altՕրերս Երևանի Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մշակույթի տանը բեմադրվեց անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունիի հայտնի «Տղամարդը, կինը, պատուհանը, հանգուցյալը» ( Он, Она, Окно, Покойник ) կատակերգությունը: Բեմադրիչներն են` թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարգարյանը և թատրոնի ադմինիստրատոր` Նանա Գաբրիելյանը: Նրանց շնորհիվ հավաքվեց նոր դերասանական կազմ, որի անդամները հիմնականում առաջին կուրսեցիներ էին: Դերասանները այնքան լավ խաղ մատուցեցին և սիրվեցին հանդիսատեսի կողմից, որ երկրորդ անգամ ելույթ ունեցան ՀՌՀ-ի բեմում:

«Զարուհի» հետ ունեցած զրույցում մասնակիցներից Կարեն Զուրաբյանը, նշեց, որ շատերի համար սա առաջին ելույթն էր բեմում, առաջին քայլը թատերական աշխարհ և կարելի է ասել, որ այդ քայլը շատ հստակ էր և հաստատուն: Պրեմիերայից հետո եղան հիացմունքի արձագանքներ: Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի աջակցությամբ հուլիսի 2-ին ուսանողական թատրոնը ելույթ կունենա Կ.Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական Թատրոնի բեմում:

Դերասանները հանդիսատեսին խոստանում են բարձր տրամադրություն և հավաստիացնում, որ անգամ ընկճախտի մեջ, նայելով այս ներկայացումն անհնար է զսպել ծիծաղը: