livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

hambՎերջերս հյուրախաղերով Երեւանում էր գտնվում Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ցուցադրվեց թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը` Ա. Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» պիեսը, իսկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում`«Ռուս մարդը randez-vous-ին» ներկայացումը` Ի. Տուրգենեւի «Գարնանային ջրեր» վեպի հիման վրա: Երկրորդ ներկայացումից հետո «Զարուհին» զրուցեց մեր հայրենակից, թատրոնի երիտասարդ դերասան ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱԲԱՆՅԱՆԻ հետ:

- Ձեր առաջի՞ն շրջագայությունն էր Երեւանում:

- Թատրոնի կազմով առաջին անգամ եմ գտնվում Երեւանում:

 - Փաստորեն Երեւանին ծանոթ էիք:

- Անշուշտ: Երեւանում եղել եմ ե՛ւ անցած, ե՛ւ նախանցած տարի:

 - Ի՞նչ առիթով էիք այցելել պատմական հայրենիք:

- Երբ 2012-ին եկա, ժամանակն էր տեսնել Երեւանը: Իսկ անցած տարի քույրիկիս հետ էինք գտնում այստեղ:

 - Այստեղ բարեկամներ ունե՞ք:

- Բարեկամներ չունենք, հյուրընկալվել էինք մեր ընկերների տանը:

 - Որքան գիտեմ, Սոչիում եք ծնվել:

- Գագրա քաղաքում: 1991-ից ընտանիքով տեղափոխվել ենք Սոչի: Բայց արդեն 7-րդ տարին է, ինչ ապրում եմ Մոսկվայում:

- Ծնողներդ հա՞յ են:

- Այո, ե՛ւ մայրս, ե՛ւ հայրս: Նրանք Սոչիում են ապրում:

- Ի դեպ, հայերեն գիտե՞ք:

- Այո՜... (հարցին պատասխանում է հայերեն,- հեղինակ):

- Զրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ մայրիկի շնորհիվ եք հայերեն  սովորել:

hamb2- Այդ որտեղի՞ց գիտեք...  Բանն այն է, որ հայրս ռուսական դպրոց է ավարտել, իսկ մայրս` հայկական: Այսպիսով, մայրիկիս հետ հայերեն էի խոսում, հայրիկիս` ռուսերեն: Թեպետ, անկեղծ ասած, 3 տարի հայկական դպրոցում եմ սովորել. այն ժամանակ մենք Աբխազիայում էինք ապրում: Իսկ երբ տեղափոխվեցինք Սոչի` ինձ ռուսական դպրոց տվեցին:

- Դժվար արտաբերվող անուն ունեք` Համբարձում, համենայնդեպս, ռուսների համար: Չէի՞ք մտածել փոխել այն:

- Երբ շատ փոքր էի, ասում էի, Աստված իմ, մամ ջան, ո՞ր մեղքիս համար եք ինձ այս անունով կոչել (ծիծաղում է): Իսկ հիմա, ճիշտ հակառակը, ծանոթանալիս հպարտությամբ եմ ասում անուն-ազգանունս: Երբեմն էլ կատակում եմ` անվանս մեջ երկու ռուսական բառ կա` «ամբար» եւ «ցում»:

- Ո՞ւմ անունն է:

- Պապիկներիս անունն է: Երրորդը` ես եմ:

- Պապիկներից ո՞ւմ եք քաշել, ասենք` բնավորությամբ:

- Օ՜, երկուսից էլ նմանություն կա:

- Համբարձում, տեղյակ եմ, որ տանը դեմ էին Ձեր դերասան դառնալու ցանկությանը:

- Այո, դեմ էին... Դեմ էին նաեւ նախորդ մասնագիտության ընտրության հարցում: Մայրս ցանկանում էր, որ որդին զինվորական դառնա ու համազգեստ կրի... Գեղեցիկ է...

- Իսկ Դուք չարդարացրիք մայրիկի սպասումները:

- Այո, այդպես է դուրս գալիս... Բայց հիմա մայրս հպարտ է ու երջանիկ:

 - Անգամ Ձեր ներկայացումների առաջնախաղերին է գալիս:

- Այո, հատուկ Մոսկվա է գալիս եւ ներկա է լինում բոլոր առաջնախաղերին: Մի բանից է դժգոհում, երբ տուն եմ զանգահարում ու ասում, թե շատ եմ հոգնում... Նա զայրանում է եւ խնդրում նման բաներ չասել, քանի որ հեռու է եւ, ցավոք, չի կարող օգնել ինձ: Իսկ ասածս նրան անհանգիստ լինելու առիթ է տալու...

- Վարսավիրից` դերասան, չե՞ք փոշմանել, որ հրաժեշտ եք տվել առաջին մասնագիտությանը:

- Հրաժեշտ չեմ տվել: Մինչ օրս էլ թատրոնում օգնում եմ վարսահարդարներին` սանրվածքներ ստանալու հարցում: Եվ դա մեծ հաճույքով եմ անում: Երբեմն էլ` դերասանուհիների մազերն եմ կտրում, բայց` ոչ գումարով:

 - Եվ իզուր...

- (Ժպտում է):

- Չե՞ք մտածել գեղեցկության սրահ բացելու մասին:

hamb1- Պատկերացրեք` ոչ: Պարզապես ցանկություն ունեի մազեր կտրել եւ վերջ: Հաճախորդներս հիմնականում կանայք էին, թեպետ տղամարդիկ էլ երբեմն խնդրում էին կտրել իրենց մազերը:

- Հարցազրույցներից մեկում, ի դեպ, ասել էիք, որ Ձեզ այնքան էլ չի գոհացնում սեփական արտաքինը. դերեր ստանալու հարցում խանգարող է:

- Չէ, ինձ գոհացնում է արտաքինս, համենայնդեպս երբ հայելու մեջ եմ նայում: Ինձ հաճախ ասում են` չափից ավելի արտահայտիչ ես, ինչպես վարվենք քեզ հետ... Իսկապես, ինչպե՞ս... (ծիծաղում է):

- Ինչպիսի՞ն է Ձեր բնավորությունը:

-Ծանր բնավորություն ունեմ: Երբեմն ինքս ինձանից եմ բողոքում: Տանել չեմ կարող անարդարությունը, սուտը, երկերեսանությունը: Փորձում եմ միշտ ճշտախոս լինել, եթե նույնիսկ ճիշտը կարող է վիրավորել մարդուն: Սիրում եմ նվերներ մատուցել:

- Ինչպիսի՞ դերեր են Ձեզ ավելի հարազատ:

- Դժվարանում ես ասել: Չկա նման դեր, որ հարազատ չլինի: Ինձ համար նույնիսկ էական չէ` գլխավոր դե՞ր է, թե` երկրորդ պլանի: Երկրորդ պլանում էլ մեծ հաճույքով եմ աշխատում:

- Տեղյակ եմ, որ ավարտել եք Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Ռեժիսուրայով զբաղվելու ցանկություն ունեի՞ք:

- Դուք ամեն ինչից տեղյակ եք: Այո, ավարտել եմ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը, սակայն դերասանական բաժինը: Ռեժիսուրայով զբաղվելու ցանկություն չեմ ունեցել:

- Ի՞նչ կտանեք Ձեզ հետ Երեւանից:

- Ինչ հնարավոր էր` արդեն տարել եմ: Այս անգամ էլ կտանեմ այն ինչը, որ միշտ տանում եմ`  ընկույզով սուջուխ, բաստուրմա: Այն, ի դեպ, Սուսաննա տյոտյայի մոտից եմ գնում, շատ համեղ է:

- Իսկ տպավորություննե՞ր...

- Անշուշտ... Հրաշալի հանդիսատես ունեք... Դրվագներ կային, որ անգամ Մոսկվայում անհաղորդ են մնում, իսկ այստեղ լիովին այլ արձագանք ունեցան:

hamb3- Հուզվո՞ւմ էիք:

- Այն էլ ոնց... Ապրելով Մոսկվայում, երբ իմանում եմ, որ հայ կա դահլիճում` ինձ լավ եմ զգում: Իսկ այստեղ, երբ իմացա` 500 հայ է լինելու դահլիճում` հուզվեցի... Մի տեսակ ամաչում էի, որ պետք է բեմ դուրս գամ եւ ռուսերեն խոսեմ: Երբ Երեւան եմ գալիս, ուզում եմ հայերեն խոսել, բայց ամաչում եմ` հանկարծ ինչ-որ բառ սխալ չասեմ:

- Համբարձում, գիտեմ, որ անտարբեր չեք գեղանկարչության հանդեպ:

- Այո, միշտ էլ սիրել եմ նկարել… Սակայն երբեք չէի փորձել յուղաներկով նկարելը: ԳԻՏԻՍ-ի 3-րդ կուրսի ուսանող էի, երբ որոշեցի յուղաներկ գնել… Մորս արձագանքը իմ գնումներին այսպիսին էր. «Քիչ է, որ սովորում ես դերասան դառնաս, հիմա էլ նկարիչ ես ուզում դառնալ»: Գուցե, ծայրահեղությունից ծայրահեղություն էի այն ժամանակ ինձ գցում, բայց ես շարունակում էի նկարել: Նկարում էի մարդկանց, նրանք շատ տարբեր էին, որոշ ժամանակ հետո այդ նույն մարդիկ ինձ մուլտհերոսների հիշեցրին: Այսօր ես ունեմ ուսուցիչ, ով ինձ գեղանկարչության դասեր է տալիս` Լարիսա Գերասիմչուկ: Նա մեր թատրոնի դիմահարդարն է, իմ մտերիմ ընկերը: Նրա շնորհիվ եմ ճանաչել համաշխարհային համբավ ունեցող գեղանկարիչներին: Կարեւորն այն է, որ Լարիսան ինձ կոմպոզիցիա է սովորեցնում եւ մարդու դեմքի կառուցվածք: Մի քանի դիմանկար ունեմ արած, որտեղ պատկերված են ընկերներս ու բարեկամներս: Սկզբնական շրջանում քրոջս դիմանկարն էի անում: Համարձակ էի, քանի որ գիտեի, եթե տգեղ ստացվի, նա ինձ կների: Այժմ մեր թատրոնի դերասանների դիմանկարներն եմ անում: Պատահում է, որ ես եւ Լարիսան ամբողջ գիշեր նկարչություն ենք անում, աշխատում միեւնույն դիմանկարի վրա: Շուտով մենք հանրությանը պատրաստվում ենք ցուցադրել մեր աշխատանքները:

- Յուրաքանչյոր տղամարդ համադամասեր է, Դուք էլ բացառություն չեք: Հայկական ուտեստներ սիրո՞ւմ եք:

- Ապրելով Մոսկվայում, ճիշտն ասած, կարոտում եմ համեղ ուտեստներին, էլ չասեմ հայկական ուտեստները: Կանաչիի համը, համեմունքները: Հատկապես համեղ պատրաստած միսը:  Երբ տուն` մայրիկիս մոտ եմ մեկնում, փորձում եմ վայելել նրա պատրաստած համեղ ուտեստները: Որեւէ ռեստորանային սնունդ չի կարող հավասարազոր լինել տան պատրաստած ուտեստին: Շատ եմ սիրում գրիլ արված բանջարեղենը, մորաքույր Ռիմայի պատրաստած գաթան:

Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Լուսանկարները`  ԼԱՐԻՍԱ ԳԵՐԱՍԻՄՉՈՒԿԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում