livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

adpԿանադահայ լուսանկարիչ ԱՐԱԶ ԲՈՂՈՍԵԱՆԸ վերջերս գրանցեց իր հաջողություններից մեկը, նրա «Լաստիվեր» լուսանկարը՝ 23.919 լուսանկարներից գրավեց «Վիկին սիրում է հուշարձաններ» (Wiki Loves Monuments) լուսանկարչական մրցույթի 8-րդ հորիզոնականը: Երաժիշտ լուսանկարիչը «ֆոտոխցիկի առաջ» խորագորւմ  պատմում է ոլորտի թերությունների ու նորությունների մասին:

-Ինչո՞ւ լուսանկարչությունն ընտրեցիք որպես ինքնարտահայտման միջոց, թե այն Ձեզ համար զուտ հոբբի է:

- Ես միշտ եմ ցանկացել զբաղվել լուսանկարչությամբ, բայց, երբ սկսեցի 2008-ին, լուսանկարչությունը միայն հոբբի էր ինձ համար: Այդ ժամանակ ես նկարում էի Nikon D40 լուսանկարչական ապարատով եւ երբեք չէի մտածում, որ կհասնեմ պրոֆեսիոնալ մակարդակի: Ոչ էլ նպատակ ունեի, քանի որ լուսանկարչությունը միայն ուղի էր ինքնաարտահայտման համար, դա միայն մեդիտացիա եւ հաճույք էր ինձ համար, ինչը ես էի ցանկանում: Նաեւ դասական կիթառահար եմ եւ արդեն 20 տարի է, ինչ լրջորեն զբաղվում եմ երաժշտությամբ` պարապմունքներ, համերգներ: Երաժշտությունը եւս միջոց է ինձ եւ իմ զգացմունքները ներկայացնելու, բայց պետք է նշեմ, որ լուսանկարչությունն օգնեց լինելու ավելի լավ երաժիշտ: Այն ինձ համար բացեց նոր դռներ, նոր խոչընդոտեր եւ հնարավորություններ իմ կյանքում: Պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ սկսեցի զբաղվել 2010-ից, բացահայտեցի ինձ համար լուսանկարչության տարբեր տեխնիկաներ եւ ոճեր: Հուսամ, որ այս ընթացքում զարգացրել եմ իմ` թեթեւ ոճը: Սկսեցի լուսանկարչությամբ զբաղվել, քանի որ ինձ դուր էր գալիս բռնել պահը, գույները, ինչու ոչ` նաեւ զգացմունքները: Սկզբում հիմնականում իմ հետաքրքրության առարկան բնությունն էր` ծաղիկները, կենդանիները, թռչունները, թիթեռները: Հետո ընդլայնեցի լուսանկարչական հետաքրքրություններս ճարտարապետության, քաղաքային ֆոլկլորի մեջ: Եվ, վերջապես սկսեցի դիմանկարներ անել, նկարել մոդելների եւ այլն: Բայց, պետք է խոստովանեմ, որ այնքան էլ չեմ սիրում, երբ լուսանկարվելիս հատուկ դիրքեր են ընդունում: Սիրում եմ բնականը եւ փորձում եմ քիչ ֆոտոշոփ անել: Երբեք հատուկ դասերի չեմ գնացել, ինքնուս եմ` սովորել եմ իմ սխալների վրա: Նայելով ուրիշ լուսանկարիչների տեխնիկաներին` փորձել եմ ձեւավորել իմ ոճը եւ ընթացքում սովորել եմ` ինչպես ճիշտ լուսանկարել լույսի եւ ստվերի խաղով: Մոտ ապագայում պլանավորում եմ գիրք թողարկել, որը կոչվելու է «Սա Հայաստանն է», այն լինելու է Հայաստանը պատկերող հետաքրքիր լուսանկարների հավաքածու:

- Ձեր լուսանկարներն ինչո՞վ են տարբերվում մյուս լուսանկարիչների աշխատանքներից, արդյո՞ք ունեք արդեն ձեռագիր:

ABP D Nor-Vaganavanq- Նկարելուց առաջ ես երկար եմ վերլուծում, շատ հազվադեպ եմ նկարում առանց մտածելու, հավատացած եմ, որ միտք կա, որն անցնում է ցանկացած նկարելու գործընթացով: Յուրաքանչյուր լուսանկարիչ ունի իր միտքն ու մտածելու ընթացակարգը, հենց դրանով են լուսանկարիչները տարբերվում: Փորձում եմ գտնել սովորական երեւույթներ, որոնք մարդիկ տեսնում են ամեն օր` առանց հատուկ ուշադրության արժանացնելու: Իմ աշխատանքն է դառնում, լուսանկարներով այդ երեւույթները այնպես ներկայացնել, որ մարդիկ մտածեն, թե առաջին անգամ են տեսնում: Ահա, այս դեպքում ես կհասնեմ իմ ձեռագրին եւ նպատակին: Օրինակ` շատ նկարներ կան թիթեռների, արեւածագի, մոդելների, Արարատ լեռան եւ այլնի, բայց եթե ինձ հաջողվի դրանք ներկայացնել այնպես, ինչպես երբեք, կարծում եմ հասած կլինեմ իմ նպատակին եւ կոչմանը` որպես լուսանկարիչ:

- Ավելի հեշտ է աշխատել կի՞ն, թե տղամարդ մոդելների հետ:

- Լուսանկարելիս ամենեւին կարեւոր չէ, թե ինչ առարկա է կամ ով է, կարեւորը լույսի քանակն է, լուսանկարչական ապարատը, սա է իմ հեռանկարը: Ինձ համար կարեւոր չէ` կի՞ն է, թե տղամարդ: Որպես լուսանկարիչ դու տարբեր բաներ ես փնտրում, երբ նկարում ես տարբեր առարկաներ: Բնականաբար, ես տարբեր առանձնահատկություններ եմ փնտրում կանանց եւ տղամարդկանց նկարելիս:

- Ո՞րն եք համարում ժամանակակից լուսանկարչության  կարեւորագույն խնդիրը կամ նպատակը: Հետեւո՞ւմ եք ժամանակակից տենդենցներին:

- Ժամանակակից թվային տեխնիկայի հեշտ հասանելիության շնորհիվ կարողացա աշխատել այս մասնագիտությամբ: Բայց, ինչպես ամեն մի դրականի կողքին կա նաեւ բացասականը: Թվային լուսանկարչական սարքերի հասանելիությունը լուսանկարչական շուկան լցրել է ինքնակոչ պրոֆեսիոնալներով: Նրանք վեց ամիս լուսանկարչական ապարատը օգտագործելուց հետո հայտարարում են իրենց պրոֆեսիոնալ, տպագրում են բիզնես քարտեր եւ սկսում աշխատել, իսկ միամիտ հաճախորդները վերջում հիասթափված են մնում: Մյուս խնդիրը, որ կան շատ լուսանկարիչներ, բայց չկա եզակի մեկը: Ժամանակակից լուսանկարչության մեջ լուսանկարիչները կրկնօրինակում են տենդենցները, ոճերը, իմ կարծիքով այսպիսով լուսանկարները դառնում են պարզապես մեկը մյուսի կլոնները: Դրանց լավագույն օրինակը հարսանեկան լուսանկարներն են:

Այնուամենայիվ հետեւում եմ որոշ տենդենցների, բայց ցանկանում եմ ներդնել իմ ջանքերը եւ լուսանկարել իմ ձեւով: Վստահ եմ, որ սա է հաջողության միակ ուղին. ձեւավորել քո տենդենցը, որին կհետեւեն մյուսները: Այլ բան է, երբ նախկինում վարպետորեն օգտագործված տենդենցը վերամշակվում է եւ ներկայացվում նորովի: Գիտակցում եմ, որ շատ պետք է ջանքեր թափեմ, բայց հուսով եմ, որ ճիշտ ճանապարհին եմ:

Araz Boghossian Amberd-Fort- Ձեր լուսանկարներում, ի՞նչն եք ամենից շատ կարեւորում` տեխնիկական, գեղագիտական կո՞ղմը, թե իմաստը կամ բովանդակությունը:

- Դե, այս հարցը թողնում եմ իմ լուսանկարները դիտողներին, բայց վստահ եմ, որ մեծագույն լուսանկարիչ լինելու համար պետք է ձգտել ունենալ երեք հատկանիշներ. մեծ տեխնիկա կամ վարպետություն, նշանակություն կամ պատմություն, լուսանկարի հետեւում եւ ցուցափեղկ դեպի այդ բովանդակությունը: Նպատակս այդ երեք հատկանիշների համակեցումն է իմ լուսանկարներում: Կարծում եմ, որ լուսանկարիչները պետք է պատմեն պատմություն  մեկ լուսանկարով, ես դրան էլ ձգտում եմ:

Զրույցը` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

AB D HabanaABP D Aragats KariLij

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում