livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

 

Կրկին մոտենում է Ամանորը, ու, ինչպես ամեն տարի, ամենքս պիտի մտածենք, թե այս անգամ ինչպես, որտեղ եւ ինչ շրջապատում դիմավորենք, նշենք այն: Իսկ ամեն անգամ Նոր տարվա մասին խոսելիս անպայման պիտի հիշենք Ձմեռ պապին ու Ձյունանուշին, տասը օրվա սեւացած պասուց տոլման, պարտադիր սեղանի կենտրոնում իր պատվավոր տեղը գտած խոզի բուդն ու, իհարկե, կարոտով հիշենք մանկության տարիների լավագույն ամանորները: Այս ամենից զերծ չեն նաեւ մեր հայտնիները, ովքեր հավատում են Ձմեռ պապին եւ Ամանորյա հրաշքներին: ՙ

 ԱՄԵՆ ԲԱՆ ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՋԵՐՄ ԼԻՆԵՐ ՈՒ ԲՆԱԿԱՆ

 

Karen-grigoryan-12011-ին կոմպոզիտոր ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հրաժեշտ կտա տանից բավական հեռու. "Ամանորը կնշեմ իմ նոր ընկերների հետ` Լոնդոնում, ավելի կոնկրետ` ակումբներից մեկում: Մի փոքր տարօրինակ է ինձ համար իմ իսկ ընտրությունը, բայց միջավայրը այլ է: Ստիպված եմ համակերպվել, որովհետեւ այժմ ընտանիքից հեռու եմ: Ինչեւիցե, կարծում եմ` լավ ժամանակ պետք է անցկացնեմ": Ամեն դեպքում նախատոնական այս օրերին երիտասարդ կոմպոզիտորը ակտիվորեն պատրաստվում է Ամանորին. "Ցավոք սրտի, հիմա ավանդական հայկական սեղանին պատրաստվելու անհրաժեշտությունը չունեմ: Փոխարենը` ակտիվ պատրաստվում եմ տոնական եթերին Լոնդոնից: Այնպես որ, ամեն դեպքում, ամանորյա իրարանցումը ինձ համար էլ է բնական երեւույթ":

Չնայած Կ. Գրիգորյանն արտասահմանում է, բայց չի մոռացել հարազատներին նվերներ գնելու մասին. "Անկեղծ ասած, արդեն գնել եմ ու դեռ շարունակում եմ գնել: Լոնդոնը, կարծում եմ, աշխարհի ամենալավ քաղաքներից մեկն է այդ հարցում. միայն ազատ ժամանակ ու մեծ գումարներ, եւ ահա լոնդոնյան շոփինգը սկսված է":

Իսկ իր համար Ձմեռ պապից հետ է ուզում հավատը հրաշքների ու մարդկանց հանդեպ."ՙԵս կորցրել եմ հավատս, ու շատ դժվար է ապրել: Միգուցե սենտիմենտալ կթվամ, բայց իրոք, կցանկանայի, որպեսզի գոնե այս տոնական օրերին ամեն բան մի փոքր ավելի ջերմ լիներ ու բնական: Պետք է ասեմ, որ ամանորյա հրաշքների չեմ հավատում, բայց ամեն դեպքում փորձում եմ հավատալ":

Ի դեպ, Ամանորին ոչ միայն հարազատներին են անակնկալներ սպասվում, այլեւ ունկնդիրներին. "Իհարկե, միշտ խնամքով պատրաստում ու բոլորին ներկայացնում եմ իմ անակնկալները, եթե մինչ այս` միայն հայ հանդիսատեսին, ապա այսուհետ` նաեւ եվրոպացի: Չեմ բացի անակնկալները, որպեսզի դրանք մնան այդպիսին՚": Իսկ ամփոփելով Լոնդոնում անցկացրած գրեթե երկու ամիսները` վերջինս նշեց. "Չեմ ասի, թե շատ բան եմ արել: Բայց, հաշվի առնելով այն փաստը, որ այստեղ սովորում եմ ու մենակ եմ ապրում, դա ավելի է դժվարացնում ամեն բան: Մյուս կողմից` շատ կարեւոր հանդիպումներ ու պայմանավորվածություններ ունեմ, որոնք էլ շատ շուտով մեկը մյուսի հետեւից կներկայացնեմ ձեր դատին: Ասեմ, որ ձեւաչափային առումով մեծ փոփոխություններ է կրելու ամեն բան, կզգացվեն թարմ շունչ եւ նոր մոտեցումներ՚": Ի տարբերություն շատերի, Կարեն Գրիգորյանը բոլորովին էլ ուրախ չէ, որ տանից ու ընտանիքից հեռու է նշելու Նոր տարին:

 

ՓԵՍԱՑՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՄkarina1

Մինչ բոլորը զբաղված են իրենց գրպաններն ու շուկաները դատարկելով եւ տոնական սեղանները լցնելով` հաղորդավարուհի ԿԱՐԻՆԱ ԴԱՆԵԼՅԱՆԻՆ բոլորովին այլ բան է հուզում, ինչի մասին կեսլուրջ-կեսկատակ գրել է իր ֆեյսբուքյան էջում. "Մինչեւ հունվարի 3-ը ամեն օր` 20 ժամ նկարահանումներ, ձայնագրություններ, համերգներ, միջոցառումներ, հանդիպումներ: Եթե այդ ընթացքում չմահանամ, ուրեմն հունվարին կամուսնանամ. փեսացուների ցուցակը թարմացնում եմ...": Ինչեւէ, ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ` իր դարդին:

 

ԺԱՄԱՆԱԿԸ ԾՈՐՈՒՄ Է, ՄԵՆՔ ԷԼ ՀԱՇՎՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ

Lilit-Pipoyan

Օրինակ՝ երգչուհի ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆՆ էլ Ամանորի հետ կապված հիշում է Ձմեռ պապի բերած իր մանկության ամենահիշարժան նվերը՝ Մայակովսկու բանաստեղծությունների գիրքը: Իսկ Նոր տարվան հանգիստ է վերաբերվում."ՙԺամանակը ծորում է, մենք էլ հաշվում ենք այն": Չնայած երգչուհին չհիշեց ոչ մի զավեշտալի դեպք Ամանորի հետ կապված, նշեց, որ Նոր տարին լավ դիմավորելու համար երեւակայություն է պետք: Ցանկանալով Ձմեռ պապից նոր ու լավ ընկերներ` Լիլիթ Պիպոյանը Ամանորը կնշի տանը՝ ՙավանդական հմայիչ սեղանի շուրջ՚:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Եվ, ինչպես ասում է Լիլիթ Պիպոյանը. "Ուրախ եղեք, լավ տրամադրվեք կյանքի նկատմամբ, եւ այն կպատասխանի ձեզ նույն կերպ": Իսկ մենք կավելացնենք. "Շոու-բիզնեսյան սիրելի՛ դեմքեր կամ "աստղեր", հարգելի՛ մշակութային գործիչներ, բարի ու կամեցող եղեք միմյանց նկատմամբ: Ընդ որում, ոչ միայն Ամանորին, այլեւ տարվա 365, կներեք, 366 օրվա ընթացքում":

 

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՄԱՆՈՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՒՐԱԽ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Եթե Ամանորի գիշերը երեւանյան ակումբներից մեկում մի ալ կարմիր զգեստով աղջկա նմանեցնեք Հասմիկ Կարապետյանին, ապա դուք ոչ թե շատ եք խմել, այլ իրոք տեսնում եք երգչուհուն:

 Իր այս որոշման մասին "Զարուհու" հետ զրույցում ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց. "Ամանորը կցանկանայի նշել որեւիցե տաք երկրում՝ անծանոթ միջավայրում, նոր, հետաքրքիր մարդկանց շրջապատում: Բայց, քանի որ այս տարի չհասցրեցի զբաղվել այլ երկիր մեկնելու պլանավորմամբ, ապա ընտրեցի մեկ այլ տարբերակ, որը եւս շատ հաճելի է: Տանը՝ ծնողներիս հետ կդիմավորեմ Նոր տարին, այնուհետեւ քրոջս եւ ընկերուհուս հետ պետք է շարունակենք ամանորյա ժամանցը երեւանյան ակումբներից մեկում, որտեղ կվայելենք ե՛ւ որակյալ երաժշտություն, ե՛ւ ընկերներիս ներկայությունը, ե՛ւ, իհարկե, կպարենք: Կարեւորն այն է, որ տրամադրված եմ մինչեւ լուսաբաց ուրախանալու: Իսկ զգեստիս կարմիր գույնի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն սիրո գույնն է, եւ հենց այդ գույնով եմ ուզում լցնել գալիք 2012 թիվը":

Hasmik-KarapetyanԱմանորյա նախատոնական օրերին երգչուհին զբաղված է ոչ թե տոնական առեւտրով, այլ ամանորյա տոնական նկարահանումներով. "Նախատոնական օրերին ամեն ոք յուրովի է զբաղված: Հիմա ստեղծագործական աշխատանքով են լցված: Դե՛, բնականաբար, նաեւ ձեռք եմ բերում նոր տոնական զգեստներ, աքսեսուարներ: Ունեմ մի շատ, ըստ իս, հետաքրքիր ավանդույթ. ամեն Նոր տարի նախընտրում եմ դիմավորել նոր զգեստով":

Պարզվում է, որ նվերներ գնելու հարցում Հ. Կարապետյանն այնքան էլ պարտաճանաչ չէ. "Դեռ նվերների գնումներով չեմ սկսել զբաղվել: Ինձ մոտ դա միշտ վերջին օրերին է ստացվում: Չնայած, չգիտես ինչու, այնպես է ստացվում, որ ավելի շատ նվերներ ստանում եմ, քան` տալիս: Երեւի շրջապատս մեծ է, եւ ընկերներս միշտ անչափ ուշադիր են իմ նկատմամբ: Շատ շնորհակալ եմ իրենցից, որ հասկանում եւ արդարացնում են ինձ՝ նկատելով, թե ինչքան եմ հոգնում նախատոնական նկարահանումների ընթացքում": Երգչուհին, ի տարբերություն շատերի, "Տաշիր-2012" երաժշտական մրցանակաբաշխությունից բնակարան ակնկալելու փոխարեն ցանկանում է, որ Ձմեռ պապիկն իրեն բնակարան նվիրի. "Շատ կցանկանայի իմ անձնական հարմարավետ անկյունն ունենալ, որտեղ ես էլ ավելի հաճույքով կստեղծագործեի եւ նորանոր երգեր կնվիրեի իմ հանդիսատեսին: Որտեղ կհանգստանայի աշխատանքից հետո ու հետաքրքիր երեկույթներ կկազմակերպեի ընկերներիս հետ: Եվ, ամենակարեւորը, այնտեղ կկարողանայի մնալ ինքս ինձ հետ, կլռեի":

Անդրադառնալով օր օրի թանկացող գներին եւ հայերիս տոնական լեփ-լեցուն սեղաններ պատրաստելու "մոլուցքին"  նա ասաց. "Երբեք շատ մեծ ուշադրություն չեմ դարձրել ամանորյա տոնական սեղանի պարունակությանը: Նախ` տանը մայրս եւ քույրս են հիմնականում զբաղվում այդ ամենով, հետո` մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ոչ թե քանակին, այլ որակին եւ տեսքին: Շատ մեծ գումարներ չի ծախսվում, քանի որ միայն ուտելու մեջ չէ Ամանորի խորհուրդն ու իմաստը: Շատ կարեւոր է Ամանորն անցկացնել դրական եւ ուրախ մթնոլորտում, որը պարգեւում է ոչ թե ուտելիքը, այլ` լավ մարդիկ, բարձր տրամադրությունը եւ, ինչու ոչ, շքեղ տեսքը":


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում