրում բնակվելուն, ես հիմնական չեմ գնացել այնտեղ, պարզապես գործեր կային` քաղաքացիությանս հարցերն եմ լուծել ու բնակարան գնել: Գնալ-գալ, այսպես կլինի:

- Այսինքն` Նանան չի՞ լքել հայրենիքը:

- Ոչ, Նանան շատ է սիրում իր հայրենիքը: 7 ամիս է` Մոսկվայում էի ու ինձ համար, բառից բուն իմաստով, «մեռնելիք» էր, որովհետեւ ահավոր չսիրեցի Մոսկվան: Շատ եմ եղել Մոսկվայում, քանի որ իմ բոլոր ազգականներն այնտեղ են բնակվում, բայց չեմ սիրում ո՛չ մի երկիր, ո՛չ մի քաղաք, բացի Երեւանից: Թեկուզ ուրիշ երկրում պալատներ էլ նվիրեն, միեւնույն է, ինձ համար Երեւանը շատ թանկ է ու մեկ ուրիշ տեղ չեմ պատրաստվում ապրել: Միշտ Հայաստանից գնացողներին ասում եմ` ախր, դրսում, եթե ես գումար ունենալով ի վիճակի չեմ ապրել, դու ինչպե՞ս ես ապրելու: Լավ է` դու քո գյուղի թագավորը լինես, քան մեծ քաղաքի ինչ-որ հերթական մարդը: Աստծուն աղոթում ու խնդրում եմ, որ երկրի վիճակը լավանա եւ ժողովուրդը հետ վերադառնա, մենք մեր գումարը վաստակենք եւ մեր անունը պահենք այստեղ:

nana2- Ձեր վիրահատությունը այն բացառիկ դեպքերից էր, որի մասին մամուլում միայն լավը գրվեց, բոլորն աղոթում ու առողջություն էին մաղթում:

- Ճիշտն ասած` այնքան շնորհակալ եմ այդ բարի մաղթանքների համար: Ինձ համար մարդիկ գնացել էին եկեղեցի ու մոմ էին վառել: Սա եւս մեկ ապացույց է, որ ժողովուրդն ինձ սիրում է: Խոնարհվում եմ բոլորի առջեւ, ովքեր աղոթում էին ինձ համար, ով էլ չի աղոթել, հաստատ հոգու խորքում գոնե առողջություն մաղթած կլինի, ինչի համար եւս շնորհակալ եմ:

- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այդպես էլ փակագծերը չբացեցիք, թե ինչ վիրահատություն էր:

- Չեմ ուզում: Հիվանդանոցից նույնիսկ լուսանկարներ են արվել, որ չմտածեն, թե որոշ երգիչ-երգչուհիների նման PR-ի կարիք ունեմ: Փառք Աստծո, ժողովուրդից շատ շնորհակալ եմ` սիրողը սիրում է, չսիրողը չի սիրում, բայց ճանաչում է ու PR-ի կարիք երբեք չեմ ունեցել:

- Այսօր ի՞նչ ստեղծագործական նորություններ ունեք:

- Զուգերգեր պետք է լինեին ռուս աստղերի հետ, բայց հասկացա, որ ռուս աստղի հետ երգելն այդքան էլ կոմերցիոն չէ: Իրենց հոնորարները շատ բարձր են եւ նրանց հետ համատեղ աշխատելը դժվար է, այսինքն` եթե զուգերգ կատարեմ ոմն մեգա աստղի հետ, դա կոմերցիոն չի լինելու, որովհետեւ երգելն աշխատանքի միայն 10%-ն է: Իսկ աշխատանքը 100%-ի հասցնելու համար նաեւ պետք է տվյալ երգչի հոնորարը համընկնի իմ հոնորարի հետ, որպեսզի մենք գնանք համերգների, կորպորատիվ միջոցառումների: Իսկ դա այնքան էլ ձեռնտու չէ: Ավելի լավ է` ես տարբեր լեզուներով երգեմ ու ինքս այդ երգերը ներկայացնեմ: Եթե երգում եմ, ուրեմն` դա պետք է լինի կոմերցիոն: Մրցանակաբաշխությունները, «չգիտեմինչությունները» եւ այլն ինձ համար չեն, իմը ժողովուրդն է: Սիրում եմ լինել ժողովրդիս կողքին ու երգել նրանց համար: Ինձ տարիներով էլ, որ հեռուստատեսությամբ չցուցադրեն, այնպես չէ, որ ժողովուրդը կմոռանա: Նորությունով մտնել հեռուստատեսություն ավելի հաճելի է, քան «մազոլել» անընդհատ նույն ելույթներով ու նույն տեսահոլովակով: Նոյեմբեր ամսվա վերջում լույս տեսավ իմ 6-րդ ձայնասկավառակը: 18 երգերից բաղկացած ալբոմ եմ պատրաստել, էլ ո՞ւր նոր երգ հանեմ: Այժմ պետք չէ նոր երգ, այն կլինի երեւի  աշնանը կամ նոր տարվա շեմին, որովհետեւ ծրագրերս շատ են, սեպտեմբերից արդեն համերգների պետք է մեկնեմ: Ի դեպ, պարզ ճակատով ասեմ, որ միշտ մենահամերգների եմ գնում ու ոչ թե 8-10 հոգով հավաքվում ենք ու գնում համերգի: Առաջ Աստված` նոր նախագծեր անպայման կլինեն եւ կրկին Համալիրում մենահամերգ կունենամ, բայց չգիտեմ երբ կլինի, ինձ թվում է` դեռ ժամանակը չէ:

- Այսօր տարանջատում է դրվում 6/8 երգողների, երգիչների միջեւ, ովքեր ակումբներում են երգում, եւ նրանց միջեւ, ովքեր  նախընտրում են միայն մեծ բեմերը: Դուք այդ տարանջատումը դնո՞ւմ եք:

- Երբ իրենց կարծիքով վիրավորում են ու ասում, թե ռաբիս ես երգում, չեմ վիրավորվում, իրենց խնդիրն է: Ընդհանրապես, ոչ մեկից չեմ վիրավորվում, պարզապես, կարծիք եմ կազմում դիմացինիս մասին: Պետք չէ վիրավորվել կամ հավասարվել իր մակարդակին ու վիրավորանքով պատասխանել: Ինչ-որ մի զանգված կա, որ իմ երգերը համարում են ռաբիս, չգիտեմ ինչու, որովհետեւ տարբեր ոճերի երգեր եմ երգում` ե՛ւ ժողովրդական, ե՛ւ 6/8, ե՛ւ ֆոլկ: Ամեն տեսակի երգ կատարում եմ, իհարկե, բացի դասականից: Ես երկրպագուների բանակ ունեմ, ով սիրում է այս երգերը, իսկ մյուսներն այլ երգեր են սիրում: Ինչ վերաբերում է մեր երգիչներին, ապա բոլորն էլ 6/8 են երգում, որ գումար վաստակեն, որովհետեւ ժողովուրդը դա է սիրում: Եթե այսօր երգեի միայն էստրադա, կամ միայն ժողովրդական, հավատացեք, ես այսքան հրավերներ չէի ունենա: Գլուխ չեմ գովում, պարզապես, ճշմարտությունն եմ ասում: Իսկ եթե մարդկանց դուր չի գալիս ճշմարտությունը, թող ո՛չ նայեն, ո՛չ լսեն, ո՛չ ընթերցեն: Բայց գոյություն ունի պարզ ճշմարտություն, եթե մի երգիչ թե՛ դահլիճներում, թե՛ ռեստորաններում երգ է կատարում ու իրեն ո՛չ նորմալ ծափ են տալիս, ո՛չ նորմալ ողջունում են, ո՛չ արձագանքում, ո՛չ էլ պարում իր երգի տակ, ապա այդ երգչի կատարման իմաստը ո՞րն է: Ինչո՞ւ են բողոքում, որ աշխատանք չունեն, չէ՞ որ իրենց երգած երգի պատճառով է: Չեմ բողոքում, Փառք Աստծո, թող իմ երգերը քննադատեն, կարեւորը գիտեմ, որ ժողովուրդն ինձ սիրում է:

- Ու ոչի՞նչ, որ չարժանանաք վաստակավոր արտիստի կամ այլ կոչումների:

- Իմ կոչումը ժողովրդիս սերն է: Չեմ էլ ուզում երիտասարդ տարիքում վաստակավոր արտիստի կոչում ստանալ, ինչի՞ս է պետք: Երբ 50-60 տարեկան լինեմ եւ բան ու գործ չունենամ, ինչ ուզում են թող տան, ինձ համար մեկ է: Հավատացեք, այնքան երգիչներ ունենք, որ շատ մրցանակներ ու կոչումներ ունեն, բայց երազում են, որ գոնե ամիսը մեկ անգամ իրեն մի տեղ հրավիրեն, երգի: Եթե երգիչը չունի երկրպագու, բայց առավոտից երեկո մրցանակ է ստանում, ամոթ է, ուրեմն` երգիչ չէ: Երգիչը պետք է մենահամերգներ տա, առավոտից երեկո տարբեր միջոցառումների երգի, գումար վաստակի եւ գումար ներդնի իր հետագա ստեղծագործական ուղու համար, ոչ թե կոչումներ ստանա, բայց գնա մեծահարուստներից գումար խնդրի: Եթե դու լինելով աստղ` ուրիշից գումար ես ուզում, դու աստղ չես, աստղը ոչ մեկից փող չի ուզում, այլ նա ունենում է այդ գումարը: Ժողովրդի լեզվով ասած, հովանավոր «կպցնելը» այլ խնդիր է, բայց զանգահարել ոմն մեծահարուստի ու խնդրել, որ գումար տա համերգ ունենաս, զգեստ կամ մեքենա գնես, ուրեմն` աստղ չես, չգիտեմ` ինչ ես: Ես նման խնդիրներ չունեմ, սա է իմ կոչումը, որ գումար եմ վաստակում ու ինքս իմ վրա եմ ծախսում:

- Ուժեղ անհատականություն Նանան, ով ինքնուրույն է հարթում իր առջեւ ծառացած խնդիրները, ի՞նչ կմաղթի հայուհիներին:

- Թող միշտ այդպես գեղեցիկ լինեն: Հայ աղջիկները շատ սիրուն են, չեք պատկերացնի, թե օտարազգի աղջիկները որքան տգեղ են: Թեկուզ ռուսները, կարող է մեջները մի քանիսը սիրուն լինի, բայց մեծամասամբ տգեղ են: Մեր հայ աղջիկները ճաշակով են, շատ «գլամուր» են հագնվում, իսկ ռուս աղջիկների հագուկապը տեսնեք, զզվանք կառաջանա, էլ չեմ ասում Եվրոպան կամ ԱՄՆ-ն: Մեր հայ աղջիկներով հպարատանում եմ, կանացի են ու շատ տարբեր: Բոլորին ցանկանում եմ կանացի երջանկություն, թող միշտ ժպտան եւ առողջ լինեն: Եվ թող բոլորն էլ ամուսնանան ու ես էլ գամ, երգեմ, իրենց ուրախացնեմ:

- Իսկ խոչընդոտները հաղթահարելու բաղադրատոմսը ո՞րն է:

- Ժպիտը, լինել սիրված եւ սիրել` սա ամենակարեւորն է:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում