livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altԱնկախ վերջին թանկացումներից, տոնական եռուզեռն արդեն սկսված է: Նախորդ տարիների փորձից արդեն ենթադրելի է` խոզի ազդրն անպակաս է իրեն հարգող յուրաքանչյուր հայի, առանց այդ էլ ճոխ սեղանից: Բայց մեկ անգամ չէ, որ ապացուցվել է` ոչ թե լի սեղաններով, այլ լի սրտերով է պետք դիմավորել Նոր տարին: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուրն իր մտքում փորձում է վերլուծել անցնող տարին ու նոր ակնկալիքներ ունենալ` ոչ միայն Ձմեռ պապիկից, այլ նաեւ նոր սկսվող տարվանից:

"ՄԱՐԴ ԿԱ ԽՈԶԻ ԲՈՒԴ Է ԴՆՈՒՄ ՍԵՂԱՆԻՆ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱ`
ԸՆՁՈՒՂՏ, ԿՈԿՈՐԴԻԼՈՍ, ԳԵՏԱՁԻ..."

Երգիչ, դերասան ԱՐԱՄՈՆ եկող` Խոյի տարվա հետ շատ պլաններ ունի, ըստ նրա` տարին կլինի անակնկալներով ու հաջողություններով լի: Չնայած` դժգոհ չէ նաեւ այս տարվա խորհրդանիշ ձիուց. "Ձիու տարին ստեղծագործական շրջան էր ինձ համար. շատ ներկայացումներ, ֆիլմեր, նկարահանումներ ունեցա",- "Զարուհու" հետ զրույցում փաստեց Արամոն եւ ասաց, որ այդքան էլ նշանակություն չի տալիս տարվա կենդանակերպի նշաններին. "Հետո, տարին` կլինի այծի, ձիու կամ կապիկի, ուշադրություն չեմ դարձնում: Մեկն ասում է` ձին աշխատասեր կենդանի է, մյուսը` այծիկը բնավորության այս գիծն ունի, այն մյուսն էլ, թե ճագարը քնում է... Դրանով չէ ամեն ինչ որոշվում, ուղղակի, մարդ պետք է աշխատասեր լինի, որքան նպատակ ունի, դնի իր առաջ ու իրականացնի":
Անդրադառնալով խոզի ազդրերով զարդարված տոնական սեղաններին` Արամոն ասաց. "Տարբեր ընտանիքներ տաբեր կերպ են սիրում դիմավորել Նոր տարին. մարդ կա խոզի բուդ է դնում սեղանին, մարդ էլ կա` ընձուղտ, կոկորդիլոս, գետաձի, ճանճ... Ես նյութականին այդքան ուշադրություն չեմ դարձնում, քանի որ հոգեւորն ավելի բարձր եմ համարում":

"ՄԱՐԴ ԿԱ ՄԵՆԱԿ Է ԴԻՄԱՎՈՐՈՒՄ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱ` ՍԻՐՈՒՀԻՆԵՐԻ ԿԱՄ ԷԼ` ՍԻՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ"

Ամանորը դրսում դիմավորելու մարդկանց ցանկությունները երգիչ-դերասանի համար ընդունելի է այն պատճառով, որ որքան մարդ` այնքան ցանկություն. "Ես տանն եմ դիմավորելու, իսկ ովքեր ցանկություն ունեն ինչ-որ տեղ դիմավորել Նոր տարին, դա իրենց խնդիրն է ու ցանկությունը: Կուզեն` անտառում դիմավորել, բակում կամ էլ` Հավայան կղզիներում: Յուրաքանչյուրն ինքն է տնօրինում իր ֆինանսական բյուջեն, մտքերը, եւ ես երբեւիցե վատ չեմ նայել, որ դրսում են դիմավորում: Կան, որ ընկերներով հավաքվում եւ ընտանիքներով գնում են ու դրսում դիմավորում: Տարբեր մարդիկ տարբեր ձեւ են սիրում դիմավորել Նոր տարին, մարդ կա մենակ է դիմավորում, ընկերական շրջապատում, մարդ էլ կա` սիրուհիների կամ էլ սիրեկանների հետ: Տասը միլիարդ մարդ, ու այդքան էլ բնավորություն, ամեն մեկը յուրովի է տեսնում ու ընկալում Նոր տարին":
Արամոն չցանկացավ ստանձնել Ձմեռ պապիկի դերը` այն զուտ պարտավորված աշխատանք համարելով, սակայն փոխարենը բարեմաղթանքներ շռայլեց. "Իհարկե, Ձմեռ պապիկի դերը չեմ ստանձնի, որովհետեւ դա շատ պարտավորված աշխատանք է: Ցանկանում եմ, որ Ձմեռ պապիկը մեր ձագուկներին ամենագլխավորը` խաղաղություն ու երջանկություն բերի, այդ փոքրիկների բոլոր ցանկություններն ի կատար ածի, որ հունվարի 1-ի առավոտյան տոնածառի կամ բարձի տակ տեսնեն Ձմեռ պապիկի բերած սիրելի նվերը, որոնք մինչ այդ նամակով գրել էին: Իսկ ընդհանրապես, շնորհավորելով բոլորիս գալիք Ամանորը` ամենագլխավորը խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, հաջողություն ու առողջություն մեր ժողովրդին":

"ՁԻՈՒ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻՆ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ"

altԱնցնող տարին երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ համար ունեցել է բացասական եւ դրական կողմեր. "Վատ տարի էր, որովհետեւ շատ արվեստագետների ու սահմանը պաշտպանող զինվորների կորուստներ ունեցանք, ինչն ինձ համար մեծ ցավ է: Թող սահմաններում խաղաղ լինի, որ մենք էլ այստեղ հանգիստ ու ապահով լինենք, դրա համար խոնարհվում եմ նրանց առջեւ, բոլորս պարտական ենք նրանց: Կաղոթեմ, որ խաղաղություն լինի, ու երբեք կորուստներ չլինեն, բոլորը լինեն առողջ ու անփորձանք",- մաղթեց Սոնան ու անդրադարձ կատարելով իր աշխատանքային հաջողություններին` գոհունակությամբ ասաց. "Աշխատանքային առումով` ինձ համար լավ տարի էր, ամեն տարվա նման շատ աշխատեցի: Աշխատանքն ինձ համար գլոբալ հասկացողություն է, այն չի սահմանափակվում միայն տեսահոլովակներով ու երգերով: Չնայած, Ձիու տարուց ավելին էի սպասում, ընդհանրապես այդ կենդանուն շատ եմ սիրում, բայց կարծում եմ, որ եկող տարին բոլորիս համար էլ լավ տարի է լինելու: Տարին ինձ համար դեռ չի ավարտվել, մի քանի օրից նկարահանելու եմ նոր տեսահոլովակ, որը հանդիսատեսի դատին կհանձնվի  2015 թվականին: Այս տարի ունեցա 2 տեսահոլովակ, եկող տարվա ընթացքում էլի կունենամ նոր աշխատանքներ, բայց ամեն ինչ թողնում եմ Աստծո կամքին, չեմ սիրում պլանավորել, սիրում եմ ասածս իրականացնել":

"ԼԱՎ ՏԱՐԻ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԳՏԵԼ ԵՄ ԻՄ ՄՈՒՐԱԶԻՆ"

Անդրադառնալով անցնող Ձիու` մուրազի տարուն, Սոնան եւս ունեցել է մուրազ, որն արդեն իրականացած է համարում. "Այո, այդ առումով լավ տարի էր, քանի որ գտել եմ իմ մուրազին, ունեմ սիրած անձնավորություն: Չեմ սիրում շատ բարձրաձայնել իմ անձնականի մասին, քանի որ ամեն ինչ դեռ առջեւում է: Կարծում եմ` կյանքս կդասավորվի իմ ուզած ձեւով եւ ընդհանրապես, իմ ընտրյալը շատ համապատասխան է ինձ: Ի դեպ, մի քանի օր առաջ հարսանիքի էի մասնակցում ու հարսի ծաղկեփունջը ես եմ բռնել: Բնականաբար, ամեն ինչն իրար հետ կապ ունի, կարեւորը` լավ ընտանիք ունենալն է, երջանկությունը, սերն ու առողջությունը":

"ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԶ ԿՄԻԱՆԱ ՆԱԵՎ ԻՄ ՍԻՐԱԾ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ"

Իսկ թե որտե՞ղ, ինչպե՞ս եւ ի՞նչ պայմաններում է դիմավորելու եւ անցկացնելու Ամանորը Սոնան, նախ խորհուրդ տվեց, ապա նաեւ պատմեց իր օրինակը. "Կարեւոր չէ, թե ինչ է դրված սեղանին, կարեւորը` ուրախ սրտով դիմավորես Նոր տարին: Չես կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր արտերկրում են դիմավորում Ամանորը: Ես էլ, եղել է տարի, որ արտերկրում եմ նշել, բայց ամեն տարի տարբեր է եղել ու հետաքրքիր: Ընդհանրապես, միշտ իմ ընտանիքի հետ եմ դիմավորում Նոր տարին, իսկ այս տարի մեզ կմիանա նաեւ իմ սիրած անձնավորությունը: Ուղղակի, դիմավորելուց հետո այս տարի եւս աշխատանքի բերումով քիչ կլինեմ տանը` մի քանի տեղ հրավիրված եմ երգելու":
Իսկ ի՞նչ Նոր տարի` առանց Ձմեռ պապիկից նվեր ակնկալելու, Սոնան եւս հետ չմնաց. "Ձմեռ պապիկից այս տարի ակնկալում եմ խաղաղություն, առողջություն եւ բերքաբեր տարի: Կարծում եմ` Խոյի տարին լավ տարի կլինի բոլորիս համար":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում