livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

romeoՕրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սերգեյ Պրոկոֆեւի "Ռոմեո եւ Ջուլիետ" բալետն այս թատերաշրջանում ներկայացվեց առաջին անգամ: Բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ "Ռոմեո եւ Ջուլիետ" բալետը օպերային թատրոնի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից է, որտեղ ներգրավված են թատրոնի լավագույն մենապարողները: Ի դեպ, ներկայացումը արժանացել է նաեւ բալետային քննադատների բարձրագույն գնահատականին, եւ առաջարկներ կան, որ մոտ ապագայում բալետը ներկայացվի նաեւ Հայաստանից դուրս:

"Զարուհու" հետ զրույցում բալետի առաջատար մենապարող, ներկայացման մենակատար ՍԵՎԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ խոսելով իր կերպարի` Ռոմեոյի մասին, ասաց. "Ինձ անչափ հոգեհարազատ կերպար է, Ռոմեոյի դերով ներկայանում եմ 2011 թվականից, այսինքն` հենց սկզբից էլ հանդես եմ եկել այս դերով":

"Ռոմեո եւ Ջուլիետ" բալետային բեմադրությունը Հայաստանից դուրս ներկայացնելու մասին խոսելով` Սեւակը հավաստիացրեց, որ այն երբ էլ լինի, իրենք պատրաստ են. "Այո, նման մտադրություն կա, բայց, թե երբ կլինի` տեղյակ չեմ, սակայն պետք է ասեմ, որ մենք պատրաստ ենք ոչ միայն այս, այլեւ մեր մյուս ներկայացումներն ինչպես մեր հարազատ բեմում, այնպես էլ այլ երկրների հեղինակավոր բեմերում ներկայացնելու, ինչը վստահաբար պատվաբեր կլինի ինչպես մեզ, այնպես էլ` մեր երկիրը ներկայացնելու համար":

Բալետի առաջատար մենապարուհի, Ջուլիետի մենակատար ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ խոսելով իր կերպարի մասին, նույնիսկ մտաբերեց. "Բեմադրման օրվանից ինձ խոստացան, որպես լավագույն Ջուլիետ, մեդալով պարգեւատրել ե՛ւ հանդիսատեսի, ե՛ւ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, բայց մնացին միայն խոսքեր":

Իսկ այն տարածված կարծիքը, թե այս ներկայացման մեջ լավագույնս հանդես գալու համար սիրահարված լինելը պարտադիր պայման է, Սյուզաննան շտապեց տեղեկացնել. "Ես սիրահարված եմ միշտ ու ամեն կերպարին մոտենում եմ յուրովի: Կարելի է ասել` սիրում եւ ատում եմ իրական: Սիրում եմ իմ բոլոր կերպարները ու չեմ կարող առանձնացնել որեւիցե ներկայացում: Սիրահարված եմ լինում բոլոր ներկայացումներին, ուղղակի ամեն կերպար յուրովի զգացմունք է պահանջում` մեկում` կիրք, մյուսում` նրբություն, տաքարյունություն… Ապրում եմ իմ կերպարով եւ ուզում եմ, որ նրանք էլ ավելի շատ լինեն: Կյանքում բալետն եմ սիրում, բալետում` կյանքը":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում