altՀաճախ ենք լսում կարծիքներ, դիտարկում-քննադատություններ այսօրվա շոու բիզնեսի, նորահայտ երգիչ-երգչուհիների «արվեստի» եւ այն ամենի մասին, ինչ արվում ու մատուցվում է հեռուստաէկրաններից: «Զարուհու» զրուցակիցը մի մարդ է, ով, անկախ ցանկությունից, անմասն մնալ չի կարող այդ ամենից եւ մտահոգ է դաշտի խնդիրներով: Մարդ, ով թեպետ արդեն անցել է բավականաչափ ուղի, ունի իր հասցեական մեծ լսարանը, բայց միեւնույն է, չի հասկանում աստղային հիվանդության շրջանակներում ու նման արատավորումների շուրջ պտտվող երեւույթների իմաստը:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ, ինչպես ինքն է ասում, շարունակում է սիրել մարդկանց այնպես, ինչպես իրեն սովորեցրել է մայրը.
«Արածդ գործով պետք է ցույց տաս հասարակությանը, որ դու իրենցից մեկն ես. ես ծնվել եմ հասարակ ընտանիքում եւ այսօր էլ ոչինչ չի փոխվել: Ես երեւակայություն չունեմ անձիս շուրջ եւ ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր, աստղային հիվանդությունից կուրացած, չեն տեսնում իրականությունը, նրանք ուղղակի իրենց կողքին չունեն սրտացավ մեկին, ով ուշքի կբերի իրենց:

Ես շարունակում եմ մնալ այնպիսին, ինչպիսին ծնվել եմ: Մի մարդ եմ, ով իր երգով ուրախացնում է մյուս մարդկանց ու միջոցառումների ժամանակ դառնում նրանց տրամադրություն altփոխանցող ընկերը: Իսկ ընդհանրական գնահատականներ տալուց կխուսափեմ, հատկապես, երբ հաճախ ինքս եմ լինում քննադատության էպիկենտրոնում: Ամեն գնահատական կարող է կոտրել արտիստին, հիասթափեցնել, սթրեսի ենթարկել: Ուղղակի կասեմ, որ կան մարդիկ, ովքեր ուրախացնում են լսարանին, եւ այնպիսիք, ովքեր չեն անում այն, ինչ պետք է»:
Երգչուհին պատմեց նաեւ իր մոտակա անելիքների ու պլանների մասին. «Ամռանը հիմնականում տեսահոլովակների նկարահանումով զբաղված կլինեմ` մեկը հայերեն երգի հիման վրա կնկարահանվի, մյուսը` անգլերեն, երկուսն էլ մեղեդային են, պեպելյանական ոճին բնորոշ»:

«ԳԱԼԻՍ Է ՄԻ ՊԱՀ, ԵՐԲ ՆՈՐ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԵՄ ԶԳՈՒՄ»

Իսկ մենահամերգների հետ կապված` Քրիստինեն ավելացրեց. «Մենահամերգը  յուրաքանչյուր արտիստի համար պարտադիր է, բայց բոլորը չէ, որ հասունանում են այս փուլի համար, միայն ցանկությունն այստեղ քիչ է, պետք է առնվազն 2 ժամվա համար ասելիք ու նորություն ունենալ: Համերգային ծրագիր մոտակայքում չեմ նախատեսում. նոր երգերս դեռեւս քիչ են: Եվ հետո մենահամերգները շատ ծախսատար են, ի դեպ, ուզում եմ հանդիսատեսին ասել, որ այստեղ արտիստը գումարներ չի աշխատում, իհարկե, խոսքս լավ ու որակով մենահամերգի մասին է, որը չունի մեծ հովանավորչական աջակցություն: Այնպես որ, լավ ու որակով մենահամերգից արտիստը գումար չի աշխատում: Իմ մենահամերգները կոմերցիա չեն հետապնդում, պարզապես գալիս է պահ, երբ նոր էմոցիաների կարիք եմ զգում...»:

«ԱՅԴ ՇԵՂՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՃԻՇՏ ՉԱՓԱԲԱԺՆՈՎ»

Իսկ թե համադրելի՞ են արդյոք բեմական մի քանի մասնագիտություններ, կարո՞ղ է որակյալ երգիչ-հաղորդավար, դերասան-երգիչ լինել, Քրիստինեն կարծում է. «Երաժշտությունն իմ կյանքն է, իմ գործը, հաղորդավարությունն էլ գրեթե նույն դաշտից է, նկարահանման նույն գործընթացը: Ամբողջ աշխարհում է սա օրինաչափ` երգող հաղորդավարներ, հաղորդավար դերասաններ, շատ խիստ գնահատել պետք չէ, իհարկե, երգիչը մի քիչ ավելի թույլ հաղորդավար կլինի, բայց սրանք իրարից այնքան էլ տարբեր ոլորտներ չեն: Հաղորդավարությունն ինձ համար նոր լիցք էր, ինչու չէ նաեւ գիտելիք, որ ստացա զրուցակից-հյուրերիցս: Ողղակի այդ ՙշեղումը՚ պետք է լինի ճիշտ չափաբաժնով, որից հետո կրկին կլինես քո հիմնական մասնագիտական միջավայրում»:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ