livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

saqoՇուրջ 22 տարի Բելգիայում բնակվող դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆՆ, ով հայաստանյան հեռուստադիտողին հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից` որպես հայտնի փաստաբան Կարեն Օհանյան, իրականում նույնպես զբավում է փաստաբանական գործունեությամբ` միեւնույն ժամանակ չմոռանալով զբաղվել հայկական պարով ու նոր ծրագրեր մշակելով հետագա դերասանական կարիերայի համար: Հայաստան-Բելգիա յուրատեսակ կամուրջ ստեղծելով` «Զարուհին» զրուցեց  նրա հետ հեռուստասերիալից, Բելգիայի կյանքից ու նրա առաջիկա ծրագրերից:

-Ինչպե՞ս հայտնվեցիր «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում:

- Վեց տարեկան էի, երբ Հայաստանից տեղափոխվեցինք Բելգիա: Ընդհանրապես միշտ սիրել եմ դերասանական աշխարհը եւ այն ամենն, ինչ վերաբերում է արվեստին: Բելգիայում ավարտել եմ թատերական ակադեմիան եւ անմիջապես գրանցվել բազում կենտրոններում` որպես դերասան: Իհարկե, այդ ընթացքում նաեւ մոդելային աշխարհից առաջարկներ եղան, բայց շատերին մերժում էի, որովհետեւ դա այն աշխարհը չէր, որին ցանկանում էի մասնակցել: Բելգիայից բացի նաեւ այլ երկրների հետ եմ համագործակցել արտիստական ոլորտում, իսկ «Դժվար ապրուստը» եղավ այս շարքում ամենավերջին փուլերից մեկը, որ փոքր տարիքից միշտ երազել էի: Որպես հայ` միշտ ցանկացել եմ մասնակցել որեւէ հայկական նկարահանման` կլինի ֆիլմ, սերիալ, էական չէր, այլ էականն այն էր, որ երկար տարիներ սփյուռքում ապրելով` կարողացա օրերից մի օր նկարահանվել հայկական հեռուստասերիալում:

- Իսկ ի՞նչ տվեց եւ ի՞նչ վերցրեց քեզնից հեռուստասերիալը:

- Այսպես ասեմ` շատ տվեց, քիչ վերցրեց: Ճիշտն ասած, առաջին հերթին տվեց ջերմություն եւ զգացի ինձ ավելի մոտ մեր հայրենիքին: Շատ կարեւոր էր այն փաստը, որ վեց ամիս ապրեցի Հայաստանում, որը կարծում եմ, քիչ ժամանակ չէ: Այդքան տարիների ընթացքում միշտ արձակուրդ էի գալիս մեկ ամսով, բայց այդ անգամ ստացվեց այնպես, որ վեց ամիս ապրեցի հայաստանյան կյանքով: Հեռուստասերիալը այլ ասպարեզ էր, երբեմն շատ տարօրինակ էր ինձ համար ե՛ւ սցենարը, ե՛ւ նկարահանման փուլերը, ե՛ւ հատուկ ուշադրությունը կոլեկտիվի կողմից: Իսկ թե ինչ է վերցրել ինձնից, երեւի թե, միայն էներգիա, որովհետեւ նոր էր ինձ համար դա: Ճիշտ է, հայերեն կարդում ու գրում եմ, բայց կարդալ-գրելը այլ բան է, իսկ սցենար բեմադրելը` այլ: Չէ՞ որ դու ունես կարճ ժամանակ, որ պատրաստես քո դերը:

- Մի փոքր էլ խոսենք Բելգիայի կյանքից, արդյոք Սարգիսն այդտեղ էլ «դժվար ապրուստի» մեջ է, թե՞ բոլորովին այլ միջավայր է:

- Կլինի «Դժվար ապրուստ», թե այլ նկարահանում, էական չէ, երբեք պետք չէ զգացմունքները տեղ գրավեն կերտածդ կերպարի մեջ: Կերպարը եւ իրական կյանքը տարբեր են: Իհարկե, ինչպես ամեն երիտասարդ, ես էլ եմ տեսել դժվարություններ, բայց  դժվար ապրուստի տեսանկյունից չեմ բողոքում: Միշտ էլ ինքնուրույն եմ եղել եւ ամեն ինչ փորձել եմ ինքնուրույն անել եւ ստեղծել: Փառք Աստծո, ունեմ հոյակապ ծնողներ, որոնց մինչեւ կյանիքս վերջ շնորհակալ կլինեմ, որ տվել են այդ հնարավորությունը, որ գամ այս երկիր, մեծանամ եւ ստեղծեմ ապագա: 15 տարեկանից սկսած իմ կյանքը վարել եմ այնպես, ինչպես ինքս եմ ցանկացել, իսկ արդեն 19 տարեկանից ձգտել եմ այլ երկրներում լինել: Բնավարությանս մեջ ճամփորդական կերպարն է մեծ տեղ գրավում: Իհարկե, նաեւ այլ երկրներում եմ դժվարություններ տեսել, բայց անկախ ամեն ինչից երբեք չեմ հանձնվել:

- Իսկ այսօր ինչո՞վ ես զբաղվում:

- Միշտ սիրել եմ երկու գործով զբաղվել: Երբեք չեմ կարողացել կենտրոնանալ մի ուղղությամբ: Գիտեմ` ապացուցված է, որ երբեք մարդ չի կարողանում կենտրոնանալ երկու գործի վրա, բայց պատկերացրեք` կարողանում եմ: Մոտ 2 տարի աշխատել եմ որպես տնտեսագետ, ապա որոշեցի կրկին ուսումս շարունակել  օրենքի գծով, որովհետեւ մինչեւ տնտեսագետ դառնալը, ես դեռ մտածում էի օրենքի գիծը շարունակելու կամ էկոնոմիկայի ոլորտում աշխատելու մասին: Հետաքրքրականն այն է, որ երբեք ոչինչ պատահական չի կատարվում: Երբ Կարեն Օհանյանի կերպարը կարողացա կերտել, այն ինձ հուշեց, թե ինչում եմ` ամենաուժեղը:

- Այսինքն` ինչ-որ չափով «Դժվար ապրուստը» նաեւ ճակատագրակա՞ն եղավ քեզ համար:

- Այո, իհարկե, լիովին ճակատագրական, մինչ այդ չէի էլ պատկերացնում, որ կարող եմ փաստաբան աշխատել:

- Այսինքն` հեռուստասերիալում այլեւս Սարգիս Սիմոնյանը չի՞ հայտնվի:

- Եթե նորից սերիալներում նկարահանվելու առաջարկներ լինեն ու եթե սյուժեն հետաքրքիր լինի, միայն այդ դեպքում հայկական սերիալներում կնկարահանվեմ, բայց ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ saqo1Անգլիայում եւ ո՛չ էլ Բելգիայում նման նկարահանումների չեմ համաձայնի:

- Այս ընթացքում բազում երկրպագուհիներ ձեռք բերեցիր, նրանց ի՞նչ նոր անակնկալ է սպասվում առաջիկայում:

- Բացի այն, որ սերիալում նկարահանվելն ինձ ճանաչում բերեց, կարեւորում եմ, որ բազմաթիվ կապեր հաստատեցի: Նկարահանման առաջին ամիսներին, առանց չափազանցնելու, երեւի մի 300-500 հոգու հետ նույն ժամանակահատվածում սոցիալական ցանցի միջոցով գրվում էի, մեկնաբանությունների էի պատասխանում եւ այլն: Իհարկե, ժամանակի ընթացքում քչացավ այդ կապը, բայց այսօրվա դրությամբ ստեղծել եմ բազում ծանոթություններ սերիալի շնորհիվ, ձեռք բերել երկրպագուհիներ, որ դարձել են արդեն հավատարիմ ընկերներ, քանի որ սպասում են իմ վերադարձին: Արդեն երկու տարի է` չեմ եղել Հայաստանում, առաջին անակնկալն այն է լինելու, որ ասել եմ ու կանեմ` կազմակերպելու եմ մի մեծ քեֆ միայն հատուկ այն մարդկանց մասնակցությամբ, ում հետ ծանոթացել եմ համացանցում կամ առերես` երբ Հայաստանում էի:

- Ամուսնության մասին դեռ Սարգիս Սիմոնյանը չի՞ մտածում:

- Ինձ թվում է` յուրաքանչյուր անձ, ով ընդունակ է սիրելու, ցանկանում է օրերից մի օր ամուսնանալ: Այդ նույն ցանկությունը բնականաբար իմ մեջ էլ կա, բայց պետք է ժամանակը տրամադրել այդ ուղղությամբ մտածելու համար: Չէ՞ որ ամուսնությունը խաղ չէ եւ մի քիչ նուրբ հարց է, սերը նախ պահանջում է ներկայություն եւ հեռավորության վրա շատ դժվար է սեր ստեղծելը: Ես անցել եմ այդ ամենի միջով եւ լավ գիտեմ: Այսօր ցանկանում եմ ամուսնանալ եւ ինչքան շուտ, այնքան լավ: Ուզում եմ անկեղծ լինել, ի վերջո, այսքան տարիներից հետո աշխատելով եւ ստեղծելով բազում հնարավորություններ, կարիերա, գլոբալ առումով կայուն վիճակ, ինձ միայն մի բան է պակաս` սերը: Եվ եթե դա էլ լրացավ, ինձ թվում է` ամենաերջանիկ մարդը կլինեմ: Թեպետ Էլի երջանիկ եմ, միշտ ուրախ եմ այն ամենով, ինչ ունեմ ու չեմ պահանջում ավելին: Այնպես որ, եթե այս տարի վերադառնամ հայրենիք ու հանդիպեմ իմ կյանքի կեսին, միգուցե, դա էլ կլինի այս տարվա նոր անակնկալը (ժպտում է.-Հ.Ս.):

- Փաստորեն, շուտով Սարգիսը կլինի Հայաստանում հարսնացու ընտրելու համա՞ր:

- Անկեղծ ասած, այս տարվա իմ այցի գլխավոր նպատակը դա է: Ճիշտ է, 22 տարի Բելգիայում եմ ապրում, միգուցե անհավատալի է, որ ձգտում եմ Հայաստանից աղջիկ ընտրել, բայց ես այս հարցում ունեմ իմ բացատրությունը` հոգով, սրտով հայ եմ ու իմ մեջ հայի արյուն է հոսում, ուրեմն` իմ գերդաստանը պետք է շարունակվի որպես հայ: Ես ծնվել եմ Հայաստանում ու միշտ էլ կպահպանեմ իմ հայ ազգանունը: Ուզում եմ, երբ զավակս ծնվի եւ մեծանա, չամաչեմ նրան ասել` գիտես, քո հայրը նաեւ հայերեն է կարդում, խոսում ու գրում եւ այդ նույն գաղափարը փոխանցեմ նաեւ իրեն:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում