altՕրերս Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ համերգ` համաշխարհային մեծագույն ճանաչում ձեռք բերած երիտասարդ վիրտուոզ երաժիշտ-կատարողներ Սերգեյ Խաչատրյանի եւ Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:

Նրանք շատ անգամ են ելույթ ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, սակայն համատեղ համերգ, որտեղ պետք է մեկ բեմում հանդիպեն, առիթ չի ընձեռվել: Հայաստանի սահմաններից այն կողմ իր երաժշտական գործունեությունը ծավալող հայ երաժիշտ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ «Զարուհի» հետ զրույցում ասաց, որ հայրենի բեմում ավելի է մեծանում պատասխանատվության զգացողությունը: «Ոգեւորում է այն միտքը, որ հայերի համար ենք նվագելու»: Ս. Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ ամռան ամիսներին պատրաստվում է իր քրոջ` դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ համատեղ ձայնասկավառակ թողարկել` հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով:
Ջութակահարի փոխանցմամբ` ձայնասկավառակը լույս կտեսնի 2015թ.: Այն նվիրված կլինի Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին: