livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altԴասական մեներգիչ, տենոր, բազմաթիվ միջազգային մրցույթների Գրան պրի մրցանակակիր ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ վերջերս մասնակցելով Սոֆիայում կայացած միջազգային երգի փառատոնին` հայրենիք է վերադարձել հերթական Գրան պրիով: Կարենը մասնակցել է ոչ միայն դասական երաժշտության փառատոների, այլեւ օտար հանդիսատեսին ներկայացրել էստրադային, ֆոլկլորային երգեր:

Սակայն, ինչպես երգիչն է խոստովանում, հիմնական շեշտը դրել է դասական երաժշտության վրա, քանի որ այդ ժանրում իրեն շատ լավ է զգում: Հայաստանում Կ. Զոհրաբյանը չի մասնակցել որեւէ մրցույթի, եւ այժմ էլ նախատեսված չէ. ՙՅուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որտեղ ելույթ ունենա եւ որ բեմում կայանա: Ես արդեն ընտրել եմ այն բեմը, որտեղ պետք է ելույթ ունենամ եւ կայանամ: Սակայն սա չի նշանակում, որ չեմ սիրում իմ Հայրենիքը եւ իմ ժողովրդին: Տարբեր երկրներից ունենում եմ հրավերներ` բնակվել եւ հանդես գալ իրենց բեմերում, սակայն որտեղ գնում եմ, երկար չեմ կարողանում ապրել` 5-10 օր, որից հետո այլ երկրների նկատմամբ կորցնում եմ իմ հետաքրքրությունը, ինչ-որ բան կա իմ մեջ, որը չեմ կարող հաղթահարել` կարոտ, հայրենասիրություն... չգիտեմ՚:
Միջազգային բեմերում Կարեն Զոհրաբյանի ելույթները միջազգային ժյուրիի կողմից  միշտ բարձր են գնահատվել, նրա ելույթներին հաջորդել են միջազգային հրավերներ` թե° որպես երգիչ, թե° որպես ժյուրիի անդամ: Բուլղարիայում կայացած երգի փառատոնից հետո երգիչը ստացել է հերթական հրավերը` հանդես գալ Սոֆիայում անցկացվող երգի մրցույթ-փառատոնում` որպես ժյուրիի անդամ: ՙԻրավունքը՚ Կարեն Զոհրաբյանի հետ զրուցեց հայ դասական երաժշտության եւ առաջիկա փառատոնային ծրագրերի մասին:

ՙՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՇԱՏ ՔԻՉ ԵՆ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ՚

-Կարեն, այսօր Հայաստանում ի՞նչ դիրքերում է դասական երաժշտությունը: Մեզանում կարծես այդքան էլ հետաքրքրված չեն դասական երաժշտությամբ:
- Կարող եմ ասել, որ դասական երաժշտությունը Հայաստանում փայլում է, բայց պետք է նաեւ շեշտեմ, որ այսօր օպերային երգիչները շատ քիչ են վարձատրվում, ստիպված մի քանի աշխատանք են կատարում: Ճիշտ է` նրանք հաճույքով են կատարում իրենց դերերգերը, բայց պետք է հաշվի առնենք, որ ամեն ինչի վրա ուղղակի ազդեցություն է ունենում սոցիալ- տնտեսական իրավիճակը: Սա լուրջ խնդիր է, որը կարող է խանգարել դասական երաժշտության առաջընթացին: Ոչ բոլորն են հետաքրքրված այս երաժշտությամբ, հասարակության որոշ հատվածների ընդհանրապես հետաքրքիր չէ դասական երաժշտությունը: Ես չեմ կարող գնալ 40 կամ 50 տարեկան մարդուն բացատրել, որ դասական երաժշտությունը ուրիշ է, նրա ականջն ինչին որ հասանելի է, այն էլ լսում է: Նախ` մարդիկ պետք է իմանան, թե ինչ է դասական երաժշտությունը, որպեսզի այն լսելիս հասկանան: Ամեն ինչ պետք է սկսենք մանկապարտեզից ու դպրոցներից: Հենց այստեղից պետք է սկսել պրոպագանդել դասական երաժշտությունը` մատաղ սերնդին ներկայացնելով հայ դասական երաժշտության վարպետներին: Օրինակ` դպրոցներին անվճար պետք է տրամադրել օպերային ներկայացումների տոմսեր եւ ոչ միայն: Սա պարզապես անհրաժեշտություն է:

ՙՄԻՇՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ՚

-Մի քանի առիթներով նշել եք, որ պայքարում եք, որպեսզի կարողանանք Թուրքիայում ավելի շատ ելույթներ ունենալ` հայ երգն այնտեղ ներկայացնելու համար, հատկապես` Ռ. Պետրոսյանի ՙԱռանց Մասիս՚ եւ Ա. Հեքիմյանի ՙԻմ Անի՚ երգերը:
- Այո, ասել եմ ու կասեմ` միշտ պայքարում եմ Թուրքիայում ավելի շատ ելույթներ ունենալու համար: Թուրքիայից արդեն ունեմ հրավերներ, որտեղ կմեկնեմ ոչ միայն ես, այլեւ ինձ հետ կգան հայ պարողներ: Մեծ է ցանկությունս այնտեղ ներկայացնել ՙԲերդ՚ պարը: Թուրքիայում շատ եմ տեսել, որ երիտասարդ թուրքերը պարում են եւ դրանով  ցույց տալիս իրենց ուժը, այսինքն` պարում են ուս ուսի, ձեռք ձեռքի տված: Շատ եմ ցանկանում, որ մենք էլ ցույց տանք մեր ուժը եւ այն էլ Թուրքիայում: Այս երկրում ես ելույթ եմ ունեցել եւ կարող եմ ասել, որ հնարավոր է ամեն ինչ տեղի ունենա, ուստի քիչ չեն եղել դեպքեր, երբ նրանք աշխատել են ամեն ինչում խոչընդոտել: Սակայն, այս ամենն ինձ չի խանգարում. Թուրքիայում պետք է ծածանեմ եւ բարձր պահեմ մեր Եռագույն դրոշը:
- Առաջիկայում ինչ ծրագրեր ունեք:
- Այժմ ոչ բոլոր մրցույթներին կարող եմ մասնակցել, քանի որ որոշ մրցույթներում կան տարիքային սահմանափակումներ: Սակայն ունեմ բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներից, որպեսզի հանդես գամ որպես ժյուրիի անդամ եւ ժյուրիի նախագահ: Որոշել եմ աստիճանաբար երգելուն զուգահեռ հանդես գալ որպես ժյուրիի անդամ: Այս ամռանը Հունաստանում կայանալիք երգի միջազգային մրցույթ-փառատոնում հանդես կգամ որպես ժյուրի անդամ: Փառատոնին մասնակցում են Հայաստանի երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ներկայացնում է Արցախը` իր ժողովրդական երգով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում