altՕրերս լույսաշխարհ է եկել երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԻ դուստրը: Դավիթը դստերը կոչել է Գայանե, մայրիկի` երջանկահիշատակ երգահան ԳԱՅԱՆԵ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ անվամբ: Փոքրիկ Գայանեն ծնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, քանի որ Դավիթի կինը` Սվետան, մոսկվաբնակ հայուհի է:

"Զարուհու" հետ զրույցում երջանիկ հայրիկը պատմեց, որ հանգամանքների բերումով դստեր լույսաշխարհ գալու ժամանակ չի կարողացել լինել կնոջ կողքին` նա եղել է Հայաստանում, իսկ կինը` Մոսկվայում. "Կնոջս փաստաթղթերի հետ կապված գործեր կային, մեկնեց Մոսկվա, ես էլ Հայաստանում մնացի` մի քանի անհետաձգելի գործերի պատճառով, ու այնպես ստացվեց, որ ձագուկս Մոսկվայում ծնվեց: Ոչ թե պլանավորած էր այդպես, որ երեխան այնտեղ ծնվի, այլ այդպես ստացվեց: Ուզում էի, որ նա Հայաստանում ծնվեր, բայց Աստծո կամքն էր: Ես արդեն օդանավակայանում էի, որ աղջիկս ծնվեց, ես գնացի ու Մոսկվայի հիվանդանոցից տուն տարա նրանց: Մի քանի օր գուրգուրեցի ու ստիպված եղա վերադառնալ Հայաստան, քանի որ կիսատ գործեր կային այստեղ: Որոշ ժամանակ անց նրանց էլ կբերեմ Հայաստան",- պատմեց Դավիթն ու անկեղծացավ, որ երեխայի ծնունդից հետո կնոջն այլ կերպ է սկսել սիրել. "Երեխայի ծնունդից հետո սկսեցի ավելի շատ սիրել կնոջս, կրկնապատկվեց սերս ու ավելի հարգանքով լցվեցի կնոջս նկատմամբ: Առաջին հերթին նրան տեսա որպես հերոսուհի, երբ իմ գիրկը հանձնեց երեխային: Երեխայի ծնունդը յուրաքանչյուր կնոջ մոտ դժվարությունով է լինում, դրա համար պետք է գնահատենք մեր կանանց,- հորդորեց բոլոր տղամարդկանց Դավիթն ու հավելեց,- Այդ պահին  բոլոր կանայք մեղքս գալիս էին":
"Զարուհին" շնորհավորելով նորաթուխ ծնողներին` նորածին Գայանեին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ
. Դ. Թուջարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք "Իրավունքի" հաջորդ համարում: