livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

marat-hayrapetyan«Ամանորն ու Սուրբ Ծննդյան տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներում իսկապես աներեւակայելի գեղեցիկ է ու տպավորիչ»,- «Զարուհու» հետ զրույցում պատմել է հայկական էստրադայի` թերեւս միակ թավշե ձայն ունեցող երգիչ, կոմպոզիտոր, դիրիժոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Մարատ Հայրապետյանն, ով մի քանի տարի շարունակ Ամանորը դիմավորել է ԱՄՆ-ում:

Մարատը պատմում է, որ ամերիկացիներն ու առհասարակ այնտեղի բնակիչները հատուկ վերաբերմունք ունեն տոների վերաբերյալ:

«Տոներին նրանք սպասում են սրտատրոփ, նախապատրաստվում սիրով ու ի սրտե: Գրեթե բոլոր տները վառվում են բազմագույն լույսերով, կտուրներն ու մերձակա տարածքները զարդարվում են բազմաթիվ եղնիկներով, Սանտա Կլաուսով, տարբեր խորհրդանշական լուսավոր եւ դրական կերպարներով: Ամենուրեք տեղադրվում են Քրիստոսի հետծննդյան պահն ու դրվագները պատկերող մեծ ու փոքր արձաններ: Երբ քայլում ես փողոցներով, կարծես հեքիաթում լինես, հեքիաթ, որը ստեղծում են հենց այդ փողոցների բնակիչները, որոնց երեւակայությունն ապշեցնում է», - պատմում է Մարատն ու հավելում, որ ԱՄՆ-ում կան բոլոր նախադրյալները, որպեսզի ցանկացած պայծառ միտք ի կատար ածվի:

Մարատն ընդգծում է, որ ամերիկացիները ջանք ու եռանդ չեն խնայում տոներն առավել հիշարժան ու հեքիաթային դարձնելու համար. «Մենք բոլորս մեծացել ենք Սանտա Կլաուսի մասին տարաբնույթ ու բազմաթիվ ֆիլմեր դիտելով: Ես վստահ եմ, որ ցանկացած մարդ, անկախ տարիքից, սոցիալական վիճակից, նախասիրություններից, հասարակության մեջ զբաղեցրած դիրքից` այդ ամանորյա ֆիլմերը դիտելիս հրճվանք է ապրել եւ երազել հայտնվել այդ կախարդական ու հեքիաթային մթնոլորտում: ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ վերստեղծվում է այդ մթնոլորտը: Մարդիկ, բարություն տածելով միմյանց հանդեպ, ուրախացնում ու երջանկացնում են մեկմեկու, մատուցում են խորհրդանշական նվերներ: Հանրահայտ «Macy’s» հանրախանութներում դրված էին կարմիր գույնի մեծ արկղեր, որի վրա գրված էր «Santa’s mail», այսինքն` Սանտայի փոստը: Այդ փոստարկղերի կողքին դրված էին թղթեր, գրիչներ ու ծրարներ: Յուրաքանչյուր մարդ կարող էր իր ցանկալի նվերի վերաբերյալ գրել Սանտային` այն ստանալու ակնկալիքով, իսկ ամերիկացի խոշոր գործարարները հոգացել էին այն մասին, որ բոլոր նամակների հասցեատերերը ստանան իրենց նվերները»,- փաստել է զրուցակիցն ու ժպիտով հավելել, որ այս ամենի արդյունքում ակամա մարդ սկսում է հավատալ Սանտայի գոյությանը:       

Ի դեպ, Մարատը նաեւ նշեց, որ ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան մասին պատմող տարբեր ներկայացումներ են իրականացվում, որոնցից մեկին ինքը հրավիրված է եղել. «Գնացինք Անահեյմ քաղաք, որտեղ «Cristal Cathedral»-ի դահլիճում Սուրբ Ծննդյան երաժշտական-թատերական ներկայացում էր` մասնակցությամբ տաղանդավոր երգիչների եւ դերասանների: Կենդանի հնչողությունն ու երաժիշտների բարձր պրոֆեսիոնալիզմը, երգիչների ձայնային ու արտիստիկ գերազանց տվյալները հիացմունք էին առաջացնում: Բեմում բազմապիսի կենդանիներ, այդ թվում` ուղտեր, ոչխարներ, էշեր, այծեր, ձիեր ու լամաներ կային, որոնք կարգապահորեն ու հնազանդ մաս էին կազմում այս ներկայացման եւ մարդկանց կողքով անցնելիս անուշահոտ էին տարածում, կարծես ֆրանսիական օծանելիքով պատված լինեին: Թագավորները ուղտերի վրա նստած գալիս էին երկրպագելու նորածին Հիսուսին ու իրենց ընծաներն էին նվիրաբերում: Երկնքում մերթ ընդ մերթ հայտնվում ու երգում էին հրեշտակները, այնուհետ սլանում էին դեպի հեռուներ: Դահլիճի կառուցվածքը, բարձրորակ մասնագետների առկայությունն ու ճիշտ լուսավորումը թույլ էին տալիս այդ ամենն իրագործել ու մեծ տպավորություն թողնել»:

Մեր եզրափակիչ հարցին էլ, թե որտեղ է այս տարի դիմավորելու Ամանորը, Մարատը հետեւյալ պատասխանը տվեց. «Դեռ չեմ որոշել»:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ 


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում