livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

ara-martirosyanara-martirosyan1Երգիչ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հավատացած է, որ Ձմեռ պապիկը եղել է, կա եւ միշտ կլինի: Թե ինչպես է վերաբերվում Ձյունանուշներին, նշեց կարճ ու կոնկրետ. «Մեծ սիրով եւ նուրբ»: Ձմեռ պապի նվերների մասին խոսելիս` երգիչը հիշեց. «Ամենատպավորիչ նվերը եղել է իմ առաջին բարձրախոսը, երբ հինգ տարեկան էի, բայց, ափսոս, չի պահպանվել: Իսկ այս տարի կցանկանայի, որ մուսայից նոր երգեր բերեր»: Ա. Մարտիրոսյանի ամենազավեշտալի Ամանորը Գյումրի-Երեւան մայրուղու վրա է եղել. «Ընկերոջս հետ վերադառնում էի Երեւան, եւ Ազատան գյուղը չանցած` ճանապարհը փակվել էր: Դե մենք էլ նշեցինք մեքենայի մեջ»: Ի դեպ, այս տարի Ամանորին Արա Մարտիրոսյանը ոչ թե խոզի բուդ կուտի, այլ բեմում կերգի:

jus1jus2Հակառակ Արա Մարտիրոսյանի` երգչուհի ՋՈՒՍՆ ավելի շատ Ձյունանուշին է հավատում, որովհետեւ, երբ 2010թ. ինքը դարձավ Ձմեռ պապ, հասկացավ, որ Ձմեռ պապեր չկան: Այս տարի Ձմեռ պապից երգչուհին մեծ ակնկալիքներ ունի. «Ցանկանում եմ, որ Ձմեռ պապը ինձ մեծ, գժական տուն բերի, եւ մեջն էլ լինի կատու, շուն ու սիմպո, հարուստ տղա»: Ջուսը գտնում է, որ Նոր տարին դիմավորելու համար հարկավոր է շատ փող, կողքիդ լինեն լավ, հաճելի ու հարազատ մարդիկ: Ամենածիծաղելի Ամանորը երգչուհին Ռուսաստանում է դիմավորել. «2006թ. էր, եւ Ռուսաստանի փոքր քաղաքներից մեկում ռեստորանում համերգ էինք տալիս: Երգչուհիներից միայն ես էի, իսկ մնացածը պարողներ էին, երբ պարողները դուրս էին գալիս պարելու, իրենց ձայնասկավառակի երաժշտությունը անընդհատ կտրտվում էր: Շատ ծիծաղելի էր, բայց այդ Նոր տարին շատ լավ դիմավորեցինք»: Իսկ մենք շատ ծիծաղեցինք, երբ երգչուհին պատմեց Ձմեռ պապի բերած` իր սիրելի նվերի մասին. «Փոքր ժամանակ Ձմեռ պապը ինձ նվիրեց խաղալիք հեռախոս` սիրուն, վառվռուն լույսերով, հավանաբար, այդ ժամանակ երեք տարեկան էի: Շատ լավ հեռախոս էր, բայց վերջում այդ հեռախոսի բոլոր «լամպոչկեքը կերա»: Մամաս վախեցավ, տարավ մանկական պոլիկլինիկա: Լավ ավարտ ունեցավ այս ամենը. բժիշկն ասաց` պյուրե տվեք` կմաքրվի»: Վերջում Ջուսը մաղթեց. «Կարեւորը` լինի տոնական տրամադրություն, եւ հավատաս այդ օրվա հրաշքներին: Թող բոլոր ընտանիքներում լինի մեծ սեր, ներդաշնակություն ու բարի երազանքների կատարում»:

arsen-grigoryanՁյունանուշների մասին շատ հետաքրքիր կարծիք ունեցող ու լավ իմաստով Ձմեռ պապերին չհավատացող երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եթե նամակ գրեր Ձմեռ պապին` մի մեծ ցուցակ կներկայացներ նրան. «Կցանկանայի, որ հոգսերս թեթեւանային, ավելի շատ գումար աշխատեի, եւ մի փոքրիկ հրաշք լիներ, ու այս անգամ տղա ունենայի, երեք հատ շատ սիրուն ֆիլմի սաունդթրեկ գրեի, համագործակցեի ֆրանսիական մի քանի երգիչների հետ, մի խոսքով, մի նոր վերելք լիներ իմ կյանքում»: Պարզվում է, ոչ միայն Արա Մարտիրոսյանն է իր ամենահիշարժան Ամանորն անցկացրել ավտոմեքենայում, այլ նաեւ Ա. Գրիգորյանը. «Երբ բանակում էի ու ծառայում էի Երեւանում, համերգ էի կազմակերպել զինվորների համար, որ հրամանատարներս թողնեին տուն գնալ ու Նոր տարին ծնողներիս հետ անցկացնել: Բայց այդպես էլ չհասցրեցի տուն հասնել, ու տաքսիի վարորդի հետ դիմավորեցինք Նոր տարին Հաղթանակ կամրջի վրա: Իջանք տաքսիից, միմյանց շնորհավորեցինք ու նոր շարունակեցինք մեր ճանապարհը»: Երգիչը շատ վատ է վերաբերվում տոնական ճնշող սեղաններին եւ ամանորյա պարտավորություններին. «Փախնում եմ ուտելուց ու պարտավորված այստեղ-այնտեղ գնալուց»: Դե, էլ ինչ Ամանոր` առանց մաղթանքների, Արսեն Գրիգորյանը եւս բացառություն չէր. «Խաղաղություն եմ մաղթում ազգիս, թող խաղաղ ապրենք, սիրենք իրար, ինչպես շատ մտերիմ հարազատի կսիրեինք, եւ աճենք ու սովորենք լավ բաները վերցնել մյուսներից, որովհետեւ սովորելը եւ լավը վերցնելը ամոթ չէ»:

alla-sahakyanalla-sahakyan1Թատրոնի եւ հեռուստասերիալների դերասանուհի ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ միշտ էլ հավատացել է Ձմեռ պապի գոյությանը: Իսկ Ձյունանուշների մասին հավելեց. «Ձյունանուշներին ավելի շատ տղամարդիկ են հավատում, կարծում եմ` դա անհրաժեշտ է»: Ձմեռ պապիկին ուղղված նամակ դերասանուհին վաղուց է գրել. «Ցանկանում եմ այս տարի ինձ տանեն հեռու երկրներ, ու լինեմ սիրելի եւ հարազատ մարդկանց հետ, վայրը կարեւոր չէ»: Նոր տարվան անհամբեր սպասող Ա. Սահակյանը հորդորեց հավատալ հրաշքների. «Հավատում եմ հրաշքներին ու կուզենայի մեր ազգը երբեք չվհատվի, թող իրեն թույլ տա լավատես լինել ու հավատալ իր ուժերին: Այս տարի թող հայերս ավելի մեծ հաջողություններ ձեռք բերենք, լինենք երջանիկ ու միշտ ժպտանք»:



davit-miroyanՌեփեր ԴԱՎԻԹ ՄԻՐՈՅԱՆԸ գտնում է, որ եթե չհավատանք Ձմեռ պապին, Նոր տարին անիմաստ է դառնում: Ռեփերի կյանքում հավանաբար տարբեր «Ձյունանուշներ» են եղել, եւ «Ինչպե՞ս եք վերաբերվում Ձյունանուշներին» հարցին պատասխանեց. «Կարելի է ասել էսպես՝ նայած ինչ Ձյունանուշ»: Սովորականի պես Երեւանում Ամանորը տոնող ռեփեր Դավոն Ձմեռ պապից մի բան է ուզում. «Մի քիչ հանգիստ տարի լինի»: Ամանորյա զավեշտներից հիշեց, թերեւս, ամենատաղտկալի Նոր տարին. «Կոնկրետ չեմ հիշում, թե որ տարին էր, բայց մի երեք-չորս տարի առաջ գիշերվա ժամը մեկին քունս այնպես տարավ, որ քնեցի: Դրանից զավեշտալի բան չի կարող լինել Նոր տարվա գիշերը»: Իսկ սեղանների առատության հետ կապված Դավիթ Միրոյանը նշեց, որ վերաբերմունքը վատանում է, երբ հավաքում են սեղանները: Վերջում ռեփերը կարեւորեց. «Թող գալիք տարին լավ տարի լինի բոլորի համար, ու կարեւոր չէ, թե ինչ անակնկալներ կմատուցի, կարեւորը դրանց տակից պատվով դուրս գալն է»:

davit-miroyan1

Երգչուհի ՍՅՈՒԶԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ շատ բաների է հավատում. «Մինչեւ այսօր էլ Ձմեռ պապի գոյությանը հավատում եմ ու հեքիաթներին էլ միշտ հավատացել եմ»: Երգչուհին լուրջ առաջարկ ունի Ձմեռ պապին. «Այս տարի Ձմեռ պապը ինձ իմ կյանքի կեսին թող բերի»: Ամանորի մասին նշեց. «Անցած տարի Ամանորին տաք երկրում էինք, իսկ այս տարի իմ սիրելի Ծաղկաձորում եմ լինելու: Գրեթե բոլոր տարիներին էլ լավ եմ տոնել: Սիրում եմ Ամանորը, ու դրա համար բոլորն էլ իմ համար հիշարժան են եղել, բայց երեւի թե ամենալիաթոք Ամանորը եղել է Դուբայում»: Անդրադառնալով տոնական սեղաններին` ասաց. «Նորմալ եմ վերաբերվում, բայց չափի մեջ եմ սիրում ամեն ինչ ու առանց խոզի բդի»: Սյուզի Մելիքյանը Ամանորը տոնող հայությանը մաղթեց. «Թող միշտ ժպտան ու Ամանորը տոնեն լիարժեք, որովհետեւ ամենահեքիաթային տոներից է եւ, ինչպես դիմավորում ես, այնպես էլ անցնում է ողջ տարին, փորձված բան է»:

araz-dare1araz-dareՁմեռ պապի գոյության հարցին երգիչ ԱՐԱԶ ԴԱՐԵՆ պատասխանեց խոհափիլիսոփայորեն. «Որոշ լավ եւ բարի սիմվոլներ կան մեր կյանքում, որոնք դրական եւ հաճելի տպավորություն են թողել մեր մտքում եւ հուշերում: Այս դեպքում երեխաների նման պետք է միշտ հավատալ Ձմեռ պապին, որ կարողանաս վայելել մանուկ հասակի պարզությունը, երջանկությունը, բարի եւ ազնիվ հուշերը: Ինչ վերաբերում է Ձյունանուշիկներին, բնականաբար, սիրում եմ, մանավանդ, եթե գեղեցիկ են լինում»: Ձմեռ պապիկից երգիչը բուռն աշխատանքային տարի է ուզում. «Կցանկանամ անսահման համերգներ ինձ բերի, որ երբեք ժամանակ չգտնեմ մտահոգվելու եւ տխրելու»: Վերջապես գտնվեց եւս մեկը, ով Ջուսի պես հիշեց իր մանկության տարիներին Ձմեռ պապի բերած նվերներից. «Ամենատպավորիչ նվերը եղել է Զորոյի հագուստը, որը դեռ կարծում եմ` պահեստումս կգտնեմ»: Միանալով մեր աստղաբույլի մաղթանքներին` Արազ Դարեն ցանկացավ. «Այս տարի բոլոր չիրականացած երազանքները թող յուրաքանչյուրի մոտ իրականություն դառնան: Բարօրություն եւ խաղաղություն եմ մաղթում ողջ աշխարհին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Էլ ինչ է մնում մեզ, եթե ոչ այն, որ վերը նշված մաղթանքները ուղղենք նաեւ մեր շոու-բիզնեսյան մյուս «աստղերին» ու հուսանք, որ Վիշապի տարին ոչ թե միմյանց վրա կրակ բաց թողնելու առիթ կդառնա, այլ կրակը կջերմացնի վաղուց սառած ու անտեսված որոշ աստղերի սրտերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում