livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

altԱմփոփվեց Երեւանում հունիսի 6-14-ը անցկացվող Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը, որի արդյունքները հայտարարվեցին Գալա-համերգի ընթացքում: Չորրորդ տեղը զբաղեցրեց Ջիա Ռանը (Չինաստան), երրորդ տեղը բաժին հասավ Ստեփան Սիմոնյանին (Ռուսաստան), երկրորդ տեղը կիսեցին`Եվգենի Ստարոդուբցեւն ու Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան): Առաջին մրցանակ այս տարի որեւէ մասնակցի չտրվեց: Հետեւաբար, չհանձնվեցին նաեւ հաղթողի համար նախատեսված հատուկ մրցանակները: Կազմակերպիչների խոսքերով` մրցանակներն իրենց տերերին կգտնեն հաջորդ տարի:

Մրցույթի ժյուրիի նախագահ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ գոհ է մրցույթից. կազմակերպիչների կողմից կատարած աշխատանքից, մասնակից դաշնակահարներից, հանդիսատեսից, որն ամեն երեկո գալիս ու երկրպագում էր այս կամ այն մասնակցին: «Ուրախ եմ, որ տոնը հաջողվեց: Յոթ օր շարունակ հիանալի մթնոլորտ էր տիրում այստեղ»,- ընդգծեց դաշնակահարը: Ա. Բաբախանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` մեկ օրվա ընթացքում ութ փորձ ունենալու եւ երկու երեկո մենակատարներին բեմում ուղեկցելու համար: Իր իսկ խոսքերով` սա բացառիկ երեւույթ է:

Անդրադառնալով մասնակիցների կողմից ներկայացված այս տարվա ծրագրին` Ա. Բաբախանյանը նշեց, որ ծրագրի ընտրությունն ազատ է եղել, ինչը հնարավորություն է տվել յուրաքանչյուր մասնակցին` բեմում էլ ավելի լավ դրսեւորել սեփական կարողությունները:

Մեր հայրենակից ՍՏԵՓԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ համար, ինչպես պարզվեց, հերթական առիթ է եղել մրցույթին մասնակցելու համար Հայաստան գալը: «Զարուհու» հետ զրույցում Ստեփանը խոստովանեց. «Հաճելի էր նվագել հայ հանդիսատեսի համար, այդ թվում նվագել ինձ սիրելի երաժշտություն: Ուրախ էի, որ մասնակցեցի մրցույթին, հարազատներիս տեսա, մի քիչ էլ գումար աշխատեցի, ինչու` ոչ»:

Իսկ ահա, ԵՎԳԵՆԻ ՍՏԱՐՈԴՈՒԲՑԵՎԸ, ով արժանացավ նաեւ հատուկ մրցանակի` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում, անկեղծացավ. «Ինձ համար շատ կարեւոր մրցանակ էր նաեւ` հանդիսատեսի համակրանքը, ինչի համար շատ ուրախ եմ: Երաժշտի համար շատ կարեւոր է կապ ստեղծել հանդիսատեսի հետ: Ձեր հանդիսատեսը շատ ջերմ էր»:

ԱՆԱՍՏԱՍԻԱ ՆԵՍՏԵՐՈՎԱՅԻ համար էլ մրցույթն առանձնահատուկ էր, քանի որ առաջին անգամ է մասնակցում իր տարիքային խմբին համապատասխան մրցույթի: «Երկու տարի առաջ երկրորդ տեղն եմ զբաղեցրել Շոպենի անվան միջազգային մրցույթում, բայց այն պատանեկան մրցույթ էր: Արամ Խաչատրյանի անվան մրցույթը լիովին այլ հարթակ է: Պետք է ասեմ, որ այս մրցույթի բոլոր մասնակիցները շատ տաղանդավոր էին, նույնիսկ նրանք, ովքեր չստացան մրցանակներ: Երջանիկ եմ, որ մասնակցելով այս մրցույթին դափնեկիր դարձա, փորձ ձեռք բերեցի»:

Գալա-համերգին բեմից հնչեց Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը` 2007թ.-ից մրցույթի պաշտոնական նվագախմբի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ու մրցույթի երկրորդ տեղը կիսած մասնակիցների մատուցմամբ:

Վ. ՄՈԻՐԱԴՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում