livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

emma1Կարծում եմ` ֆրանսիացի փիլիսոփա Լարոշֆուկոն իր «Հաջող ամուսնություններ լինում են, բայց հիացմունք պատճառող` երբեք» մտքի շուրջ լուրջ կասկածներ կունենար, եթե ճանաչեր ԱՐԱՄՈ եւ ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ զույգի միությամբ կազմված ընտանիքին: Ներդաշնակություն, որն այնքա՜ն ակնհայտ է. ըստ մեր պայմանավորվածության` Երեւանի սրճարաններից մեկում նշանակված էր հանդիպում միայն Էմմա Պետրոսյանի հետ, Արամոն սպասում էր մոտակա տարածքում, բայց սպասման գործը մինչեւ վերջ լուռ չշարունակվեց, իհարկե, հօգուտ ընթերցողի:

Փորձելով կնոջ խոսքին անընդհատ չմիջամտել` Արամոյի պոռթկումները միայն այն թեմաների ժամանակ էին լինում, որոնցում երգչի ասելիքը այլեւս կառավարելի չէր: Տեսնելով, թե այդ պոռթկումները հատկապես զրույցի որ հատվածում ու ինչ ներաշնակությամբ են համեմվել, ինքներդ էլ կհամոզվեք, որ հիացմունք պատճառող ընտանիքներ, այնուամենայնիվ, լինում են:


«ԵԹԵ ՉՍԻՐԵԻՆՔ, ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷԻՆՔ 22 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ»

- Ամուր ընտանիքի գաղտնիքը:

- ԷՄՄԱ. Լսել, ներել, համատեղ արարել, դառնալ մեկ ամբողջություն...

emma3- ԱՐԱՄՈ. Լսել, հասկանալ, ճիշտ ժամանակին կարողանալ ներողություն ասել` ահա ամրության շղթան: Եվ իհարկե` ամենագլխավորը, այդ Սեր կոչվածը: Եթե չսիրեինք, ինչպե՞ս կարող էինք 22 տարի ապրել կողք կողքի: Չգիտեմ` ինչպես կարելի է բացատրել` ինչ է սերը... Օրինակ, 70-80 տարեկան ամուսինները սիրո վառ օրինակ են իրենց միասնականությամբ` ասես անբաժան մի գունդ, մի մարմին` այնքան միաձուլված, որ իրարից այլեւս չեն պոկվի, իսկ եթե փորձես հեռացնել նրանց, երկու կողմին էլ կվնասես:

- Գոռգոռոցների, բարձր ձայնի մեջ սիրո ձայնը լսվո՞ւմ է:

- ԷՄՄԱ. Երբեմն սիրո ձայնը հենց գոռգոռոց է լինում: Անպայման պետք է կռվել` հաշտության ուղղությամբ գնալու համար: Ինչպե՞ս կարող ես ամեն ինչի հետ համաձայնել: Տղաս` Ավոն, փոքր էր` 4-5 տարեկան, երբ Արամը բարձր ձայնով ինձ հետ խոսում էր, կարմիր թրով գալիս էր ու Արամին ասում. «Ես հիմա քեզ կսպանեմ, դու իմ Էմմիի հետ բարձր ձայնով ես խոսումե:

«ՀԱՅ ԿԻՆ ԼԻՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է ԴԱՐՁԵԼ»

- Հայուհու այսօրվա կերպարին ի՞նչ է տվել ու ի՞նչ վերցրել 21-րդ դարը:

- ԷՄՄԱ. Աշխարհի կանանցից հայուհուն առանձնացնել ե՛ւ ուզում եմ, ե՛ւ չեմ ուզում: Մենք` հայերս, հայուհի ասելով մեզ կտրում ենք աշխարհից, բայց չէ՞ որ բոլորս մի գնդի մեջ ենք ապրում, եթե անընդհատ բղավենք մենք, մենք, դա լավ տեղ չի տանի: Մյուս կողմից էլ, շատ ձուլվելն աշխարհին եւս չեմ ընդունում, որովհետեւ կհեռանանք մեր գենետիկայից, մեր անուն-ազգանունից: Ուր էլ որ ժամանակը տանի, կինը ծնողն է, կյանք տվողը ու պետք է գիտակցի, թե ում է ծնում, ինչ նպատակով, ինչ դաստիարակությամբ` սա է կարեւորը... Վերջին ժամանակներում նկատել եմ, որ հայ կին լինելը դժվար է դարձել. փորձում են ամենուր միայնակ գլուխ հանել: Կարող են, իհարկե, բայց ցանկալի չէ, որ կարողանան: Այս պարագայում միայնությունն արժեւորել պետք չէ, կողքիդ ուժը միշտ պետք է աշխատի, որ ներդաշնակություն լինի, այլապես ամեն օր կանացիության մի բջիջ կորցնելով` կհասնենք տարօրինակ հիբրիդացված մի կերպարի: Սա է վերջին ժամանակների խնդիրը: Մեզ գնահատողը հակառակ սեռն է, մենք ապրում ենք, ի վերջո, հենց տղամարդկանց համար...

«ԵՍ ԱՅՍ ՊԻԵՍՈՎ ԵՐՋԱՆԿԱՑՐԻ ԱՐԱՄԻՆ...»

emma- «Դառը շոկոլադ»` պիես, որը Ձեր այս ոլորտի առաջին աշխատանքն էր, եւ որը «խոսում է» այդքան խորունկ ու անմեկնելի կին-տղամարդ հարաբերությունների մասին:

- ԷՄՄԱ. Ես այս պիեսով արեցի մի բան, որտեղ կարծում եմ` երջանկացրի Արամին... Ես եւ Նա շղթայում սա ամենամեծ Նա-ն է, ուրախ եմ, որ այդ Նա-ն իմ ստեղծագործության մեջ թեւեր ունեցավ: Պարզվեց մի բան. այսօր կարեւոր են ոչ թե կին-տղամարդ, այլ մարդ-մարդ փոխհարաբերությունները, որտեղ մի շարք հարցեր են վերհանվում` ի՞նչ ենք խոսում իրար հետ, ինչո՞ւ ենք հենց այդ լեզվով խոսում, խոսելիս ի՞նչը չենք հասկանում, միմյանց չհասկանալիս ի՞նչ ենք անում, հասկանալու դեպքում հետո ի՞նչ է պետք լինելու անել, կամ միգուցե ընդհանրապես մեկ այլ ճանապա՞րհ է պետք: Հասկանում ես, որ 2X2-ը միշտ չէ, որ 4-ի է հավասար. 5 րոպեի ընթացքում այն կարող է դառնալ 4, 5, կամ միգուցե` 3: Պիեսում հենց այդ տատանումներն են ներկայացվում...

«ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍԵՐԸ ՄԻ ԱՅԼ ՏԵՍԱԿ Է ԼԻՆՈՒՄ»

- Ի՞նչ «դեֆորմացիայի» է ենթարկվում սերը տարիների ընթացքում:

- ԱՐԱՄՈ. Էմ, կներես` անկեղծ պետք է պատասխանեմ. առաջին տարիներին սերը մի այլ տեսակ է լինում, մի այլ բռնկումով, հետո գալիս է համակերպման փուլը, ես հիմա նույնկերպ Էմմային ծաղիկներ չեմ նվիրի, ինչպես նվիրել եմ 1991-92 թվականներին: Իհարկե, էլի եմ նվիրում, դա չի նշանակում, որ իմ սերը պակասել է. անկախ ամեն ինչից` բերքատու ծառը միշտ է ծաղկում, պտուղ տալիս: Բայց, միեւնույն է, առաջին պտուղն ուրիշ է, չէ՞...

- Ձեր համատեղ ամենամեծ արարումը:

- ԷՄՄԱ. Ավոս:

- Ձեր դիտարկումներով ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդությունը:

- ԷՄՄԱ. Նրանց շարքերում շատ լավ, թարմ ուժեր տեսնում եմ, բայց կա նաեւ այն շերտը, որ չի գտնում իրեն, տեսնելով շրջապատող իրականությունը` չի հավատում իր վաղվան ու մտահոգ է սեփական ճակատագրի համար:

«ՄԵՐ ՏՂԱՆ ՄԻ ՏԱՐԻՔ Է ԱՊՐՈՒՄ, ՈՐԸ ԼԻ Է ՓՈԹՈՐԻԿՆԵՐՈՎ»

- Ինչպիսի՞ն են Ավոյի օրերն ու զբաղվածությունը:

- ԷՄՄԱ.  Մեր տղան մի տարիք է ապրում, որը լի է փոթորիկներով, ես ուրախ եմ իր ըմբոստ մտքերով, ուրախ եմ, որ կարողանում է գրել եւ, ի դեպ, հետաքրքիր է գրում, ուրախ եմ, որ ջութակահար է: Լավ ու ճիշտ ճանապարհ անցավ` իր բոլոր խոչընդոտներով ու բացթողումներով, 21 տարեկան է ու արդեն ոչ պակաս հաջողություններով, բայց բնավ չեմ ասի, թե այսքան ու այնքան փառատոների է մասնակցել, թե մի շարք մրցանակներ ունի:

emma2- ԱՐԱՄՈ. Իհարկե չենք ասի, որովհետեւ ոչ մի մրցանակ ու փառատոն բարձր խոսել չեն կարող, քան ինքը` դրանք վաստակող մարդը: Կան երաժիշտներ, որ հազար ու մի մրցանակ ունեն, բայց իբրեւ արվեստագետ գոյություն չունեն, ուղղակի չկան: Նվագողը նվագում է առանց կոչումների: Ալ Պաչինոն ունեցել է 1 Օսկար, Մառլոն Բրանդոն հետ տվեց իր Օսկարը, իսկ Մոցարտի ու Ռախմանինովի գերեզմաններն ավելի վատ վիճակում են, քան մեր ամենավատ փողոցների սալահատակը, բայց, միեւնույն է, մեծությունները հենց նրանք են: Չգիտեմ, շատ են այսօր փոխվել արժեքները, ցավոք: Այսօր սեքսուալ հայացքով հարյուրավոր տղամարդիկ ամենատարօրինակ անվանակարգերով հաղթանակներ են արձանագրում. զզվելի է: Սովետմիության  ժամանակ Ստալինը միաձայն բղավում էր. «Առանց առաջին մրցանակի չվերադառնալ...ե: Եվ ի՞նչ տվեց դա` կործանում, վախ, արժեքների կորուստ...

«ՄԵՐ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ Է ԵՂԵԼ»

- Եվ այսպես...

- ԷՄՄԱ. Մեր միությունն Աստծո կամքով է եղել...

- ԱՐԱՄՈ. Ես ցանկանում եմ, որ երիտասարդները նյութականը չկարեւորեն, մենք առավել հոգեւորն ենք արժեւորել. հոգու սերն է, որ օգնում է հասկանալ առավոտը միասին դիմավորելու բերկրանքն ու նույն անկողնում քնելը: Ամեն օր գումար տալ ու ասել` քեզ համար սա գնիր, այն պակասդ լրացրու` դա այնքա՜ն քիչ է...

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում