livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altԵրեկ «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրերն էին` «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, հանձնախմբի անդամներ` ԱՆՆԱ ՀԵՔԵՔՅԱՆՆ ու ԱՐԹՈՒՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ: Բանախոսները լրագրողներին ներկայացրին մայիսի 12-22-ը Երեւանում անցկացվող «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի պատկերը, տարվա ձեռքբերումներն ու բացթողումները:

ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ՓԱՌԱՏՈՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ԻՍԿ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իր խոսքում փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ասաց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, ակնառու տարբերություններ է նկատել. ավելացել են հայտերի քանակը:

ՙ«Նախորդ տարի ունեինք 132 հայտատու, այս տարի` 155-ն էին: Մասնակիցների թիվը հասնում էր 200-ի: «ԱՐՏ ՖԵՍՏ»-ին մասնակցում էին ինչպես երեւանյան, այնպես էլ մարզային բուհեր, մշակութային կառույցներ, անհատ ստեղծագործողներ»: Խոսելով փառատոնի մասնակիցների մասին, Է. Բարսեղյանը տեղեկացրեց, որ մասնակցում էին` Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: «Սյունյաց կողմից, ցավոք, ակտիվություն չկար: Հույս ունենք, որ առաջիկայում կունենանք եւ այդտեղից մասնակիցներ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ նպատակ ունեն փառատոնը դարձնել համահայկական, իսկ հետագայում` միջազգային, եթե հնարավորություն ընձեռվի:

Է. Բարսեղյանի խոսքերով` փառատոնը լայն արձագանքներ ունի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու «ԱՐՏ ՖԵՍՏ»-ին: «Այդ փաստը մեկ անգամ եւս ապացուցում է փառատոնի գոյության իրավունքի մասին»,- ընդգծեց «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի տնօրենը:

ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՈՐԵՎԷ ՄԱՍՆԱԿՑԻ ՉԻ ՇՆՈՐՀՎԵԼ

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի հանձնախմբի անդամ ԱՆՆԱ ՀԵՔԵՔՅԱՆԸ մինչ փառատոնի մրցանակակիրներին անդրադառնալն իր խոսքում հատուկ նշեց, որ այս տարվա «ԱՐՏ ՖԵՍՏ»- ը նվիրված է եղել փառատոնի հիմնադիր Արմեն Մազմանյանին: «Այս տարի հատուկ մրցանակ էինք սահմանել Արմեն Մազմանյանի անվամբ: Եվ այն տրվեց «Թատրոն 32»-ին` «Պարույր Սեւակ» ներկայացման համար»,- ասաց բանախոսը:
Տիկին Հեքեքյանն անդրադառնալով մրցանակներին, ասաց, որ թատրոնի բաժնում առաջին մրցանակ` ոսկե մեդալ, որեւէ մասնակցի չի շնորհվել: «Մենք որոշեցինք խիստ գտնվել: Անցյալ տարի էլ այդ մրցանակը որեւէ մեկին չտրվեց, որովհետեւ ներկայացումները, որոնք ներկայացված էին փառատոնին այնքան էլ բարձր մակարդակի վրա չէին: Բայց, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները բավական ուժեղ էին»:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՐՈՇ ԽՈՏԱՆՆԵՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷԻՆ ԱՆՁՐԵՎՈՏ ԵՂԱՆԱԿՈՎ

Է. Բարսեղյանը խոսեց նաեւ փառատոնի բացթողումների մասին: «Ունեցանք տեխնիկական որոշ խոտաններ` պայմանավորված եղանակով. նախատեսել էինք կերպարվեստի ցուցադրություններ կազմակերպել Մարտիրոս Սարյանի անվան պուրակում` «Վերնիսաժում», բայց, ցավոք, անձրեւոտ եղանակը թույլ չտվեց իրականացնել այն: Ցավոք, միայն մեկ օր կարողացանք կազմակերպել ցուցադրությունները, որը բարձր մակարդակի վրա անցավ: Այն կայացավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կարծում եմ, որ հաջորդ տարի կկազմակերպենք ցուցադրությունն այլ վայրում, որպեսզի չունենանք նման խնդիրներ»,- ասաց Է. Բարսեղյանը:

ԵՐԿՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՄԱՐԶԵՐԻՑ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԳԱԼ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ա. Հեքեքյանը ասաց նաեւ, որ թատերական ներկայացումներ դիտելն ու դրանց մասին խոսելը բավական բարդ է.  «Երկու ներկայացում մարզերից չեկավ` տրանսպորտային պայմանների պատճառով: Ներկայացում տեղափոխելը բավական բարդ, ծախսատար գործ է»,- համոզված է բանախոսը:
Ա. Հեքեքյանը հույս հայտնեց, որ եկող տարի մի քիչ ավելի զգույշ, զգոն կլինեն բեմադրող ռեժիսորները, կհասկանան, որ ամեն որակ չէ, որ պետք է բերեն եւ ներկայացնեն փառատոնին: Սակայն նախորդ տարվա համեմատ Հեքեքյանը դրական միտում տեսնում, որ ներկայացումներն ավելի լավն էին, կային ավելի հետաքրքիր մտահղացումներ: «Երիտասարդ ռեժիսորները հասկացան, որ պետք չէ անհետաքրքիր դասական գործեր բեմադրել, այսինքն` անցյալ դարի մտածողություն, այլ պետք է նորովի մոտեցում ցուցաբերեն»,- ընդգծեց Ա. Հեքեքյանը:    

ԵԹԵ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԴԺՎԱՐ ԵՆ ԲԵՐՎՈՒՄ, ԱՊԱ ՖԻԼՄԸ` ՀԵՇՏ Է

ԱՐԹՈՒՐ ԲԱԽՏԱՄՅԱՆՆ էլ լրագրողներին ասաց, որ այս տարի առաջին անգամ է մասնակցում փառատոնին: «Միանգամից հասկացա, թե ինչպիսի միտումներ կան այս փառատոնում: Այդ միտումները հրաշալի են: Առաջինը` անվճար հարթակ, որը տրամադրվում է երիտասարդներին, երկրորդը` փառատոնը, կարծես, մի յուրահատուկ «ինվենտարիզացիա» լինի, թե ինչ կա երիտասարդ դաշտում»:
Ա. Բախտամյանը գտնում է, որ շատ արագ պետք է ամրապնդել համահայկականության գաղափարը: «Եթե թատերական ներկայացումները դժվար են բերվում, ապա ֆիլմը շատ հեշտ է: Աշխարհում տարբեր ֆիլմ ինստիտուտներ գոյություն ունեն, վերցնենք մեր հարեւան երկրները: Այնտեղ կան բազմաթիվ հայ ուսանողների հետաքրքիր աշխատանքներ: Բայց այդ աշխատանքները, օրինակ չեն կարող բերել պրոֆեսիոնալ կինոփառատոներին, քանի որ նրանք ավելի բարձր չափորոշիչներ են պահանջում: Իսկ նույն ոլորտում աշխատող հասակակիցների համար հետաքրքիր կլինի տեսնել մեկը մյուսի աշխատանքները»,- պնդում է Ա. Բախտամյանը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում