livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019
eva1Այս երգչուհու մուտքը հայկական շոու-բիզնես եղավ մեծ սկանդալներով: Այժմ էլ անցել է մի քանի տարի, սակայն նրա անվան շուրջ անպակաս չեն խոսակցություններն ու բամբասանքները: Ռուսաստանից Հայաստան "գործուղված" երգչուհի` շատերն են նրան այդպես անվանում, նույն ինքը ԵՎԱ ՌԻՎԱՍՆ է, ով "Իրավունքի" հետ զրույցում ոչ պակաս սկանդալային հարցերին պատասխանեց սիրով:

-Եվա, անընդհատ սկանդալների կիզակետում եք, դա լավ PR-ի արդյո՞ւնք է, թե՞ արդեն հոգնել եք այդ ամենից:

- Ես երբեք չեմ հոգնում այդ ամենից, որովհետեւ դա արտիստի կյանքն է, ոչ թե` աշխատանքը: Դա յուրաքանչյուր հաջողակ եւ հայտնի մարդու անբաժանելի մասնիկն է: Այդ սկանդալները PR չէին: Դա այն էր, ինչն ինքնաբերաբար ստեղծվեց, բայց այն չի խանգարում ինձ ապրել: Մարդիկ իրավունք ունեն մտածել այնպես, ինչպես ցանկանում են:

- Մանկական "Եվրատեսիլի" հայաստանյան նախընտրական փուլին ներկայացաք առաջին հայացքից համեստ փակ հագուստով, բայց դա էլ քննադատության առիթ դարձավ: Ի՞նչն էր պատճառը:

- Որովհետեւ զգեստի կրծքի հատվածում բացվածք կար: Ինձ համար տարօրինակ է, թե ինչո՞ւ այդքան մեծ ուշադրություն եղավ կոնկրետ այդ զգեստիս, որովհետեւ ես բազմաթիվ այլ` ավելի կարճ եւ բաց զգեստներ ունեմ: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել` բաց զգեստներ կրելու հետ կապված: Եթե Հայաստանում կան որոշակի կանոններ` հագուստ կրելու, որոնց հետեւում են հայ աստղերը, ապա ես դաստիարակված եմ այլ կերպ, իմ մենթալիտետն ավելի ռուսական է, քան` հայկական: Հաշվի առնելով այն, որ ես արտիստ եմ եւ բավականին լավ արտաքին ունեմ, ուրեմն` ես միշտ կլինեմ գեղեցիկ եւ շքեղ:

- Հանրության համար այդպես էլ գաղտնիք մնաց` թե ինչո՞ւ որոշեցիք կեղծանունով հանդես գալ:

- Ես որոշեցի ընտրել Եվա Ռիվաս անունը, որովհետեւ դա իմ տատիկի տատիկի անունն է, ում ես արտաքնապես շատ նման եմ: Իմ կարծիքով Եվա անունը սազում է ինձ եւ շատ բեմական է: Նույնիսկ ցանկանում էի անձնագրով անունս փոխել, բայց փոշմանեցի:

- Հայկական շոու-բիզնեսում տեսնո՞ւմ եք Ձեզ, թե՞ դրանք զուտ համագործակցություններ են եւ ոչ ավելին:

- Ինձ տեսնում եմ համաշխարհային շոու-բիզնեսում, որովհետեւ ուզում եմ երգել տարբեր լեզուներով, որ մարդիկ լսեն եւ սիրեն այդ երգերը: Ես հայկական շոու-բիզնեսի կենտրոնը չեմ, պարզապես երգչուհի եմ, ով ունի հայկական արմատներ, շատ սիրում եւ լավ երգում է հայկական երգեր, բայց կարող է երգել նաեւ տարբեր լեզուներով եւ տարբեր երկրներում:

- Հաճախ է խոսվում, որ Հայաստանում շոու-բիզնեսն անկում է ապրում, Դուք լավագույնս տեղյակ եք նաեւ ռուսական շոու-բիզնեսից: Եթե փորձենք համեմատել, ո՞ւր է գնում հայկական եւ ռուսական շոու-բիզնեսը:

- Հայկական շոու-բիզնեսը ոչ մի տեղ էլ չի գնում. կանգնած է տեղում` ոչ առաջ է գնում, ոչ էլ հետ: Ռուսական շոու-բիզնեսը նույնկերպ կանգնած է, բայց շատ հագեցած կյանք ունի: Այնտեղ կան բազմաթիվ պրոֆեսիոնալ պրոդյուսերներ, արտիստներ եւ մեծ գումարներ, որը թույլ է տալիս թանկարժեք տեսահոլովակներ նկարահանել, կազմակերպել շքեղ շոուներ: Մի բան, որը մենք դեռեւս չենք կարող մեզ թույլ տալ: Ցանկալի կլիներ, որ բոլոր հեռուստաալիքներում գեղեցիկ շոուներ լինեին: Պետք է լինեն հովանավորներ, որոնց շնորհիվ պրոդյուսերական դպրոցներ կբացվեն, որտեղ տաղանդավոր երիտասարդները պրոֆեսիոնալ ուսում կստանան: Մենք` հայերս, սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ: Այդ հանագամանքը կարելի է օգտագործել` մեր արտիստներին հայտնի դարձնելու համար:

- Դուք Հայաստանի եւ Ռուսատանի լավագույն բարեկամն եք:Հայաստանն արդեն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Ողջունո՞ւմ եք այդ քայլը եւ ընդհանրապես, որքանո՞վ եք լավատեղյակ քաղաքականությունից:

eva- Քաղաքականությամբ շատ չեմ հետաքրքրվում, բայց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին գիտեմ: Շատ ուրախ կլինեմ, որ այդ ծրագիրն իրականություն դառնա, քանի որ դա մեծ առաջընթաց կլինի Հայաստանի տնտեսության համար: Ընդհանրապես, շատ եմ ուզում, որ Հայաստանը դառնա հզոր երկիր, որովհետեւ մենք կարող ենք եւ ընդունակ ենք հզորանալու:

- Հնարավո՞ր է, որ երբեւէ Ձեզ տեսնենք քաղաքականության մեջ կամ բիզնես ոլորտում:

- Քաղաքականության մեջ ընդհանրապես ինձ չեմ պատկերացնում, որովհետեւ քիչ գաղափար ունեմ այդ ասպարեզից եւ մտածում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ: Բիզնեսն այլ բան է: Ես կարծում եմ, որ ունակություններ ունեմ` բիզնեսով զբաղվելու, բայց համարում եմ, որ դեռ վաղ է: Գուցե մի քանի տարի անց, սակայն ոչ մի հիմա:

- Կարելի է ասել` մի ոտքով Հայաստանում եք, մի ոտքով` Ռուսաստանում, ի վերջո, որտե՞ղ է իրեն լիարժեք զգում Եվա Ռիվասը:

- Այո, ես չեմ ժխտում, որ մեկ ոտքով Հայաստանում եմ, մյուսով` Ռուսաստանում: Բավականին ժամանակ ապրել եմ Ռուսաստանում եւ սիրում եմ այդ երկիրը, իսկ Հայաստանում իմ արմատներն են, ես այստեղ եմ զբաղվում իմ երգարվեստով եւ ուզում եմ, որ միշտ այդպես լինի:

- Եվա, նախկինում ունեիք պրոդյուսեր, այժմ մենա՞կ եք ճանապարհ հարթում շոու-բիզնեսում:

- Ներկա պահին չունեմ պրոդյուսեր եւ նրա կարիքն էլ չունեմ: Այժմ համագործակցում եմ Հայկական տեղեկատվական կենտրոնի հետ, ունեմ PR մենեջեր` Հայկ Մարկոսյանն է: Հենց այս թիմն է, որ աջակցել է ինձ նաեւ "Եվրատեսիլին" մասնակցելու ժամանակ:

- Հայաստանում եւ Ռուսաստանում նորաձեւ են սերիալներում երգիչ-երգչուհիներին ընդգրկելը: Ձեզ առաջարկներ չե՞ն եղել` սերիալներում ու գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու:

- Եղել են, բայց գործը դեռեւս չի հասել նկարահանումներին: Ես ցանկություն ունեմ տեսնել ինձ դերասանուհու կարգավիճակում, բայց ոչ սերիալներում: Եթե գա այդ ժամանակը, կփորձեմ եւ կհասկանամ` կարո՞ղ եմ հաղթահարել այդ փորձությունը, թե ոչ: Եթե ոչ` հաստատ չեմ շարունակի:

- Ձեզ թանկ վճարվող երգչուհի համարո՞ւմ եք, թե՞ երբեմն զիջումներ էլ պատահում են:

- Այո, ես ինձ համարում եմ բարձր վարձատրվող երգչուհի:

- Գիտեմ, որ նոր տեսահոլովակ եք նկարահանում, ե՞րբ պատրաստ կլինի այն, եւ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում եւ Ռուսաստանում:

- Իմ նոր տեսահոլովակն արդեն պատրաստ է, եւ շուտով կլինի պրեմիերան: Իսկ դրանից հետո` միանգամից կսկսվեն հաջորդ տեսահոլովակի աշխատանքները:

Զրույցը`

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում