livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

julyaՇուրջ հինգ տասնամյակ Մայր թատրոնի` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում է սիրված դերասանուհի ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ: Բազմաթիվ ներկայացումներում, գեղարվեստական ֆիլմերում, հեռուստասերիալներում, ինչպես նաեւ գովազդներում մի քանի տասնյակ դերեր կերտած դերասանուհին այսօր էլ շարունակում է իր ստեղծագործական ուղին ու անգամ չի էլ մտածում վաստակավորի կամ ժողովրդական արտիստի կոչում ստանալու մասին` գտնելով, որ լավագույն կոչումը ժողովրդի սերն է: Սիրված դերասանուհու անցած ուղու, արդեն տատիկ ու զոքանչ դարձած տիկնոջ, ինչպես նաեւ թատրոնի մասին «Զարուհին» անկեղծ ու մտերմիկ զրույց ունեցավ հենց Ջ. Բաբայանի հետ:

-Տիկին Բաբայան, ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց Ձեր ստեղծագործական ուղին:

- Ես 1965 թվականից թատրոնում եմ, եւ կարելի է ասել, որ թատրոնի ոսկե դարն էր այն ժամանակ, որովհետեւ Սունդուկյանի անվան թատրոնը ղեկավարում էր Վարդան Աճեմյանը` մի տաղանդավոր ռեժիսոր, ինչպիսին երեւի 100 տարին մեկ կծնվի թատրոններում: Այդ տարիները Վ. Աճեմյանի գլխավորությամբ թատրոնի ծաղկուն շրջանն էր, իսկ դրանից հետո արդեն սկսվեց երկրաշարժը, պատերազմը, թատրոնն էլ լուծարվեց… Ինչ խոսք, դժվար տարիներ անցան, ու դա մեր կյանքից գնաց, չէ՞ որ կարող էինք շատ ավելի լավ դերեր խաղալ, շատ ավելի լավ ներկայացումներ բեմադրել, բայց ինչ-որ բան խախտվեց… Թեպետ հիմա կամաց-կամաց տեղն է ընկնում:

- Ձեր դերասանական մասնագիտությանը, ինչին այն տարիներին խորթ էր հնչում ընտանիքների ականջում,  հոր, եղբոր կամ ամուսնու կողմից խոչընդոտներ եղե՞լ են:

- Շատ ցավոտ հարց տվեցիք: Այո, եղել են: Դերասանուհուն կամ դերասանին, եթե կողակիցը, ընտանիքը չօգնի, շատ դժվար է: Իսկապես, շատ հարցերում խոչընդոտել են ե՛ւ հայրս, ե՛ւ հետո բազում այլ հանգամանքներ, մինչդեռ ես կարող էի շատ ավելին անել, եթե չխանգարեին:

- Ի վերջո, ինչպես հաջողվեց հաղթահարել այդ ամենը եւ մնալ թատրոնում:

- Դրա համար պայքարում, պայքարում եւ մինչեւ օրս էլ պայքարում ենք (ծիծաղում է տիկին Բաբայանը): Այնպես որ, դժվար է թատրոնում, երբ նվիրվում ես, իսկ ես ամբողջովին նվիրվել եմ: Մեկ-մեկ իմ կրտսեր աղջիկն ասում է. «Ես քեզ կարոտում էի, երբ դու ամբողջ օրը մեկ կրկնօրինակման էիր, մեկ կինոստուդիայում էիր, մեկ թատրոնում` փորձի, մեկ` հեռուստատեսությունում»: Ընդհանրապես դերասանուհու աշխատանքը, մանավանդ եթե ընտանիք ունես, դժվար է համատեղել: Բայց  կարողացել եմ, Փառք Աստծո, ե՛ւ ընտանիքը, ե՛ւ երեխաները, ե՛ւ թատրոնն, իհարկե, առաջին տեղում են եղել միշտ:

- Այսինքն` մեկը մյուսին չէ՞ր խանգարում:

julya1- Եթե ամեն ինչ դասավորված անես կյանքում, չի խանգարի: Պարզապես, երիտասարդ էի ու հասցնում էի գնալ ե՛ւ կրկնօրինակման, ե՛ւ վազել թատրոն փորձի, հետո հեռուստատեսություն ու ռադիո, այսինքն` ամեն ինչ հասցնում էի ու չէի զգում, թե ինչպես են այդ տարիները թռչում:

- Այսօր ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ, որ կարող էի ավելի շատ դերեր խաղալ թատրոնում, եթե թատրոնում չլինեին այդ փոփոխությունները: Կյանքի նոր դրվածքի պատճառով թատրոնն իր տեղը զիջեց եւ տարիներ շարունակ չխաղացինք: Մինչեւ այդ` մեծերն էին բեմում, իսկ մենք սպասում էինք անհամբեր, որ մեզ էլ տեղ կտան, բայց երբ մեծերը մեզ տեղ տվեցին, փոփոխությունը շատ խանգարեց, որպեսզի ավելի շատ խաղայինք, ավելի շատ նկարահանվեինք:

- Մյուս կողմից էլ նաեւ խանգարել է Ձեր համեստությունը, որովհետեւ շատ արվեստագետներ բղավում են իրենց արածի մասին, Դուք լռում եք:

- Գուցեեւ, այո՛, թատրոնում պետք է համեստ չլինես, բայց դա բնավորություն է, որը չես կարող փոխել: Չնայած բազմիցս նկարահանվել եմ ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ այստեղ, իսկ վերջինը «Կորած-մոլորածը Հայաստանում» ֆիլմն էր, որ երկու տարի առաջ նկարահանվեցի: Էլ չեմ ասում, որ սովետական շրջանում շատ ֆիլմերում, բումերանգներում, գովազդներում եմ նկարահանվել: Այնպես որ, այդքան դժգոհ չեմ, բայց ամեն դեպքում այն, ինչ երազում էի, սպասում էի, դեռ մինչեւ հիմա սպասում եմ, երազում եմ… Գուցեեւ հաջողվի, գուցեեւ` ոչ:

- Մեր արվեստագետները, ովքեր գոնե Ձեր սերնդակիցն են, կարծես իրոք բոլորիս կողմից են սիրվել ու այսօր էլ մնում են իրենց բարձունքի վրա: Ի՞նչն է պատճառը, որ այսօր շատ արվեստագետներ, պարզապես, թիթեռնիկի կյանք են ունենում:

- Նորահայտների մասին այսպես կասեմ. հիմա մի սերիալում, մի էպիզոդում կամ երբեմն գլխավոր դերում խաղում են ու արդեն իրենց համարում են դերասան կամ դերասանուհի: Կամ ով մի տեսահոլովակ է նկարահանում` իրեն համարում է երգիչ-երգչուհի: Այդպես չէ, մաղվում են, կարող է` խաղան մի քանի տեղ կամ մի քանի երգ երգեն, բայց չմնան, որովհետեւ աստղային հիվանդությունն է նրանց տանում ու չեն կարողանում իրենց տեղը գտնել: Դերասանը եւ երգիչը մասնագիտություն է, որը պիտի շատ սիրես, շատ աշխատես` կայանալու համար: Թե չէ հիմա մի քիչ հեշտացել է, դրսից էլ մարդ են բռնում, բերում ու նկարում են` ասելով, որ արդեն դերասան է: Դերասանն այդպես չի լինում, որ այդպես հեշտ լիներ, բոլորն էլ դերասան կդառնային: Իմ  կարծիքով ճիշտ չէ, այս մոտեցումը վիրավորում է մեզ` իսկական մասնագետներիս: Միչդեռ պատահական մարդիկ են բերում, որ նկարահանվի ու մի  դուբլի փոխարեն, պետք է 10-ը դուբլ նկարահանես, որ տվյալ տեսարանը ստացվի: Հաճախ չեն էլ հասկանում` ինչ են անում, ուղղակի տեքստը ասում են, բայց չէ՞ որ դերասանությունը դա չէ:

- Ձեր կերտած շատ կերպարներում եղել եք կենցաղի մեջ ընկղմված կին: Իրական կյանքում որքանո՞վ եք այդ կենցաղի մեջ ներգրավված:

- Ասեմ, որ չեմ բողոքում: Մեր տանը միշտ շատ հյուրեր են լինում, միշտ էլ հասցրել եմ ե՛ւ կերակրատեսակներ, ե՛ւ աղցաններ, ե՛ւ խմորեղեն պատրաստել: Եթե նույնիսկ չէի հասցնում առավոտյան, գիշերն էի անում, որպեսզի երեխաներն ամեն ինչ ունենան:

- Մի քիչ էլ խոսենք Ջուլիետա մայրիկի եւ տատիկի մասին…

- Ունեմ երկու աղջիկ, երկուսն էլ ամուսնացած են եւ ունեմ 5 թոռնիկ: Ցավոք սրտի, ավագ աղջիկս Մոսկվայում է, դեռ այն վատ տարիներին գնացին: Նա արդեն մի տղա, մի աղջիկ ունի: Բայց կրտսեր աղջիկս այստեղ է, որն էլ երեք տղա ունի: Թոռներս բոլորն էլ ինձ Ջուլիա են ասում, ոչ մեկն էլ տատիկ չի ասում: Այնպես որ, մեծի հետ մեծ եմ, փոքրի հետ` փոքր, ամեն ինչ կարողանում եմ համատեղել:

- Կյանքում բացասական դեր է դարձել զոքանչ լինելը, հետաքրքիր է, ինչպիսի՞ զոքանչ եք Դուք:

- Երկու փեսա ունեմ: Դե մեկը Մոսկվայում է ու այդքան առիթ չի լինում շատ շփվելու, բայց հենց որ գալիս է, ասում է` քանի տարի է` չես տեսել ինձ, մի քիչ լավ եղիր էլի հետս, իհարկե, կատակելով, մյուս փեսաս էլ շատ լուրջ տղա է: Ամեն դեպքում, դժգոհ չեմ, ես չեմ խառնվում իրենց ընտանիքի գործերին ու ընդհանրապես մեզ մոտ զոքանչ-փեսա պաշտոնական հարաբերություններ չկան: Իրենք, կարծես, իմ տղաները լինեն, եթե աղջիկներս ապրում են հաշտ-համերաշխ, ուրեմն` ամեն ինչ լավ է: Հիշեցի, երբ մի անգամ փողոցում ինձ տեսան ու հարցրին. «Աշոտ Ղազարյանի զոքանչն եք, չէ՞», ասացի` ոչ, Աշոտ Ղազարյանի զոքանչը չեմ, ուղղակի իր հետ խաղում եմ զոքանչի դերում, բայց ժողովրդի մեջ այդպես է տպավորվել:

julya2- Մեր օրերում խիստ բանավեճ է գնում կնոջ եւ տղամարդու հավասարության կամ մեկը մյուսի նկատմամբ գերակայության մասին, Ձեզ համար որքանո՞վ է այդ գերակայությունը կարեւոր:

- Մենք հայ ենք եւ մեր հայկական ազգամտածողության մեջ տղամարդը պետք է տան գլխավորը, տան սյունը լինի: Եվ տղամարդը պետք է տղամարդու նման լինի` իր բոլոր հատկություններով: Այսինքն` ե՛ւ աշխատի, ե՛ւ տունը պահի, ե՛ւ կերակրող հայր լինի, ե՛ւ կնոջը հարգող ու սիրող ամուսին: Բայց հիմա փոխվել են ժամանակները, ավելի շատ կանայք են տունը պահում, իսկ տղամարդիկ նստած նարդի են խաղում կամ հեռուստացույց դիտում: Դա լավ չէ: Ճիշտ է, հիմա կասեք, որ դժվար ժամանակներ  են, աշխատանք չկա, բայց ինչքան ուզում է դժվար լինի, աշխատող մարդու համար միշտ էլ մի գործ կգտնվի, ու ոչ մի աշխատանք իմ կարծիքով անպատվաբեր չէ:

- Իսկ մերօրյա հայուհու կերպարին ի՞նչն է պակասում:

- Մեր հայուհիներն այսօր շատ գեղեցիկ են, եւ ես հիանում եմ իրենցով, բայց, ցավոք, մեր երիտասարդ հայուհիները շատ են ուզում եվրոպականացվել, չեն զգում որտեղ ու ինչ կարելի է հագնել, որտեղ ինչ տեսակ շպար անել: Կան, որ շատ դիմահարդարված են, եթե երեկոյան գնում են համերգ, կինո, թատրոն, դեռ ոչինչ, բայց ցերեկը չի նայվում դա: Օրինակ, թատրոն գալուց հաճելի է, որ երեկոյան զգեստ են հագնում, ինչպես առաջներում էր, ամեն ինչ տեղը տեղին, բայց երբ այդ նույն զգեստով շուկայում ես տեսնում նույն մարդուն, արդեն հաճելի չէ: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ մեր աղջիկները գեղեցկացել են, հետեւում են իրենց, որովհետեւ մեր ապագան մեր երիտասարդներն են:

- Շտապելով շնորհավորել Ձեզ 50-ամյա ստեղծագործական հոբելյանի առթիվ` մի վերջին հարցով ավարտենք մեր զրույցը. ինչպե՞ս եք պլանավորում նշել կեսդարյա հոբելյանը:

- Չգիտեմ… չեմ սիրում ցուցադրական բաներ: Օրը կգա, բարին հետը, բայց 2015 թվին ուղիղ 50 տարին է լրանում, որ ես Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում եմ:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում