livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

tat2Արվեստի երկու ներկայացուցիչ` մեկ հարկի տակ: Սարսափելի ոչինչ չկա, պարզապես մեկ-մեկ թատրոնի փորձերը տեղափոխվում են տուն, իսկ հանդիսատեսն այդ ժամանակ դառնում են ընտանիքի անդամներն ու մեկ-մեկ էլ ունկնդրում հարեւանները: Առաջին հայացքից թվում է, թե ինչ լավ է մի տնից երկու հայտնի անձնավորություն լինելը, մեկը մյուսի շողքի տակ դառնում են հայտնի:

Բայց եկեք ամեն ինչ չխառնենք իրար, սա այդ դեպքը չէ... Երկար-բարակ խոսելու փոխարեն լավ կլինի հենց ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ու ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆ զույգից պարզենք դա.

- Արվեստի երկու ներկայացուցիչ մեկ տանը…

ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆ- Դա լավ է, որովհետեւ ավելի ուժեղ ես լինում, ավելի պաշտպանված: Ներքին ինչ-որ հոսանքներից, փոքրիկ խոսակցություններից ու կսմթոցներից քեզ ավելի զերծ ես պահում, որովհետեւ ամուսինդ մեջքիդ կանգնած է եւ շատ հարցեր նա վերցնում է իր վրա: Բայց մի տեղ աշխատելը, ինչ խոսք, իր թերություններն էլ ունի, որովհետեւ անվերջ նույն բանն է, երբեմն բերում ես տուն այն, ինչ աշխատանքի վայրում է կատարվել եւ չես էլ կարողանում դրանից ձերբազատվել: Մեր աղջիկները գիտեն, որ եթե աղմուկ աղաղակ է տանը, գոռգոռոց, պապան իրենից դուրս եկավ ու հանկարծ մաման էլ ինչ-որ բարձր նոտաներ բաց թողեց, թատրոնի հետ կապված խոսակցություներ են:

ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ- Հատկապես, որ ամառ է լինում ու բաց են բոլոր պատուհանները: Աղջիկս ասում է` կամաց, կմտածեն այս ինչ սպանություն է այստեղ գնում: Այդ ժամանակ ասում եմ` ոչինչ, բոլորը գիտեն` ինչի շուրջ է մեր վեճերը: Իսկ մեր վեճերն էլի թատրոնի ու աշխատանքի շուրջ են: Ես միշտ ասել եմ, որ թատրոնը մեզանից շատ ժամանակ է խլում, նրան պետք է նվիրվես անմնացորդ: Մենք թատրոնը փաթեթավորում ու մեզ հետ բերում ենք տուն, եւ տանն էլի շարունակվում է թատրոնը, վեճեր` կապված գործի պրոցեսի հետ, այն ամենի հետ, ինչ կատարվում է թատրոնում: Դրա համար մեր կյանքն ամբողջությամբ թատրոն է: Բայց դա հարկե չի նշանակում, որ կերտած կերպարները հետո շարունակվում են կյանքում: Բացարձակ նման բան չկա, հենց վարագույրը փակվում է, մեզ համար ավարտվում է այն մարդը, որի կերպարը կերտել ենք բեմում ու սկսվում է կյանքը: Նույնիսկ ուզում ես այդ մորթուց շուտ դուրս գալ, բայց ընդհանուր թատրոնն իր մեծ իմաստով միշտ մեզ հետ է:

«ՏԻԳՐԱՆԻ ՄՈՏ ԱՅԴ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐՆ Է ՈՒ ԱՐԴԵՆ ԱՆԲՈՒԺԵԼԻ»

- Չեք հոգնո՞ւմ, որ երկուսով անընդհատ նույն ոլորտում եք, տանը, թատրոնում, շրջապատում...

tat1ՏԻԳՐԱՆ. - Ճիշտն ասած հոգնեցնում է: Նելլին ավելի շատ է այդ մասին բարձրաձայնում, ասում է. Բավական է, այլեւս չեմ ուզում խոսեմ, լսեմ... Երբ գնում ենք ինչ-որ տեղ հանգստանալու, աշխատում ենք չխոսել ու չարծարծել թատրոնի մասին թեմաներ, բայց էլի չի ստացվում:

ՆԵԼԼԻ. - Ես օրինակ մեկ-մեկ դադարներ վերցնում եմ, կարողանում եմ ինձ հեռու պահել թատրոնից: Եթե փորձ, աշխատանք չկա, ընդհանրապես չեմ մտնում թատրոն, որովհետեւ ինձ խանգարում է արդեն: Տիգրանի մոտ այդ «հիվանդությունը» խորն է ու արդեն անբուժելի: Ես կարողանում եմ ինչ-որ «հաբեր» ինքս ինձ նշանակել ու ձերբազատվել, նա ավելի «հիվանդ» է թատրոնով: Եթե նույնիսկ գործ չունի, օրվա մեջ գոնե մի անգամ պիտի մտնի թատրոն: Այդպիսի մարդկանց շնորհիվ է նաեւ թատրոնը մշտական եւ հավերժական: Սա ծանր «հիվանդություն» է, այն վարակիչ բան ունի իր մեջ: Ինձ կհասկանան խոր թատերական ընտանիքները:

ՏԻԳՐԱՆ. - Այդ «հիվանդությունն» էլ երեւի արյամբ է եկել: Ես ծնվել եմ` դա եմ տեսել, արվեստագետի ընտանիքում եմ եղել եւ հենց կոնկրետ այդ թատրոնում եմ մեծացել: Այսինքն` այն իմ մեջ է, չեմ կարող հանել ոչ մի կերպ ու ոչ մի պարագայում: Սա երեւի նաեւ դժբախտության նման բան է, եթե «հիվանդություն» է, ուրեմն` ինչ-որ տեղ դժբախտություն է: Ես դա եմ տեսել, դրանով եմ ապրել ու մեծացել: Այն, ինչ կապված է մեր` Մայր թատրոնի հետ, իմ ցավն է, այնտեղի վատ դեպքը, փոշին, որը նստած է ու չի մաքրվում, իմ ցավն է, ամեն ինչ ինձ շատ է դիպչում, դրա համար էլ չեմ կարողանում անտարբեր լինել:

«ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻ ԲԱՆ ԿՈՐՑՐԱԾ ԵՆ ԼԻՆՈՒՄ»

- Տիկին Նելլի, սկեսրայրի ֆակտորը Ձեզ մոտ պատասխանատվության զգացում առաջացնո՞ւմ է:

ՆԵԼԼԻ. - Ցավոք ես Բաբկեն Ներսիսյանին չեմ տեսել, ճանաչել ու ապրել նրա հետ, բայց անխոս դա կա ենթագիտակցությանդ մեջ` երեւի մի լուսավոր տեղում, որը միշտ իր լույսը տալիս է: Ընդհանրապես, դերասանը պատասխանատու է իր ամեն մի արածի համար: Դերասանը պիտի ասելիք ունենա, այդ ասելիքին տեր լինի եւ դրա ետեւից գնա, եւ երբեք անտեր չթողնի այն, ինչ անում է: Այս դեպքում կրկնակի, եռակի եւ քառակի դժվար է, որովհետեւ մի տեղ ես մտնում ու դուրս գալիս, որտեղ եղել են մեծ արտիստներ, այդ թվում եւ Բաբկեն Ներսիսյանը ու մեծ պատասխանատվություն ինքնըստինքյան ընկնում է քեզ վրա, թե կարող ես` տար, եթե ոչ` ուրեմն պիտի արժանապատվորեն ասես, որ չեմ կարողանում: Ինձ թվում է` ինչ-որ տեղ կարողանում եմ դա ինձ հետ կրել ու փոքրիկ գույն բերել թատրոն եւ ասել, որ դժվար ու պատասխանատու գործ է այն: Ցավոք, կողքից թվում է, թե շատ հեշտ գործ է: Մի անգամ ռուս արտիստներից մեկը մի հանճարեղ բան ասաց. «Հանքափորի աշխատանք ենք անում, մի տարբերությամբ, որ հանքափորը վերջացրեց, դուրս եկավ, գնաց տուն, լոգանք ընդունեց, պառկեց քնելու ու սպասում է մյուս օրվան: Մերն այդպես չի, շան տանջանքը քաշում ես, որից հետո գալիս ես նույն պրոցեսն ապրում, պառկում ես, բայց քուն ու հանգիստ չկա, որովհետեւ լավ արեցի՞, վատ արեցի՞ հավանե՞ց, չհավանե՞ց, այն բանն այսպես չարեցի, վա՜յ, այն բանն այնպես չարեցի... Անվերջ այն քեզ հետ է եւ անընդհատ քեզ կեղեքող, տանջող...»: Ես միշտ ասել եմ, դերասանների ընտանիքում ծնված երեխաները միշտ մի բան կորցրած են լինում, որովհետեւ միշտ քեզանից անկախ երեխաների հարցում` դաստիարակության, տոների, հոգատարության գործում միշտ բացթողումներ ունենում ես: Եթե իմ աղջիկներին խոսեցնեք, իրենք ատում են ներկայացման օրերը, զզվում են` պրեմիերայից առաջ տեղի ունեցած փորձերից: Փոքրը դեռ այդքան չի էլ վայելել, բայց արդեն ատում է, տեսել  է, թե ինչ բան է, երբ ասենք` իր ծննդյան օրը ծնողները կարող են տանը չլինել, կամ շատ պատասխանատու քննության է, եւ դու հյուրախաղերի ես: Մեծ աղջիկս մի անգամ ինձ ասաց. «Դե էլ ո՞վ կարող է նման բան անել, որ աղջկա 20-ամյակին ծնողները լինեն հյուրախաղերի, միայն դուք կարող եք` ձեր թատրոնի շնորհիվ»:

tat3ՏԻԳՐԱՆ. - Կամ 11 ամսական խեղճ երեխային ինքնաթիռի մեջ 16 ժամ տանջես, քանի որ հյուրախաղերի ես ու չես կարող նրան տանը մենակ թողնել:

- Բնականաբար, եթե ատում են ներկայացման փորձերն ու պրեմիերաները, ուրեմն չեն էլ ցանկանա շարունակել Ձեր ճանապարհը:

ՆԵԼԼԻ.- Մեր մեծ աղջիկն ավարտեց Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, բայց հայտարարեց, որ չի ուզում այն կյանքով ապրել, որով ապրում ենք մենք: Նա ընտրելով մանկավարժությունը, մնաց ինստիտուտում եւ դասավանդում է: Այսինքն` ինքն իր կյանքը չփչացրեց, ուրիշների կյանքն է «փչացնում»` վարակում է այս հիվանդությամբ:

ՏԻԳՐԱՆ.- Նա տեսավ ամբողջ խոհանոցը եւ ասաց` չեմ կարող ձեր կյանքով ապրել: Բայց մենք առանձնապես չտխրեցինք դրա համար: Երբ նա որոշել էր ու գնում էր Թատերական ինստիտուտ, իրեն ասացի` Անի ջան, լավ մտածե՞լ ես, ասաց` այո: Այսօր արդեն դրան հակառակ որոշում կայացրեց: Գիտակցում ենք, թե ինչ դժվար ու ծանր ճանապարհ է:

ՆԵԼԼԻ. - Նույնիսկ ուրախ եմ, որ Անիս այդ ճանապարհն է ընտրել, որովհետեւ մենք երկուսով աշխատում ենք ու տեսնում եմ, որ ինքն այս 2-3 տարվա մեջ վատ ուսուցիչ չէ: Ես նույնիսկ, ինչ-որ տեղ ոչ թե հպարտությամբ, այլ` նախանձով եմ նայում, որ իմ աղջիկը կարող է մասնագիտություն սովորեցնել ուրիշներին:

«ՄԵՐ ՏԱՆՆ ՈՒՆԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՏԱՐԲԵՐԱԿ»

- Իսկ փո՞քրը:

ՆԵԼԼԻ.- Նա շատ արտիստիկ երեւույթ է, 21-րդ դարի ծնունդ է եւ բոլորիցս տարբեր:

ՏԻԳՐԱՆ. - Մի անգամ ես ու մեծ աղջիկս վիճում էինք իրար հետ, ասաց. «Դե, դուք ուրիշ սերունդ եք, մենք` ես ու Մանեն ուրիշ ենք»: Ասի` դու չհամեմատվես նրա հետ: Նույնիսկ զարմացավ Անին, ասի` դու 20-րդ դարի ծնունդ ես, նա` 21-րդ, դարի տարբերություն կա, այդտեղ շատ ավելի բարդ է:

ՆԵԼԼԻ. - Մեր լավ բաները հավաքվել են Մանեի մեջ, որովհետեւ խիստ ու չափազանցության հասնող պատասխանատվության զգացում ունեցող երեխա է:

- Սովորաբար ասում են, որ մեծ տարիքում ունեցած երեխան ծնողների լավ կողմերն է վերցնում իր վրա:

ՆԵԼԼԻ. - Այո, ու դա նրա մոտ խիստ է արտահայտված: Չափից ավելի պատասխանատվության զգացում ունի, որ մեկ-մեկ զայրացնում է ինձ: Ինքն առանց դաս պատրաստելու չի գնում դպրոց, գիշերվա որ ժամը լինի, որ հիշեց մի գիծ չի քաշել, մենք արթնանում ենք, այդ գիծը քաշում ենք: Նա սուտ խոսել չգիտի: Մի մարդ, որ սուտ խոսել չգիտի, ես իրեն չեմ սովորեցրել, որ պետք չէ սուտ խոսել, այդ մարդն այդպես ծնվել է: Հիմա ես մեկ-մեկ մեղք եմ ինձ թույլ տալիս ու ասում եմ` Մանե, գնա, այսպես ասա, (հիմա իմանա կզայրանա, կասի` ինչո՞ւ ես բոլորին պատմում): Ես իրեն ասում եմ, բեր այս գրավորը չգրենք, հոգնած ենք, դու գնա դպրոց, ասա` գրել եմ, տետրս մոռացել եմ, ասում է` ոչ, ինչպե՞ս կլինի, ես գնամ, սուտ ասե՞մ: Ասում է` բեր գրենք, ես տանեմ, ասում եմ` հոգնած եմ, ասում է` դե ուրեմն չգրենք ու ես ասեմ` չեմ գրել, կամ էլ` չգնամ դասի, որովհետեւ դասս չեմ արել: Խելագար է այդ երեխան, բայց լավ խելագար է: Պատասխանատվության զգացում, սուտ չխոսել, վատ բառեր չօգտագործել... ես չգիտեմ` որտեղից է սովորել: Ոչ թե մենք տանը չենք անում, ուղղակի ինչ-որ բաներ եմ տեսնում այդ երեխայի մեջ, որ մենք իրեն չենք ասել, նա այդպես ծնվել է: Այս նոր սերունդը երեւի այդպիսին է մեծանում:  Նա կարմիր լույսի տակով չի անցնում, եւ եթե ուշանում ենք դպրոցից, նա չի էլ թողնում, որ ես իրեն անցկացնեմ, որովհետեւ պիտի օրենքով կանաչ վառվի: Հեռուստատեսությամբ լսեց, որ այսինչ երկրում աղբ թափելու համար այսքան տուգանվում են, ասաց. «Վա՜յ, մեզ մոտ էլ ե՞ն տուգանում»: Ասացի` այո, ասաց բա ինչպե՞ս ենք թափում: Այսինքն` վերջ, գիտեմ, իր մոտ ֆիքսվեց, որ դա չի կարելի: Նա օրենքի մարդ է: Այսինքն մենք տանն ունենք Սահմանադրության փոքրիկ տարբերակը:

«ԹԱՏՐՈՆՈՒՄ ՄԵՐԿ ԵՍ...»

- Հեռուստատեսություն, կինո, թատրոն, այս 3 ոլորտում էլ Ձեզ հանդիսատեսը տեսնում է: Ո՞ր ոլորտն է առավել հետաքրքիր: tat4

ՏԻԳՐԱՆ. - Բացարձակ իրար հետ համատեղելի բաներ չեն: Թատրոնը մեր կյանքն է, թատրոնը` սրբություն է: Կինոն եւս շատ հետաքրիր է, աշխատել տեսախցիկի առջեւ` այդ ամբողջ պրոցեսը շատ եմ սիրում: Տեխնիկայի ներկայությունը ավելի է քեզ տանում, հնարավորություն կա դուբլների: Հետո դրան ավելանում է մոնտաժը, որը թատրոնում բացակայում է: Թատրոնում մերկ ես, ինչպես ասում են` ամբողջությամբ ցույց է տալիս ռենտգեն ճառագայթի նման: Կինոյում քիչ տաղանդի եւ շնորհքի տեր մարդու դեպքում հնարավոր է այնպես ներկայացնել, որ չկործանվի, օգնության գալով մոնտաժը, ռակուրսը, տեսախցիկի աշխատանքը, բեմադրիչի ներկայությունը: Թատրոնում դրա հնարավորությունը չկա, այնտեղ այդ ռենտգեն ճառագայթները ամեն ինչ ցույց են տալիս` տկարությունը եւ հակառակը` հզորությունը, տաղանդի աստիճանը, մարդկանց աչքերը, որոնց հետ շփվում ես: Խաբել, կեղծել հնարավոր չէ: Իսկ հեռուստտեսությունը նույնպես այլ միջավայր է, բայց բոլորն իրենց հետաքրքրությունն ու աշխարհն ունեն: Թատրոնի հետ չի կարող համեմատվել ոչ մի բան: Ինչպես Նելլին է ասում` թատրոնը տանում է քեզնից անմնացորդ ամեն ինչ, ե՛ւ հոգեկանը, ե՛ւ ֆիզիկականը: Տալով` փոխարենը կարծես պահանջում է եռակի, քառակի ու տասնապատիկ վերադարձնել իրեն: Եթե դա չես անում, վիրավորվում է ու թողնում քեզ:

ՆԵԼԼԻ. - Կարծում եմ` այդպիսի դերասան չկա, որ ասի, թե թատրոնը պակաս է սիրում ու իր համար շատ ավելի կարեւոր է կինոն... Ինձ համար կարեւոր է թատրոնը, որովհետեւ դու հնարավորություն ունես բազմաթիվ անգամներ փորձելու, հետո` վաղն էլի շտկելու, խաղալու, մի հատ էլ վերապրելու նույն հաճույքը: Իսկ կինոյում պահի աշխատանք է, չես տնօրինում քեզ ամբողջապես, դու քո տերը չես, այնտեղ շատ տերեր կան: Իսկ թատրոնում` բեմում, այդ պահին ես եմ ու դուք եք, ես կա՛մ ձեզ վերցնում եմ` կա՛մ էլ` ոչ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում