livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altՕրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր 81-րդ թատերաշրջանը մեկնարկեց Ջ. Վերդիի «Աիդա» օպերայով: Սակայն մինչ այդ պտտվող խոսակցությունների համաձայն` Աիդայի դերակատար երգչուհի ՄԱԳԴԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ պատրաստվում է «Աիդան» հանձնելուց հետո հեռանալ թատրոնից, քանի որ ըստ այդ լուրերի` նրան չէր գոհացրել թատրոնում տեղի ունեցած ատեստավորումը, որի արդյունքում ցածր կարգ էր զբաղեցրել: Այնուամենայնիվ, երգչուհին դեռ շարունակում է աշխատել թատրոնում եւ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ «Տրուբադուր» ներկայացման մեջ: «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին բացառեց թատրոնից իր հեռանալու մասին ասեկոսեներն ու մանրամասնեց.

«ԴԱ ԵՂԵԼ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՄԵՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏՆՕՐԵՆ ԷԻՆՔ ՓՈԽՈՒՄ»

- Այո, եղել են դեպքեր, որ ցանկացել եմ հեռանալ թատրոնից: Դա եղել է այն ժամանակ, երբ մեր թատրոնում ամեն ինչ խառնվեց իրար, երբ տնօրեն էինք փոխում: Այդ ընթացքում իրադարձություններ ու ժողովներ էին տեղի ունենում, ու հասկացա, որ մեր թատրոնում մեկ խնդիր կա` գեղարվեստական ղեկավարի: Եվ քանի որ աշխատել էինք Գեղամ Գրիգորյանի հետ, որոշեցի` թող այս անգամ էլ Բարսեղ Թումանյանը լինի գեղարվեստական ղեկավար: Նա համաշխարհային դեմք է, ունի մեծ փորձ, եւ այդ պահին նրա կարիքը կար թատրոնում: Դրա համար ես ասացի, որ նրան եմ տեսնում թատրոնի ղեկավար, բայց երբեք չմտածեցի, թե կլինեն մարդիկ, որ կուզենան եւս մեկ անգամ Գեղամ Գրիգորյանի հետ աշխատել: Այդպես թատրոնի ներսում սկսվեց նամակներ գրվել իմ դեմ, որ ես ինձ ադեկվատ չեմ պահում, որ ես վաղուց որպես երգչուհի դուրս եմ եկել իմ բեմական «ֆորմայից»: Ընդ որում, իբր 190 հոգի ստորագրել են, որ Գեղամ Գրիգորյանին են ուզում տեսնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նույն նամակում նաեւ ստորագրել են իմ դեմ: Փառք Աստծո, իմ ատեստացիան եւ «Աիդայում» իմ ելույթը փայլուն անցան ու ապացուցվեց, որ իզուր էլ գրել էին այդ նամակները: Ոչինչ, ներում եմ այդ մարդկանց չարությունը, թող Աստված էլ ների նրանց, ես մեծահոգի եմ:

«ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ ԹԱՏՐՈՆԻՑ»

alt- Մագդա, խնդիրը «Աիդայում» ելույթ ունենալն էր, եւ ինչպես փաստում եք, փայլուն է անցել ելույթը:

- Ես երբեք խնդիր չեմ ունեցել բեմում երգելու, իմ խնդիրը եղել է այլ: Դեռ 2000 թվականից սկսած` շատ դժվար էին ինձ դերեր տալիս, չէին լսում ինձ բացարձակ, մոտենում էի պատրաստած դերով, չէին թողնում, որ ելույթ ունենամ: Դա նախորդ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի օրոք էր: Չեմ էլ ուզում, որ իր հետ աշխատեմ այլեւս, որովհետեւ ես կորցրել եմ տարիներ: Իմ կորցրած տարիների համար չեմ կարող ներել Գեղամ Գրիգորյանին: Այսօր ես ինչո՞ւ եմ ստանում ցածր աշխատավարձ եւ ցածր կարգ. որովհետեւ դերեր քիչ եմ երգել: Դա իմ մեղավորությունը չէ: Եթե մեր թատրոնում կա տասը ներկայացում, 7 դեր իմ ձայնի համար է, ուղղակի ցանկություն է պետք: Իսկ դա բացարձակ իմ այսօրվա տնօրենի մեղավորությունը չէ: Նա ուզում է փոփոխություն անել եւ այս ատեստացիան էլ արդար անցկացնելու համար դրսից մարդիկ հրավիրեց: Այսքան կարճ ժամանակի ընթացքում նա արդեն մեր աշխատակիցների հարգանքն է վայելում:

alt- Ի վերջո, ինչ եք որոշել` կհեռանա՞ք, թե՞ կմնաք թատրոնում:

- Չեմ պատրաստվում հեռանալ թատրոնից, ինչ-որ բարկություն եղել է իմ մեջ, բայց մեկ է, ես սիրում եմ թատրոնը, առանց թատրոնի չեմ կարող ապրել: Իմ պատմությունն այն գլխից է գալիս ու թատրոնի նոր ղեկավարի հետ բացարձակ կապ չունի:

«ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է»

- Տասը տարուց ավելի օպերային թատրոնի արտիստուհի եք, տարիների ընթացքում շա՞տ բան է փոխվել թատրոնում:

- 1999 թվականից եմ աշխատում այս թատրոնում եւ պիտի ասեմ, որ ինձ համար  կարեւորագույն հանդիպումը եղավ Օհան Դուրյանի հետ: Մարդ, ով ինձ  բարձրացրեց, ինձ հավատաց, եւ ում շնորհիվ ես բարձրացա պրոֆեսիոնալ բեմ, պրոֆեսիոնալ կատարումներ ունեցա: Իր հավատը դեպի ինձ մեծ ուժ ու եռանդ տվեց: Ի՞նչ է փոփոխվել: Որ ասեմ` այս 12 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, մի քիչ կստեմ: Ես 15alt տարի է` այս թատրոնում եմ ու անընդհատ լսում եմ, որ պետք է տարբեր նոր ներկայացումներ բեմադրվեն: Ինձ թվում է` այս ամենի խնդիրը գալիս է հովանավորների բացակայությունից: Թեպետ, հիմա արդեն նոր տնօրենն ամեն ինչ անում է նոր ներկայացումների բեմադրման համար: Օպերային արվեստը թանկ հաճույք է, չէ՞ որ արիստոկրատներն են գնում օպերա: Մենք պետք է կարողանանք պահպանել այս ամենը միմիայն հովանավորների շնորհիվ: Նրանք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն օպերային թատրոնին: Մեր ցանկությունները շատ են: Այդ որ ասում եմ, թե լսում ենք` այս կամ այն ներկայացումն ենք բեմադրելու, ու չի լինում, դա մեր ցանկությունն է, բայց դրանք իրականացնելու համար հովանավորներ չկան: Մի խոսքով` թատրոնում այդ եռանդը, արտիստներն ու մեծ ցանկությունը կան, մնում է աջակիցներ գտնվեն:

- Այսօր էստրադային ու շոուբիզնեսյան «աստղերն» ավելի մեծ ճանաչում ունեն ֆոնոգրամա երգելով, քան օպերային դասական երգիչները:

- Որովհետեւ նրանց հետ աշխատում են պրոդյուսերներ: Իրենք ճիշտ են աշխատում, ես չեմ մեղադրում նրանց: Այ, այդ նույն հովանավորները, շատ կուզենամ, որ ուշադրություն դարձնեն նաեւ օպերային շենքին` ներսում եղած աշխատանքների համար օգտակար լինեն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում